Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 8

ԵՐԳ 123 Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը

Շարունակիր հետևել Եհովայի առաջնորդությանը

Շարունակիր հետևել Եհովայի առաջնորդությանը

«Ես՝ Եհովաս.... տանում եմ [քեզ] այն ճանապարհով, որով դու պիտի գնաս» (ԵՍ. 48։17

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչպե՞ս է Եհովան առաջնորդում իր ժողովրդին այսօր, և ի՞նչ օրհնություններ ենք վայելում, երբ հետևում ենք նրա առաջնորդությանը։

1. Բացատրիր, թե ինչու պետք է հետևենք մեր Զբոսավարին՝ Եհովային։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մոլորվել ես անտառում։ Ամենուրեք վտանգներ են՝ վայրի կենդանիներ, վարակակիր միջատներ, թունավոր բույսեր և քարքարոտ ճանապարհներ։ Նման իրավիճակում որքա՜ն ուրախ կլինես, եթե քեզ առաջնորդի մի փորձառու զբոսավար, ով գիտի, թե որտեղ են վտանգները, և ինչպես կարող ես խուսափել դրանցից։ Այս աշխարհը նման է այդ անտառին։ Այն լի է տարբեր վտանգներով, հատկապես մեր հոգևոր առողջությանը սպառնացող վտանգներով։ Բայց մենք ունենք կատարյալ Զբոսավար՝ Եհովան։ Նա մեզ անվտանգ ճանապարհով է տանում՝ առաջնորդելով դեպի մեր նպատակակետը՝ հավիտենական կյանք նոր աշխարհում։

2. Ինչպե՞ս է Եհովան առաջնորդում մեզ։

2 Հիմնականում Եհովան առաջնորդում է մեզ իր գրավոր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Սակայն նա դա անում է նաև մարդկանց միջոցով, օրինակ՝ «հավատարիմ և իմաստուն ծառայի», ում տրամադրած հոգևոր սննդի շնորհիվ մենք կարողանում ենք իմաստուն որոշումներ կայացնել (Մատթ. 24։45)։ Եհովան մեզ առաջնորդում է նաև այլ հմուտ տղամարդկանց միջոցով՝ շրջանային վերակացուների ու երեցների։ Նրանք քաջալերում են մեզ և առաջնորդություն տալիս, որպեսզի հաղթահարենք մեր դժվարությունները։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ մեզ առաջնորդում է վերջին օրերի այս ծանր ժամանակներում։ Դա օգնում է, որ մտերիմ մնանք նրա հետ և շարունակենք քայլել կյանքի ճանապարհով։

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Սակայն երբեմն գուցե դժվար լինի հետևել Եհովայի առաջնորդությանը, հատկապես երբ այն տրվում է անկատար մարդկանց միջոցով։ Ինչո՞ւ։ Քանի որ տրված խորհուրդը գուցե մեր սրտով չլինի, կամ առաջնորդությունը իմաստուն չթվա, ինչի պատճառով մտածենք, թե այն Եհովայից չէ։ Հատկապես այդպիսի պահերին մենք պետք է համոզված լինենք, որ Եհովան է առաջնորդում իր ժողովրդին, և որ նրա առաջնորդությանը հետևելը օգուտներ կբերի։ Մեր համոզվածությունը ամրացնելու համար կքննենք երեք հարց։ 1) Ինչպե՞ս է Եհովան առաջնորդել իր ժողովրդին աստվածաշնչյան ժամանակներում։ 2) Ինչպե՞ս է նա առաջնորդում մեզ այսօր։ 3) Ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ շարունակ հետևելով նրա առաջնորդությանը։

Եհովան միշտ մարդկանց է օգտագործել իր ժողովրդին առաջնորդելու համար (տես պարբերություն 3)


ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ԵՀՈՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԻՍՐԱՅԵԼ ԱԶԳԻՆ

4-5. Ինչպե՞ս էր Եհովան ցույց տալիս, որ Մովսեսի միջոցով է առաջնորդում Իսրայել ազգին (տես նաև նկարը)։

4 Եհովան Մովսեսին էր նշանակել, որպեսզի իսրայելացիներին հանի Եգիպտոսից, և հստակ ցույց էր տվել ժողովրդին, որ նրա միջոցով է առաջնորդում։ Ցերեկը ամպի սյունն էր նրանց առջևից գնում, իսկ գիշերը՝ կրակի (Ելք 13։21)։ Մովսեսը հետևում էր սյանը, և այն նրանց տարավ Կարմիր ծովի մոտ։ Մարդիկ խուճապի մատնվեցին՝ կարծելով, թե ծուղակն են ընկել. մի կողմից կարմիր ծովն էր, մյուս կողմից՝ եգիպտացիների զորքը։ Նրանք մտածեցին, թե Մովսեսը սխալ որոշում է կայացրել՝ իրենց Կարմիր ծովի մոտ բերելով։ Բայց դա այդպես չէր։ Եհովան մտածված էր իսրայելացիներին Մովսեսի միջոցով այդտեղ բերել (Ելք 14։2)։ Նա պատրաստվում էր ապշեցուցիչ կերպով փրկել նրանց (Ելք 14։26-28

