Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 5

ԵՐԳ 27 Աստծու որդիների հայտնվելը

Ես ոչ մի դեպքում քեզ չեմ լքի

Ես ոչ մի դեպքում քեզ չեմ լքի

«[Աստված] ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»» (ԵԲՐ. 13։5բ

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Երբ բոլոր օծյալները երկինք վերցվեն, Աստված չի լքի երկրի վրա եղող իր ծառաներին։

1. Ե՞րբ բոլոր օծյալները երկնքում կլինեն։

 ՏԱՐԻՆԵՐ առաջ Եհովայի ժողովրդին հետաքրքրում էր հետևյալ հարցը. «Ե՞րբ է վերջին օծյալ քրիստոնյան երկինք վերցվելու»։ Մի ժամանակ կարծում էինք, որ Արմագեդոն պատերազմից հետո թերևս մի որոշ ժամանակ օծյալներից ոմանք դեռ կլինեն երկրային դրախտում։ Սակայն «Դիտարանի» 2013 թ. հուլիսի 15-ի համարից իմացանք, որ օծյալ մնացորդը երկինք է վերցվելու Արմագեդոն պատերազմի բռնկումից առաջ (Մատթ. 24։31

2. Ի՞նչ հարց գուցե առաջանա, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Այնուամենայնիվ, գուցե հարց առաջանա. «Իսկ ի՞նչ է լինելու Քրիստոսի «ուրիշ ոչխարներին», ովքեր «մեծ նեղության» ընթացքում երկրի վրա հավատարմորեն ծառայելու են Եհովային» (Հովհ. 10։16; Մատթ. 24։21)։ Այսօր ոմանք թերևս մտածում են, որ երբ օծյալները վերցվեն երկինք, իրենք շփոթված ու լքված կզգան։ Հավանաբար նրանք այդպես են մտածում՝ ի մտի ունենալով սուրբգրային երկու արձանագրություն։ Այս հոդվածում կքննենք դրանք և կտեսնենք, թե ինչու անհանգստանալու կարիք չունենք։

ԻՆՉ ՉԻ ԼԻՆԻ

3-4. Ի՞նչ մտավախություն ոմանք գուցե ունենան և ինչո՞ւ։

3 Հնարավոր է՝ ոմանք մտածեն, որ «ուրիշ ոչխարների» խմբին պատկանող մարդիկ գուցե թողնեն ճշմարտությունը, երբ Կառավարիչ մարմնի օծյալ եղբայրներից այլևս առաջնորդություն չստանան։ Նման մտավախության պատճառ կարող են լինել սուրբգրային որոշ արձանագրություններ։ Քննենք դրանցից երկուսը։ Առաջինը կապված է Հովիադա քահանայապետի հետ, ով առանձնահատուկ հավատի տեր մարդ էր։ Հովիադան և նրա կինը՝ Հոսաբեեն, փրկեցին Հովաս անունով մի տղա երեխայի կյանքը և օգնեցին նրան դառնալ բարի ու հավատարիմ թագավոր։ Քանի դեռ Հովիադան կենդանի էր, Հովասը պաշտում էր Եհովային և լավ գործեր էր անում։ Բայց Հովիադայի մահից հետո նա սկսեց ականջ դնել չար իշխաններին և հեռացավ Աստծուց (2 Տար. 24։2, 15-19

4 Հաջորդ արձանագրությունը երկրորդ դարում ապրած քրիստոնյաների մասին է։ Հովհաննեսը, ով ողջ մնացած վերջին առաքյալն էր, լավ ազդեցություն ուներ շատ քրիստոնյաների վրա և օգնում էր նրանց հավատարմորեն ծառայել Եհովային (3 Հովհ. 4)։ Հիսուսի մյուս հավատարիմ առաքյալների հետ միասին մի որոշ ժամանակ նա թեժ պայքար էր մղում արագորեն տարածվող հավատուրացության դեմ (1 Հովհ. 2։18; 2 Թեսաղ. 2։7)։ Սակայն Հովհաննեսի մահից հետո հավատուրացությունը կայծակնային արագությամբ տարածվեց։ Ընդամենը մի քանի տասնամյակում քրիստոնեական ժողովը ամբողջովին ապականվեց։

