Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 44

Լիովին ըմբռնիր Աստծու Խոսքը

Լիովին ըմբռնիր Աստծու Խոսքը

«Լիովին ըմբռնե[ք], թե որն է ճշմարտության լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը» (ԵՓԵՍ. 3։18

ԵՐԳ 95 Լույսն ավելի է պայծառանում

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1-2. Ո՞րն է Աստվածաշունչը կարդալու և ուսումնասիրելու լավագույն ձևը։ Բացատրիր օրինակով։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ ցանկանում ես տուն գնել։ Նախքան վերջնական ընտրություն կատարելը ինչի՞ն կուզենայիր ուշադրություն դարձնել։ Կբավարարվեի՞ր արդյոք տեսնելով միայն տան դիմային մասի նկարը։ Անկասկած, կցանկանայիր անձամբ տեսնել այն, քայլել դրա շուրջ, մտնել ներս, տեսնել բոլոր սենյակները և առանց շտապելու ծանոթանալ այդ տան հետ կապված ամեն ինչին։ Գուցե նաև ցանկանայիր տեսնել դրա նախագիծը՝ պարզելու համար, թե ինչպես է այն կառուցվել։ Անշուշտ, կուզենայիր իմանալ քո ապագա տան հետ կապված ամեն մի մանրուք։

2 Մենք նման մոտեցում կարող ենք ցուցաբերել նաև Աստվածաշունչը կարդալիս և ուսումնասիրելիս։ Մի աստվածաշնչագետ Աստվածաշունչը նմանեցնում է «ընդարձակ շինության, որը բարձր աշտարակներ ունի և խորը հիմք»։ Ուստի ինչպե՞ս կարող ենք խորությամբ հասկանալ այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում։ Եթե արագ կարդաս այն, պարզապես կծանոթանաս այնտեղ գրված հիմնական ճշմարտություններին՝ «Աստծու սրբազան պատգամների տարրական բաներին» (Եբր. 5։12)։ Բայց այդպես վարվելու փոխարեն, ինչպես տուն գնելիս կանեիր, մտիր ներս և ուշադրություն դարձրու բոլոր մանրամասներին։ Աստվածաշունչը լավագույնս ուսումնասիրելու կերպերից մեկն այն է, որ փորձես տեսնել, թե ինչպես են դրա տարբեր մասերը կապված իրար։ Փորձիր ոչ միայն հասկանալ, թե ինչին ես հավատում, այլ թե ինչու ես հավատում, որ քո կարդացածը ճշմարտություն է։

3. Ի՞նչ հորդորեց Պողոս առաքյալը իր հավատակիցներին և ինչո՞ւ (Եփեսացիներ 3։14-19

3 Աստծու Խոսքը լիովին հասկանալու համար մենք պետք է ուսումնասիրենք դրանում զետեղված խոր ճշմարտությունները։ Պողոս առաքյալը իր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին հորդորեց ջանադրաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը, որպեսզի նրանք կարողանային «լիովին ըմբռնել, թե որն է ճշմարտության լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը»։ Այդպիսով նրանք ավելի «արմատացած և հաստատված կլինեին» իրենց հավատի հիմքի վրա (կարդա Եփեսացիներ 3։14-19)։ Մենք էլ պետք է նույնն անենք։ Քննենք, թե ինչպես կարող ենք խորությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը, որպեսզի տեսնենք դրա հարուստ բովանդակության ամբողջական պատկերը։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԽՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4. Ի՞նչ կարող ենք անել Եհովայի հետ ավելի մտերմանալու համար։ Բեր օրինակներ։

4 Մենք չենք բավարարվում Աստվածաշնչի վերաբերյալ միայն մակերեսային գիտելիքներ ձեռք բերելով։ Եհովայի սուրբ ոգու օգնությամբ մենք մղվում ենք սովորելու «նույնիսկ Աստծու խորունկ գաղտնիքները» (1 Կորնթ. 2։9, 10)։ Անձնական ուսումնասիրության քո ծրագրի միջոցով փորձիր ավելի մտերմանալ Եհովայի հետ։ Օրինակ՝ կարող ես փնտրտուքներ անել այն թեմայով, թե ինչպես է Եհովան անցյալում սեր ցուցաբերել իր ծառաների հանդեպ, և թե ինչպես է դա փաստում, որ նա սիրում է նաև քեզ։ Կարող ես նաև ուսումնասիրել, թե որն էր երկրպագություն մատուցելու կարգը հին Իսրայելում և համեմատել այն այսօրվա ժողովներում գործող կարգի հետ։ Կամ էլ կարող ես խորությամբ ուսումնասիրել այն մարգարեությունները, որոնք Հիսուսը կատարեց իր երկրային կյանքի և ծառայության ընթացքում։

