Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 1

ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ

Հաղթահարիր վախը՝ ապավինելով Եհովային

Հաղթահարիր վախը՝ ապավինելով Եհովային

2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐՎԱ ԽՈՍՔԸ. «Որ օրն էլ որ վախենամ, քեզ պիտի ապավինեմ» (ՍԱՂ. 56։3

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչպե՞ս կարող ենք ամրացնել Եհովայի հանդեպ մեր վստահությունը և հաղթահարել մեր վախերը։

1. Ինչո՞ւ գուցե երբեմն վախի զգացում ունենանք։

 ԲՈԼՈՐՆ էլ երբեմն վախեր են ունենում։ Ճիշտ է, Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ մենք ազատվել ենք մահացածների, գերբնական ուժերի և ապագայի հանդեպ վախից, բայց ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ «ահազդու երևույթներ» են տեղի ունենում, ինչպիսիք են պատերազմները, հանցագործությունները և հիվանդությունները (Ղուկ. 21։11)։ Բացի այդ՝ հնարավոր է՝ վախենանք այն մարդկանցից, ովքեր հալածում են մեզ Աստծուն պաշտելու համար, օրինակ՝ իշխանավորներից և նույնիսկ մեր ընտանիքի անդամներից։ Ուստի ոմանց անհանգստացնում է այն միտքը, որ չեն կարողանա դիմանալ ներկայիս փորձություններին կամ այն դժվարություններին, որոնց գուցե բախվեն ապագայում։

2. Նկարագրիր, թե ինչ իրավիճակում էր հայտնվել Դավիթը Գեթում։

2 Դավթի կյանքում էլ են եղել այնպիսի պահեր, երբ նա վախի զգացում է ունեցել։ Օրինակ, երբ Սավուղ թագավորը հետապնդում էր Դավթին, վերջինս որոշեց փախչել փղշտացիների Գեթ քաղաք։ Սակայն Գեթի թագավոր Անքուսը շուտով իմացավ, որ Դավիթը այն հզոր ռազմիկն է, ում մասին երգում էին, որ նա սպանել է «տասնյակ հազարավոր» փղշտացիների։ Սա իմանալով՝ Դավիթը «շատ վախեցավ» (1 Սամ. 21։10-12)։ Նա տագնապած էր, քանի որ չգիտեր՝ Անքուսը ինչպես կվարվի իր հետ։ Ի՞նչն օգնեց Դավթին հաղթահարել իր վախերը։

3. Սաղմոս 56։1-3, 11 համարների համաձայն՝ Դավիթը ինչպե՞ս հաղթահարեց իր վախերը։

3 56-րդ սաղմոսից իմանում ենք, թե ինչ զգացումներ ուներ Դավիթը, երբ գտնվում էր Գեթ քաղաքում։ Այդ սաղմոսում Դավիթը բացահայտ խոսում է իր վախերի մասին, բայց նաև նշում, թե ինչպես է հաղթահարել դրանք։ Երբ նա վախենում էր, վստահում էր Եհովային (կարդա Սաղմոս 56։1-3, 11Դավթի վստահությունն անհիմն չէր։ Եհովայի օգնությամբ նա պաշտպանվելու մի անսովոր, բայց արդյունավետ ձև ընտրեց. խելագար ձևացավ։ Արդյունքում Անքուսի աչքում նա այլևս սպառնալիք չէր, այլ պարզապես նյարդայնացնում էր նրան։ Այդպես Դավիթը հնարավորություն ունեցավ փախչելու (1 Սամ. 21։13-22։1

4. Ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր վստահությունը Եհովայի հանդեպ։ Բացատրիր։

