Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 2

«Վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը»

«Վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը»

«Վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (ՀՌՈՄ. 12։2

ԵՐԳ 88 Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1-2. Մկրտությունից հետո ի՞նչ պետք է շարունակենք անել։ Բացատրիր։

 ՈՐՔԱ՞Ն հաճախ ես մաքրում քո տունը։ Թերևս երբ նոր պետք է տեղափոխվեիր այնտեղ, մանրակրկիտ մաքրել ես այն։ Բայց ի՞նչ կլիներ, եթե դրանից հետո այլևս չմաքրեիր տունդ։ Կարճ ժամանակ անց այն կփոշոտվեր ու կկեղտոտվեր։ Որպեսզի մեր տունը միշտ մաքուր ու կոկիկ լինի, մենք պետք է կանոնավորաբար մաքրենք այն։

2 Նմանապես շարունակական ջանքեր են պետք սխալ մտածելակերպը շտկելու և բնավորության վատ գծերից ձերբազատվելու համար։ Ինչ խոսք, նախքան մկրտվելը մենք շատ ջանքեր ենք թափել, որպեսզի մեր կյանքում փոփոխություններ անենք և «մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից» (2 Կորնթ. 7։1)։ Այժմ, սակայն, պետք է հետևենք Պողոս առաքյալի խորհրդին և շարունակ «նորոգվենք» (Եփես. 4։23)։ Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ, որ շարունակական ջանքեր թափենք։ Քանի որ այս աշխարհի «փոշին ու կեղտը» շատ արագ կարող են կուտակվել մեր մեջ։ Դրանից խուսափելու և Եհովային հաճելի լինելու համար մենք պետք է անընդհատ ստուգենք, թե ինչպիսի մտածելակերպ, հատկություններ և ցանկություններ ունենք։

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ «ՆՈՐՈԳԵԼ ՁԵՐ ՄԻՏՔԸ»

3. Ի՞նչ է նշանակում «նորոգել միտքը» (Հռոմեացիներ 12։2

3 Ի՞նչ պետք է անենք, որպեսզի նորոգենք մեր միտքը, այսինքն՝ փոխենք մեր մտածելակերպը (կարդա Հռոմեացիներ 12։2)։ Որևէ բան վերանորոգել չի նշանակում պարզապես մակերեսային փոփոխություններ անել։ Օրինակ՝ բնակարանը նորոգել չի նշանակում պարզապես զարդարել այն։ Նմանապես մի քանի լավ գործերով մեր կյանքը «զարդարելով»՝ չենք կարող ասել, որ մեր միտքը նորոգում ենք։ Այն նորոգելու համար մենք պետք է տեսնենք, թե ինչպիսի անձնավորություն ենք ներքուստ, և կատարենք անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի մեր կյանքը հնարավորինս համապատասխանեցնենք Եհովայի չափանիշներին։ Իսկ դա հարկավոր է անել ոչ թե մեկ անգամ, այլ շարունակաբար։

Կրթության և աշխատանքի հետ կապված քո որոշումները ցույց տալի՞ս են, որ Թագավորության շահերը առաջնային են քեզ համար (տես պարբերություն 4-5) c

4. Ի՞նչ կարող ենք անել, որ թույլ չտանք՝ այս աշխարհը ձևավորի մեր մտածելակերպը։

4 Երբ կատարյալ դառնանք, մեր բոլոր արարքներով կկարողանանք հաճեցնել Եհովային։ Բայց մինչ այդ Եհովային հաճեցնելու համար մենք պետք է շարունակ ջանքեր թափենք։ Ուշադրություն դարձնենք, որ Պողոսը Հռոմեացիներ 12։2-րդ համարում «միտքը նորոգելը» կապում է Աստծու կամքը կատարելու հետ։ Ուստի մենք չպետք է թույլ տանք, որ այս աշխարհը ձևավորի մեզ։ Փոխարենը՝ նախ պետք է ինքնաքննություն անենք և պարզենք, թե որքանով ենք թույլ տալիս, որ Աստծու մտածելակերպը ազդի մեր նպատակների և որոշումների վրա։

5. Ինչպե՞ս կարող ենք ինքնաքննության միջոցով պարզել, թե մեզ համար որքան մոտ է Եհովայի օրը (տես նկարը)։