5. Ո՞ր թեման կուզեիր ուսումնասիրել քո անձնական ուսումնասիրության ժամանակ։

5 Աստվածաշնչի ջանասեր ուսումնասիրողներից ոմանց հարցրել են, թե որ թեմաներով են նրանք սիրում խոր ուսումնասիրություններ անել։ Նրանց հիշատակած թեմաներից որոշները նշված են « Նյութեր անձնական ուսումնասիրության համար» շրջանակում։ Վստահ ենք՝ մեծ ուրախություն կստանաս, եթե «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի օգնությամբ ուսումնասիրես այդ նյութերը։ Աստվածաշնչի խոր անձնական ուսումնասիրություն անելը կամրացնի քո հավատը, և կօգնի, որ «Աստծու մասին գիտելիքներ գտնես» (Առակ. 2։4, 5)։ Այժմ եկեք խոսենք աստվածաշնչյան որոշ խոր ճշմարտությունների մասին, որոնք կարող ենք հանգամանորեն ուսումնասիրել։

ԽՈՐՀԻՐ ԱՍՏԾՈՒ ՆՊԱՏԱԿԻ ՇՈՒՐՋ

6. ա) Ինչո՞վ է նպատակ ունենալը տարբերվում ծրագիր ունենալուց։ բ) Ինչո՞ւ է մարդկանց և երկրի հետ կապված Եհովայի նպատակը «հավիտենական»։

6 Օրինակ՝ նկատի առնենք, թե ինչ է Աստվածաշունչը ասում Աստծու նպատակի մասին։ Ծրագիր ունենալը մեծապես տարբերվում է նպատակ ունենալուց։ Ծրագիրը նման է կոնկրետ և ֆիքսված ճանապարհի, որը քեզ կարող է տանել դեպի քո նպատակակետը։ Բայց ծրագիրը կարող է խափանվել, եթե ճանապարհին խոչընդոտ հանդիպի։ Նպատակի էությունը, սակայն, վերջնական արդյունքի մեջ է։ Նպատակ ունեցողը հստակ գիտի, թե ուր է ուզում հասնել, բայց տեղ հասնելու համար նա կոնկրետ ճանապարհ չի որոշում։ Անհրաժեշտության դեպքում նա կարող է փոխել ճանապարհը։ Նմանապես Եհովան իր նպատակին հասնելու համար կարող է տարբեր ուղիներ ընտրել, բայց նա միշտ հաջողության է հասնում, քանի որ «ամեն ինչ պատրաստել է իր նպատակի համար» (Առակ. 16։4)։ Աստվածաշնչում նաև ասվում է, որ Եհովայի նպատակը «հավիտենական» է (Եփես. 3։11)։ Այն հավիտենական է, քանի որ Եհովան թույլ է տվել, որ երկար ժամանակ անցնի, նախքան իր նպատակը վերջնականապես կիրագործվի։ Բացի այդ՝ այն, ինչ Եհովան անում է, մնում է հավիտյան։ Իսկ ո՞րն է Եհովայի նպատակը, և ի՞նչ փոփոխություններ է նա արել այն իրագործելու համար։

7. Առաջին մարդկանց ըմբոստությունից հետո ի՞նչ արեց Եհովան իր նպատակին հասնելու համար (Մատթեոս 25։34

7 Աստված առաջին մարդկային զույգին ասել էր, թե որն է իր նպատակը նրանց առնչությամբ։ Նրանք պետք է «բազմանային, շատանային, լցնեին երկիրը և տիրեին նրան ու իշխեին.... երկրի բոլոր կենդանի արարածների վրա» (Ծննդ. 1։28)։ Երբ Ադամի ու Եվայի ըմբոստության պատճառով մեղքը մտավ մարդկային ընտանիք, Աստծու նպատակը չխափանվեց։ Եհովան պարզապես այլ ուղի ընտրեց այն իրագործելու համար։ Նա անմիջապես որոշեց երկնքում մի Թագավորություն հիմնել, որը կիրագործեր մարդկության և երկրի հետ կապված իր սկզբնական նպատակը (կարդա Մատթեոս 25։34)։ Իր որոշած ժամանակին Եհովան, սիրուց մղված, երկիր ուղարկեց իր միածին Որդուն, որպեսզի նա սովորեցնի մարդկանց այդ Թագավորության մասին և իր կյանքը որպես փրկագին տա նրանց մեղքից ու մահից ազատելու համար։ Հետո Հիսուսը հարություն առավ երկնքում, որպեսզի իշխի որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Տեսնենք, թե ուրիշ ինչ կարող ենք սովորել Աստծու նպատակի մասին։

