Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 6

ԵՐԳ 10 Գովերգե՛ք Եհովային՝ մեր Աստծուն

«Գովաբանե՛ք Եհովայի անունը»

«Գովաբանե՛ք Եհովայի անունը»

«Գովաբանությո՛ւն մատուցեք, ո՛վ Եհովայի ծառաներ, գովաբանե՛ք Եհովայի անունը» (ՍԱՂ. 113։1

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ի՞նչն է մղում մեզ, որ ամեն առիթ օգտագործենք Եհովայի սուրբ անունը գովաբանելու համար։

1-2. Ո՞ր օրինակը կօգնի մեզ հասկանալ, թե ինչ է զգում Եհովան իր հասցեին ասված ստերի առնչությամբ։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մեկը, ում շատ սիրում ես, վատաբանում է քեզ։ Դու գիտես, որ նրա ասածը ստոր սուտ է, բայց ոմանք հավատում են նրան։ Իսկ որ ավելի վատ է, սկսում են տարածել նրա ասածը, և շատերն են հավատում այդ ստին։ Ի՞նչ կզգաս։ Եթե սիրում ես մարդկանց ու քեզ համար թանկ են նրանց հետ ունեցած փոխհարաբերություններդ, ինչպես նաև մտածում ես քո համբավի մասին, ապա զրպարտությունը մեծ ցավ կպատճառի քեզ (Առակ. 22։1

2 Այս օրինակը օգնում է մեզ հասկանալ, թե ինչ զգաց Եհովան, երբ նրա համբավը արատավորվեց։ Աստծու ոգեղեն որդիներից մեկը նրա մասին սուտ բաներ ասաց առաջին կնոջը՝ Եվային, և վերջինս հավատաց դրանց։ Այդ ստի պատճառով մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, ըմբոստացան Եհովայի դեմ, ինչի հետևանքով մեղքն ու մահը մտան մարդկային ընտանիք (Ծննդ. 3։1-6; Հռոմ. 5։12)։ Ներկայիս բոլոր խնդիրները, այդ թվում՝ մահը, պատերազմներն ու տառապանքը, Եդեմի պարտեզում Սատանայի տարածած ստերի հետևանքն են։ Անկասկած, այդ զրպարտությունն ու դրա բերած սարսափելի հետևանքները մեծ ցավ են պատճառում Եհովային։ Չնայած դրան՝ Եհովան դառնացած ու չարացած չէ։ Ընդհակառակը՝ ինչպես Աստվածաշունչն է ասում, նա «երջանիկ Աստված» է (1 Տիմոթ. 1։11

3. Ի՞նչ անելու պատիվ ունենք։

3 Մենք պատիվ ունենք նպաստելու Եհովայի անվան սրբացմանը՝ հնազանդվելով հետևյալ պարզ պատվերին. «Գովաբանե՛ք Եհովայի անունը» (Սաղ. 113։1)։ Մենք հնազանդվում ենք այս պատվերին, երբ լավն ենք խոսում այդ սուրբ անունը կրողի մասին։ Իսկ դու ամբողջ սրտով կգովաբանե՞ս Եհովայի անունը։ Տեսնենք, թե ինչ զորեղ դրդապատճառներ ունենք այդպես վարվելու համար։

ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ

4. Ինչո՞ւ է Եհովան ուրախանում, երբ գովաբանում ենք իր անունը։ Բեր օրինակ (տես նաև նկարը)։