5 Տեսնենք, թե ինչպես կարող ենք ինքնաքննություն անել։ Եհովան ցանկանում է, որ մեր «մտքում վառ պահենք» իր օրվա ներկայությունը (2 Պետ. 3։12)։ Ուստի ինքդ քեզ հարցրու. «Իմ ապրելակերպից երևո՞ւմ է, որ ես հասկանում եմ, թե որքան մոտ է այս աշխարհի վերջը։ Կրթության և աշխատանքի վերաբերյալ իմ կայացրած որոշումները փաստո՞ւմ են, որ Եհովային ծառայելը ամենակարևոր բանն է իմ կյանքում։ Հավատո՞ւմ եմ, որ Աստված հոգ կտանի իմ և իմ ընտանիքի մասին, թե՞ անընդհատ անհանգստանում եմ նյութական բաների համար»։ Մտածիր, թե որքան է Եհովան ուրախանում, երբ տեսնում է, որ մեր կյանքը համապատասխանեցնում ենք իր կամքին (Մատթ. 6։25-27, 33; Փիլիպ. 4։12, 13

6. Ի՞նչ պետք է շարունակ անենք։

6 Մենք պետք է կանոնավորաբար ստուգենք մեր մտածելակերպը և կատարենք անհրաժեշտ փոփոխությունները։ Պողոսը կորնթացիներին գրեց. «Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մե՞ջ եք, շարունակ փորձեք ինքներդ ձեզ, որ իմանաք, թե ովքեր եք դուք» (2 Կորնթ. 13։5)։ «Հավատի մեջ լինելը» ավելին է ներառում, քան ժամանակ առ ժամանակ ժողովի հանդիպումներին հաճախելը և ծառայությանը մասնակցելը։ Այն ներառում է նաև մեր մտքերը, ցանկությունները և մղումները։ Ուստի մենք պետք է շարունակ նորոգենք մեր միտքը՝ կարդալով Աստվածաշունչը, ընդօրինակելով Եհովայի մտածելակերպը և կատարելով անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի մեր կյանքը համապատասխանեցնենք նրա կամքին (1 Կորնթ. 2։14-16

«ՀԱԳԵՔ ՆՈՐ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

7. Եփեսացիներ 4։31, 32 համարների համաձայն՝ ուրիշ ի՞նչ պետք է անենք, և դա ինչո՞ւ գուցե դժվար լինի։

7 Կարդա Եփեսացիներ 4։31, 32։ Մեր մտածելակերպի մեջ փոփոխություններ անելուց բացի՝ մենք պետք է «հագնենք նոր անձնավորությունը» (Եփես. 4։24)։ Իսկ դրա համար ջանքեր են հարկավոր։ Այլ բաների թվում մենք պետք է նաև ձգտենք ձերբազատվել այնպիսի վատ հատկություններից, ինչպիսիք են չարասիրտ դառնությունը, բարկությունը և զայրույթը։ Դա անելը, ինչ խոսք, գուցե դժվար լինի։ Ինչո՞ւ։ Քանի որ որոշ վատ հատկություններ խորապես արմատավորված են մեր մեջ։ Աստվածաշնչում ասվում է, որ ոմանք «բարկությանն անձնատուր եղած» են և «հակված են զայրանալու» (Առակ. 29։22)։ Մեր մեջ արմատներ գցած բնավորության վատ գծերը վերահսկելու համար թերևս կարիք լինի, որ շարունակական ջանքեր թափենք նույնիսկ մկրտությունից հետո։ Քննենք Ստիվեն անունով մի եղբոր օրինակը։

8-9. Ինչպես երևում է Ստիվենի օրինակից, ինչո՞ւ է կարևոր շարունակ հանել հին անձնավորությունը։

8 Ստիվենը չէր կարողանում վերահսկել իր բարկությունը։ Նա պատմում է. «Անգամ մկրտվելուց հետո պետք է շարունակեի ջանքեր թափել իմ բնավորությունը փոխելու համար։ Մի անգամ տնետուն ծառայելիս մի գողի հետևից ընկա, որը իմ մեքենայի ռադիոն էր գողացել։ Հենց հասա նրան, նա ձեռքից գցեց ռադիոն ու փախավ։ Երբ պատմեցի ուրիշներին, թե ինչպես եմ ռադիոն հետ վերցրել, երեցներից մեկը հարցրեց. «Ստի՛վ, իսկ ի՞նչ կանեիր, եթե բռնեիր նրան»։ Այդ հարցը մտածելու տեղիք տվեց ինձ, ու ես շարունակեցի ջանքեր թափել խաղաղարար լինելու համար»։ b

