Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 40

«Շատերը արդարության» կբերվեն

«Շատերը արդարության» կբերվեն

«Շատերին արդարության բերողները աստղերի պես [կշողան] դարեդար, հավիտյան» (ԴԱՆ. 12։3

ԵՐԳ 151 Նա կկանչի

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ի՞նչ ոգևորիչ իրադարձություններ են մեզ սպասում Հազարամյակի ընթացքում։

 ԱՆԿԱՍԿԱԾ, մեծ ցնծություն կապրենք, երբ Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում մահացածները սկսեն հարություն առնել երկրի վրա։ Բոլոր նրանք, ովքեր հարազատներ են կորցրել, անհամբեր սպասում են, որ նորից տեսնեն նրանց։ Եհովան նույնպես կարոտով սպասում է նրանց հարությանը (Հոբ 14։15)։ Պատկերացրու, թե ինչ մեծ ուրախություն է տիրելու երկրով մեկ, երբ մարդիկ դիմավորեն հարություն առած իրենց հարազատներին։ Ինչպես իմացանք նախորդ հոդվածից, «արդարները», որոնց անունները գրված են կյանքի գրքում, «կյանքի հարություն» կստանան (Գործ. 24։15; Հովհ. 5։29)։ Թերևս մեր սիրելիներից շատերը նույնպես կլինեն այն մարդկանց թվում, ովքեր հարություն կառնեն Արմագեդոնից կարճ ժամանակ անց։ b Իսկ «անարդարները», օրինակ՝ նրանք, ովքեր նախքան մահանալը բավարար հնարավորություն չեն ունեցել ճանաչելու Եհովային կամ ծառայելու նրան, կստանան «դատաստանի հարություն»։

2-3. ա) Ինչպես երևում է Եսայիա 11։9, 10 համարներից, ո՞րն է լինելու մարդկության պատմության ամենամեծ կրթական ծրագիրը։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Բոլոր հարություն առածները պետք է կրթվեն (Ես. 26։9; 61։11)։ Այդ նպատակով կիրականացվի մարդկության պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ կրթական գործը (կարդա Եսայիա 11։9, 10)։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ հարություն առած անարդարները կարիք կունենան սովորելու Հիսուս Քրիստոսի, Թագավորության, փրկագնի, ինչպես նաև Եհովայի անվան ու գերիշխանության հետ կապված տիեզերական հարցի մասին։ Նույնիսկ արդարները կարիք կունենան սովորելու այն մասին, թե Եհովան ինչեր է աստիճանաբար բացահայտել երկրի առնչությամբ ունեցած իր նպատակի վերաբերյալ։ Չէ՞ որ այս հավատարիմներից ոմանք մահացել են Աստվածաշունչը ամբողջությամբ գրվելուց դեռ շատ տարիներ առաջ։ Ուստի թե՛ արդարները, թե՛ անարդարները շատ բան կունենան սովորելու։

3 Այս հոդվածից կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները. «Ինչպե՞ս է իրականացվելու այդ կրթական մեծ գործը։ Ի՞նչ է սպասում այն մարդկանց, ովքեր դրականորեն կարձագանքեն այդ կրթությանը, և ի՞նչ կլինի նրանց, ովքեր այդպես չեն վարվի»։ Այս կարևոր հարցերի պատասխաններն իմանալու հարցում մեզ կօգնեն «Դանիել» և «Հայտնություն» գրքերում արձանագրված որոշ տպավորիչ մարգարեություններ։ Դրանք քննելով՝ կհասկանանք հարության հետ կապված մի քանի համարների ճշգրտված բացատրությունը։ Այժմ տեսնենք, թե ինչ հետաքրքիր իրադարձություններ են կանխագուշակված Դանիել 12։1, 2 համարներում։

«ՀՈՂԻ ՓՈՇՈՒ ՄԵՋ ՔՆԱԾՆԵՐԸ.... ԿԱՐԹՆԱՆԱՆ»