Պատկերացրու այն հրաշալի ժամանակները, երբ երկնքում և երկրի վրա բոլոր բանական արարածները միասին հավատարմորեն կերկրպագեն Եհովային (տես պարբերություն 8)

8. ա) Ո՞րն է Աստվածաշնչի գլխավոր թեման։ բ) Ինչպես բացատրվում է Եփեսացիներ 1։8-11 համարներում, ո՞րն է Եհովայի վերջնական նպատակը (տես ամսագրի շապիկի նկարը)։

8 Աստվածաշնչի գլխավոր թեման Եհովայի անվան արդարացումն է։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Աստված իր Թագավորության միջոցով, որի Թագավորը Քրիստոսն է, իրականացնի երկրի հետ կապված իր նպատակը։ Եհովայի նպատակը երբեք չի փոխվի։ Նա խոստացել է, որ հաջողությամբ իրականացնելու է այն (Ես. 46։10, 11; Եբր. 6։17, 18)։ Երկիրը վերածվելու է դրախտի, որտեղ Ադամի ու Եվայի կատարյալ և արդար սերունդները «ապրելու են հավիտյան» (Սաղ. 22։26)։ Բայց Եհովայի նպատակը ավելին է ներառում։ Նրա վերջնական նպատակն է միավորել երկնքում և երկրի վրա ապրող իր բոլոր բանական ստեղծագործություններին։ Այդ ժամանակ բոլորը հավատարմորեն կհնազանդվեն Եհովային որպես Գերիշխանի (կարդա Եփեսացիներ 1։8-11)։ Մի՞թե չես տպավորվում՝ տեսնելով, թե ինչ հրաշալի կերպով է Եհովան իրագործում իր նպատակը։

ԽՈՐՈՒԹՅԱՄԲ ՄՏԱԾԻՐ ՔՈ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

9. Որքա՞ն հեռու ապագա է կանխագուշակված Աստվածաշնչում։

9 Քննենք Ծննդոց 3։15-ում արձանագրված մարգարեությունը, որը Եհովան տվեց Եդեմի պարտեզում։ b Եհովան այս իրադարձությամբ հայտնեց այն մարգարեությունները, որոնց միջոցով կատարվելու էր իր նպատակը, բայց դրանք տեղի էին ունենալու հազարավոր տարիներ հետո միայն։ Այդ իրադարձություններից մեկն այն էր, որ Աբրահամի շառավղից սերելու էր Քրիստոսը (Ծննդ. 22։15-18)։ Հետո՝ 33 թ.-ին, ինչպես մարգարեացվել էր, Հիսուսի գարշապարը խայթվեց (Գործ. 3։13-15)։ Այդ մարգարեության վերջին իրադարձության կատարումը՝ այն, որ Սատանայի գլուխը ջախջախվելու է, տեղի է ունենալու ավելի քան հազար տարի հետո (Հայտն. 20։7-10)։ Աստվածաշունչը մեզ նաև հայտնում է, թե ինչ է լինելու, երբ Սատանայի համակարգի և Եհովայի կազմակերպության միջև թշնամությունը հասնի իր գագաթնակետին։

10. ա) Ի՞նչ իրադարձություններ են շուտով լինելու։ բ) Ինչպե՞ս կարող ենք մեր միտքն ու սիրտը պատրաստել դրանց (տես ծանոթագրությունը)։