Աստծու ժողովրդին անապատով առաջնորդելու համար Մովսեսը հետևում էր ամպի սյանը (տես պարբերություն 4-5)


5 Այդ դեպքից հետո 40 տարի Աստծու ժողովրդին անապատում առաջնորդելիս Մովսեսը հետևում էր սյանը։ a Մի որոշ ժամանակով Եհովան սյունը կանգնեցրել էր Մովսեսի վրանի վերևում։ Այդպես ամբողջ Իսրայելը կարող էր տեսնել այն (Ելք 33։7, 9-10)։ Սյան միջից Եհովան խոսում էր Մովսեսի հետ, և վերջինս իր ստացած հրահանգները փոխանցում էր ժողովրդին (Սաղ. 99։7)։ Իսրայելացիները հստակ տեսնում էին, որ Եհովան Մովսեսի միջոցով է առաջնորդում իրենց։

Մովսեսը և նրան հաջորդող առաջնորդը՝ Հեսուն (տես պարբերություն 5, 7)


6. Իսրայելացիները ինչպե՞ս արձագանքեցին Եհովայի առաջնորդությանը (Թվեր 14։2, 10, 11

6 Ցավոք, իսրայելացիների մեծ մասը չընդունեց այն ակնհայտ փաստը, որ Եհովան Մովսեսին է ընտրել որպես իր ներկայացուցիչ (կարդա Թվեր 14։2, 10, 11)։ Նրանք բազմիցս հրաժարվեցին ընդունել Մովսեսի դերը։ Արդյունքում իսրայելացիների այդ սերունդը զրկվեց Ավետյաց երկիր մտնելու հնարավորությունից (Թվեր 14։30

7. Նշիր, թե ովքեր են հնազանդվել Եհովայի առաջնորդությանը (Թվեր 14։24; տես նաև նկարը)։

7 Այնուամենայնիվ, որոշ իսրայելացիներ հետևեցին Եհովայի առաջնորդությանը։ Օրինակ՝ Աստված ասաց, որ «Քաղեբը.... ամեն ինչում հնազանդվել է [իրեն]» (կարդա Թվեր 14։24)։ Նա վարձատրեց Քաղեբին և նույնիսկ թույլ տվեց նրան ընտրել, թե Քանանի երկրում որտեղ է ուզում ապրել (Հեսու 14։12-14)։ Իսրայելացիների հաջորդ սերունդը նույնպես հետևեց Եհովայի առաջնորդությանը։ Երբ Մովսեսից հետո Հեսուն ստանձնեց Աստծու ժողովրդին առաջնորդելու գործը, իսրայելացիների այդ սերունդը «[Հեսուի] ողջ կյանքի ընթացքում խորապես հարգեց նրան» (Հեսու 4։14, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013թ., անգլ.)։ Եհովան էլ օրհնեց նրանց՝ թույլ տալով մտնել Ավետյաց երկիր (Հեսու 21։43, 44

8. Բացատրիր, թե ինչպես է Եհովան թագավորների օրերում առաջնորդել իր ժողովրդին (տես նաև նկարը)։

8 Տարիներ անց Եհովան իր ժողովրդին առաջնորդելու համար դատավորներ նշանակեց։ Իսկ երբ Իսրայելում հաստատվեց թագավորների իշխանությունը, Եհովան սկսեց առաջնորդություն տալ մարգարեների միջոցով։ Հավատարիմ թագավորները հետևում էին մարգարեների խորհուրդներին։ Նրանցից էր Դավիթ թագավորը, ով խոնարհաբար ընդունեց Նաթան մարգարեի խորհուրդը, երբ վերջինս փորձեց ուղղել նրան (2 Սամ. 12։7, 13; 1 Տար. 17։3, 4)։ Իսկ Հովսափատ թագավորը առաջնորդության համար վստահեց Հաազիել մարգարեին և հորդորեց Հուդայի ժողովրդին «հավատալ [Աստծու] մարգարեներին» (2 Տար. 20։14, 15, 20)։ Եզեկիա թագավորն էլ խնդիրների բախվելիս օգնության համար դիմեց Եսայիա մարգարեին (Ես. 37։1-6)։ Ամեն անգամ, երբ թագավորները հետևում էին Եհովայի առաջնորդությանը, օրհնվում էին, և ժողովուրդը վտանգներից պաշտպանված էր լինում (2 Տար. 20։29, 30; 32։22)։ Ակնհայտ էր, որ Եհովան իր ժողովրդին մարգարեների միջոցով էր առաջնորդում։ Այդուհանդերձ, թագավորների, ինչպես նաև ժողովրդի մեծ մասը մերժում էր Եհովայի մարգարեներին (Երեմ. 35։12-15

