Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովայի պե՞ս ես վերաբերվում կանանց

Եհովայի պե՞ս ես վերաբերվում կանանց

ՄԵՆՔ մեծ պատիվ ունենք ուս ուսի ծառայելու Եհովային բազմաթիվ հավատարիմ կանանց հետ։ Մենք սիրում և թանկ ենք գնահատում այս նվիրված ու աշխատասեր քույրերից յուրաքանչյուրին։ a Ուստի, սիրելի՛ եղբայրներ, ձգտեք նրանց վերաբերվել բարությամբ, անաչառությամբ և հարգանքով։ Սակայն անկատարության պատճառով երբեմն գուցե դժվար լինի այդպես վարվել։ Մի բան էլ կա, որը խանգարում է որոշ եղբայրների ճիշտ վերաբերմունք ունենալ կանանց հանդեպ։

Ոմանք մեծացել են այնպիսի մշակույթում, որը կանանց տղամարդկանցից ստորադաս է համարում։ Հանսը, ով շրջանային վերակացու է Բոլիվիայում, ասում է, որ որոշ տղամարդիկ մեծացել են այնպիսի մշակույթում, որը մեծարում է տղամարդկանց, ինչի արդյունքում նրանց մեջ արմատավորվել է այն միտքը, թե իրենք կանանցից առավել են։ Իսկ Թայվանում ապրող մի երեց, ում անունը Շենգշյեն է, ասում է. «Մեր տարածքում շատ տղամարդիկ մտածում են, թե կանայք չպետք է խառնվեն իրենց գործերին։ Եթե տղամարդն ասի, թե ինչ է իր կինը մտածում որևէ հարցի վերաբերյալ, շրջապատի տղամարդիկ այլևս չեն հարգի նրան»։ Որոշ տղամարդիկ էլ կանանց հանդեպ ունեցած իրենց կանխակալ վերաբերմունքը անուղղակի կերպով են արտահայտում, օրինակ՝ կանանց վերաբերյալ նվաստացնող հումորներ անելով։

Ուրախալի է, որ տղամարդիկ իրենց մշակույթի գերին չեն. նրանք կարող են փոխել իրենց մտածելակերպը և կանանց ստորադաս չհամարել (Եփես. 4։22-24)։ Դա նրանց կհաջողվի, եթե ընդօրինակեն Եհովային։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես է Եհովան վերաբերվում կանանց, ինչպես կարող են եղբայրները սովորել Եհովայի պես վերաբերվել կանանց, և թե ինչպես կարող են երեցները կանանց հարգելու հարցում օրինակ ծառայել։

ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՀՈՎԱՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԿԱՆԱՆՑ

Եհովան կատարյալ օրինակ է կանանց հանդեպ ճիշտ վերաբերմունք դրսևորելու հարցում։ Լինելով կարեկից Հայր՝ նա սիրում է իր բոլոր զավակներին (Հովհ. 3։16)։ Մեր հավատարիմ քույրերը նրա թանկագին դուստրերն են։ Տեսնենք, թե ինչպես է Եհովան սեր ու հարգանք դրսևորում կանանց հանդեպ։

Խտրականություն չի դնում։ Եհովան տղամարդուն և կնոջը իր պատկերով է ստեղծել (Ծննդ. 1։27)։ Նա տղամարդուն ավելի խելացի ու ավելի տաղանդավոր չի ստեղծել, և նրան կնոջից առավել չի դասում (2 Տար. 19։7)։ Թե՛ տղամարդուն, թե՛ կնոջը նա օժտել է աստվածաշնչյան ճշմարտությունները հասկանալու և իր գեղեցիկ հատկությունները դրսևորելու ունակությամբ։ Բացի այդ՝ Եհովան հավասարապես գնահատում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց դրսևորած հավատը՝ անկախ նրանից՝ նրանք հույս ունեն հավիտյան ապրելու երկրային դրախտում, թե թագավորներ ու քահանաներ լինելու երկնքում (2 Պետ. 1։1)։ Հստակ է, որ Եհովան խտրական վերաբերմունք չունի կանանց հանդեպ։