5. Ի՞նչ եզրակացություն չպետք է անենք։

5 Արդյո՞ք այդ երկու սուրբգրային արձանագրություններից կարող ենք եզրակացնել, որ նմանատիպ բան տեղի կունենա Քրիստոսի ուրիշ ոչխարների հետ, երբ օծյալները վերցվեն երկինք։ Արդյո՞ք այդ ժամանակ երկրի վրա եղող հավատարիմ քրիստոնյաները Հովասի պես կշեղվեն ճիշտ ճանապարհից կամ երկրորդ դարի քրիստոնյաներից շատերի նման կընկնեն հավատուրացության ծուղակը։ Այդպիսի բան երբեք չի լինի։ Մենք կարող ենք համոզված լինել, որ երբ օծյալները երկնքում լինեն, ուրիշ ոչխարները կշարունակեն հոգևորապես բարգավաճել, քանի որ Եհովան ինչպես հարկն է հոգ կտանի նրանց մասին։ Բայց ինչո՞ւ ենք համոզված դրանում։

ՄԱՔՈՒՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՊԱԿԱՆՎԻ

6. Ո՞ր երեք ժամանակաշրջանների մասին հակիրճ կխոսենք։

6 Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ մաքուր երկրպագությունը չի ապականվի անգամ ապագայում սպասվող դժվար ժամանակներում։ Քանի որ Աստվածաշնչից իմանում ենք, որ մեր ժամանակները մեծապես տարբերվում են հնում ապրած իսրայելացիների և երկրորդ դարի քրիստոնյաների ժամանակներից։ Այժմ ավելի մանրամասնորեն խոսենք այս երեք ժամանակաշրջանների մասին՝ 1) հին Իսրայելի ժամանակաշրջան, 2) առաքյալների մահվանը հաջորդող ժամանակաշրջան և 3) մեր օրեր՝ «բոլոր բաների վերականգնման ժամանակներ» (Գործ. 3։21

7. Հին Իսրայելում հավատարիմ մարդիկ ինչո՞ւ թևաթափ չեղան, երբ Իսրայել ազգը և իշխող թագավորները չար ընթացք բռնեցին։

7 Հին Իսրայելի ժամանակաշրջան։ Իր մահից կարճ ժամանակ առաջ Մովսեսը իսրայելացիներին ասաց. «Ես հաստատ գիտեմ, որ իմ մահից հետո դուք անպայման կործանարար գործեր կանեք ու կշեղվեք այն ճանապարհից, որով պատվիրեցի ձեզ գնալ» (2 Օրենք 31։29)։ Մովսեսը նաև նախազգուշացրեց, որ եթե իսրայելացիները ըմբոստանան, ամբողջ ազգը գերության կտարվի (2 Օրենք 28։35, 36)։ Իսկ այս խոսքերը իրականություն դարձա՞ն։ Այո՛։ Դարեր շարունակ իսրայելացիների վրա իշխում էին չար թագավորներ, որոնք սխալ ընթացք էին բռնում և Աստծու ժողովրդին շեղում էին մաքուր երկրպագությունից։ Դրա պատճառով Եհովան հրաժարվեց չար իսրայելացիներից և վերջ դրեց թագավորների իշխանությանը (Եզեկ. 21։25-27)։ Բայց հավատարիմ իսրայելացիները, տեսնելով, որ Աստծու ասածները իրականություն են դառնում, քաջությամբ լցվեցին, որ շարունակեն ծառայել նրան (Ես. 55։10, 11

8. Արդյո՞ք անսպասելի էր, որ երկրորդ դարում քրիստոնեական ժողովը ապականվեց։ Բացատրիր։

