Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 12

Սովորենք Եհովայի մասին նրա ստեղծագործությունից

Սովորենք Եհովայի մասին նրա ստեղծագործությունից

«Նրա անտեսանելի հատկությունները.... հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (ՀՌՈՄ. 1։20

ԵՐԳ 6 Երկինքը հռչակում է Աստծու փառքը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Հոբն ինչպե՞ս ավելին իմացավ Եհովայի մասին։

 ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ մի առիթով զրուցեց Հոբի հետ։ Դա ամենատպավորիչ զրույցն էր Հոբի կյանքում։ Եհովան նրա ուշադրությունը հրավիրեց ստեղծագործության որոշ առանձնահատկությունների վրա, որպեսզի օգնի նրան համոզվել, որ ինքը իմաստուն է և հոգատար։ Օրինակ՝ հիշեցնելով Հոբին, որ հոգ է տանում կենդանիների մասին՝ նա վստահեցրեց, որ հոգ կտանի նաև նրա մասին (Հոբ 38։39-41; 39։1, 5, 13-16)։ Ստեղծագործության շուրջ խորհելով՝ Հոբը շատ բան սովորեց Եհովայի հատկությունների վերաբերյալ։

2. Երբեմն ինչո՞ւ գուցե դժվար լինի ուսումնասիրել Եհովայի ձեռքի գործերը։

2 Մենք նույնպես կարող ենք շատ բաներ սովորել Աստծու մասին, եթե ուսումնասիրենք նրա ձեռքի գործերը։ Բայց դա երբեմն կարող է դժվար լինել։ Օրինակ՝ քաղաքում ապրողները թերևս ամեն օր չառնչվեն բնությանը, իսկ բնությանը մոտ ապրողները հնարավոր է՝ ժամանակ չունենան ուսումնասիրելու այն։ Ուստի եկեք տեսնենք, թե ինչու է կարևոր ժամանակ և ջանք ներդնել Աստծու ստեղծագործությունները ուսումնասիրելու համար։ Հոդվածից նաև կիմանանք, թե Եհովան ու Հիսուսը ինչպես են ուսուցանել ստեղծագործության միջոցով, և թե մենք ինչպես կարող ենք ավելին իմանալ Աստծու մասին՝ ուսումնասիրելով նրա ձեռքի գործերը։

ԻՆՉՈ՞Ւ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Եհովան ցանկանում էր, որ Ադամը վայելեր ստեղծագործությունները (տես պարբերություն 3)

3. Ինչի՞ց ենք իմանում, որ Եհովան ուզում էր՝ Ադամը վայելեր ստեղծագործությունը։

3 Եհովան ուզում էր, որ առաջին մարդը վայելեր ստեղծագործությունը։ Ադամին արարելուց հետո Աստված նրան բնակեցրեց մի գեղեցիկ պարտեզում և հանձնարարեց, որ նա մշակի ու ընդլայնի այն (Ծննդ. 2։8, 9, 15)։ Միայն պատկերացրու Ադամի ոգևորությունը, երբ նա տեսավ, թե ինչպես են սերմերը ծլարձակում և ծաղիկները ծաղկում։ Եդեմի պարտեզի մասին հոգ տանելը մեծ պատիվ էր։ Եհովան նաև պատվիրեց, որ Ադամը անուններ տա կենդանիներին (Ծննդ. 2։19, 20)։ Նա կարող էր ինքը որոշել, թե ինչ անուն տա յուրաքանչյուր կենդանու, բայց այդ գործը Ադամին վստահեց։ Անկասկած, կենդանիներին անուններ տալուց առաջ Ադամը ուսումնասիրում էր յուրաքանչյուրի վարքագիծն ու առանձնահատկությունները։ Այդ հանձնարարությունը պետք է որ մեծ հաճույք պատճառեր նրան։ Դա նաև հնարավորություն էր տալիս տեսնելու, թե որքան իմաստուն է իր Հայրը, և ինչ գեղեցիկ ու հետաքրքիր բաներ է ստեղծել։

4. ա) Ինչո՞ւ պետք է ուսումնասիրենք ստեղծագործությունը։ բ) Եհովայի ստեղծած բաներից հատկապես ո՞րն է քեզ տպավորում։

