Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 3

Եհովան օգնում է քեզ հաջողության հասնել

Եհովան օգնում է քեզ հաջողության հասնել

«Եհովան Հովսեփի հետ էր.... ամեն ինչ, որ նա անում էր, Եհովան հաջողեցնում էր» (ԾՆՆԴ. 39։2, 3

ԵՐԳ 30 Իմ Հայր, իմ Աստված և իմ Ընկեր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1-2. ա) Ինչո՞ւ մենք չենք զարմանում, երբ փորձության ենք բախվում։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

 ՈՐՊԵՍ Եհովայի ժողովուրդ՝ մենք չենք զարմանում, երբ բախվում ենք փորձությունների։ Մենք Աստվածաշնչից գիտենք, որ «բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը» (Գործ. 14։22)։ Նաև հասկանում ենք, որ որոշ խնդիրներ լիովին չեն լուծվելու, քանի դեռ չի եկել նոր աշխարհը, որտեղ «մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտն. 21։4

2 Եհովան չի կանխում մեր փորձությունները, սակայն օգնում է, որ դիմանանք դրանց։ Տեսնենք, թե ինչ ասաց Պողոս առաքյալը Հռոմում ապրող քրիստոնյաներին։ Սկզբում նա խոսեց մի շարք փորձությունների մասին, որոնց բախվում էին իր հավատակիցները, այնուհետև գրեց. «Այս բոլոր բաներից մենք լիովին հաղթանակած ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ» (Հռոմ. 8։35-37)։ Սա նշանակում է, որ Եհովան կարող է օգնել քեզ հաջողության հասնել, նույնիսկ երբ քո փորձությունը ընթացքի մեջ է։ Տեսնենք, թե նա ինչպես օգնեց Հովսեփին և թե ինչպես կարող է օգնել քեզ։

ԵՐԲ ԿՅԱՆՔԴ ԿՏՐՈՒԿ ՓՈԽՎՈՒՄ Է

3. Ի՞նչ կտրուկ փոփոխություն եղավ Հովսեփի կյանքում։

3 Հակոբ նահապետը շատ էր սիրում իր որդի Հովսեփին և յուրահատուկ վերաբերմունք էր ցուցաբերում նրա հանդեպ (Ծննդ. 37։3, 4)։ Արդյունքում նրա մյուս որդիները սկսեցին նախանձել Հովսեփին, և երբ հնարավորություն ստեղծվեց, ազատվեցին նրանից։ Նրանք իրենց եղբորը վաճառեցին մադիանացի վաճառականներին, որոնք Հովսեփին տարան հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Եգիպտոս։ Այստեղ նրան նորից վաճառեցին, այս անգամ՝ փարավոնի թիկնապահների պետին՝ Պետափրեսին։ Ինչպիսի՜ կտրուկ փոփոխություն Հովսեփի կյանքում. սիրված որդուց նա դարձավ աննշան մի ստրուկ (Ծննդ. 39։1

4. Ի՞նչ դժվարությունների գուցե բախվենք։

4 Աստվածաշունչն ասում է, որ «ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժող. 9։11)։ Երբեմն մենք բախվում ենք այնպիսի դժվարությունների, որոնք նաև «պատահում են մյուս մարդկանց» (1 Կորնթ. 10։13)։ Երբեմն էլ դժվարություններ ենք ունենում այն պատճառով, որ Հիսուսի հետևորդներն ենք։ Մեր հավատի համար հնարավոր է՝ մեզ ծաղրեն, հակառակվեն և նույնիսկ հալածեն (2 Տիմոթ. 3։12)։ Բայց հիշիր՝ ինչ դժվարության էլ բախվես, Եհովան կարող է օգնել քեզ, որ հաջողության հասնես։ Տեսնենք, թե նա ինչպես օգնեց Հովսեփին։

Եհովան օգնեց Հովսեփին հաջողության հասնել նույնիսկ այն ժամանակ, երբ նրան Եգիպտոսում որպես ստրուկ վաճառեցին Պետափրեսին (տես պարբերություն 5)