4 Մեր երկնային Հայրը ուրախանում է, երբ գովաբանում ենք նրա անունը (Սաղ. 119։108)։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ նա նման է անկատար մարդկանց, ովքեր փափագում են գովեստի արժանանալ, քանի որ վստահ չեն իրենց ուժերի վրա և քաջալերանքի կարիք ունեն։ Ո՛չ։ Պատկերացնենք օրինակով։ Փոքր աղջիկը փարվել է իր հորը և ասում է. «Դու աշխարհի լավագույն հայրիկն ես»։ Հայրը ուրախանում է, անգամ փոքր-ինչ հուզվում դստեր սիրո ինքնաբուխ արտահայտումից։ Մի՞թե պատճառն այն է, որ նա թերարժեք է, և նրա ինքնագնահատականը կախված է դստեր գովասանքից։ Ո՛չ, նա կայացած անձնավորություն է։ Իրականում, նա ուրախանում է՝ տեսնելով իր դստեր սերն ու գնահատանքը։ Հայրը գիտի, որ սիրելու ունակությունն ու երախտագետ լինելը կօգնեն իր երեխային կյանքում երջանիկ լինել։ Նմանապես Եհովան՝ մեր մեծագույն Հայրը, ուրախանում է, երբ գովաբանում ենք իրեն։

Ճիշտ ինչպես հայրն է ուրախանում, երբ երեխան արտահայտում է իր սերն ու գնահատանքը, այնպես էլ Եհովան է ուրախանում, երբ մենք գովաբանում ենք նրա անունը (տես պարբերություն 4)


5. Աստծու անունը գովաբանելով՝ ո՞ր սուտն ենք հերքում։

5 Երբ գովաբանում ենք մեր երկնային Հորը, հերքում ենք Սատանայի ստերից մեկը, որն առնչվում է անձամբ մեզ։ Նա պնդում է, թե ոչ մի մարդ նվիրված չէ Աստծուն և չի պաշտպանի նրա անունը։ Սատանայի ասելով՝ փորձության բախվելիս մեզանից ոչ ոք չի պահի իր անարատությունը, և հանուն մեր շահի մենք երես կթեքենք Աստծուց (Հոբ 1։9-11; 2։4)։ Բայց հավատարիմ Հոբը փաստեց, որ Սատանան ստախոս է։ Իսկ ինչպե՞ս կվարվես դու։ Մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի պաշտպանելու մեր Հոր անունը և ուրախացնելու նրա սիրտը՝ հավատարմորեն ծառայելով նրան (Առակ. 27։11)։ Դա, ինչ խոսք, մեծ պատիվ է։

6. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Դավիթ թագավորին ու ղևտացիներին (Նեեմիա 9։5

6 Աստծու հանդեպ սերը մղում է հավատարիմ մարդկանց ողջ սրտով գովաբանելու նրա անունը։ Դավիթ թագավորը գրել է. «Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի, և իմ ամբողջ ներսը թող օրհնի նրա սուրբ անունը» (Սաղ. 103։1)։ Դավիթը հասկանում էր, որ Աստծու անունը գովաբանել նշանակում է գովաբանել հենց Եհովային։ Աստծու անունը ներառում է նրա համբավը, ուստի այն մեզ հիշեցնում է նրա գեղեցիկ հատկությունների և զարմանահրաշ գործերի մասին։ Դավիթը սուրբ էր համարում իր երկնային Հոր անունը և գովաբանում էր այն։ Նա ուզում էր, որ իր «ամբողջ ներսը» գովաբանի Աստծուն, այսինքն՝ նա դա անի իր ամբողջ սրտով։ Ղևտացիները նույնպես առաջնորդություն էին վերցնում Եհովային գովաբանելու հարցում։ Նրանք խոնարհաբար ընդունում էին, որ իրենց խոսքերով երբեք չեն կարողանա Եհովայի սուրբ անվանը մատուցել այն գովաբանությունը, որին նա արժանի է (կարդա Նեեմիա 9։5)։ Անկասկած, խոնարհությամբ և սրտանց արված այդ գովաբանությունը ուրախացնում էր Եհովայի սիրտը։

7. Ինչպե՞ս կարող ենք գովաբանել Եհովային մեր առօրյա կյանքում և ծառայության ժամանակ։