4 Մենք պետք է ուսումնասիրենք ստեղծագործությունը, քանի որ Եհովան է ուզում, որ այդպես վարվենք։ Նա ասում է. «Բարձրացրեք ձեր աչքերն ու նայեք»։ Հետո հարցնում. «Ո՞վ է ստեղծել այս ամենը»։ Պատասխանն ակնհայտ է (Ես. 40։26)։ Եհովան ոչ միայն երկինքն է լցրել բազմաթիվ զարմանահրաշ ստեղծագործություններով, այլ նաև երկիրն ու ծովը։ Այդ ամենը պատմում է մեզ նրա մասին (Սաղ. 104։24, 25)։ Աստված մեզ ստեղծել է գեղեցիկը գնահատելու ունակությամբ։ Եվ որպեսզի մենք կարողանանք վայելել ստեղծագործության բազմազանությունը, Աստված մեզ օժտել է հինգ զգայարաններով։ Դրանք են տեսողությունը, լսողությունը, հոտառությունը և համի ու շոշափելիքի զգայարանները։

5. Հռոմեացիներ 1։20-ի համաձայն՝ Եհովայի ստեղծագործությունները ուսումնասիրելը ինչո՞վ է օգտակար։

5 Աստվածաշունչը ևս մի կարևոր պատճառ է նշում, թե ինչու պետք է ուսումնասիրենք ստեղծագործությունը։ Այն մեզ սովորեցնում է Եհովայի հատկությունների մասին (կարդա Հռոմեացիներ 1։20)։ Օրինակ՝ տեսնելով, թե ինչ հրաշալի կերպով են նախագծված Եհովայի ձեռքի գործերը՝ հասկանում ենք, թե որքան իմաստուն է նա։ Իսկ ուտելիքների բազմազանությունը հստակ ցույց է տալիս, որ Աստված սիրում է մարդկանց։ Երբ Եհովայի ստեղծագործությունների մեջ տեսնում ենք նրա հատկությունները, ավելի լավ ենք ճանաչում նրան և մղվում ենք մտերմանալու նրա հետ։ Այժմ տեսնենք, թե ինչպես է Եհովան ստեղծագործության միջոցով մարդկանց կարևոր դասեր սովորեցրել։

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՍՏՎԱԾ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԱՍԻՆ

6. Ի՞նչ ենք սովորում՝ չվող թռչուններ տեսնելով։

6 Եհովան ժամանակացույց ունի։ Ամեն տարի՝ փետրվարի վերջերից մինչև մայիսի կեսերը, իսրայելացիները տեսնում էին, թե ինչպես էին արագիլները իրենց երկրով չվում դեպի հյուսիս։ Աստված իսրայելացիներին ասել էր. «Արագիլը երկնքում գիտի իր համար նշանակված ժամանակը» (Երեմ. 8։7)։ Եհովան ինչպես որ այս թռչունների համար է ժամանակացույց սահմանել, այնպես էլ կոնկրետ ժամանակ է որոշել իր դատաստաններն իրագործելու համար։ Այսօր, երբ տեսնում ենք չվող թռչուններ, լցվում ենք համոզվածությամբ, որ Եհովան «նշանակված ժամանակին» կկործանի այս չար աշխարհը (Ամբ. 2։3

7. Ի՞նչ ենք սովորում՝ տեսնելով, թե ինչպես են թռչունները ճախրում երկնքում (Եսայիա 40։31

7 Եհովան զորացնում է իր ծառաներին։ Եսայիայի միջոցով Եհովան խոստացել է, որ երբ իր ժողովուրդը թույլ ու վհատված լինի, կզորացնի նրանց, որպեսզի «բարձրանան դեպի վեր, ասես արծվի թևերով» (կարդա Եսայիա 40։31)։ Իսրայելացիների համար սովորական բան էր տեսնել, թե ինչպես են արծիվները գրեթե առանց ջանք թափելու վեր բարձրանում՝ օգտվելով օդի հոսանքներից։ Սա հրաշալի հիշեցում է մեզ համար. եթե Եհովան զորություն է տալիս այդ թռչուններին, կարող է զորացնել նաև իր ծառաներին։ Երբ տեսնես, թե ինչպես է մի խոշոր թռչուն ավելի ու ավելի վեր սլանում ու ճախրում երկնքում՝ գրեթե չթափահարելով թևերը, հիշիր, որ Եհովան կարող է զորացնել քեզ, որ այդ թռչնի պես վեր սլանաս և հաղթահարես քո խնդիրները։