4 Մենք նույնպես կարող ենք ձերբազատվել վախից՝ ապավինելով Եհովային։ Բայց ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր վստահությունը Եհովայի հանդեպ, հատկապես այն պահերին, երբ վախով ենք համակված։ Պատկերացնենք օրինակով։ Ենթադրենք՝ իմանում ես, որ ինչ-որ հիվանդություն ունես։ Սկզբում վախենում ես, բայց վստահելով բժշկիդ, քեզ ավելի հանգիստ ես զգում, քանի որ նա այդ հիվանդությունը բուժելու մեծ փորձ ունի։ Այնուհետև բժիշկդ ուշադրությամբ լսում է քեզ, ապա հավաստիացնում, որ լիովին հասկանում է քո ապրումները։ Հետո նա առաջարկում է մի բուժում, որը շատերին է օգնել։ Եհովայի հանդեպ մեր վստահությունն էլ է ամրանում, երբ խորհում ենք այն մասին, թե ինչ է նա արել մեզ համար անցյալում, ինչ է անում հիմա և ինչեր է անելու ապագայում։ Դավիթը հենց այդպես էր վարվում։ 56-րդ սաղմոսից կքննենք նրա խոսքերից մի քանիսը։ Այդ ընթացքում մտածիր, թե ինչպես կարող ես ամրացնել վստահությունդ Եհովայի հանդեպ և հաղթահարել քո վախերը։

ԻՆՉԵ՞Ր Է ԵՀՈՎԱՆ ԱՐԵԼ ԱՆՑՅԱԼՈՒՄ

5. Իր վախերը հաղթահարելու համար ինչի՞ մասին էր խորհում Դավիթը (Սաղմոս 56։12, 13

5 Անգամ երբ Դավթի կյանքը վտանգի տակ էր, նա իր ուշադրությունը կենտրոնացնում էր այն բանի վրա, թե Եհովան ինչեր է արել անցյալում (կարդա Սաղմոս 56։12, 13)։ Դավիթը այդպես էր վարվում ողջ կյանքի ընթացքում։ Օրինակ՝ երբեմն նա մտածում էր Եհովայի ստեղծագործության շուրջ, ինչը հիշեցնում էր նրան Եհովայի անսահման զորության և մարդկանց հանդեպ ունեցած սիրո մասին (Սաղ. 65։6-9)։ Դավիթը նաև մտածում էր, թե ինչեր է արել Եհովան ուրիշների համար (Սաղ. 31։19; 37։25, 26)։ Նա խորհրդածում էր հատկապես այն մասին, թե ինչ է արել Եհովան անձամբ իր համար։ Եհովան աջակցել ու պաշտպանել էր նրան դեռ այն ժամանակվանից, երբ նա շատ փոքր էր (Սաղ. 22։9, 10Պատկերացրու, թե նման խորհրդածությունը որքան էր ամրացրել Դավթի վստահությունը Եհովայի հանդեպ։

Դավիթը ամրացրեց իր վստահությունը Եհովայի հանդեպ՝ խորհելով այն մասին, թե ինչ է նա արել, անում և դեռ անելու (տես պարբերություն 5, 8, 12) d


6. Երբ համակվում ենք վախով, ի՞նչը կօգնի մեզ ապավինել Եհովային։

6 Երբ վախով ես համակվում, խորհիր այն մասին, թե ինչեր է Եհովան արել անցյալում։ Մտածիր ստեղծագործության շուրջ։ Օրինակ՝ ուշադրություն դարձրու, թե ինչպես է Եհովան հոգ տանում թռչունների ու ծաղիկների մասին, որոնք ստեղծված չեն իր պատկերով և ունակ չեն պաշտելու իրեն։ Դա քեզ համոզվածությամբ կլցնի, որ նա հոգ կտանի նաև քո մասին (Մատթ. 6։25-32)։ Բացի այդ՝ մտածիր, թե ինչեր է Եհովան արել իր ծառաների համար։ Փնտրտուքներ արա աստվածաշնչյան որևէ կերպարի մասին, ով առանձնահատուկ հավատ է դրսևորել, կամ կարդա մերօրյա հավատարիմների մասին։ a Մտածիր նաև հետևյալ հարցերի շուրջ. «Ինչպե՞ս է Եհովան հոգ տարել իմ մասին։ Ինչպե՞ս է ձգել ինձ դեպի ճշմարտությունը (Հովհ. 6։44)։ Ինչպե՞ս է պատասխանել իմ աղոթքներին (1 Հովհ. 5։14)։ Ի՞նչ օգուտներ եմ ամեն օր քաղում նրա սիրելի Որդու տված փրկագնից» (Եփես. 1։7; Եբր. 4։14-16

Մենք ամրացնում ենք մեր վստահությունը Եհովայի հանդեպ՝ խորհելով այն մասին, թե ինչ է նա արել, անում և դեռ անելու (տես պարբերություն 6, 9-10, 13-14) e


