Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 9

Թանկ համարիր կյանքը՝ Աստծու պարգևը

Թանկ համարիր կյանքը՝ Աստծու պարգևը

«Նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք» (ԳՈՐԾ. 17։28

ԵՐԳ 141 Կյանքը հրաշք է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Որքա՞ն թանկ է մեր կյանքը Եհովայի համար։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ‵ ընկերդ քեզ մի հին, բայց շատ թանկ նկար է նվիրում՝ արվեստի իսկական գլուխգործոց։ Դրա վրա խամրած տեղեր կան, ինչպես նաև որոշ բծեր ու ճաքեր։ Չնայած դրան՝ կտավը միլիոնավոր դոլարներ է գնահատվում։ Վստահաբար թանկ կհամարես արվեստի այդ գործը և կպահպանես այն։ Նմանապես Եհովան մեզ մի թանկ նվեր է տվել՝ կյանքը։ Նա փաստել է, որ շատ թանկ է համարում մեր կյանքը՝ իր Որդուն որպես փրկագին տալով մեզ համար (Հովհ. 3։16

2. Ինչպես գրված է 2 Կորնթացիներ 7։1-ում, Եհովան ի՞նչ է ակնկալում մեզանից։

2 Եհովան կյանքի Աղբյուրն է (Սաղ. 36։9)։ Պողոս առաքյալը նույնպես ընդունում էր այս ճշմարտությունը։ Նա գրել է. «Նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք» (Գործ. 17։25, 28)։ Ուստի միանգամայն տեղին է ասել, որ կյանքը պարգև է Աստծուց։ Եհովան նաև սիրով մեզ տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ապրելու համար (Գործ. 14։15-17)։ Բայց նա հրաշքով չի պահպանում մեր կյանքը։ Փոխարենը՝ ակնկալում է, որ հնարավորության սահմաններում լավագույնս հոգ տանենք մեր ֆիզիկական և հոգևոր առողջության մասին ու չվտանգենք մեր կյանքը (կարդա 2 Կորնթացիներ 7։1)։ Իսկ ինչո՞ւ պետք է այդպես վարվենք և ինչպե՞ս դա անենք։

ԹԱՆԿ ՀԱՄԱՐԻՐ ԿՅԱՆՔԸ

3. Ո՞րն է պատճառներից մեկը, որ ցանկանում ենք առողջ լինել։

3 Պատճառներից մեկը, որ ձգտում ենք առողջ լինել, այն է, որ ցանկանում ենք Եհովային մեր լավագույնը տալ (Մարկ. 12։30)։ Մենք ուզում ենք մեր «մարմինները ներկայացնել որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի», ուստի խուսափում ենք այն բաներից, որոնք կվնասեն մեր առողջությունը (Հռոմ. 12։1)։ Ճիշտ է, ինչ էլ անենք, չենք կարող միշտ առողջ մնալ։ Բայց կարող ենք մեր ձեռքից եկածն անել, որպեսզի հոգ տանենք մեր առողջության մասին։ Այդպես կփաստենք, որ գնահատում ենք մեր երկնային Հոր տված պարգևը՝ կյանքը։

4. Ի՞նչ տրամադրվածություն ուներ Դավիթ թագավորը։

4 Դավիթ թագավորը բացատրեց, թե ինչու է թանկ համարում կյանքը։ Նա գրեց. «Ի՞նչ օգուտ կլինի իմ արյունից, երբ ես փոսն իջնեմ։ Մի՞թե փոշին կգովաբանի քեզ։ Մի՞թե կպատմի քո ճշմարտության մասին» (Սաղ. 30։9)։ Դավիթն այս խոսքերը թերևս գրել է իր կյանքի վերջին տարիներին։ Տեսնում ենք, որ նա ուզում էր ապրել և, որքան հնարավոր է՝ երկար, որպեսզի կարողանար փառաբանել Եհովային։ Անկասկած, բոլորս էլ նույն տրամադրվածությունն ունենք։