8. Ի՞նչ սովորեց Հոբը Աստծու ձեռքի գործերից, և ի՞նչ կարող ենք մենք սովորել։

8 Եհովան արժանի է վստահության։ Եհովան օգնեց Հոբին, որ ավելի շատ վստահի իրեն (Հոբ 32։2; 40։6-8)։ Նա նրա ուշադրությունը հրավիրեց իր ստեղծագործությունների վրա, այդ թվում՝ աստղերի, ամպերի և կայծակի։ Եհովան նաև խոսեց կենդանիների մասին, ինչպես, օրինակ, վայրի ցլի ու ձիու (Հոբ 38։32-35; 39։9, 19, 20)։ Այս ամենը վկայում է ոչ միայն Աստծու աննկարագրելի ուժի, այլև նրա սիրո և անսահման իմաստության մասին։ Այդ զրույցի շնորհիվ Հոբը սկսեց առավել, քան երբևէ, վստահել Եհովային (Հոբ 42։1-6)։ Աստծու ստեղծագործությունները ուսումնասիրելով՝ մենք նույնպես տեսնում ենք, որ Եհովան մեզանից անհամեմատ ավելի իմաստուն ու զորեղ է։ Նա կարո՛ղ է ու վերջ կդնի մեր բոլոր դժվարություններին։ Այս փաստն ամրացնում է մեր վստահությունը Աստծու հանդեպ։

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԻՍՈՒՍԸ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ԻՐ ՀՈՐ ՄԱՍԻՆ

9-10. Ի՞նչ են մեզ հայտնում արևն ու անձրևը Եհովայի մասին։

9 Հիսուսը շատ բան գիտեր բնության մասին։ Լինելով «հմուտ վարպետ»՝ նա պատիվ է ունեցել օգնելու իր Հորը տիեզերքն արարելիս (Առակ. 8։30)։ Իսկ հետագայում, երբ Հիսուսը երկրի վրա էր, ստեղծագործության միջոցով սովորեցրեց աշակերտներին իր Հոր մասին։ Քննենք նրա սովորեցրած դասերից մի քանիսը։

10 Եհովան սեր է դրսևորում բոլորի հանդեպ։ Լեռան քարոզում Հիսուսն իր աշակերտների ուշադրությունը հրավիրեց արևի ու անձրևի վրա, որոնք մարդիկ սովորական բան են համարում։ Աստծու այս ստեղծագործությունները անհրաժեշտ են կյանքի գոյության համար։ Եհովան կարող էր այնպես անել, որ անարժան մարդիկ չկարողանային օգտվել դրանցից, բայց սեր դրսևորելով՝ նա արևն ու անձրևը տալիս է բոլորին (Մատթ. 5։43-45)։ Սրանով Հիսուսը սովորեցրեց, որ Եհովան ուզում է՝ սեր ցուցաբերենք բոլորի հանդեպ։ Ամեն անգամ, երբ հիանանք գեղեցիկ մայրամուտով ու զգանք անձրևի բերած թարմությունը, կարող ենք խորհրդածել Եհովայի անաչառության և սիրո մասին։ Նրա օրինակը կմղի մեզ, որ մենք էլ նմանատիպ սեր դրսևորենք ու քարոզենք բոլորին։