7 Այսօր մենք կարող ենք ուրախացնել Եհովային՝ նրա մասին խոսելով ջերմությամբ, գնահատանքով և սիրով։ Ծառայության ժամանակ մենք ձգտում ենք հիշել, որ մեր գլխավոր նպատակն է օգնել մարդկանց, որ մոտենան մեր սիրառատ Հորը և նրա հանդեպ ունենան այն նույն զգացումները, ինչ մենք (Հակ. 4։8)։ Մենք մեծ բավականություն ենք ստանում, երբ մարդկանց ցույց ենք տալիս, թե ինչպես է Աստվածաշունչը նկարագրում Եհովային՝ բացահայտելով նրա սերը, արդարությունը, իմաստությունը, զորությունը և մյուս հրաշալի հատկությունները։ Մենք գովաբանում ենք Եհովային և ուրախացնում ենք նրա սիրտը նաև այն ժամանակ, երբ ձգտում ենք ընդօրինակել նրան (Եփես. 5։1)։ Երբ այդպես ենք վարվում, մարդիկ տեսնում են, որ մենք տարբերվում ենք այս չար աշխարհից, և թերևս նրանց հետաքրքրում է, թե ինչու (Մատթ. 5։14-16)։ Առօրյայում մարդկանց հետ առնչվելիս մենք կարող ենք բացատրել դրա պատճառը։ Արդյունքում անկեղծ սիրտ ունեցողները կցանկանան ճանաչել մեր Աստծուն։ Նշված կերպերով Եհովային գովաբանելով՝ մենք հաճեցնում ենք նրան (1 Տիմոթ. 2։3, 4

ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԻՍՈՒՍԻՆ

8. Ինչո՞ւ ենք ասում, որ Եհովայի անունը գովաբանելու հարցում Հիսուսը լավագույն օրինակն է։

8 Երկնքում և երկրի վրա եղող բանական էակներից ոչ ոք ավելի լավ չի ճանաչում Հորը, քան Որդին (Մատթ. 11։27)։ Հիսուսը սիրում է իր Հորը, և նրա անունը գովաբանելու հարցում նա լավագույն օրինակն է (Հովհ. 14։31)։ Իր մահվանը նախորդող գիշերը Եհովային աղոթելիս Հիսուսը հետևյալ խոսքերով ցույց տվեց, թե որն էր իր երկրային ծառայության գլխավոր նպատակը. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը» (Հովհ. 17։26)։ Իսկ ինչպե՞ս նա արեց դա։

9. Ո՞ր առակի միջոցով Հիսուսը լավագույնս բացահայտեց իր Հոր էությունը։

9 Հիսուսը մարդկանց Աստծու անունը ասելուց ավելին էր անում։ Նա քարոզում էր հրեաներին, ովքեր գիտեին Եհովայի անունը։ Բայց Հիսուսը առաջինն էր, ով «հայտնեց նրա մասին» (Հովհ. 1։17, 18)։ Օրինակ՝ Եբրայերեն Գրություններում նշվում է, որ Եհովան ողորմած է ու գթառատ (Ելք 34։5-7)։ Հիսուսը պարզաբանեց այս ճշմարտությունը՝ պատմելով կորած որդու և նրա հոր մասին առակը։ Երբ այդ առակում կարդում ենք, թե ինչպես է հայրը հեռվից նկատում իր զղջացող որդուն, վազում նրան ընդառաջ, գրկում և սրտանց ներում, խորությամբ հասկանում ենք, թե որքան ողորմած ու գթառատ է Եհովան (Ղուկ. 15։11-32)։ Հիսուսը իր Հորը ներկայացրեց այնպիսին, ինչպիսին նա կա իրականում։

10. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը օգտագործել է իր Հոր անունը և ցանկանում էր, որ ուրիշներն էլ այդպես վարվեն (Մարկոս 5։19; տես նաև նկարը)։ բ) Ի՞նչ է Հիսուսն ուզում, որ այսօր անենք։