8 Առաքյալների մահվանը հաջորդող ժամանակաշրջան։ Արդյո՞ք անսպասելի էր, որ երկրորդ դարում քրիստոնեական ժողովը ապականվեց։ Ամենևի՛ն։ Հիսուսը կանխագուշակել էր, որ հավատուրացությունը մեծ տարածում էր գտնելու (Մատթ. 7։21-23; 13։24-30, 36-43)։ Առաքյալներից երեքը՝ Պողոսը, Պետրոսը և Հովհաննեսը, հաստատել են, որ Հիսուսի մարգարեությունը առաջին դարում սկսել էր կատարվել (2 Թեսաղ. 2։3, 7; 2 Պետ. 2։1; 1 Հովհ. 2։18)։ Երկրորդ դարում քրիստոնեական ժողովը ամբողջովին ապականվեց։ Այդպիսով հավատուրաց քրիստոնեությունը տարածվեց և առանցքային տեղ զբաղեցրեց Մեծ Բաբելոնում՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունում։ Այն, ինչ Աստծու ներշնչումով մարգարեացվել էր, այս անգամ էլ կատարվեց։

9. Ինչպե՞ս են մեր ժամանակները տարբերվում հին Իսրայելի և երկրորդ դարի քրիստոնեական ժողովի ժամանակներից։

9 «Բոլոր բաների վերականգնման ժամանակներ»։ Մեր ժամանակները տարբերվում են հին Իսրայելի և երկրորդ դարում տարածված հավատուրացության ժամանակներից։ Իսկ ինչպե՞ս է կոչվում մեր ժամանակաշրջանը։ Հաճախ մենք այն կոչում ենք այս չար աշխարհի «վերջին օրեր» (2 Տիմոթ. 3։1)։ Բայց Աստվածաշունչը ցույց է տալիս, որ վերջին օրերին զուգահեռ սկսվել է մի ավելի երկար ու նշանակալից ժամանակաշրջան։ Այն շարունակվելու է, մինչև որ Մեսիական Թագավորությունը մարդկությանը հասցնի կատարելության և երկիրը դրախտի վերածի։ Այդ ժամանակաշրջանը կոչվում է «բոլոր բաների վերականգնման ժամանակներ» (Գործ. 3։21)։ Այն սկսվել է 1914թ.-ին։ Իսկ ի՞նչ է վերականգնվել։ Հիսուսը երկնքում սկսել է թագավորել։ Երկար ընդհատումից հետո նորից իշխում է մի թագավոր, ով ներկայացնում է Եհովային և հավատարիմ Դավիթ թագավորի շառավղից է։ Բայց այդ Թագավորությունը միակ բանը չէ, որ Եհովան վերականգնել է։ Դրա հաստատումից շատ չանցած՝ վերջապես սկսեց վերականգնվել մաքուր երկրպագությունը (Ես. 2։2-4; Եզեկ. 11։17-20)։ Արդյո՞ք այն նորից կապականվի։

10. ա) Մեր ժամանակներում մաքուր երկրպագության վերաբերյալ ի՞նչ է կանխագուշակել Աստվածաշունչը (Եսայիա 54։17)։ բ) Նման մարգարեությունները ինչո՞ւ են հուսադրող։

10 Կարդա Եսայիա 54։17։ Մտածիր հետևյալ մարգարեության մասին. «Քո դեմ շինված ոչ մի զենք հաջողություն չի ունենա»։ Այս ներշնչյալ խոսքերը այսօր կատարվում են։ Դրանց հաջորդող հետևյալ մխիթարական խոսքերը նույնպես մեր ժամանակների մասին են. «Քո բոլոր որդիները Եհովայի կողմից կրթված կլինեն, ու առատ կլինի քո որդիների խաղաղությունը։ Դու կհաստատվես արդարության մեջ.... ոչնչից չես վախենա, նաև այն ամենից, ինչը սարսափ է ներշնչում, քանի որ այն քեզ չի մոտենա» (Ես. 54։13, 14)։ Անգամ «այս աշխարհի աստվածը»՝ Սատանան, ի զորու չէ կանգնեցնել այն կրթական աշխատանքը, որ այսօր կատարում է Եհովայի ժողովուրդը (2 Կորնթ. 4։4)։ Այո՛, մաքուր երկրպագությունը վերականգնվել է, և այլևս չի ապականվելու։ Այն կա և մնալու է հավիտյան։ Մեր դեմ ուղղված ոչ մի զենք հաջողություն չի ունենալու։