5. Անկախ մեր տարիքից ու առողջական վիճակից՝ ի՞նչ կարող ենք անել։

5 Հիվանդության և տարիքի պատճառով գուցե այլևս չկարողանանք անել շատ բաներ, որ նախկինում էինք անում։ Արդյունքում գուցե տխրենք և ընկնենք վհատության գիրկը։ Բայց մենք չպետք է թևաթափ լինենք և այլևս հոգ չտանենք մեր առողջության մասին։ Ինչո՞ւ։ Քանի որ անկախ մեր տարիքից և առողջական վիճակից՝ մենք կարող ենք փառաբանել Եհովային, ինչպես որ Դավիթ թագավորն էր անում։ Մեր սրտերը ջերմությամբ են լցվում այն մտքից, որ չնայած մեր տարիքին և առողջական վիճակին՝ մենք շատ թանկ ենք Աստծու համար (Մատթ. 10։29-31)։ Նույնիսկ եթե մահանանք էլ, նա անհամբերությամբ կսպասի, որ հարություն տա մեզ (Հոբ 14։14, 15)։ Բայց քանի դեռ ապրում ենք, ուզում ենք ամեն բան անել, որ պահպանենք մեր կյանքն ու առողջությունը։

ԽՈՒՍԱՓԻՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

6. Ուտելու և խմելու հետ կապված՝ ի՞նչ է Եհովան ակնկալում մեզանից։

6 Թեև Աստվածաշունչը բժշկական ձեռնարկ կամ առողջ սննդակարգի ուղեցույց չէ, բայց ցույց է տալիս այդ հարցերի վերաբերյալ Եհովայի տեսակետը։ Օրինակ՝ այն հորդորում է մեզ «հետ մղել փորձանքը», որը կարող է վնասել մեր մարմինը (Ժող. 11։10)։ Աստվածաշունչը դատապարտում է շատակերությունն ու հարբեցողությունը, որոնք վնասում են մեր առողջությունը (Առակ. 23։20)։ Եհովան ակնկալում է, որ ուտելու և խմելու հարցում ինքնատիրապետում դրսևորենք (1 Կորնթ. 6։12; 9։25

7. Առակներ 2։11-ում գրված խորհուրդը ինչպե՞ս է օգնում առողջության վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնել։

7 Եթե ողջամիտ լինենք, կկարողանանք այնպիսի որոշումներ կայացնել, որոնք արտահայտում են մեր խոր գնահատանքը Աստծու տված պարգևի հանդեպ (Սաղ. 119։99, 100; կարդա Առակներ 2։11)։ Օրինակ՝ ողջամտությունը կօգնի ընտրողական լինել ուտելիքի հարցում։ Մենք կհրաժարվենք մեր սիրելի ուտելիքից, եթե գիտենք, որ այն վնասում է մեր առողջությունը։ Մենք ողջամտություն կդրսևորենք նաև, եթե բավականաչափ քնենք, կանոնավորաբար վարժություններ անենք, հետևենք մեր անձնական հիգիենային և տան մաքրությանը։

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ

8. Ըստ Աստվածաշնչի՝ ո՞րն է Աստծու տեսակետը անվտանգության վերաբերյալ։

8 Իսրայելացիներին տրված Օրենքում կային կանոններ, որոնք օգնում էին կանխարգելել լուրջ պատահարները թե՛ տանը, թե՛ աշխատավայրում (Ելք 21։28, 29; 2 Օրենք 22։8)։ Եթե մի մարդ ոչ միտումնավոր որևէ մեկի մահվան պատճառը դառնար, պետք է լուրջ պատասխանատվության ենթարկվեր (2 Օրենք 19։4, 5)։ Օրենքը պատիժ էր սահմանում նաև նրանց համար, ովքեր ոչ միտումնավոր վնաս էին հասցնում դեռ չծնված երեխային (Ելք 21։22, 23)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան ուզում է, որ մենք հնարավորինս կանխարգելենք պատահարները։