4-5. Դանիել 12։1-ը ի՞նչ է հայտնում մեզ վերջի ժամանակի մասին։

4 Կարդա Դանիել 12։1։ «Դանիել» գիրքը հայտնում է, թե վերջի ժամանակում ինչ հերթականությամբ են տեղի ունենալու մի շարք տպավորիչ մարգարեություններ։ Օրինակ՝ Դանիել 12։1-ում ասվում է, որ Միքայելը, ով Հիսուս Քրիստոսն է, «կանգնած է [Աստծու] ժողովրդի.... թիկունքին»։ Մարգարեության այս մասը սկսեց կատարվել 1914 թ.-ից, երբ Հիսուսը նշանակվեց Աստծու երկնային Թագավորության Թագավոր։

5 Սակայն «Դանիել» գրքում նաև ասվում է, որ Հիսուսը «վեր կկենա.... նեղության ժամանակ.... որի նմանը չի եղել ազգը առաջ գալու ժամանակվանից մինչև այդ ժամանակ»։ «Նեղության ժամանակը» Մատթեոս 24։21-ում նշված «մեծ նեղությունն» է։ Դրա վերջում, այսինքն՝ Արմագեդոնին, Հիսուսը վեր է կենալու այն իմաստով, որ պաշտպանելու է Աստծու ժողովրդին։ «Հայտնություն» գրքում նրանք նկարագրվում են որպես մի մեծ բազմություն, «որ գալիս է մեծ նեղությունից» (Հայտն. 7։9, 14

6. Ի՞նչ է լինելու այն բանից հետո, երբ մեծ բազմությունը վերապրի մեծ նեղությունից։ Բացատրիր (տես երկրային հարության վերաբերյալ «Ընթերցողների հարցերը», որը տպագրված է այս համարում)։

6 Կարդա Դանիել 12։2։ Ի՞նչ է լինելու այն բանից հետո, երբ մեծ բազմությունը վերապրի նեղության ժամանակից։ Նախկինում մտածում էինք, թե այս մարգարեությունը վերաբերում է փոխաբերական հարությանը, այսինքն՝ Աստծու ծառաների հոգևոր վերածննդին, որը տեղի էր ունենալու վերջին օրերում։ Սակայն այս մարգարեության բացատրությունը ճշգրտվել է։ c Դա վերաբերում է մահացածների հարությանը, որը տեղի է ունենալու գալիք նոր աշխարհում։ Ինչո՞ւ ենք եկել այս եզրահանգմանը։ Դանիել 12։2-ում «փոշի» թարգմանված բառը Հոբ 17։16-ում թարգմանված է «հող» բառով, որը, ինչպես երևում է համարից, ունի նույն իմաստը, ինչ «գերեզման» բառը։ Այս փաստը ցույց է տալիս, որ Դանիել 12։2-ում խոսվում է բառացի հարության մասին, որը տեղի կունենա վերջին օրերի ավարտից և Արմագեդոն պատերազմից հետո։

7. ա) Ի՞նչ իմաստով են ոմանք հարություն առնելու «հավիտենական կյանքի» համար։ բ) Ինչո՞ւ է այն համարվում «ավելի լավ հարություն»։

7 Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ Դանիել 12։2-ում գրված այն խոսքերը, որոնց համաձայն՝ ոմանք հարություն կառնեն «հավիտենական կյանքի» համար։ Այդ խոսքերը նշանակում են, որ այն հարություն առածները, ովքեր շարունակ գիտելիքներ կստանան Եհովայի ու Հիսուսի մասին և 1 000 տարվա ընթացքում կհնազանդվեն նրանց, ի վերջո հավիտենական կյանք կստանան (Հովհ. 17։3)։ Սա «ավելի լավ հարություն կլինի», քան նախկինում տեղի ունեցած հարության դեպքերը (Եբր. 11։35)։ Ինչո՞ւ։ Քանի որ նախկինում հարություն առած անկատար մարդիկ կրկին մահացել են։

8. Ի՞նչ իմաստով են ոմանք հարություն առնելու «նախատինքի ու հավիտենական գարշանք լինելու համար»։