7. Դանիել մարգարեի օրինակը ինչպե՞ս օգնեց Վանեսային չվախենալ։

7 Վանեսա b անունով մի քույր, ով ապրում է Հայիթիում, հայտնվել էր այնպիսի իրավիճակում, որը վախեցնում էր նրան։ Իր համայնքում ապրող մի տղամարդ ամեն օր զանգահարում և հաղորդագրություններ էր ուղարկում նրան՝ համոզելով, որ սեռական հարաբերություն ունենա իր հետ։ Վանեսան կտրականապես մերժում էր այդ մարդուն։ Բայց ժամանակի ընթացքում վերջինս ավելի ագրեսիվ դարձավ և նույնիսկ սկսեց սպառնալ Վանեսային։ Քույրն ասում է. «Ես սարսափած էի»։ Ի՞նչն օգնեց նրան հաղթահարել իր վախը։ Պաշտպանվելու համար Վանեսան որոշակի քայլեր ձեռնարկեց։ Մի երեց օգնեց նրան, որ ոստիկանություն դիմի։ Բացի այդ՝ քույրը սկսեց խորհել, թե ինչպես է Եհովան օգնել իր ծառաներին անցյալում։ Նա պատմում է. «Առաջին մարդը, որ եկավ միտքս, Դանիել մարգարեն էր։ Այդ անմեղ մարդուն գցել էին սոված առյուծների գուբը, բայց Եհովան հոգ տարավ նրա մասին։ Ես աղոթեցի Եհովային և խնդրեցի, որ իրավիճակն իր ձեռքը վերցնի։ Դրանից հետո այլևս չէի վախենում» (Դան. 6։12-22

Ի՞ՆՉ Է ԵՀՈՎԱՆ ԱՆՈՒՄ ՀԻՄԱ

8. Դավիթը ինչո՞ւմ էր համոզված (Սաղմոս 56։8

8 Թեև Գեթում Դավթի կյանքին վտանգ էր սպառնում, բայց նա չտրվեց իր վախերին։ Փոխարենը մտածեց, թե ինչ է Եհովան անում իր համար այդ պահին։ Դավիթը տեսնում էր, թե ինչպես է Եհովան առաջնորդում ու պաշտպանում իրեն, ինչպես նաև հասկանում իր զգացումները (կարդա Սաղմոս 56։8)։ Բացի այդ՝ Դավիթը ուներ նվիրված ընկերներ, օրինակ՝ Հովնաթանը և քահանայապետ Աքիմելեքը, ովքեր աջակցում էին նրան և գործնական օգնություն տրամադրում (1 Սամ. 20։41, 42; 21։6, 8, 9)։ Եվ չնայած Սավուղ թագավորը հետապնդում էր Դավթին, վերջինս կարողացավ փախչել։ Նա համոզված էր, որ Եհովան քաջատեղյակ է իր դժվարությանը և հասկանում է իրեն։

9. Ի՞նչ գիտի Եհովան մեզանից յուրաքանչյուրի մասին։

9 Երբ այնպիսի փորձության միջով ես անցնում, որը վախեցնում է քեզ, հիշիր, որ Եհովան տեղյակ է քո իրավիճակին և գիտի, թե ինչ ես զգում։ Անցյալում նա ոչ միայն տեսնում էր իսրայելացիների հանդեպ եգիպտացիների վատ վերաբերմունքը, այլև գիտեր, թե ինչ էր իր ժողովուրդը զգում՝ այդ «չարչարանքները» կրելով (Ելք 3։7)։ Դավիթը իր երգում նշեց, որ Եհովան տեսնում է թե՛ իր «տառապանքը», թե՛ «վիշտը» (Սաղ. 31։7)։ Նույնիսկ երբ իսրայելացիները տառապում էին իրենց իսկ անմիտ որոշումների պատճառով, Եհովան «էլ էր նեղվում» (Ես. 63։9)։ Ուստի, երբ վախի զգացում ես ունենում, Եհովան հասկանում է՝ ինչ ես զգում, և ուզում է օգնել քեզ, որ հաղթահարես վախերդ։

10. Ինչո՞ւ ես համոզված, որ Եհովան հոգ է տանում քո մասին և կօգնի քեզ դիմանալ ցանկացած փորձության։