ԻՆՉ ԿԼԻՆԻ

11. Ի՞նչն է հավաստիացնում մեզ, որ օծյալների երկինք վերցվելուց հետո մեծ բազմությունը առանց առաջնորդության չի մնա։

11 Ի՞նչ կլինի այն բանից հետո, երբ օծյալները երկինք վերցվեն։ Հիշենք, որ Հիսուսը մեր Հովիվն է և քրիստոնեական ժողովի գլուխը։ Մի առիթով նա հստակ ասաց. «Մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը» (Մատթ. 23։10)։ Մեր իշխող Թագավորը երբեք չի թերանա իր պատասխանատվությունը կատարելու հարցում։ Քրիստոսի առաջնորդությունն ունենալով՝ երկրի վրա եղող նրա հետևորդները ոչ մի բանից չեն վախենալու։ Ինչ խոսք, մենք ամենայն մանրամասնությամբ չգիտենք, թե ինչպես է Քրիստոսը այդ ժամանակ առաջնորդելու իր ժողովրդին, բայց Աստվածաշնչում կան օրինակներ, որոնք կարող են վստահությամբ լցնել մեզ։ Քննենք դրանցից մի քանիսը։

12. Ինչպե՞ս Եհովան հոգ տարավ իր ժողովրդի մասին՝ ա) Մովսեսի մահից հետո, բ) երբ Եղիան մեկ այլ նշանակում ստացավ (տես նաև նկարը)։

12 Նախքան իսրայելացիները կմտնեին Ավետյաց երկիր, Մովսեսը մահացավ։ Իսկ ի՞նչ եղավ Աստծու ժողովրդի հետ։ Արդյո՞ք այդ հավատարիմ մարդու մահից հետո նրանք առանց առաջնորդության մնացին։ Ո՛չ։ Քանի դեռ նրանք հավատարիմ էին, Եհովան հոգ էր տանում նրանց մասին։ Նախքան Մովսեսի մահը Եհովան նրան ասել էր, որ Հեսուին նշանակի որպես առաջնորդ։ Տասնամյակներ շարունակ Մովսեսը կրթել էր նրան (Ելք 33։11; 2 Օրենք 34։9)։ Բացի այդ՝ բազմաթիվ ուրիշ փորձառու տղամարդիկ էլ կային, ովքեր առաջնորդում էին ժողովրդին՝ հազարապետները, հարյուրապետները, հիսնապետները և տասնապետները (2 Օրենք 1։15)։ Այո՛, Աստծու ժողովուրդը ապահով ձեռքերում էր։ Տեսնենք մեկ այլ օրինակ։ Եղիան տասնամյակներ շարունակ առաջնորդում էր իսրայելացիներին և օգնում էր նրանց, որ մաքուր երկրպագություն մատուցեն Եհովային, սակայն եկավ մի պահ, երբ Եհովան Եղիային նշանակեց ծառայելու այլ վայրում՝ Հուդայում (2 Թագ. 2։1; 2 Տար. 21։12)։ Արդյո՞ք դրանից հետո Իսրայելի տասցեղ թագավորությունում հավատարիմ իսրայելացիները առանց առաջնորդի մնացին։ Ո՛չ։ Տարիներ շարունակ Եղիան կրթել էր Եղիսեին։ Բացի այդ՝ այնտեղ կային «մարգարեների որդիներ», ովքեր ակներևաբար որոշակի ուսուցում էին ստացել (2 Թագ. 2։7)։ Փաստորեն բազմաթիվ հավատարիմ տղամարդիկ կային, ովքեր առաջնորդում էին Աստծու ժողովրդին։ Եհովայի նպատակն իրագործվում էր, և նա հոգ էր տանում իր հավատարիմ ծառաների մասին։