9 Ինչպես տեսանք Ստիվենի օրինակից, բնավորության վատ գծերը կարող են անսպասելի գլուխ բարձրացնել, նույնիսկ եթե մտածում ենք, թե արդեն ձերբազատվել ենք դրանցից։ Եթե քեզ նման բան պատահի, մի՛ վհատվիր և մի՛ եզրակացրու, թե դու լավ քրիստոնյա չես։ Անգամ Պողոս առաքյալի հետ էր նման բան լինում։ Նա գրել է. «Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է» (Հռոմ. 7։21-23)։ Բոլոր քրիստոնյաներն էլ անկատար են և ունեն բնավորության բացասական գծեր, որոնք վերադառնում են, ինչպես փոշին ու կեղտը՝ տունը մաքրելուց որոշ ժամանակ հետո։ Ուստի պետք է շարունակ ջանքեր թափենք, որ, այսպես ասած, մաքուր մնանք։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել։

10. Ինչպե՞ս կարող ենք պայքարել բնավորության վատ գծերի դեմ (1 Հովհաննես 5։14, 15

10 Աղոթիր Եհովային և ասա նրան, թե կոնկրետ որ բնավորության գիծն է քեզ համար դժվար փոխել, և համոզված եղիր, որ նա կլսի ու կօգնի քեզ (կարդա 1 Հովհաննես 5։14, 15)։ Ճիշտ է, Եհովան հրաշքով չի վերացնի բնավորության այդ գիծը, բայց ուժ կտա, որ վերահսկես այն (1 Պետ. 5։10)։ Միևնույն ժամանակ վարվիր աղոթքներիդ համաձայն և մի՛ արա այնպիսի բաներ, որոնք կնպաստեն, որ հին անձնավորությունը գլուխ բարձրացնի քո մեջ։ Օրինակ՝ խուսափիր այնպիսի ֆիլմերից, հաղորդումներից և նյութերից, որոնք խրախուսում են դրսևորել այն հատկությունները, որոնցից փորձում ես ձերբազատվել։ Բացի այդ՝ թույլ մի՛ տուր, որ մտքումդ անվայել ցանկություններ զարգանան (Փիլիպ. 4։8; Կող. 3։2

11. Ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի հագնենք նոր անձնավորությունը։

11 Հին անձնավորությունը հանելուց հետո անչափ կարևոր է հագնել նորը։ Իսկ ինչպե՞ս կարող ես դա անել։ Երբ սովորում ես Եհովայի որևէ հատկության մասին, նպատակ դիր ընդօրինակելու նրան (Եփես. 5։1, 2)։ Օրինակ, երբ Աստվածաշնչում կարդում ես որևէ դրվագ, որում ընդգծվում է Եհովայի ներողամտությունը, ինքդ քեզ հարցրու. «Ես ներո՞ւմ եմ ուրիշներին»։ Իսկ երբ կարդում ես այն մասին, թե ինչպես է Եհովան կարեկցանք դրսևորել աղքատների հանդեպ, մտածիր. «Կարեկցո՞ւմ եմ այն հավատակիցներիս, ովքեր կարիքի մեջ են, և դա ցույց տալի՞ս եմ գործերով»։ Շարունակիր նորոգել միտքդ՝ հագնելով նոր անձնավորությունը, և համբերատար եղիր քո հանդեպ, մինչ կատարում ես անհրաժեշտ փոփոխությունները։

12. Ինչպե՞ս է Ստիվենն իր փորձով համոզվել, որ Աստվածաշունչը մարդուն փոխելու զորություն ունի։

12 Ստիվենը, ում մասին արդեն նշեցինք, կարողացավ աստիճանաբար հագնել նոր անձնավորությունը։ Նա ասում է. «Մկրտությունից հետո բազմիցս հայտնվել եմ այնպիսի իրավիճակներում, որ կարող էի բռնկվել ու վեճի մեջ մտնել։ Բայց սովորել եմ հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր ուզում են ինձ կռվի մեջ ներքաշել։ Իսկ երբ կարողացել եմ այդպիսի իրավիճակներում հանդարտ մնալ, շատերը, այդ թվում՝ կինս գովել են ինձ։ Ճիշտն ասած՝ ես էլ եմ զարմանում ինձ վրա։ Իմ շնորհիվ չէ, որ կարողացել եմ փոխել բնավորությունս, այլ Աստվածաշնչի, որը մարդուն փոխելու զորություն ունի»։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՊԱՅՔԱՐԵԼ ՍԽԱԼ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