10 Փորձության ընթացքում գուցե դժվարանաս տեսնել, թե ինչպես է Եհովան աջակցում քեզ։ Ուստի խնդրիր նրան, որ օգնի՝ տեսնես նրա ձեռքը քո կյանքում (2 Թագ. 6։15-17)։ Օրինակ՝ գուցե ժողովում լսած որևէ ելույթ կամ մեկնաբանություն զորացրել է քեզ։ Կամ էլ քաջալերվել ես որևէ հրատարակությունից, տեսանյութից կամ թեմատիկ երգից։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկը քեզ մխիթարական միտք է ասել կամ աստվածաշնչյան համար հիշատակել։ Մեր սիրառատ եղբայրությունը և հոգևոր սնունդը առանձնահատուկ նվերներ են Եհովայից. չպետք է դրանք սովորական բան համարենք (Ես. 65։13; Մարկ. 10։29, 30)։ Այդ պարգևները փաստում են, որ Եհովան հոգ է տանում քո մասին, և որ դու կարող ես վստահել նրան (Ես. 49։14-16

11. Ի՞նչն օգնեց Աիդային հաղթահարել իր վախերը։

11 Աիդան, ով ապրում է Սենեգալում, անձամբ է զգացել, թե ինչպես է Եհովան աջակցում փորձության ժամանակ։ Քանի որ իրենց ընտանիքում նա երեխաներից ամենամեծն է, նրա ծնողները ակնկալում էին, որ նա պետք է բավարար գումար վաստակի իրենց կարիքները հոգալու համար։ Ժամանակի ընթացքում Աիդան պարզեցրեց իր կյանքը, որպեսզի ռահվիրա ծառայի, ինչի պատճառով նրա եկամուտը կրճատվեց։ Այդ ժամանակ նրա ընտանիքը սկսեց դժգոհել նրանից և քննադատել նրան։ Քույրն ասում է. «Ես վախենում էի, որ չեմ կարողանա հոգալ ծնողներիս մասին, և բոլորը կվատաբանեն ինձ։ Ես նույնիսկ Եհովային մեղադրեցի, որ թույլ է տվել՝ ամեն բան այսքան վատանա»։ Այնուհետև քույրը ժողովի ժամանակ մի ելույթ լսեց։ Նա ասում է. «Հռետորը հիշեցրեց, որ Եհովան գիտի յուրաքանչյուրիս սրտի ցավը։ Երեցների և մյուսների խորհուրդների շնորհիվ աստիճանաբար վերականգնեցի վստահությունս այն բանում, որ Եհովան սիրում է ինձ։ Սկսեցի աղոթել նրան և ավելի մեծ համոզվածությամբ լցվեցի, որ նա կօգնի ինձ։ Իսկ երբ տեսա, թե նա ինչպես է պատասխանում աղոթքներիս, ներսս խաղաղությամբ լցվեց»։ Ժամանակի ընթացքում Աիդան աշխատանք գտավ և սկսեց այնքան գումար վաստակել, որ կարողացավ շարունակել ռահվիրայությունը և աջակցել ծնողներին։ Քույրն ասում է. «Սովորեցի լիովին վստահել Եհովային։ Այժմ երբ աղոթում եմ, վախերս նահանջում են»։

Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԵՀՈՎԱՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ

12. Սաղմոս 56։9-ի համաձայն՝ ինչո՞ւմ էր Դավիթը համոզված։

12 Կարդա Սաղմոս 56։9։ Այս համարից տեսնում ենք, թե ուրիշ ինչ կերպով է Դավիթը հաղթահարել իր վախերը։ Թեև նրա կյանքը դեռ վտանգի տակ էր, նա խորհում էր այն մասին, թե ինչեր է Եհովան անելու իր համար ապագայում։ Նա գիտեր, որ Աստված փրկելու է իրեն ճիշտ ժամանակին. չէ՞ որ Եհովան արդեն հայտնել էր, որ Իսրայելի հաջորդ թագավորը Դավիթն է լինելու (1 Սամ. 16։1, 13)։ Դավիթն այնքան մեծ հավատ ուներ Եհովայի խոստումների հանդեպ, որ դրանք արդեն կատարված էր համարում։

13. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

13 Իսկ ի՞նչ է Եհովան խոստացել քեզ։ Մենք չենք ակնկալում, որ Եհովան կպաշտպանի մեզ մեր բոլոր խնդիրներից։ c Բայց նա խոստացել է, որ նոր աշխարհում վերացնելու է այն բոլոր փորձությունները, որոնց բախվում ենք հիմա (Ես. 25։7-9)։ Անկասկած, մեր Ստեղծիչը բավականաչափ զորություն ունի, որպեսզի հարություն տա մահացածներին, բուժի մեր տկարությունները և վերացնի իր բոլոր հակառակորդներին (1 Հովհ. 4։4

14. Ինչի՞ մասին կարող ենք խորհրդածել։

14 Երբ վախով ես համակվում, մտածիր, թե ինչեր է Եհովան անելու ապագայում։ Պատկերացրու, թե ինչ զգացումներ կունենաս, երբ Սատանան այլևս չլինի, չար մարդիկ կործանված լինեն, երկրի վրա ապրեն միայն արդար մարդիկ, և անկատարության ազդեցությունը օրեցօր թուլանա։ 2014 թ. տարածաշրջանային համաժողովի ծրագրում մի ցուցադրում կար, թե ինչպես պետք է խորհրդածենք մեր հույսի շուրջ։ Հայրը իր ընտանիքի հետ քննարկում էր 2 Տիմոթեոս 3։1-5 համարները և պատկերացնում, թե ինչ ձևակերպում կունենային այդ խոսքերը, եթե դրանք նկարագրեին այն մարդկանց, ովքեր ապրելու են դրախտում։ Նա հետևյալն էր ասում. «Նոր աշխարհում ամենաերջանիկ ժամանակներն են լինելու։ Որովհետև մարդիկ կլինեն իրար սիրող, հոգևոր գանձերը սիրող, համեստ, խոնարհ, Աստծուն փառաբանող, ծնողներին հնազանդ, շնորհակալ, հավատարիմ, իրենց ընտանիքների հանդեպ մեծ կապվածություն ունեցող, համաձայնության եկող, ուրիշների մասին միշտ լավը խոսող, ինքնատիրապետում ունեցող, մեղմ, առաքինություն սիրող, վստահելի, զիջող, խոնարհամիտ, աստվածասեր, քան հաճոյասեր, Աստծու հանդեպ իսկական նվիրվածություն ունեցող։ Այսպիսիների հետ մտերիմ եղեք»։ Իսկ դու ընտանիքիդ անդամների կամ հավատակիցներիդ հետ պատկերացրե՞լ ես, թե ինչպիսին կլինի կյանքը նոր աշխարհում։

15. Թեև Տանյան վախենում էր, ի՞նչն օգնեց նրան հաղթահարել իր վախերը։

15 Հյուսիսային Մակեդոնիայում ապրող մի քույր, ում անունը Տանյա է, հաղթահարել է իր վախերը՝ խորհրդածելով ապագա օրհնությունների շուրջ։ Տանյայի ծնողները դաժանորեն հալածում էին նրան, քանի որ նա սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա պատմում է. «Որոշ վախեր ունեի, որ իրականություն դարձան։ Ամեն ժողովի հանդիպումից հետո մայրս ծեծում էր ինձ։ Ծնողներս սպառնում էին, որ եթե Եհովայի վկա դառնամ, կսպանեն ինձ»։ Ի վերջո Տանյային տնից վռնդեցին։ Ինչպե՞ս վարվեց նա։ Քույրն ասում է. «Պատկերացնում էի, թե որքան ուրախ եմ լինելու ողջ հավիտենության ընթացքում, որ պահել եմ անարատությունս։ Նաև մտածում էի, թե ինչպես է Եհովան վարձատրելու ինձ այն ամենի համար, ինչ գուցե կորցնեմ այս աշխարհում, և թե ինչպես է ամեն վատ բան մոռացվելու»։ Տանյան պահեց անարատությունը և Եհովայի օգնությամբ ապրելու տեղ գտավ։ Նա ամուսնացավ հոգևորապես հասուն մի եղբոր հետ, և նրանք այսօր ուրախությամբ լիաժամ են ծառայում։

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԱՄՐԱՑՐՈՒ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԴ

16. Ի՞նչը կօգնի մեզ քաջ լինել, երբ տեսնենք Ղուկաս 21։26-28-ում մարգարեացված իրադարձությունների կատարումը։

16 Մեծ նեղության ընթացքում մարդիկ «կնվաղեն վախից», բայց Աստծու ժողովուրդը կմնա անսասան և քաջ (կարդա Ղուկաս 21։26-28)։ Իսկ ինչո՞ւ մենք այդ ժամանակ վախով չենք համակվի։ Քանի որ արդեն ամրացրած կլինենք մեր վստահությունը Եհովայի հանդեպ։ Տանյան, ում մասին խոսեցինք ավելի վաղ, ասում է, որ անցյալի իր փորձը օգնում է իրեն գլուխ հանել դժվար իրավիճակներից։ Քույրը նշում է. «Սովորել եմ, որ չկա այնպիսի իրավիճակ, որը Եհովան չկարողանա ծառայեցնել մեր օգտին։ Երբեմն գուցե թվա, թե ուրիշներն են վերահսկում իրավիճակը, սակայն իրականությունն այն է, որ նրանք տվյալ իրավիճակի վրա այնքան ազդեցություն ունեն, որքան Եհովան թույլ է տալիս։ Եվ ինչքան էլ ծանր լինի փորձությունը, այն մի օր կավարտվի»։

17. 2024 թ. տարվա խոսքը ինչպե՞ս կօգնի մեզ (տես ամսագրի շապիկի նկարը)։

17 Այսօր շատ բաներ կան, որ կարող են վախեցնել մեզ։ Բայց Դավթի պես մենք կարող ենք վճռել չընկնել վախի ծուղակը։ 2024 թ. տարվա խոսքը Դավթի աղոթքն է՝ ուղղված Եհովային. «Որ օրն էլ որ վախենամ, քեզ պիտի ապավինեմ» (Սաղ. 56։3)։ Այս համարի առնչությամբ աստվածաշնչյան մի աշխատությունում ասվում է, որ Դավիթը «չէր սնում իր վախերը և չէր կենտրոնանում իր խնդիրների վրա, այլ հույսը դնում էր իր Փրկչի վրա, ով կազատեր իրեն»։ Ուստի գալիք ամիսների ընթացքում մտածիր տարվա խոսքի մասին, հատկապես երբ վախ ներշնչող իրավիճակների միջով անցնես։ Ժամանակ հատկացրու, որ խորհրդածես Եհովայի այն գործերի շուրջ, որ նա արել է, անում է և դեռ անելու է։ Եթե այդպես վարվես, Դավթի պես կարող ես ասել. «Աստծուն եմ ապավինում, ես չեմ վախենա» (Սաղ. 56։4

Աղետի ժամանակ քույրը խորհում է տարվա խոսքի շուրջ (տես պարբերություն 17)

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՎԱԽԸ՝ ԽՈՐՀԵԼՈՎ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԵՀՈՎԱՆ

  • ինչեր է արել անցյալում

  • ինչ է անում հիմա

  • ինչ է անելու ապագայում

ԵՐԳ 33 Քո բեռը Եհովայի վրա գցիր

a Հավատ զորացնող տեղեկություններ կարող ես գտնել jw.org կայքում՝ որոնման դաշտում գրելով «ընդօրինակեք նրանց հավատը» կամ «դեպքեր ծառայությունից»։ Իսկ JW Library® հավելվածում տես «Եհովայի վկաների կենսագրությունները» կամ «Ընդօրինակենք նրանց հավատը» հոդվածաշարերը։

b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

d ՆԿԱՐ։ Դավիթը խորհում էր, թե ինչպես է Եհովան զորացրել իրեն, որ հաղթի արջին, թե ինչպես է Աքիմելեքի միջոցով գործնական օգնություն տրամադրում, և թե ինչպես է իրեն թագավոր դարձնելու։

e ՆԿԱՐ։ Հավատի համար ազատազրկման մեջ գտնվող եղբայրը խորհում է այն մասին, թե ինչպես է Եհովան օգնել իրեն ձերբազատվելու ծխելու սովորությունից, ինչպես է քաջալերում իրեն հարազատների ու հավատակիցների ուղարկած նամակների միջոցով և ինչպես է հավիտենական կյանք պարգևելու դրախտում։