8 Սակայն ոչ բոլոր հարություն առածները կցանկանան կրթվել Եհովայի կողմից։ Դանիելի մարգարեության մեջ ասվում է, որ ոմանք հարություն կառնեն «նախատինքի ու հավիտենական գարշանք լինելու համար»։ Քանի որ նրանք ըմբոստ ոգի կդրսևորեն, նրանց անունները չեն գրվի կյանքի գրքում։ Հետևաբար նրանք չեն ստանա հավիտենական կյանք, փոխարենը՝ կարժանանան «հավիտենական գարշանքի», այսինքն՝ կործանման։ Փաստորեն, Դանիել 12։2-ը հայտնում է, թե վերջնական արդյունքում ինչ է լինելու բոլոր հարություն առածներին՝ կախված այն բանից, թե հարությունից հետո ինչ գործեր նրանք կանեն (Հայտն. 20։12 d Ոմանք կստանան հավիտենական կյանք, մյուսները՝ ոչ։

«ՇԱՏԵՐԻՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԲԵՐՈՂՆԵՐԸ»

9-10. Ուրիշ ի՞նչ է տեղի ունենալու մեծ նեղությունից հետո, և ովքե՞ր են «շողալու երկնակամարի պես»։

9 Կարդա Դանիել 12։3։ Ուրիշ ի՞նչ է տեղի ունենալու «նեղության ժամանակից» հետո։ Մեծ նեղությունից հետո իրականանալու է ոչ միայն Դանիել 12։2-ը, այլև 3-րդ համարում գրված մարգարեությունը։

10 Իսկ ովքե՞ր են «շողալու երկնակամարի պես»։ Մատթեոս 13։43-ը օգնում է մեզ հասկանալ, թե ում մասին է խոսքը. «Այդ ժամանակ արդարները արևի նման կշողան իրենց Հոր թագավորության մեջ»։ Այս խոսքերի համատեքստում Հիսուսը խոսում էր «թագավորության որդիների», այսինքն՝ իր օծյալ եղբայրների մասին, ովքեր իր հետ ծառայելու էին երկնային Թագավորությունում (Մատթ. 13։38)։ Ուստի Դանիել 12։3-ը վերաբերում է օծյալներին և այն աշխատանքին, որ նրանք անելու են Հազարամյա Իշխանության ընթացքում։

144 000 օծյալները, սերտորեն համագործակցելով Հիսուս Քրիստոսի հետ, առաջնորդելու են այն կրթական գործը, որն իրականացվելու է երկրի վրա 1 000 տարվա ընթացքում (տես պարբերություն 11)

11-12. Ի՞նչ գործ են անելու 144 000 օծյալները 1 000 տարվա ընթացքում։

11 Ինչպե՞ս են օծյալները «շատերին արդարության բերելու»։ Սերտորեն համագործակցելով Հիսուս Քրիստոսի հետ՝ նրանք առաջնորդելու են այն կրթական գործը, որն իրականացվելու է երկրի վրա 1 000 տարվա ընթացքում։ 144 000 օծյալները ոչ միայն լինելու են թագավորներ, այլ նաև քահանաներ (Հայտն. 1։6; 5։10; 20։6)։ Ուստի նրանք աջակցելու են «ազգերին բուժելու» գործին՝ օգնելով մարդկանց, որ աստիճանաբար կատարյալ դառնան (Հայտն. 22։1, 2; Եզեկ. 47։12)։ Դա մեծ ուրախություն կբերի օծյալներին։

12 Ովքե՞ր են լինելու այն «շատերը», որ բերվելու են արդարության։ Նրանց թվում են լինելու հարություն առածները, Արմագեդոնից վերապրածները և այն երեխաները, որոնք, ըստ ամենայնի, կծնվեն նոր աշխարհում։ 1 000 տարվա վերջում երկրի վրա ապրող բոլոր մարդիկ կլինեն կատարյալ։ Իսկ արդյո՞ք մատիտով գրված նրանց անունները այդ ժամանակ անջնջելի թանաքով կգրվեն կյանքի գրքում։

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

13-14. Ի՞նչ պետք է անեն բոլոր կատարյալ մարդիկ, որպեսզի արժանանան հավիտենական կյանքի։