13. Ի՞նչը կօգնի մեզ ճիշտն անել (Գաղատացիներ 5։16

13 Կարդա Գաղատացիներ 5։16։ Եհովան առատորեն տալիս է իր սուրբ ոգին, որպեսզի օգնի մեզ հաղթել ճիշտն անելու պայքարում։ Երբ ուսումնասիրում ենք Աստծու Խոսքը, թույլ ենք տալիս, որ այն ազդի մեզ վրա։ Մենք զգում ենք այդ ոգու ազդեցությունը նաև այն ժամանակ, երբ հաճախում ենք ժողովի հանդիպումներին։ Դրանց ժամանակ մենք շփվում ենք մեր եղբայրների ու քույրերի հետ, որոնք մեզ պես պայքարում են ճիշտն անելու համար, և դա քաջալերական է (Եբր. 10։24, 25; 13։7)։ Իսկ երբ ջերմեռանդորեն աղոթում ենք Եհովային և աղաչում, որ օգնի մեզ հաղթահարել որևէ թուլություն, նա իր ոգով զորացնում է մեզ, որ չհանձնվենք այդ պայքարում։ Թեև այս ամենն անելու արդյունքում սխալ ցանկությունները չեն վերանում, բայց դրա շնորհիվ կարողանում ենք դիմադրել սխալ անելու գայթակղությանը։ Ինչպես ասվում է Գաղատացիներ 5։16-ում, նրանք, ովքեր ընթանում են ոգով, «մարմնական ոչ մի ցանկություն չեն անի»։

14. Ինչո՞ւ է կարևոր, որ շարունակենք ճիշտն անելու ցանկություն զարգացնել։

14 Եթե արդեն հոգևոր լավ սովորություններ ունենք, շատ կարևոր է, որ պահենք դրանք և շարունակենք ճիշտն անելու ցանկություն զարգացնել։ Ինչո՞ւ։ Քանի որ մեր թշնամիներից մեկը երբեք զենքերը վայր չի դնում։ Այդ թշնամին սխալ անելու գայթակղությունն է։ Անգամ մկրտությունից հետո գուցե ցանկություն ունենանք զբաղվելու այնպիսի բաներով, որոնցից պետք է հեռու մնանք։ Դրանցից են խաղամոլությունը, հարբեցողությունը և պոռնկագրություն դիտելը (Եփես. 5։3, 4)։ Մի երիտասարդ եղբայր ասում է. «Իմ կյանքում ամենադժվար բաներից մեկը միևնույն սեռի հանդեպ հրապուրանքի դեմ պայքարն է եղել։ Մտածում էի, թե դա պարզապես մի ընթացք է, որը կանցնի, բայց դեռ ստիպված եմ պայքարել դրա դեմ»։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե սխալ անելու ցանկությունդ ուժգին է։

Եթե սխալ ցանկություններ ունես, հիշիր, որ քո իրավիճակն անհույս չէ։ Եղել են մարդիկ, ովքեր նույն պայքարն են մղել ու հաղթանակ են տարել (տես պարբերություն 15-16)

15. Ինչո՞ւ է քաջալերական իմանալ, որ անպատշաճ ցանկություններ ունենում են նաև մյուս մարդիկ (տես նկարը)։

15 Եթե պայքարում ես այնպիսի անպատշաճ ցանկության դեմ, որն ասես խորամանկ հակառակորդ լինի, հիշիր, որ մենակ չես։ Աստվածաշունչն ասում է. «Ձեզ վրա ոչ մի փորձություն չի հասել, բացի այն փորձություններից, որ պատահել են մյուս մարդկանց» (1 Կորնթ. 10։13ա)։ Այս խոսքերն ուղղված էին Կորնթոսում ապրող այն քրիստոնյա տղամարդկանց ու կանանց, ովքեր մի ժամանակ շնացողներ էին, համասեռամոլներ և հարբեցողներ (1 Կորնթ. 6։9-11)։ Արդյո՞ք մկրտությունից հետո նրանք երբեք չեն ունեցել սխալ ցանկություններ։ Դժվար թե։ Ճիշտ է, նրանք բոլորն էլ օծյալ քրիստոնյաներ էին, բայց անկատար էին, և երբեմն պայքարում էին անպատշաճ ցանկությունների դեմ։ Այս միտքը շատ քաջալերական է մեզ համար։ Ինչո՞ւ։ Դա ցույց է տալիս, որ այն սխալ ցանկությունը, որի դեմ պայքարում ես, մեկ ուրիշն արդեն հաղթահարել է։ Այո՛, դու կարող ես «ամուր հավատով [դիմադրել].... իմանալով, որ նույնանման չարչարանքներ նաև քո ողջ եղբայրությունն է կրում աշխարհում» (1 Պետ. 5։9