10 Մտածիր այն ցնցող իրադարձությունների մասին, որոնք կանխագուշակված են Աստվածաշնչում։ Նախ՝ ազգերը կհայտարարեն «խաղաղություն և անվտանգություն» (1 Թեսաղ. 5։2, 3)։ Եվ երբ նրանք հարձակվեն բոլոր կեղծ կրոնների վրա, «անմիջապես» կսկսվի մեծ նեղությունը (Հայտն. 17։16)։ Այնուհետև՝ «մարդու Որդուն կտեսնեն երկնքի ամպերի վրա զորությամբ ու մեծ փառքով գալիս», ինչը թերևս մի գերբնական երևույթ կլինի (Մատթ. 24։30)։ Դրանից հետո՝ Հիսուսը կդատի մարդկանց՝ ոչխարներին առանձնացնելով այծերից (Մատթ. 25։31-33, 46)։ Իսկ Սատանան այդ ընթացքում ձեռքերը ծալած չի նստի։ Ատելությամբ լցված՝ նա կդրդի ազգերի կոալիցիային, որը Աստվածաշնչում կոչվում է Գոգ Մագոգի երկրից, հարձակվել Եհովային մաքուր երկրպագություն մատուցողների վրա (Եզեկ. 38։2, 10, 11)։ Մեծ նեղության ընթացքում՝ ինչ-որ պահի, օծյալ մնացորդը կհավաքվի երկնքում, որպեսզի Քրիստոսի և նրա երկնային զորքերի հետ մասնակցի Արմագեդոն պատերազմին՝ մեծ նեղության վերջնական փուլին (Մատթ. 24։31; Հայտն. 16։14, 16 c Այնուհետև՝ երկրի վրա կսկսվի Քրիստոսի Հազարամյա Իշխանությունը (Հայտն. 20։6

Միայն պատկերացրու, թե որքան կմտերմանաս Եհովայի հետ՝ միլիարդավոր տարիներ սովորելով նրա մասին (տես պարբերություն 11)

11. Հավիտենական կյանքի հեռանկարը ի՞նչ նշանակություն ունի քեզ համար (տես նաև նկարը)։

11 Այժմ մտածիր քո հեռավոր ապագայի մասին։ Աստվածաշնչում ասվում է, որ մեր Ստեղծիչը «հավիտենությունն է դրել [մեր] սրտերում» (Ժող. 3։11)։ Իսկ դա ի՞նչ է նշանակում քեզ համար և ինչպե՞ս է անդրադառնալու Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունների վրա։ «Մոտեցիր Եհովային» գրքի 319-րդ էջում հետևյալ ոգևորիչ մտքերն են գրված. «Հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր տարիներ ապրելով՝ Եհովայի մասին այնքան բաներ կիմանանք, որոնք անհամեմատ կգերազանցեն մեր այժմյան գիտելիքները։ Սակայն, միևնույն է, թիվ չի լինի այն հրաշալի ճշմարտություններին, որ դեռ պետք է իմանանք.... Հավիտենական կյանքը աներևակայելիորեն հետաքրքիր և բազմազան կլինի, իսկ Եհովայի հետ ավելի մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելը ամենամեծ երջանկությունն ու ուրախությունը կպարգևի մեզ»։ Այժմ տեսնենք, թե մինչև այդ ժամանակները ուրիշ ի՞նչ հետաքրքիր բաներ կարող ենք իմանալ՝ ուսումնասիրելով Աստծու Խոսքը։

ՀԱՅԱՑՔԴ ՀԱՌԻՐ ԵՐԿՆՔԻՆ

12. Ինչպե՞ս կարող ենք մեր հայացքը հառել երկնքին։ Բեր օրինակ։

12 Աստվածաշնչից իմանում ենք, որ Եհովան «բարձր տեղում է բնակվում» և որոշակի պատկերացում ենք կազմում այդ վայրի մասին (Ես. 33։5)։ Աստծու Խոսքը զարմանալի տեղեկություններ է հայտնում Եհովայի և նրա կազմակերպության երկնային մասի վերաբերյալ (Ես. 6։1-4; Դան. 7։9, 10; Հայտն. 4։1-6)։ Օրինակ՝ «Եզեկիել» գրքում մենք կարող ենք կարդալ ակնածանք ներշնչող բաների մասին, որոնց մարգարեն ականատես է եղել այն ժամանակ, երբ «երկինքը բացվել է, և [նա] սկսել է տեսնել Աստծուց տրված տեսիլքները» (Եզեկ. 1։1

13. Հաշվի առնելով Եբրայեցիներ 4։14-16 համարները՝ ի՞նչ ես զգում, երբ մտածում ես երկնքում ունեցած Հիսուսի դերի մասին։

13 Մտածիր նաև երկնքում ունեցած Հիսուսի դերի մասին որպես մեր Թագավորի և կարեկից Քահանայապետի։ Նրա միջոցով մենք կարող ենք աղոթել Աստծուն՝ «մոտենալ [նրա] անզուգական բարության գահին» և խնդրել, որ նա ների մեզ և «ճիշտ ժամանակին» օգնի (կարդա Եբրայեցիներ 4։14-16 Եկեք վճռենք թույլ չտալ, որ գեթ մեկ օր անցնի առանց խորհրդածելու այն մասին, թե Եհովան և Հիսուսը երկնքից ինչեր են արել ու անում մեզ համար։ Մի՞թե մեր հանդեպ ունեցած նրանց սերը խորապես չի տպավորում մեզ և չի մղում, որ եռանդուն լինենք Աստծուն մատուցվող մեր ծառայության և երկրպագության մեջ (2 Կորնթ. 5։14, 15