10 Արդյո՞ք Հիսուսն ուզում էր, որ ուրիշները օգտագործեին իր Հոր անունը։ Իհա՛րկե։ Նրա օրերում որոշ կրոնական առաջնորդներ թերևս կարծում էին, որ Աստծու անունը այնքան սուրբ է, որ չի կարելի արտաբերել։ Բայց Հիսուսը երբեք թույլ չտվեց, որ նման ոչ սուրբգրային ավանդույթները հետ պահեն իրեն իր Հոր անունը պատվելուց։ Հիշենք այն դեպքը, երբ նա գերասացիների երկրում բուժեց մի դիվահար մարդու։ Մարդիկ այնքան էին վախեցել, որ աղաչեցին Հիսուսին հեռանալ, ուստի նա չմնաց այդ տարածքում (Մարկ. 5։16, 17)։ Այնուամենայնիվ, Հիսուսը ցանկանում էր, որ այդ վայրում ապրող մարդիկ իմանային Եհովայի անունը։ Ուստի պատվիրեց այդ մարդուն, ում բուժել էր, պատմել ուրիշներին այն, ինչ Եհովան արեց նրա համար (կարդա Մարկոս 5։19 a Այսօր էլ Հիսուսը ցանկանում է, որ մենք հայտնի դարձնենք իր Հոր անունը ամբողջ աշխարհում (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Երբ այդպես ենք վարվում, ուրախացնում ենք մեր Թագավորին՝ Հիսուսին։

Դիվահար մարդուն բուժելուց հետո Հիսուսը նրան ասաց, որ պատմի մարդկանց, թե ինչպես է Եհովան օգնել իրեն (տես պարբերություն 10)


11. Ինչի՞ մասին Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին աղոթել, և ինչո՞ւ է դա կարևոր (Եզեկիել 36։23

11 Հիսուսը գիտեր, որ Եհովայի նպատակն է սրբացնել իր անունը, այսինքն՝ մաքրել այն ամեն նախատինքից։ Դրա համար մեր Տերը իր հետևորդներին սովորեցրեց այսպես աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթ. 6։9)։ Հիսուսը հասկանում էր, որ Աստծու անվան սրբացումը մեծագույն հարցն է, որի առաջ կանգնած է ողջ ստեղծագործությունը (կարդա Եզեկիել 36։23)։ Ամբողջ տիեզերքում ոչ մի բանական արարած Եհովայի անվան սրբացման համար այնքան բան չի արել, որքան Հիսուսը։ Այդուհանդերձ, երբ Հիսուսին ձերբակալեցին, թշնամիները նրան մեղադրեցին Աստծուն հայհոյելու մեջ։ Անկասկած, Հիսուսի համար իր Հոր սուրբ անունը զրպարտելը կամ այն արատավորելը ամենածանր մեղքն էր։ Նրան խիստ մտահոգում էր այն փաստը, որ իրեն մեղադրելու էին նման հանցանքի մեջ և դատապարտելու էին որպես Աստծուն հայհոյող։ Թերևս դա էր գլխավոր պատճառը, որ իր ձերբակալությունից ժամեր առաջ Հիսուսը «սաստիկ տագնապի մեջ էր» (Ղուկ. 22։41-44

12. Ինչո՞ւ ենք ասում, որ Հիսուսը լավագույն ձևով սրբացրեց իր Հոր անունը։

12 Իր Հոր անունը սրբացնելու համար Հիսուսը դիմացավ ամեն տեսակ տանջանքի, վիրավորանքի և զրպարտանքի։ Նա գիտեր, որ ամեն ինչում հնազանդվել է իր Հորը, ուստի ամաչելու ոչ մի պատճառ չուներ (Եբր. 12։2)։ Նա նաև գիտեր, որ այդ ծանր պահին Սատանան ուղիղ հարձակումներ է գործում իր վրա (Ղուկ. 22։2-4; 23։33, 34)։ Անշուշտ, Սատանան հույս ուներ, որ կարող է կոտրել Հիսուսի անարատությունը, բայց նա խայտառակ պարտություն կրեց։ Հիսուսը մեկընդմիշտ փաստեց, որ Սատանան նենգ ստախոս է, և որ Եհովան ունի նվիրված ծառաներ, ովքեր պահում են իրենց անարատությունը անգամ ամենածանր փորձությունների ներքո։