13 Պետք է հիշենք, որ կատարելությունը հավիտենական կյանքի երաշխիք չէ։ Ադամն ու Եվան էլ էին կատարյալ, բայց հավիտենական կյանք ստանալու համար նրանք պետք է փաստեին, որ հնազանդ են Եհովա Աստծուն։ Ցավոք, նրանք այդպես չվարվեցին (Հռոմ. 5։12

14 1 000 տարվա վերջում ողջ մարդկությունը կատարյալ կլինի։ Արդյո՞ք նրանք բոլորը հավիտյան թիկունք կկանգնեն Եհովայի իշխանությանը։ Թե՞ ոմանք Ադամի ու Եվայի պես կվարվեն, ովքեր թեև կատարյալ էին, բայց հավատարիմ չմնացին Եհովային։ Տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում այս հարցերին։

15-16. ա) Ողջ մարդկությունը ե՞րբ հնարավորություն կունենա փաստելու, որ նվիրված է Եհովային։ բ) Ի՞նչ կլինի վերջնական փորձության արդյունքում։

15 Սատանան 1 000 տարով բանտարկվելու է և այդ ընթացքում ոչ ոքի չի կարողանալու մոլորեցնել։ Սակայն 1 000 տարվա վերջում նա ազատ է արձակվելու և փորձելու է մոլորեցնել կատարյալ մարդկանց։ Այդ փորձության ժամանակ բոլոր կատարյալ մարդիկ հնարավորություն կունենան հստակ ցույց տալու, թե արդյոք թիկունք են կանգնում Աստծու անվան և գերիշխանության արդարացմանը (Հայտն. 20։7-10)։ Այդ ժամանակ յուրաքանչյուրի կայացրած որոշումը վճռորոշ դեր կխաղա այն հարցում, թե արդյոք նրա անունը վերջնականապես կգրվի կյանքի գրքում, թե ոչ։

16 Անհայտ թվով մարդիկ Ադամի ու Եվայի նման անհավատարիմ կլինեն Եհովային և կմերժեն նրա իշխանությունը։ Իսկ ի՞նչ կլինի նրանց։ Հայտնություն 20։15-ում ասվում է. «Նա, ով գրված չէր կյանքի գրքում, կրակի լիճը գցվեց»։ Այո՛, ըմբոստները վերջնականապես կբնաջնջվեն։ Սակայն կատարյալ մարդկանց մեծամասնությունը հաջողությամբ կանցնի վերջնական փորձությունը, և նրանց անունները մեկընդմիշտ կգրվեն կյանքի գրքում։

«ՎԵՐՋԻ ԺԱՄԱՆԱԿԻ» ԸՆԹԱՑՔՈՒՄ

17. Հրեշտակը ի՞նչ հայտնեց Դանիելին մեր օրերի վերաբերյալ (Դանիել 12։4, 8-10

17 Անչափ ոգևորիչ է խորհել ապագա իրադարձությունների շուրջ։ Սակայն հրեշտակը Դանիելին մեկ այլ կարևոր տեղեկություն հայտնեց, որը վերաբերում է «վերջի ժամանակին», այսինքն՝ մեր օրերին (կարդա Դանիել 12։4, 8-10; 2 Տիմոթ. 3։1-5)։ Նա Դանիելին ասաց. «Ճշմարիտ գիտելիքները կշատանան»։ Այո՛, վերջին օրերում Աստծու ժողովուրդը ավելի լավ էր հասկանալու այս գրքի մարգարեական խոսքերը։ Հրեշտակը նաև ասաց, որ այդ ընթացքում «ամբարիշտները ամբարշտություն կանեն, և ոչ մի ամբարիշտ չի հասկանա»։

18. Ի՞նչ է շուտով լինելու չար մարդկանց։

18 Այսօր գուցե այնպիսի տպավորություն ստեղծվի, թե չարերը իրենց չար գործերի համար անպատիժ են մնում (Մաղ. 3։14, 15)։ Սակայն շուտով Հիսուսը՝ որպես Դատավոր, այծանման մարդկանց կզատի գառնանման մարդկանցից (Մատթ. 25։31-33)։ Այդ չար մարդիկ չեն վերապրի մեծ նեղությունից և նոր աշխարհում հարություն չեն առնի։ Նրանց անունները չեն գրվի «հիշատակի գրքում», որի մասին նշված է Մաղաքիա 3։16-ում։