Նշված իրավիճակներում ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ թանկ ենք համարում կյանքը (տես պարբերություն 9)

9. Ի՞նչ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկենք պատահարներից խուսափելու համար (տես նաև նկարները)։

9 Մենք ցույց կտանք, որ գնահատում ենք Աստծու տված նվերը՝ կյանքը, եթե հետևենք անվտանգության կանոններին թե՛ տանը, թե՛ աշխատավայրում։ Օրինակ, եթե ուզում ենք ձերբազատվել սուր առարկաներից, թունավոր քիմիական նյութերից կամ դեղորայքից, պետք է դա այնպես անենք, որ դրանք չվնասեն ուրիշներին։ Բացի այդ՝ հարկավոր է այդպիսի առարկաներն ու նյութերը երեխաների համար անհասանելի տեղում պահել։ Կարևոր է նաև զգուշություն ցուցաբերել կրակի, տաք հեղուկների և էլեկտրական գործիքների հետ աշխատելիս։ Դրանք երբեք չպետք է առանց հսկողության թողնենք։ Մենք նաև մեքենա չենք վարի, եթե դեղորայքի, ալկոհոլի կամ քնի պակասի պատճառով մեր զգոնությունը թուլացել է։ Բացի այդ՝ մեքենա վարելիս մենք հեռախոսը մեր ձեռքը չենք վերցնի։

ԵՐԲ ԱՂԵՏ Է ԼԻՆՈՒՄ

10. Ի՞նչ կարող ենք անել կյանքին սպառնացող աղետներին պատրաստվելու համար։

10 Երբեմն հնարավոր չէ կանխել կյանքին սպառնացող որոշ իրավիճակներ, հատկապես աղետների, համավարակների և հակամարտությունների ժամանակ։ Այնուամենայնիվ, երբ նման աղետներ են լինում, մենք կարող ենք նվազեցնել ռիսկերը և մեծացնել փրկվելու հավանականությունը, եթե հետևենք պարետային ժամի կանոններին, տարհանման հրահանգներին և արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին (Հռոմ. 13։1, 5-7)։ Որոշ վտանգներ կանխատեսելի են, ուստի լավ կլինի՝ հետևենք աղետներին պատրաստվելու վերաբերյալ տեղի իշխանությունների տված բոլոր հրահանգներին։ Օրինակ՝ գուցե գործնական լինի ջրի, չփչացող սննդի և առաջին բուժօգնության պարագաների որոշակի պաշար ունենալ։

11. Ի՞նչ պետք է անենք, եթե մեր բնակավայրում վարակիչ հիվանդություն տարածվի։

11 Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե մեր բնակության վայրում վարակիչ հիվանդություն է տարածվում։ Մենք պետք է հետևենք արտակարգ իրավիճակների հետ կապված իշխանությունների տված հրահանգներին, ինչպիսիք են ձեռքերը լվանալը, սոցիալական հեռավորություն պահելը, դիմակ կրելը և ինքնամեկուսանալը։ Այդպես վարվելով՝ ցույց կտանք, որ մեծապես գնահատում ենք Աստծու տված պարգևը՝ կյանքը։

12. Առակներ 14։15-ի սկզբունքը ինչպե՞ս կարող է օգնել մեզ ընտրողական լինել աղետների ժամանակ շրջանառվող լուրերին հավատալու հարցում։

12 Արտակարգ իրավիճակների ժամանակ հնարավոր է՝ մեր ընկերները, հարևանները և լրատվամիջոցները ապատեղեկատվություն տարածեն։ Մեր լսած «ամեն խոսքի» հավատալու փոխարեն մենք պետք է հետևենք կառավարության և առողջապահության ոլորտի ամենավստահելի աղբյուրների տրամադրած տեղեկություններին (կարդա Առակներ 14։15)։ Կառավարիչ մարմինը և մասնաճյուղերը նախքան ժողովների և քարոզչական գործի վերաբերյալ առաջնորդություն տալը ամեն ջանք թափում են, որ հավաստի տեղեկություններ ձեռք բերեն (Եբր. 13։17)։ Հետևելով այդ առաջնորդությանը՝ մենք պաշտպանում ենք ինքներս մեզ և ուրիշներին։ Այդպիսով նաև բարձր ենք պահում ժողովի համբավը (1 Պետ. 2։12