11. Ինչպե՞ս կարող ենք քաջալերվել՝ նայելով թռչուններին։

11 Եհովան հոգ է տանում մեր ֆիզիկական կարիքների մասին։ Լեռան քարոզում Հիսուսը նաև ասաց. «Ուշադիր նայեք երկնքի թռչուններին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ ամբարների մեջ հավաքում, բայց ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց»։ Հավանաբար Հիսուսի շուրջը հավաքված մարդիկ, վեր նայելով, թռչուններ տեսան, երբ նա ասաց. «Չէ՞ որ դուք նրանցից ավելի թանկ եք» (Մատթ. 6։26)։ Այս սիրտ ջերմացնող խոսքերով Հիսուսն օգնում է մեզ հասկանալ, որ Եհովան հոգ կտանի մեր ֆիզիկական կարիքների մասին (Մատթ. 6։31, 32)։ Նրա սովորեցրած դասը այսօր էլ է քաջալերում և մխիթարում Աստծու հավատարիմ ծառաներին։ Իսպանիայում ապրող մի երիտասարդ ռահվիրա քույր վհատվել էր, քանի որ չէր կարողանում հարմար բնակարան գտնել։ Բայց մի օր նա տեսավ, թե ինչպես են թռչունները սնվում սերմերով և հատապտուղներով։ Դա շատ քաջալերեց նրան։ Քույրն ասում է. «Այդ տեսարանը հիշեցրեց ինձ, որ եթե Եհովան հոգ է տանում թռչունների մասին, իմ մասին էլ հոգ կտանի»։ Շուտով նա ապրելու տեղ գտավ։

12. Մատթեոս 10։29-31 համարների համաձայն՝ ճնճղուկները ի՞նչ են հայտնում Եհովայի մասին։

12 Եհովան թանկ է համարում մեզանից յուրաքանչյուրին։ Նախքան իր առաքյալներին քարոզելու ուղարկելը Հիսուսն օգնեց նրանց, որ հաղթահարեն հակառակության հանդեպ վախը (կարդա Մատթեոս 10։29-31)։ Նա դա արեց՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Իսրայելում ամենատարածված թռչունների՝ ճնճղուկների վրա, որոնք չնչին արժեք ունեին։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնի առանց ձեր Հոր իմացության»։ Հետո ավելացրեց. «Դուք բոլոր ճնճղուկներից թանկ եք»։ Այդպես Հիսուսն իր աշակերտներին հավաստիացրեց, որ Եհովան թանկ է համարում նրանցից յուրաքանչյուրին։ Ուստի նրանք հակառակությունից վախենալու ոչ մի պատճառ չունեին։ Ամեն անգամ գյուղերում և քաղաքներում քարոզելիս, երբ աշակերտները ճնճղուկ էին տեսնում, անկասկած հիշում էին Հիսուսի խոսքերը։ Ուստի երբ փոքր թռչուն տեսնես, հիշիր, որ Եհովայի համար դու շատ մեծ արժեք ունես, քանի որ դու «բոլոր ճնճղուկներից թանկ ես»։ Հակառակության բախվելիս Եհովայի օգնությամբ կարող ես անվախորեն հաղթահարել այն (Սաղ. 118։6

ԱՎԵԼԻՆ ԻՄԱՆԱՆՔ ԱՍՏԾՈՒ ՄԱՍԻՆ ՆՐԱ ՁԵՌՔԻ ԳՈՐԾԵՐԻՑ

13. Ինչպե՞ս կարող ենք սովորել ստեղծագործությունից։

13 Մենք շատ այլ բաներ էլ կարող ենք սովորել Եհովայի մասին նրա ստեղծագործություններից։ Ինչպե՞ս։ Նախ՝ պետք է ժամանակ հատկացնենք, որ ուսումնասիրենք դրանք։ Այնուհետև՝ պետք է մտածենք, թե ինչ են դրանք սովորեցնում Եհովայի մասին։ Բայց երբեմն գուցե հեշտ չլինի անել այդ քայլերը։ Կամերունում ապրող Ժերալդին անունով մի քույր ասում է. «Ես քաղաքում եմ մեծացել, ուստի պետք է հատուկ ջանքեր թափեմ, որպեսզի ուսումնասիրեմ բնությունը»։ Իսկ Ալֆոնսո անունով մի երեց ասում է. «Հասկացել եմ, որ պետք է ժամանակ տրամադրեմ, որպեսզի մենակ մնամ և ուսումնասիրեմ Եհովայի ստեղծագործությունները ու խորհրդածեմ, թե ինչ են դրանք սովորեցնում նրա մասին»։

Ուշադրություն դարձնելով իր շուրջը եղող ստեղծագործություններին՝ Դավիթը խորհրդածում էր, թե ինչ են դրանք սովորեցնում իրեն Եհովայի մասին (տես պարբերություն 14)