Թե՛ Մովսեսը (ձախ նկարում), թե՛ Եղիան (աջ նկարում) կրթեցին մեկին, ով կկարողանար փոխարինել իրենց Աստծու ժողովրդին առաջնորդելու հարցում (տես պարբերություն 12)


13. Ի՞նչ հավաստիացում է գրված Եբրայեցիներ 13։5-րդ համարի երկրորդ մասում (տես նաև նկարը)։

13 Այս օրինակներն ի մտի ունենալով՝ ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ կլինի այն բանից հետո, երբ վերջին օծյալ քրիստոնյան վերցվի երկինք։ Ենթադրություններ անելու կարիք չկա։ Աստվածաշունչը հայտնում է մի պարզ և հուսադրող ճշմարտություն. Եհովան երբեք չի լքի իր ժողովրդին (կարդա Եբրայեցիներ 13։5բ Մովսեսի ու Եղիայի պես՝ օծյալ քրիստոնյաների փոքր խումբը, որն այսօր առաջնորդում է Աստծու ժողովրդին, հասկանում է ուրիշներին կրթելու կարևորությունը։ Տասնամյակներ շարունակ Կառավարիչ մարմնի եղբայրները կրթում են ուրիշ ոչխարների խմբին պատկանող տղամարդկանց, որպեսզի վերջիններս կարողանան ստանձնել առաջնորդություն տալու պատասխանատվությունը։ Օրինակ՝ նրանք դպրոցներ են կազմակերպում երեցների, շրջանային վերակացուների, մասնաճյուղի կոմիտեի անդամների, Բեթելի վերակացուների և ուրիշների համար։ Կառավարիչ մարմնի անդամները անձամբ կրթում են Կառավարիչ մարմնի տարբեր կոմիտեների օգնականներին։ Արդեն իսկ հիմա այս տղամարդիկ իրենց ուսերին հավատարմորեն մեծ պատասխանատվություններ են կրում։ Նրանք ինչպես հարկն է պատրաստված են, որ շարունակեն Քրիստոսի ոչխարներին հոգ տանելու գործը։

Կառավարիչ մարմինը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի կրթի Կառավարիչ մարմնի օգնականներին և ամբողջ աշխարհում դպրոցներ կազմակերպի երեցների, շրջանային վերակացուների, մասնաճյուղի կոմիտեի անդամների, Բեթելի վերակացուների և միսիոներների համար (տես պարբերություն 13)


14. Ո՞րն է մեր քննարկման գլխավոր միտքը։

14 Մեր քննարկման գլխավոր միտքը հետևյալն է. երբ մեծ նեղության եզրափակիչ փուլում վերջին օծյալ քրիստոնյան վերցվի երկինք, երկրի վրա եղող Եհովայի ժողովուրդը Հիսուս Քրիստոսի առաջնորդության շնորհիվ կշարունակի հավատարմորեն ծառայել նրան։ Ճիշտ է, այդ ժամանակ Մագոգի Գոգը՝ ազգերի կոալիցիան, կհարձակվի մեզ վրա, բայց դա կարճ հարձակում կլինի, և նա հաջողության չի հասնի (Եզեկ. 38։18-20)։ Ազգերի կոալիցիան չի կարողանա ստիպել Աստծու ժողովրդին դադարել պաշտել Աստծուն։ Եհովան, անկասկած, կփրկի իր ժողովրդին։ Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ մարդկանց մի «մեծ բազմություն», որը բաղկացած էր Քրիստոսի ուրիշ ոչխարներից։ Հովհաննեսին ասվեց, որ այդ բազմությունը «գալիս է մեծ նեղությունից» (Հայտն. 7։9, 14)։ Այս խոսքերից երևում է, որ Եհովան փրկելու է նրանց։

15-16. Հայտնություն 17։14-ի համաձայն՝ ի՞նչ են անելու Քրիստոսի օծյալ եղբայրները Արմագեդոն պատերազմի ժամանակ, և ինչո՞ւ է դա քաջալերական։