ՀԵՌՈՒ ՄՆԱՆՔ ԱՐՅՈՒՆԻՑ

13. Արյանն առնչվող հարցերում ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ թանկ ենք համարում կյանքը։

13 Շատերը գիտեն, որ մեզ՝ Եհովայի վկաներիս համար արյունը սուրբ է։ Մենք հետևում ենք արյան վերաբերյալ Եհովայի տված օրենքին, երբ հրաժարվում ենք արյան փոխներարկումից, նույնիսկ երբ անհետաձգելի բուժօգնության կարիք է առաջանում (Գործ. 15։28, 29)։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք ուզում ապրել։ Ընդհակառակը՝ դրանով ցույց ենք տալիս, որ թանկ ենք համարում Աստծու տված պարգևը՝ կյանքը։ Մենք փնտրում ենք բժիշկների, ովքեր պատրաստ են բարձրորակ բուժօգնություն տրամադրել առանց արյան փոխներարկման։

14. Ինչպե՞ս կարող ենք նվազեցնել բժշկական լուրջ միջամտության ենթարկվելու հավանականությունը։

14 Մենք կնվազեցնենք բժշկական լուրջ միջամտության հավանականությունը, եթե հետևենք առողջության վերաբերյալ այս հոդվածում նշված առաջարկներին։ Եթե առողջապես լավ վիճակում լինենք, նույնիսկ եթե վիրահատության կարիք առաջանա, ապա, ամենայն հավանականությամբ, վիրահատությունն ու հետվիրահատական շրջանը առանց լուրջ բարդությունների կընթանան։ Անհետաձգելի վիրահատության հավանականությունը կնվազեցնենք նաև այն դեպքում, եթե տանը և աշխատավայրում պահենք անվտանգության կանոնները և խստորեն հետևենք ճանապարհային երթևեկության կանոններին։

Քանի որ թանկ ենք գնահատում կյանքը, բժշկական դիրքորոշման վերաբերյալ լիազորագիր ենք լրացնում և այն միշտ մեզ մոտ ենք պահում (տես պարբերություն 15) d

15. ա) Ինչո՞ւ է կարևոր, որ մեր «Դիրքորոշում» փաստաթուղթը միշտ թարմացված լինի (տես նաև նկարը)։ բ) Տեսանյութի համաձայն՝ ինչպե՞ս կարող ենք մտածված որոշումներ կայացնել արյուն պարունակող բուժմեթոդների վերաբերյալ։

15 Քանի որ մենք թանկ ենք գնահատում կյանքը, լրացնում ենք բժշկական դիրքորոշման վերաբերյալ մի լիազորագիր և այն միշտ մեզ մոտ ենք պահում։ b Այս փաստաթղթի միջոցով մենք արտահայտում ենք մեր դիրքորոշումը արյան փոխներարկման և որոշ բուժմեթոդների վերաբերյալ։ Կարևոր է հավաստիանալ, որ դրանում նշված տեղեկությունները հնացած չեն։ Եթե քո «Դիրքորոշում» փաստաթուղթը լրացնելու կամ թարմացնելու կարիք կա, առանց հետաձգելու արա դա։ Գրավոր կերպով հստակ արտահայտելով մեր դիրքորոշումը՝ կխուսափենք բուժօգնություն ստանալու անտեղի ձգձգումներից։ Այդպես նաև կօգնենք բուժանձնակազմին, որ չօգտագործի այնպիսի բուժմեթոդ կամ դեղորայք, որը կարող է վնասել մեզ։ c