14. Ի՞նչ սովորեց Դավիթը՝ խորհրդածելով Աստծու ստեղծագործությունների շուրջ։

14 Դավիթը բավականաչափ ժամանակ էր տրամադրում, որ խորհրդածեր Աստծու ստեղծագործությունների շուրջ։ Մի անգամ նա Եհովային ասաց. «Երբ նայում եմ քո երկնքին, քո մատների գործին, լուսնին ու աստղերին, որոնց դու ստեղծել ես, ի՞նչ է մահկանացու մարդը, որ դու հիշում ես նրան» (Սաղ. 8։3, 4)։ Այո՛, երբ Դավիթը աչքերը հառում էր աստղազարդ երկնքին, նա ոչ թե պարզապես հիանում էր աստղերի գեղեցկությամբ, այլև խորհրդածում էր, թե ինչ են դրանք սովորեցնում Աստծու մասին։ Այդպես նա սովորեց, թե որքան իմաստուն և զորեղ է Եհովան։ Նա նաև խորհրդածում էր այն մասին, թե ինչ զարմանալի կերպով է իր մարմինը ձևավորվել իր մոր արգանդում։ Այդպես նա սկսեց ավելի շատ գնահատել Եհովայի իմաստությունը (Սաղ. 139։14-17

15. Բեր օրինակներ, թե ինչպես ես Եհովայի ստեղծագործությունների միջոցով տեսել նրա հատկությունները (Սաղմոս 148։7-10

15 Դավթի պես դու էլ կարող ես բնության մեջ գտնել մի բան, ինչի մասին կարելի է խորհրդածել։ Եթե նայես շուրջդ, շատ բաներ կտեսնես, որոնք արտացոլում են Եհովայի հրաշալի հատկությունները։ Օրինակ՝ զգալով արևի ջերմությունը՝ մի՞թե չես մտածում Եհովայի զորության մասին (Երեմ. 31։35)։ Իսկ երբ տեսնում ես, թե ինչպես է թռչունը բույն հյուսում, նկատո՞ւմ ես Եհովայի իմաստությունը։ Երբ փոքրիկ շունը ընկնում է իր պոչի հետևից, տեսնո՞ւմ ես Եհովայի հումորի զգացումը։ Եվ մի՞թե մեր սրտերը չեն ջերմանում, երբ տեսնում ենք, թե ինչպես է մայրը խաղում իր փոքրիկի հետ. չէ՞ որ դրանում արտահայտված է Եհովայի սերը։ Մենք բազմաթիվ հնարավորություններ ունենք սովորելու Եհովայի մասին, քանի որ նրա բոլոր ստեղծագործությունները՝ մեծ թե փոքր, հեռու թե մոտ, փառաբանում են նրան (կարդա Սաղմոս 148։7-10

16. Ի՞նչ պետք է անենք։

16 Մեր Աստված անսահման իմաստության տեր է։ Եհովան շատ հոգատար է, ուժեղ, և նրա ստեղծած բոլոր բաները սքանչելի են։ Նրա հատկությունները ակնառու կերպով արտացոլված են բնության մեջ։ Մենք պետք է պարզապես ուշադիր լինենք և տեսնենք դրանք։ Եկեք բոլորս կանոնավորաբար ժամանակ հատկացնենք, վայելենք Եհովայի ստեղծագործությունները և մտածենք, թե դրանք ինչ են սովորեցնում մեզ Աստծու մասին։ Այդպես վարվելով՝ ավելի կմտերմանանք մեր Ստեղծչի հետ (Հակ. 4։8)։ Իսկ ինչպե՞ս կարող են ծնողները ստեղծագործության միջոցով օգնել իրենց երեխաներին մտերմանալ Եհովայի հետ։ Այս հարցի պատասխանը կիմանանք հաջորդ հոդվածից։

ԵՐԳ 5 Աստծու զարմանալի գործերը

a Եհովայի ձեռքի գործերը ակնածանք են ներշնչում։ Նրա ստեղծած բոլոր բաները՝ հզոր Արեգակից մինչև ծաղկի նուրբ թերթերը, հիացնում են մեզ։ Ստեղծագործության միջոցով մենք շատ բան կարող ենք իմանալ Եհովայի մասին։ Հոդվածից կտեսնենք, թե ինչու պետք է ժամանակ հատկացնենք, որպեսզի խորությամբ ուսումնասիրենք Աստծու ստեղծագործությունները, և թե այդպես վարվելը ինչպես կօգնի, որ մտերմանանք նրա հետ։