5. Ի՞նչ էր մտածում Պետափրեսը՝ տեսնելով Հովսեփի հաջողությունները (Ծննդոց 39։2-6

5 Կարդա Ծննդոց 39։2-6։ Պետափրեսը տեսնում էր, որ Հովսեփը ընդունակ և աշխատասեր երիտասարդ է, և նա հասկանում էր, թե ինչու։ Պատճառն այն էր, որ «ամեն ինչ, որ [Հովսեփն] անում էր, Եհովան հաջողեցնում էր»։ b Ի վերջո Պետափրեսը նրան իր սպասավորը դարձրեց։ Նա նաև Հովսեփին իր ողջ տան վրա նշանակեց։ Արդյունքում նրա տունը բարգավաճեց։

6. Թերևս ի՞նչ էր մտածում Հովսեփը իր հանգամանքների մասին։

6 Փորձիր իրավիճակին նայել Հովսեփի տեսանկյունից։ Ամենից շատ ի՞նչ էր ուզում նա այդ պահին։ Արդյո՞ք ցանկանում էր, որ Պետափրեսը նկատեր իր գործերը և վարձատրեր իրեն։ Դժվար թե։ Ամենայն հավանականությամբ, Հովսեփն ուզում էր ազատ արձակվել ու վերադառնալ իր հոր մոտ։ Թեև նա Պետափրեսի տանը շատ արտոնություններ ուներ, բայց միևնույն է, հեթանոս մարդու ստրուկ էր։ Այնուամենայնիվ, Եհովան այնպես չարեց, որ Պետափրեսը ազատ արձակի Հովսեփին։ Եվ ինչպես կտեսնենք, Հովսեփի իրավիճակն ավելի վատացավ։

ԵՐԲ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ Է ՎԱՏԱՆՈՒՄ

7. Ինչպե՞ս Հովսեփի իրավիճակը վատացավ (Ծննդոց 39։14, 15

7 Ինչպես կարդում ենք Ծննդոց 39-րդ գլխում, Պետափրեսի կինը հրապուրված էր Հովսեփով և անընդհատ փորձում էր գայթակղել նրան։ Բայց ամեն անգամ Հովսեփը մերժում էր նրա առաջարկները։ Ի վերջո այդ կինը այնքան բարկացավ, որ Հովսեփին մեղադրեց բռնաբարության փորձ կատարելու մեջ (կարդա Ծննդոց 39։14, 15)։ Երբ Պետափրեսը լսեց այդ մասին, Հովսեփին բանտ նետեց, որտեղ նա մնաց մի քանի տարի (Ծննդ. 39։19, 20)։ Իսկ ինչպիսի՞ն էր այդ բանտը։ Ըստ Հովսեփի խոսքերի՝ իրեն գցել էին «բանտի փոսը», ինչից կարելի է ենթադրել, որ այնտեղ մութ էր, և իրավիճակն անելանելի էր թվում (Ծննդ. 40։15)։ Բացի այդ՝ Աստվածաշնչում կարդում ենք, որ Հովսեփի ոտքերը մի որոշ ժամանակ ոտնակապերի մեջ էին, իսկ պարանոցը՝ երկաթե կապանքների (Սաղ. 105։17, 18)։ Այո՛, Հովսեփի իրավիճակը ավելի վատացավ։ Վստահելի ծառայից նա դարձավ թշվառ բանտարկյալ։

8. Ինչո՞ւմ կարող ես համոզված լինել, նույնիսկ եթե փորձություններդ ուժգնանում են։

8 Երբևէ եղե՞լ ես այնպիսի իրավիճակում, որը, չնայած ջերմեռանդ աղոթքներիդ, ավելի է վատացել։ Իհարկե, նման բան կարող է լինել։ Եհովան չի պաշտպանում մեզ այն դժվարություններից, որոնց բախվում ենք Սատանայի աշխարհում (1 Հովհ. 5։19)։ Այդուհանդերձ, կարող ես համոզված լինել, որ նա գիտի, թե ինչերի միջով ես անցնում, և հոգ է տանում քո մասին (Մատթ. 10։29-31; 1 Պետ. 5։6, 7)։ Նա խոստացել է. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (Եբր. 13։5)։ Եհովան կարող է օգնել քեզ դիմանալ նույնիսկ այն ժամանակ, երբ իրավիճակն անհույս է թվում։ Տեսնենք, թե նա ինչպես օգնեց Հովսեփին։

Եհովան Հովսեփի հետ էր, անգամ երբ նա բանտում էր և հսկում էր մյուս բանտարկյալներին (տես պարբերություն 9)

9. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան Հովսեփի հետ էր, երբ վերջինս բանտարկված էր (Ծննդոց 39։21-23