16. Ո՞ր վտանգավոր մտածելակերպից պետք է խուսափենք և ինչո՞ւ։

16 Զգուշացիր այն վտանգավոր մտածելակերպից, թե ոչ ոք չի հասկանում այն խնդիրը, որի դեմ պայքարում ես։ Հակառակ դեպքում գուցե գաս այն եզրահանգման, թե քո իրավիճակն անհույս է, և դու անզոր ես սխալ ցանկություններիդ դեմ պայքարում։ Բայց Աստվածաշունչը հակառակն է ասում։ Այնտեղ կարդում ենք. «Աստված հավատարիմ է և թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ» (1 Կորնթ. 10։13բ)։ Հետևաբար նույնիսկ եթե անպատշաճ ցանկությունը ուժգին է, միևնույն է, մենք կարող ենք դիմադրել։ Եհովայի օգնությամբ մեզ կհաջողվի չտրվել դրան։

17. Թեև չենք կարող լիովին խուսափել սխալ ցանկություններից, ի՞նչ կարող ենք անել։

17 Մի՛ մոռացիր, որ անկատարության պատճառով դու չես կարող լիովին խուսափել սխալ ցանկություններից։ Բայց երբ դրանք գլուխ բարձրացնեն, դու կարող ես Հովսեփի պես վճռական գործել, ով անմիջապես փախավ Պետափրեսի կնոջից (Ծննդ. 39։12)։ Հիշիր՝ դու անպատշաճ ցանկությունների գերին չես։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՋԱՆՔԵՐ ԹԱՓԵԼ

18-19. Ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ։

18 Հոդվածից իմացանք, որ միտքը նորոգել նշանակում է շարունակ ջանքեր թափել, որպեսզի մեր մտածելակերպն ու գործերը համապատասխանեցնենք Եհովայի կամքին։ Ուստի կանոնավորաբար ինքնաքննություն արա և մտածիր հետևյալ հարցերի շուրջ. «Իմ գործերից երևո՞ւմ է, որ հասկանում եմ, թե ինչ ժամանակներում ենք ապրում։ Որքանո՞վ է ինձ հաջողվում հագնել նոր անձնավորությունը։ Թույլ տալի՞ս եմ, որ Եհովայի ոգին առաջնորդի ինձ, որպեսզի կարողանամ դիմադրել մարմնական ցանկություններին տրվելու գայթակղությանը»։

19 Ինքնաքննություն անելիս քեզնից կատարելություն մի՛ ակնկալիր, այլ կենտրոնացիր քո առաջադիմության վրա։ Եթե տեսնես, որ բարելավումներ անելու կարիք ունես, մի՛ վհատվիր։ Փոխարենը՝ հետևիր Փիլիպպեցիներ 3։16-ում գրված խորհրդին. «Որ չափով որ առաջադիմեցինք, եկեք շարունակենք նույն այդ սահմանված կարգի համաձայն վարվել»։ Համոզված եղիր, որ եթե հետևես այս խորհրդին, Եհովան կօրհնի քո ջանքերը, որ ներդնում ես միտքդ նորոգելու համար։

ԵՐԳ 36 Պահպանենք մեր սիրտը

a Պողոս առաքյալը իր հավատակիցներին հորդորեց թույլ չտալ, որ այս աշխարհը ձևավորի իրենց մտածելակերպը և ազդի իրենց գործերի վրա։ Ինչ խոսք, դա լավ խորհուրդ է նաև մեզ համար։ Մենք պետք է զգույշ լինենք, որ այս ապականիչ աշխարհը որևէ կերպ չազդի մեզ վրա։ Ուստի եթե նկատենք, որ մեր մտածելակերպը ներդաշնակ չէ Աստծու կամքին, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկենք, որ շտկենք այն։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք դա անել։

b Տես «Կյանքս ավելի ու ավելի էր ընկղմվում չարության մեջ» հոդվածը «Դիտարանի» 2015 թ. հուլիսի 1-ի համարում։

c ՆԿԱՐ։ Երիտասարդ եղբայրը մտածում է, թե որն ընտրի՝ բարձրագույն կրթությո՞ւնը, թե՞ լիաժամ ծառայությունը։