16. Ի՞նչ կարող ենք անել, եթե չգիտենք՝ ինչպես լրացնել «Դիրքորոշում» փաստաթուղթը։

16 Անկախ նրանից, թե որքան երիտասարդ և առողջ ենք՝ բոլորս էլ կարող ենք հիվանդանալ կամ պատահարի զոհ դառնալ (Ժող. 9։11)։ Ուստի իմաստուն վարված կլինենք, եթե լրացնենք «Դիրքորոշում» փաստաթուղթը։ Եթե չգիտես, թե ինչպես լրացնել այն, օգնության համար դիմիր քո ժողովի երեցներին։ Սովորաբար նրանք լավ գիտեն, թե ինչպես է լրացվում այդ փաստաթուղթը, բայց հիշիր, որ բուժմեթոդների վերաբերյալ նրանք քո փոխարեն որոշումներ չեն կայացնի։ Դա քո պատասխանատվությունն է (Գաղ. 6։4, 5)։ Այդուհանդերձ, երեցները կարող են օգնել քեզ, որ հասկանաս, թե ինչ տարբերակներ ունես և թե ինչպես կարող ես գրավոր կերպով արտահայտել քո դիրքորոշումը։

ՈՂՋԱՄԻՏ ԵՂԻՐ

17. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ խոհեմ ենք առողջության հետ կապված հարցերում։

17 Առողջության և բուժմեթոդների վերաբերյալ շատ որոշումներ մենք կայացնում ենք՝ հիմնվելով Աստվածաշնչով կրթված մեր խղճի վրա (Գործ. 24։16; 1 Տիմոթ. 3։9)։ Երբ նման որոշումներ ենք կայացնում և դրանք քննարկում ուրիշների հետ, լավ կլինի՝ կիրառենք Փիլիպպեցիներ 4։5-ում գրված սկզբունքը. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց»։ Եթե խոհեմ լինենք, չափից շատ չենք անհանգստանա մեր ֆիզիկական առողջության մասին, ոչ էլ մեր տեսակետը կպարտադրենք ուրիշներին։ Մենք սիրում և հարգում ենք մեր եղբայրներին ու քույրերին, նույնիսկ երբ նրանց որոշումները տարբերվում են մեր կայացրած որոշումներից (Հռոմ. 14։10-12

18. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ երախտապարտ ենք կյանքի համար։

18 Մենք ցույց կտանք, որ երախտապարտ ենք Եհովային՝ կյանքի Աղբյուրին, եթե փայփայենք նրա տված պարգևը և մեր լավագույնը տանք նրան (Հայտն. 4։11)։ Այսօր մենք չենք կարող խուսափել հիվանդություններից, պատահարներից ու աղետներից։ Բայց մեր Ստեղծիչը այսպիսի կյանք չէր նախատեսել մեզ համար։ Շուտով նա մեզ հավիտենական կյանք կտա, և մահն ու ցավը այլևս չեն լինի (Հայտն. 21։4)։ Իսկ մինչ այդ եկեք ուրախ լինենք, որ ապրում ենք և ծառայում մեր սիրառատ երկնային Հորը՝ Եհովային։

ԵՐԳ 140 Հավերժ կյանք. վերջապե՛ս

a Հոդվածը կօգնի մեզ, որ թանկ համարենք Աստծու տված պարգևը՝ կյանքը։ Կիմանանք, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի աղետի ժամանակ պահպանենք մեր առողջությունն ու կյանքը, ինչպես նաև հնարավորինս խուսափենք պատահարներից։ Բացի այդ՝ կտեսնենք, թե ինչ կարող ենք անել, որ պատրաստված լինենք, երբ անհապաղ բուժօգնություն ստանալու կարիք առաջանա։

b Այս փաստաթուղթը կոչվում է նաև «Դիրքորոշում»։

d ՆԿԱՐ։ Եղբայրը բժշկական դիրքորոշման վերաբերյալ լիազորագիր է լրացնում և այն պահում իր մոտ։