9 Կարդա Ծննդոց 39։21-23։ Նույնիսկ Հովսեփի կյանքի այն մռայլ ժամանակահատվածում, երբ նա բանտարկված էր, Եհովան օգնում էր նրան, որ հաջողության հասնի։ Ինչպե՞ս։ Ժամանակի ընթացքում Հովսեփը վաստակեց բանտապետի վստահությունն ու հարգանքը, ճիշտ ինչպես արժանացել էր Պետափրեսի հավանությանը։ Որոշ ժամանակ անց բանտապետը նրան նշանակեց մյուս բանտարկյալների վրա։ Աստվածաշնչում ասվում է, որ «բանտապետը բացարձակապես չէր մտահոգվում այն ամենով, ինչ [Հովսեփի] ձեռքում էր»։ Հովսեփի միտքն այժմ զբաղված էր. նա հետաքրքիր գործ ուներ անելու։ Դեպքերի ինչպիսի՜ կտրուկ զարգացում։ Ինչպե՞ս կարող էին նման դիրքի արժանացնել մի բանտարկյալի, ով մեղադրվում էր պալատականի կնոջը բռնաբարելու փորձ կատարելու մեջ։ Դրան կարող էր միայն մեկ բացատրություն լինել։ Ծննդոց 39։23-ում ասվում է. «Եհովան Հովսեփի հետ էր, և ամեն ինչ, որ նա անում էր, Եհովան հաջողեցնում էր»։

10. Ինչո՞ւ Հովսեփը թերևս չէր մտածում, որ այն ամենը, ինչ անում է, հաջողվում է։

10 Կրկին փորձիր իրավիճակին Հովսեփի տեսանկյունից նայել։ Անհիմն մեղադրվելուց և ազատազրկվելուց հետո արդյո՞ք նա մտածում էր, թե այն ամենը, ինչ անում է, հաջողվում է։ Ամենից շատ ի՞նչ էր Հովսեփն ուզում այդ պահին։ Արդյո՞ք նա ցանկանում էր արժանանալ բանտապետի հավանությանը։ Ամենայն հավանականությամբ, նա ուզում էր արդարացվել և դուրս գալ բանտից։ Հովսեփը նույնիսկ խնդրել էր իր բանտակիցներից մեկին, որ ազատ արձակվելուց հետո փարավոնի մոտ բարեխոսի իր համար, որպեսզի իրեն էլ ազատեն (Ծննդ. 40։14)։ Սակայն ազատ արձակվելուց հետո այդ մարդն անմիջապես չխոսեց փարավոնի հետ։ Արդյունքում Հովսեփը ևս երկու տարի բանտարկված մնաց (Ծննդ. 40։23; 41։1, 14)։ Այդուհանդերձ, Եհովան շարունակում էր հաջողություն տալ նրան։ Ինչպե՞ս։

11. Ի՞նչ հատուկ ունակություն էր Եհովան տվել Հովսեփին, և դա ի՞նչ դեր խաղաց նրա նպատակի իրականացման մեջ։

11 Մինչ Հովսեփը բանտում էր, Եհովան փարավոնին երկու երազ տվեց, որոնք հանգիստ չէին տալիս նրան։ Փարավոնը ցանկանում էր ամեն գնով պարզել դրանց նշանակությունը։ Երբ նա իմացավ, որ Հովսեփը երազներ մեկնելու կարողություն ունի, նրա հետևից մարդ ուղարկեց։ Եհովայի օգնությամբ Հովսեփը բացատրեց երազները և գործնական խորհուրդ տվեց փարավոնին, ինչը շատ տպավորեց նրան։ Տեսնելով, որ Եհովան Հովսեփի հետ է՝ փարավոնը ողջ Եգիպտոսին սննդով ապահովելու գործը նրան վստահեց (Ծննդ. 41։38, 41-44)։ Հետագայում սաստիկ սով եղավ ոչ միայն Եգիպտոսում, այլև Քանանում, որտեղ ապրում էին Հովսեփի հարազատները։ Այժմ Հովսեփը կարող էր փրկել իր ընտանիքի անդամներին և այդպիսով պահպանել այն շառավիղը, որից սերելու էր Մեսիան։