13. Ինչպե՞ս կարող ես ուրախացնել քո Թագավորին։

13 Իսկ դու ցանկանո՞ւմ ես ուրախացնել քո Թագավորին։ Եթե այո, շարունակիր գովաբանել Եհովայի անունը՝ օգնելով մարդկանց ճանաչել մեր Աստծուն այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում։ Այդպիսով կընդօրինակես Հիսուսին (1 Պետ. 2։21)։ Նրա պես կուրախացնես Եհովայի սիրտը և կփաստես, որ նրա թշնամին՝ Սատանան, նենգ ստախոս է։

ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ

14-15. Ի՞նչ հրաշալի արդյունքներ են լինում, երբ մարդկանց սովորեցնում ենք Եհովայի մասին։

14 Եհովային գովաբանելով՝ մենք նպաստում ենք կյանքեր փրկելու գործին։ Այդ ինչպե՞ս։ Մենք գիտենք, որ Սատանան կուրացրել է «անհավատների.... մտքերը» (2 Կորնթ. 4։4)։ Դրա հետևանքով մարդիկ սկսել են հավատալ նմանատիպ ստերի՝ Աստված գոյություն չունի, Աստված մեզանից շատ հեռու է և հետաքրքրված չէ մարդկանցով, Աստված դաժան է և անվերջ տանջում է չարագործներին։ Նման ստերի նպատակն է արատավորել Եհովայի անունն ու համբավը, որպեսզի մարդիկ ցանկություն չունենան մտերմանալու նրա հետ։ Բայց մեր քարոզչական գործը խափանում է Սատանայի այս նպատակը։ Մենք ճշմարտությունն ենք սովորեցնում մեր Հոր մասին և գովաբանում ենք նրա սուրբ անունը։ Իսկ ի՞նչ արդյունքներ են լինում։

15 Աստվածաշնչյան ճշմարտությունները մեծ զորություն ունեն։ Երբ մարդկանց պատմում ենք Եհովայի մասին և սովորեցնում, թե ինչպիսին է նա իրականում, հրաշալի արդյունքներ են լինում։ Մարդկանց աչքերը, որ կուրացել են Սատանայի ստերից, աստիճանաբար բացվում են, և նրանք մեզ պես սկսում են տեսնել մեր սիրառատ Հորը։ Նրանք ակնածանքով են լցվում՝ իմանալով նրա անսպառ զորության մասին (Ես. 40։26)։ Իսկ նրա կատարյալ արդարությունը մարդկանց վստահություն է ներշնչում (2 Օրենք 32։4)։ Նրանք սովորում են մեր Աստծու անսահման իմաստությունից, և անչափ մխիթարվում են՝ իմանալով, որ նա սիրո մարմնացում է (Ես. 55։9; Հռոմ. 11։33; 1 Հովհ. 4։8)։ Երբ նրանք սկսում են մտերմանալ Եհովայի հետ, հավիտյան ապրելու իրական հույս են ձեռք բերում։ Այո՛, մեզ համար մեծ պատիվ է օգնել մարդկանց մտերմանալ իրենց Հոր հետ։ Երբ այդպես ենք վարվում, Եհովան մեզ իր «համագործակիցներն» է համարում (1 Կորնթ. 3։5, 9

16. Աստծու անունն իմանալը ի՞նչ ազդեցություն է թողնում մարդկանց վրա։ Բեր օրինակներ։