Լսում է նրանց։ Եհովան անտարբեր չէ կանանց զգացմունքների և մտահոգությունների հանդեպ։ Օրինակ՝ նա լսեց Ռաքելի ու Աննայի աղոթքները և պատասխանեց դրանց (Ծննդ. 30։22; 1 Սամ. 1։10, 11, 19, 20)։ Եհովան նաև իր Խոսքում գրել է տվել այնպիսի դեպքեր, երբ տղամարդիկ լսել են կանանց խորհուրդը և կիրառել։ Օրինակ՝ Աբրահամը, հետևելով Եհովայի առաջնորդությանը, վարվեց իր կնոջ՝ Սառայի ասածի համաձայն (Ծննդ. 21։12-14)։ Իսկ Դավիթ թագավորը լսեց Աբիգեային։ Նա նույնիսկ մտածեց, որ Եհովան է ուղարկել նրան իր մոտ (1 Սամ. 25։32-35)։ Հիսուսը, ով կատարելապես դրսևորում է իր Հոր հատկությունները, լսեց իր մորը՝ Մարիամին (Հովհ. 2։3-10)։ Այս օրինակներից տեսնում ենք, որ կերպերից մեկը, որով Եհովան հարգանք է դրսևորում կանանց հանդեպ, նրանց լսելն է։

Վստահում է։ Եհովան վստահեց Եվային, երբ նրան հանձնարարեց ողջ երկիրը դրախտի վերածելու գործում օգնել իր ամուսնուն՝ Ադամին (Ծննդ. 1։28)։ Այդպիսով նա ցույց տվեց, որ Եվային Ադամից ստորադաս չի համարում, այլ դիտում է նրան որպես Ադամի օգնական։ Եհովան նաև վստահեց մարգարեուհիներ Դեբորային և Օլդային, որ վերջիններս խորհուրդ տան իր ժողովրդին, այդ թվում՝ դատավորին ու թագավորին (Դատ. 4։4-9; 2 Թագ. 22։14-20)։ Այսօր էլ Եհովան վստահում է քրիստոնյա կանանց, որ կատարեն իր գործը։ Այդ հավատարիմ քույրերը ծառայում են որպես քարոզիչներ, ռահվիրաներ և միսիոներներ։ Նրանք օգնում են նախագծել, կառուցել և սպասարկել Թագավորության սրահներն ու մասնաճյուղի շինությունները։ Որոշ քույրեր ծառայում են Բեթելում, ոմանք էլ՝ թարգմանչական գրասենյակներում։ Մեր քույրերը ասես մի մեծ բանակ լինեն, որը Եհովան հավաքել է իր կամքը կատարելու համար (Սաղ. 68։11)։ Միանգամայն պարզ է, որ Եհովան կանանց թույլ և պակաս ընդունակ չի համարում։

ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

Սիրելի՛ եղբայրներ, հասկանալու համար, թե արդյոք քույրերին վերաբերվում ենք այնպես, ինչպես Եհովան, պետք է անկեղծորեն քննենք մեր մտածելակերպն ու վարվելակերպը։ Այս հարցում մենք աջակցության կարիք ունենք։ Ճիշտ ինչպես ռենտգեն սարքն է բացահայտում մարդու սրտի հետ կապված խնդիրները, այնպես էլ լավ ընկերը և Աստվածաշունչը կարող են օգնել մեզ բացահայտել կանանց հանդեպ այն բացասական զգացումները, որոնք գուցե բույն են դրել մեր սրտում։ Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվել այդ օգնությունից։

Դիմիր ընկերոջդ (Առակ. 18։17)։ Լավ կլինի՝ դիմես վստահելի ընկերներիցդ մեկին, ով բարի և հավասարակշռված անձնավորություն է, և նրան այսպիսի հարցեր տաս. «Քո կարծիքով՝ ես ինչպե՞ս եմ վերաբերվում քույրերին։ Նրանք զգո՞ւմ են, որ հարգում եմ իրենց։ Կանանց հետ իմ վարվելակերպում բարելավումներ անելու կարիք ունե՞մ»։ Եթե ընկերդ ասի, որ որոշ հարցերում փոփոխություններ անելու կարիք ունես, մի՛ փորձիր արդարանալ, փոխարենը պատրաստակամորեն կատարիր դրանք։