12. Ինչպե՞ս էր Եհովան օգնում Հովսեփին հաջողության հասնել։

12 Մտածիր այն արտառոց իրադարձությունների մասին, որ տեղի ունեցան Հովսեփի կյանքում։ Ո՞վ մղեց Պետափրեսին հատուկ ուշադրություն դարձնել Հովսեփին, որն ընդամենը աննշան մի ստրուկ էր։ Ո՞վ մղեց բանտապետին լավ վերաբերվել Հովսեփին, որը թշվառ մի բանտարկյալ էր։ Ո՞վ փարավոնին երազներ տվեց և Հովսեփին դրանք մեկնելու ունակությամբ օժտեց։ Ո՞վ մղեց փարավոնին, որ Հովսեփին վստահի ողջ Եգիպտոսին սննդով ապահովելու գործը (Ծննդ. 45։5)։ Ակնհայտ է, որ Եհովան՝ նա, ով հաջողեցնում էր այն ամենը, ինչ Հովսեփն անում էր։ Եհովան Հովսեփի եղբայրների դաժան ու նենգ ծրագիրը վերածեց օրհնության և դրա միջոցով իրագործեց իր կամքը։

ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՀՈՎԱՆ ՕԳՆՈՒՄ ՔԵԶ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ

13. Արդյո՞ք Եհովան միջամտում է մեր կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրավիճակի։ Բացատրիր։

13 Ի՞նչ եզրակացություն կարող ենք անել Հովսեփի պատմությունից։ Արդյո՞ք Եհովան միջամտում է մեր կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին։ Արդյո՞ք նա յուրաքանչյուր իրավիճակի այնպիսի ընթացք է տալիս, որ մեզ հետ տեղի ունեցող բոլոր վատ բաները ինչ-որ լավ նպատակի ծառայեն։ Ո՛չ, Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում (Ժող. 8։9; 9։11)։ Բայց մի բան հստակ է. Եհովան տեղյակ է մեր փորձություններին և լսում է, երբ օգնության ենք կանչում իրեն (Սաղ. 34։15; 55։22; Ես. 59։1)։ Դեռ ավելին՝ նա կարող է օգնել մեզ, որ հաղթահարենք մեր դժվարությունները։ Ինչպե՞ս։

14. Դժվարությունների ժամանակ ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ։

14 Կերպերից մեկը, որով Եհովան օգնում է, մեզ քաջալերելն ու մխիթարելն է, և հաճախ հենց այն ժամանակ, երբ դրա կարիքը շատ ունենք (2 Կորնթ. 1։3, 4)։ Նա այդպես օգնել է Թուրքմենստանում ապրող Էզիզ անունով մի եղբոր, ով իր հավատի համար երկու տարով ազատազրկված է եղել։ Եղբայրն ասում է. «Դատավարության օրը՝ առավոտյան, մի եղբայր ինձ ցույց տվեց Եսայիա 30։15-ը, որտեղ ասվում է. «Ձեր զորությունը հանգստության և ապավինության մեջ կլինի»։ Այս համարն ինձ միշտ օգնել է հանդարտ մնալ և ամեն հարցում Եհովային վստահել։ Դրա շուրջ խորհրդածելը ինձ շատ է օգնել նաև կալանավայրում գտնվելու ամբողջ ընթացքում»։ Քո կյանքից հիշո՞ւմ ես այնպիսի դեպք, երբ Եհովան օգնել է քեզ՝ քաջալերելով և մխիթարելով հենց այն պահին, երբ դու դրա կարիքն ամենաշատն ես ունեցել։

15-16. Ի՞նչ ես սովորում Թորիի օրինակից։

15 Հաճախ փորձության ավարտից հետո ենք միայն հասկանում, թե ինչպես է Եհովան օգնել մեզ, որ հաղթահարենք այն։ Թորի անունով մի քրոջ դեպքում հենց այդպես եղավ։ Նրա որդին՝ Մեյսոնը, վեց տարի շարունակ պայքարեց քաղցկեղի դեմ ու մահացավ։ Թորին անասելի ցավ էր զգում։ Նա պատմում է. «Չեմ պատկերացնում, թե դրանից ծանր ինչ կարող է լինել մոր համար։ Վստահ եմ՝ մյուս ծնողներն էլ կհամաձայնվեն ինձ հետ, որ ավելի լավ է ինքդ տառապես, քան տեսնես, թե ինչպես է երեխադ տառապում»։