Միայն պատկերացրու, թե որքան ուրախ ես լինելու նոր աշխարհում՝ իմանալով, որ օգնել ես մարդկանց դառնալու Եհովայի վկաներ և Հիսուսի աշակերտներ (տես պարբերություն 14)

14. Ո՞րն է Եհովայի և Հիսուսի հանդեպ մեր գնահատանքը ցույց տալու լավագույն կերպերից մեկը (տես նաև նկարը)։

14 Մեր Աստծու և նրա Որդու հանդեպ երախտագիտություն ցույց տալու լավագույն կերպերից մեկն այն է, որ օգնենք ուրիշներին՝ դառնան Եհովայի վկաներ և Հիսուսի աշակերտներ (Մատթ. 28։19, 20)։ Պողոս առաքյալը, Աստծու և Քրիստոսի հանդեպ գնահատանքից մղված, հենց այդպես էր վարվում։ Նա գիտեր, որ Եհովայի կամքն է, որ «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։3, 4)։ Նա մեծ ջանասիրությամբ էր անում իր ծառայությունը, որպեսզի օգներ հնարավորինս շատ մարդկանց և կարողանար «ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկել» (1 Կորնթ. 9։22, 23

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԻՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ

15. Սաղմոս 1։2-ի համաձայն՝ ի՞նչը մեզ երջանիկ կդարձնի։

15 Առաջին սաղմոսը գրողը ուրախ ու հաջողակ մարդուն ներկայացնում է որպես մեկի, ում «ուրախությունը Եհովայի օրենքի մեջ է», և ով «գիշեր-ցերեկ նրա օրենքի շուրջ է խորհրդածում» (Սաղ. 1։1-3, ծնթ.)։ Ջոզեֆ Ռոդերհամը «Սաղմոսներ» գրքի վերաբերյալ ուսումնասիրության մասին իր գրքում այս համարների վերաբերյալ գրել է, որ «մարդը այնքան մեծ հաճույք պետք է ստանա Աստծու առաջնորդությանը հետևելուց, որ փնտրի և ուսումնասիրի այն, ինչպես նաև խորհրդածի դրա շուրջ»։ Նա ավելացնում է, որ «Աստվածաշունչ ընթերցողը կարող է կորուստ համարել այն օրը, որը չի օգտագործել Աստծու Խոսքի իմաստության վերաբերյալ ավելի խոր հասկացողություն ձեռք բերելու համար» (Studies in the Psalms)։ Դու կարող ես մեծ ուրախություն ստանալ Աստվածաշունչն ուսումնասիրելուց, եթե ձգտես հնարավորինս շատ օգուտներ քաղել այնտեղ գրված կարևոր մանրամասներից և փորձես տեսնել դրանց միջև եղած կապը։ Իրոք որ, Աստծու Խոսքի ամեն մի անկյունը ուսումնասիրելը մեծ ուրախություն է պատճառում։

16. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

16 Եհովան իր Խոսքում հրաշալի ճշմարտություններ է գրել տվել, որոնք վեր չեն մեր հասկացողությունից։ Հաջորդ հոդվածում կքննենք այնտեղ գրված խոր ճշմարտություններից մեկի՝ Եհովայի մեծ հոգևոր տաճարի մասին, որը Պողոսը հիշատակեց եբրայեցիներին ուղղած իր նամակում։ Թող որ այդ նյութի ուսումնասիրությունը մեծ բավականություն պատճառի քեզ։

ԵՐԳ 94 Շնորհակալ ենք քո Խոսքի համար

a Աստվածաշունչ ուսումնասիրելը կարող է ողջ կյանքի ընթացքում մեծ ուրախություն պատճառել մեզ։ Այն մեզ օգուտներ է բերում և մտերմացնում մեր երկնային Հոր հետ։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք ուսումնասիրել Աստծու Խոսքի լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը։

b Տես «Հնագույն մարգարեություն, որն առնչվում է քեզ» հոդվածը «Դիտարանի» 2022 թ. հուլիսի համարում։

c Իմանալու համար, թե ինչպես կարող ենք պատրաստվել մոտ ապագայում սպասվող ցնցող իրադարձություններին տես «Աստծու Թագավորությունը իշխում է» գրքի 230-րդ էջը։