16 Մարդկանց հետ զրուցելիս սկզբում թերևս ասում ենք, որ Աստծու անունը Եհովա է։ Դա իմանալը արդեն իսկ մեծ ազդեցություն է թողնում անկեղծ սիրտ ունեցողների վրա։ Քննենք Էլյայի b օրինակը։ Այս երիտասարդ կինը մեծացել է ոչ քրիստոնյա ընտանիքում, բայց երբեք ոչ մի կապվածություն չի զգացել իր կրոնի և Աստծու հանդեպ։ Սակայն դա փոխվեց, երբ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների օգնությամբ։ Աստված դարձավ նրա Ընկերը։ Էլյան շատ զարմացավ՝ իմանալով, որ Աստծու անունը հանվել է բազմաթիվ Աստվածաշնչերից և փոխարինվել տարբեր տիտղոսներով, ինչպիսին է «Տեր» տիտղոսը։ Իսկ երբ իմացավ Աստծու անունը, դա շրջադարձային եղավ նրա կյանքում։ Այդ պահին նա ուրախությամբ բացականչեց. «Իմ լավագույն Ընկերը անուն ունի»։ Էլյան ասում է, թե դա իմանալը ինչ է տվել իրեն. «Սիրտս լցվել է խաղաղությամբ։ Ես մեծ պատվի եմ արժանացել»։ Իսկ Ստիվ անունով մի երաժիշտ, ով մեծացել է հրեաների պահպանողական ընտանիքում, չէր ցանկանում որևէ կրոնական խմբի պատկանել, քանի որ բազմիցս բախվել էր կրոնականների կեղծավորությանը։ Սակայն իր մոր մահից հետո Ստիվը համաձայնվեց ներկա լինել Աստվածաշնչի ուսումնասիրության, որն անցկացնում էին Եհովայի վկաները։ Նա անչափ տպավորվել էր՝ իմանալով Աստծու անունը։ Ստիվն ասում է. «Ես երբեք չեմ իմացել Աստծու անունը։ Առաջին անգամ գիտակցեցի, որ Աստված գոյություն ունի և իրական անձ է։ Հասկացա, որ Ընկեր եմ ձեռք բերել»։

17. Ինչո՞ւ ես վճռել շարունակել գովաբանել Եհովայի անունը (տես նաև նկարը)։

17 Քարոզելիս և աշակերտներ պատրաստելիս մարդկանց հայտնո՞ւմ ես Աստծու սուրբ անունը։ Օգնո՞ւմ ես նրանց տեսնել, թե իրականում ինչպիսին է Աստված։ Այդպես վարվելով՝ դու գովաբանում ես նրա անունը։ Շարունակիր գովաբանել Եհովայի սուրբ անունը՝ օգնելով մարդկանց ճանաչել այն Անձնավորությանը, ով կանգնած է այդ անվան հետևում։ Այդպես վարվելով՝ դու կյանքեր կփրկես, ինչպես նաև կհետևես քո Թագավորի՝ Քրիստոս Հիսուսի օրինակին։ Իսկ որ ամենակարևորն է, դու կհաճեցնես քո սիրառատ Հորը՝ Եհովային։ Ուստի «գովաբանիր [նրա] անունը դարեդար, այո՛, հավիտյան» (Սաղ. 145։2

Մենք գովաբանում ենք Եհովային, երբ մարդկանց հայտնում ենք նրա անունը և պատմում նրա մասին (տես պարբերություն 17)

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ ԳՈՎԱԲԱՆԵԼԸ

  • ուրախացնում Եհովային,

  • ուրախացնում Հիսուս Քրիստոսին,

  • նպաստում կյանքեր փրկելու գործին։

ԵՐԳ 2 Քո անունը Եհովա է

a Մենք ամուր հիմքեր ունենք մտածելու, որ այս համարի բնագիր տեքստում Հիսուսի խոսքերը մեջբերելով՝ Մարկոսը օգտագործել է Աստծու անունը։ Այն վերականգնվել է «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունում»։

b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։