19. Ի՞նչ պետք է անենք հիմա և ինչո՞ւ (Մաղաքիա 3։16-18

19 Հիմա՛ է ժամանակը փաստելու, որ մենք չար մարդկանց թվում չենք (կարդա Մաղաքիա 3։16-18 Այսօր Եհովան հավաքում է նրանց, ովքեր իր «հատուկ սեփականությունն» են, այսինքն՝ նրանց, ում նա թանկ է համարում։ Անկասկած, մենք ցանկանում ենք նրանց թվում լինել։

Անչափ ոգևորիչ կլինի տեսնել, թե ինչպես են Դանիելը, մեր հարազատները և շատ ուրիշներ «վեր կենում», որ ստանան իրենց բաժինը (տես պարբերություն 20)

20. Ի՞նչ խոստում է տրվել Դանիելին, և ինչո՞ւ ես անհամբերությամբ սպասում դրա իրականացմանը։

20 Իսկապես որ, մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում։ Բայց շուտով ավելի տպավորիչ իրադարձություններ տեղի կունենան։ Մենք կտեսնենք, թե ինչպես է չարությունը արմատախիլ լինում։ Դրանից հետո ականատես կլինենք Դանիելին տրված Եհովայի հետևյալ խոստման իրականացմանը. «Օրերի վերջում վեր կկենաս, որ ստանաս քո բաժինը» (Դան. 12։13)։ Մի՞թե անհամբերությամբ չես սպասում այն օրվան, երբ Դանիելը, ինչպես նաև քո սիրելի հարազատները հարություն կառնեն։ Ուրեմն վճռիր ամեն կերպ հավատարիմ մնալ Եհովային։ Այդ դեպքում կարող ես համոզված լինել, որ քո անունը չի ջնջվի կյանքի գրքից։

ԵՐԳ 80 «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»

a Հոդվածում կքննենք Դանիել 12։2, 3 համարների ճշգրտված բացատրությունը։ Կիմանանք, թե երբ է տեղի ունենալու այնտեղ նկարագրված կրթական մեծ ծրագիրը, և ովքեր են մասնակցելու դրան։ Կտեսնենք, թե այդ կրթական գործը ինչպես է պատրաստելու երկրի վրա ապրողներին, որ կարողանան անցնել այն վերջնական փորձությունը, որը լինելու է Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում։

b Հնարավոր է՝ հարությունը լինի փուլերով, այսինքն՝ սերունդ առ սերունդ։ Սկզբում գուցե հարություն առնեն Եհովայի այն հավատարիմ ծառաները, ովքեր մահացել են վերջին օրերի ընթացքում։ Դրանից հետո հարություն կառնի նրանց նախորդ սերունդը։ Եվ այդպես այնքան ժամանակ, մինչև հարություն առնեն բոլոր նրանք, ովքեր Եհովայի հիշողության մեջ են։ Եթե այդպես լինի, ապա յուրաքանչյուր սերունդ կկարողանա դիմավորել նախորդ սերնդին, ում անձամբ է ճանաչել։ Ամեն դեպքում, Աստվածաշնչի համաձայն՝ երկնային հարությունը լինելու էր «ըստ.... կարգի», ուստի տրամաբանական է եզրակացնել, որ երկրային հարությունը նույնպես լինելու է ըստ որոշակի կարգի (1 Կորնթ. 14։33; 15։23

c Այս մարգարեության նախկին բացատրությունը գրված է «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» (անգլ., ռուս.) գրքի 17-րդ գլխում և «Դիտարանի» 1987 թ. հուլիսի 1-ի համարում, էջ 21-25, անգլ. (1987, դեկտեմբերի 1, էջ 17-21, ռուս.

d Գործեր 24։15-ում նշված «արդարներ» և «անարդարներ» բառերը, ինչպես նաև Հովհաննես 5։29-ում նշված «ովքեր բարի գործեր են արել» և «ովքեր չար գործեր են արել» արտահայտությունները վերաբերում են հարություն առածների այն գործերին, որ նրանք արել են նախքան մահանալը։