15 Այնուամենայնիվ, ոմանք գուցե հարցնեն. «Իսկ ի՞նչ են անելու օծյալները երկինք գնալուց հետո»։ Աստվածաշունչը պատասխանում է այս հարցին։ Այն հայտնում է, որ այս աշխարհի քաղաքական տարրերը «պատերազմելու են Գառան դեմ»։ Նրանք, իհարկե, պարտվելու են։ Այնտեղ կարդում ենք. «Գառը.... կհաղթի նրանց»։ Իսկ ովքե՞ր են օգնելու նրան։ Համարում ասվում է՝ «նրանք, ովքեր կանչված, ընտրված և հավատարիմ են» (կարդա Հայտնություն 17։14)։ Խոսքը հարություն առած օծյալների մասին է։ Ուստի երբ մեծ նեղության ավարտին վերջին օծյալ քրիստոնյան գնա երկինք, օծյալների առաջին նշանակումներից մեկը կռվելն է լինելու։ Ի՜նչ տպավորիչ հանձնարարություն։ Որոշ օծյալ քրիստոնյաներ նախքան Վկա դառնալը կռվարար են եղել։ Ոմանք նույնիսկ ծառայել են զինված ուժերում։ Բայց հետո նրանք դարձել են ճշմարիտ քրիստոնյաներ և սովորել են խաղաղարար լինել (Գաղ. 5։22; 2 Թեսաղ. 3։16)։ Նրանք մի կողմ են դրել իրենց բառացի զենքերը։ Այնուամենայնիվ, երկինք գնալուց հետո Քրիստոսի և նրա սուրբ հրեշտակների հետ նրանք կռվելու են Աստծու թշնամիների դեմ մղվող վերջնական պատերազմում։

16 Մի պահ մտածիր. երկրի վրա որոշ օծյալ քրիստոնյաներ արդեն տարեց են և տկար։ Բայց երկնքում հարություն առնելուց հետո նրանք զորեղ և անմահ ոգեղեն արարածներ են դառնալու և նշանակվելու են պատերազմելու իրենց Թագավորի՝ հզոր Ռազմիկ Հիսուս Քրիստոսի հետ։ Արմագեդոն պատերազմում հաղթելուց հետո նրանք Քրիստոսի հետ օգնելու են մարդկանց հասնել կատարելության։ Անկասկած, երկնքից նրանք ավելի շատ բան են անելու իրենց սիրելի եղբայրների ու քույրերի համար, քան երբևէ կարող էին անել՝ լինելով անկատար մարդիկ։

17. Որտեղի՞ց գիտենք, որ Աստծու բոլոր ծառաները պաշտպանված կլինեն Արմագեդոն պատերազմի ժամանակ։

17 «Ուրիշ ոչխարների» խմբի՞ն ես պատկանում։ Եթե այո, ապա դո՞ւ ինչ պետք է անես, երբ սկսվի կարևորագույն պատերազմը՝ Արմագեդոնը։ Դու պետք է պարզապես ապավինես Եհովային և հետևես նրա առաջնորդությանը։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ մխիթարական խոսքերը. «Գնա, ի՛մ ժողովուրդ, մտիր քո ներքին սենյակները և քո հետևից փակիր դռները։ Թաքնվիր մի ակնթարթ, մինչև բարկությունն անցնի» (Ես. 26։20)։ Աստծու բոլոր հավատարիմ ծառաները՝ լինեն երկնքում, թե երկրի վրա, ապահով կլինեն այդ ժամանակ։ Պողոս առաքյալի պես մենք համոզված ենք, որ «ո՛չ կառավարությունները, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները.... չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց» (Հռոմ. 8։38, 39)։ Միշտ հիշիր. Եհովան սիրում է քեզ և երբեք չի լքի։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Երբ վերջին օծյալ քրիստոնյան երկինք վերցվի, ի՞նչ չի լինելու։

  • Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ մաքուր երկրպագությունը չի ապականվելու։

  • Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան հոգ կտանի իր ժողովրդի մասին։

ԵՐԳ 8 Եհովան մեր ապավենն է