Ուսումնասիրիր Աստվածաշունչը։ Քույրերի հանդեպ մեր վարվելակերպը ստուգելու լավագույն միջոցը մեր մտածելակերպն ու գործերը Աստծու Խոսքի լույսի ներքո քննելն է (Եբր. 4։12)։ Աստվածաշնչում գրված է տարբեր տղամարդկանց մասին, որոնցից ոմանք լավ են վերաբերվել կանանց, ոմանք՝ ոչ։ Այդ օրինակները քննելով՝ կարող ենք նրանց վարվելակերպը համեմատել մեր վարվելակերպի հետ։ Բացի այդ՝ աստվածաշնչյան տարբեր համարներ իրար հետ համեմատելով՝ համատեքստից դուրս որևէ սուրբգրային համար ակամայից չենք օգտագործի կանանց հանդեպ ունեցած մեր սխալ տեսակետը առաջ տանելու համար։ Օրինակ՝ 1 Պետրոս 3։7-ի համաձայն՝ հարկավոր է «պատիվ տալ կանանց որպես ավելի փխրուն անոթի»։ b Արդյո՞ք սա նշանակում է, որ կինը տղամարդուց ստորադաս է՝ զիջում է նրան իր խելքով և ունակություններով։ Ամենևի՛ն։ Համեմատենք Պետրոսի խոսքերը Գաղատացիներ 3։26-29 համարների հետ։ Դրանք հստակ ցույց են տալիս, որ Եհովան որպես Հիսուսի թագավորակիցներ ընտրել է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։ Այսպիսով՝ եթե ուսումնասիրենք Աստվածաշունչը և վստահելի ընկերոջից խորհուրդ հարցնենք, կսովորենք ինչպես հարկն է հարգանք դրսևորել մեր քույրերի հանդեպ։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԵՐԵՑՆԵՐԸ ՀԱՐԳԱՆՔ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՔՈՒՅՐԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Եղբայրները կարող են սովորել հարգանքով վերաբերվել քույրերին՝ հետևելով նաև սիրառատ երեցների օրինակին։ Այժմ տեսնենք, թե երեցները կոնկրետ ինչպես են հարգանք դրսևորում քույրերի հանդեպ։

Գովում են։ Այս հարցում երեցների համար լավ օրինակ է Պողոս առաքյալը։ Նա Հռոմի ժողովին ուղղած իր նամակում հանրորեն գովեց մի քանի քույրերի (Հռոմ. 16։12)։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան ուրախացան այդ քույրերը, երբ Պողոսի նամակը ընթերցվեց ժողովում։ Նմանապես երեցները չեն վարանում գովել քույրերին նրանց լավ հատկությունների և այն ամենի համար, ինչ նրանք անում են Եհովայի գործում։ Դրա շնորհիվ քույրերը իմանում են, որ խորապես հարգված ու գնահատված են ժողովում։ Երեցի քաջալերական խոսքերը թերևս հենց այն են, ինչ պետք է մեր քույրերին, որ շարունակեն հավատարմորեն ծառայել Եհովային (Առակ. 15։23

Գովիր

Երեցները քույրերին գովում են անկեղծորեն և կոնկրետ բաների համար։ Ջեսիկա անունով մի քույր ասում է. «Հաճելի է, երբ եղբայրներն ասում են՝ «Ապրե՛ս»։ Բայց հատկապես քաջալերական է, երբ գովում են կոնկրետ բաների համար, օրինակ, որ սովորեցնում ենք երեխաներին հանգիստ նստել ժողովի հանդիպմանը կամ ժամանակ ենք հատկացնում, որ Աստվածաշունչ ուսումնասիրողին մեզ հետ բերենք ժողով»։ Երբ երեցները քույրերին գովում են կոնկրետ բաների համար, վերջիններս զգում են, որ ժողովը ունի իրենց կարիքը և թանկ է համարում իրենց։

Լսում են։ Խոնարհ երեցները ընդունում են, որ միայն իրենք չէ, որ կարող են լավ առաջարկներ անել։ Նրանք հորդորում են քույրերին առաջարկներ անել և ուշադիր լսում են, երբ նրանք խոսում են։ Այդպես երեցները ոչ միայն քաջալերում են քույրերին, այլև իրենք են օգուտներ քաղում։ Ինչպե՞ս։ Հերարդո անունով մի երեց, ով ծառայում է Բեթելում, ասում է. «Քույրերի առաջարկները օգնում են ինձ, որ գործս ավելի արդյունավետորեն անեմ։ Կան գործեր, որոնք անելու հարցում քույրերը հաճախ ավելի մեծ փորձ ունեն, քան եղբայրներից շատերը»։ Բազմաթիվ քույրեր ռահվիրա են ծառայում, ուստի ավելի շատ բան գիտեն իրենց տարածքում ապրող մարդկանց մասին։ Բրայեն անունով մի երեց ասում է. «Մեր քույրերը շատ բան են անում կազմակերպության համար։ Ուստի սովորեք նրանց փորձից»։

Լսիր

Իմաստուն երեցները չեն շտապում մերժել քույրերի առաջարկները։ Ինչո՞ւ։ Էդվարդ անունով մի երեց ասում է. «Քրոջ կարծիքն ու փորձը կարող են օգնել եղբորը, որ ավելի ամբողջական պատկերացում կազմի որևէ հարցի մասին, իսկ դա կնպաստի, որ նա ավելի կարեկից դառնա» (Առակ. 1։5)։ Նույնիսկ եթե երեցը չի վարվելու քրոջ առաջարկի համաձայն, լավ կլինի՝ շնորհակալություն հայտնի նրան իր դիտարկումների և գիտելիքներով ու փորձով կիսվելու համար։