16 Թեև Թորին սարսափելի ապրումներ էր ունեցել՝ տեսնելով իր որդու տառապանքը, բայց հետագայում մտածեց այն մասին, թե ինչ կերպերով է Եհովան օգնել, որ դիմանա այդ փորձությանը։ Հետադարձ հայացք նետելով՝ նա ասում է. «Այժմ հասկանում եմ, թե ինչպես է Եհովան օգնել ինձ որդուս հիվանդության ողջ ընթացքում։ Օրինակ, անգամ երբ Մեյսոնը շատ թույլ էր լինում և չէր կարողանում այցելուներ ընդունել, եղբայրներն ու քույրերը, միևնույն է, երկու ժամվա ճանապարհ էին անցնում, որպեսզի գային հիվանդանոց։ Սպասասրահում միշտ հավատակիցներ կային, ովքեր պատրաստ էին անհրաժեշտության դեպքում օգնել մեզ։ Եղբայրներն ու քույրերը նաև հոգ էին տանում մեր նյութական կարիքների մասին։ Անգամ ամենածանր պահերին մենք ունեինք մեզ անհրաժեշտ բաները»։ Ինչպես տեսնում ենք, Եհովան թե՛ Թորիին, թե՛ Մեյսոնին տվեց այն ամենը, ինչ նրանց պետք էր դիմանալու համար (տես « Եհովան մեզ տալիս էր հենց այն, ինչի կարիքն ունեինք» շրջանակը)։

ՀԱՇՎԻՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ

17-18. Ի՞նչը կօգնի մեզ տեսնել Եհովայի աջակցությունը փորձությունների ժամանակ և շնորհակալ լինել դրա համար (Սաղմոս 40։5

17 Կարդա Սաղմոս 40։5։ Լեռնագնացի նպատակն է՝ հասնել լեռան գագաթին։ Մինչ այդ, սակայն, բազմաթիվ տեղեր կան, որտեղ նա կարող է կանգ առնել և վայելել իր առջև բացվող գեղեցիկ տեսարանը։ Նմանապես կանոնավորաբար ժամանակ տրամադրիր, որպեսզի մի պահ կանգ առնես և տեսնես, թե ինչպես է Եհովան օգնում քեզ հաջողության հասնել նույնիսկ փորձության ընթացքում։ Ամեն օրվա վերջում հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս է Եհովան օրհնել ինձ այսօր։ Թեև փորձությունս դեռ չի ավարտվել, բայց ինչպե՞ս է նա օգնում ինձ, որ դիմանամ դրան»։ Փորձիր տեսնել առնվազն մի բան, որ Եհովան արել է քեզ օգնելու համար։

18 Հնարավոր է՝ աղոթում ես, որ փորձությունդ ավարտվի։ Ինչ խոսք, դա նորմալ է ու տեղին (Փիլիպ. 4։6)։ Սակայն կարևոր է նաև մտածել, թե այդ պահին ինչ օրհնություններ ունես։ Չէ՞որ Եհովան խոստանում է զորացնել մեզ և օգնել, որ դիմանանք։ Ուստի երբեք մի՛ դադարիր շնորհակալ լինել նրան, որ աջակցում է քեզ։ Այդ ժամանակ կտեսնես, որ Եհովան ինչպես Հովսեփին օգնեց, այնպես էլ քեզ կօգնի հաջողության հասնել, նույնիսկ երբ փորձությունների մեջ լինես (Ծննդ. 41։51, 52

ԵՐԳ 32 Եհովայի կողքը կանգնիր

a Երբ ծանր փորձության միջով ենք անցնում, դժվար թե մեզ «հաջողակ» մարդ համարենք։ Գուցե մտածենք, թե այդպիսին կլինենք միայն այն ժամանակ, երբ հաղթահարած լինենք մեր փորձությունը։ Սակայն Հովսեփի կյանքում տեղի ունեցած դեպքերը մեզ մի կարևոր դաս են սովորեցնում. Եհովան կարող է օգնել մեզ հաջողության հասնել, նույնիսկ երբ ծանր փորձությունների մեջ ենք։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես է դա հնարավոր։

b Հովսեփի ստրկության վաղ տարիներին տեղի ունեցած փոփոխությունները Աստվածաշնչում նկարագրվում են ընդամենը մի քանի համարով, բայց դրանք հավանաբար տարիների ընթացքում են եղել։