Ուսուցանում են։ Իմաստուն երեցները քույրերին նոր բաներ սովորեցնելու առիթներ են փնտրում, օրինակ, թե ինչպես անցկացնել քարոզչական ծառայության հանդիպումը, եթե հանդիպմանը մկրտված եղբայր ներկա չէ։ Կամ սովորեցնում են նրանց օգտվել տարբեր գործիքներից ու աշխատեցնել որոշ սարքավորումներ, որպեսզի կարողանան մասնակցել աստվածապետական շինությունների կառուցման ու սպասարկման աշխատանքներին։ Իսկ Բեթելում վերակացուները սովորեցնում են քույրերին կատարել տարբեր հանձնարարություններ, օրինակ՝ տեխսպասարկման, մատակարարման, հաշվապահության, համակարգչային ծրագրավորման և այլ ոլորտներում։ Քույրերին ուսուցանելով՝ երեցները ցույց են տալիս, որ նրանց համարում են ընդունակ և վստահելի։

Ուսուցանիր

Բազմաթիվ քույրեր երեցների տված ուսուցման շնորհիվ օգնում են ուրիշներին։ Նրանցից ոմանք իրենց ձեռք բերած շինարարական հմտությունները օգտագործում են աղետից տուժածների տները վերակառուցելու համար։ Մյուսներն էլ հրապարակային վկայություն տալու հետ կապված իրենց փորձը փոխանցում են այլ քույրերի։ Իսկ ի՞նչ են ասում քույրերը իրենց ուսուցանող երեցների մասին։ Ջենիֆեր անունով մի քույր նշում է. «Երբ աշխատում էի Թագավորության սրահներից մեկի շինարարական նախագծում, վերակացուն ժամանակ էր հատկացնում, որ սովորեցներ ինձ։ Նա նկատում էր իմ կատարած աշխատանքը և գովում էր ինձ։ Սիրում էի աշխատել նրա հետ, քանի որ զգում էի, որ գնահատում և վստահում է ինձ»։

ՔՈՒՅՐԵՐԻՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ՊԵՍ ՎԵՐԱԲԵՐՎԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Եհովայի պես մենք էլ ենք սիրում մեր հավատարիմ քույրերին, ուստի նրանց ընտանիքի անդամի պես ենք վերաբերվում (1 Տիմոթ. 5։1, 2)։ Մեզ համար մեծ է պատիվ է ուս ուսի ծառայել նրանց հետ։ Մենք անչափ ուրախանում ենք, երբ նրանք իրենց սիրված ու գնահատված են զգում։ Վանեսա անունով մի քույր ասում է. «Անչափ երախտապարտ եմ Եհովային, որ նրա կազմակերպության մասն եմ. այն լի է այնպիսի եղբայրներով, որոնք թարմության աղբյուր են ինձ համար»։ Իսկ Թայվանում ապրող մի քույր ասում է. «Շատ շնորհակալ եմ, որ Եհովան ու նրա կազմակերպությունը այդքան մեծ տեղ են տալիս կանանց ու հաշվի են առնում նրանց զգացմունքները։ Դա ամրացնում է հավատս, և ես ավելի շատ եմ գնահատում Եհովայի կազմակերպության մի մասը լինելու հնարավորությունը»։

Եհովան շատ է ուրախանում՝ տեսնելով, որ իրեն հավատարիմ տղամարդիկ ձգտում են կանանց վերաբերվել այնպես, ինչպես ինքը (Առակ. 27։11)։ Բենջամին անունով մի երեց, ով ապրում է Շոտլանդիայում, ասում է. «Աշխարհում շատ տղամարդիկ հարգանքով չեն վերաբերվում կանանց։ Ուստի մենք ուզում ենք, որ Թագավորության սրահ մտնելուն պես մեր քույրերը իրենց հարգված ու սիրված զգան»։ Եկեք բոլորս ամեն ջանք ներդնենք, որ Եհովային ընդօրինակելով՝ մեր թանկագին քույրերին վերաբերվենք սիրով ու հարգանքով. չէ՞ որ նրանք արժանի են դրան (Հռոմ. 12։10

a Այս հոդվածում «քույրեր» բառը վերաբերում է մեր հավատակիցներին, ոչ թե արյունակից քույրերին։

b «Ավելի փխրուն անոթ» արտահայտության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող ես գտնել հետևյալ հոդվածներում՝ ««Տկար անոթի» արժեքը» («Դիտարան», 2006 թ., մայիսի 15), «Իմաստուն առաջնորդություն ամուսնական զույգերի համար» («Դիտարան», 2005 թ., մարտի 1)։