Եզեկիա թագավորը և Եսայիա մարգարեն (տես պարբերություն 8)


ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ԵՀՈՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ

9. Ո՞ւմ միջոցով էր Եհովան առաջնորդում առաջին դարի քրիստոնյաներին (տես նաև նկարը)։

9 Առաջին դարում Եհովան կազմավորեց քրիստոնեական ժողովը։ Իսկ ինչպե՞ս էր նա առաջնորդում քրիստոնյաներին։ Եհովան Հիսուսին նշանակեց որպես քրիստոնեական ժողովի գլուխ (Եփես. 5։23)։ Բայց Հիսուսը անձամբ չէր առաջնորդում յուրաքանչյուր քրիստոնյայի։ Նա Երուսաղեմում գտնվող առաքյալների ու երեցների միջոցով էր դա անում (Գործ. 15։1, 2)։ Բացի այդ՝ յուրաքանչյուր ժողովում նշանակվում էին երեցներ, ովքեր պետք է առաջնորդեին (1 Թեսաղ. 5։12; Տիտոս 1։5

Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները (տես պարբերություն 9)


10. ա) Ինչպե՞ս էին առաջին դարի քրիստոնյաները արձագանքում տրված առաջնորդությանը (Գործեր 15։30, 31)։ բ) Աստվածաշնչյան ժամանակներում ինչո՞ւ ոմանք չէին ընդունում Եհովայի ներկայացուցիչներին (տես « Ինչո՞ւ ոմանք չընդունեցին ակնհայտ ապացույցները» շրջանակը)։

10 Առաջին դարի քրիստոնյաները ինչպե՞ս էին վերաբերվում այս կարգին։ Մեծամասնությունը սիրով ընդունում էր տրված առաջնորդությունը։ «Նրանք ուրախանում էին այդ քաջալերության համար» (կարդա Գործեր 15։30, 31)։ Իսկ ինչպե՞ս է Եհովան առաջնորդում իր ժողովրդին մեր օրերում։

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՀՈՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԱՅՍՕՐ

11. Բեր օրինակ, թե ինչպես է Եհովան առաջնորդել նրանց, ովքեր ձգտել են իմանալ ճշմարտությունը։

11 Եհովան այսօր նույնպես առաջնորդում է իր ժողովրդին ու դա անում է իր Խոսքի և իր Որդու միջոցով, ով ժողովի գլուխն է։ Իսկ այսօր է՞լ է ակնհայտ, որ Եհովան մարդկանց է օգտագործում առաջնորդություն տալու համար։ Այո՛։ Տեսնենք, թե իրադարձությունները ինչպես զարգացան 1800-ականների վերջերին։ Չարլզ Թեյզ Ռասելը և նրա ընկերակիցները ուսումնասիրություններ անելու ընթացքում հասկացան, որ 1914 թ. Աստծու Թագավորության հաստատման համար շրջադարձային տարի է լինելու (Դան. 4։25, 26)։ Նրանց այս եզրակացությունը հիմնված էր աստվածաշնչյան մարգարեության վրա։ Անկասկած, Եհովան էր առաջնորդում նրանց։ 1914 թ. իրադարձությունները հաստատեցին, որ Աստծու Թագավորությունը սկսել է իշխել։ Բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որին հաջորդեցին համաճարակները, երկրաշարժերն ու սովերը (Ղուկ. 21։10, 11)։ Վստահ ենք, որ այդ ժամանակաշրջանում Եհովան այս հավատարիմ քրիստոնյաների միջոցով օգնում էր իր ժողովրդին։

12-13. Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ի՞նչ քայլեր են ձեռնարկել պատասխանատու եղբայրները քարոզչական գործն ընդլայնելու համար։

12 Նկատի առնենք նաև, թե ինչ տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Գլխավոր վարչության պատասխանատու եղբայրները Հայտնություն 17։8 համարի ուսումնասիրության արդյունքում հասկացան, որ համաշխարհային պատերազմը չի հանգեցնելու Արմագեդոնին, այլ դրան հաջորդելու է մի խաղաղ ժամանակաշրջան, որի ընթացքում քարոզչական գործը թափ է առնելու։ Ու թեև այդ ժամանակ անտրամաբանական էր թվում, սակայն կազմակերպությունը հիմնեց Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» քոլեջը, b որպեսզի պատրաստի միսիոներներ, ովքեր կքարոզեին և աշակերտներ կպատրաստեին ամբողջ աշխարհով մեկ։ Միսիոներներ էին նշանակվում անգամ պատերազմի տարիներին։ Բացի այդ՝ հավատարիմ և իմաստուն ծառան հիմնեց Աստվածապետական ծառայության դասընթացը, c որպեսզի ժողովներում ծառայող բոլոր քարոզիչները բարելավեն քարոզելու և ուսուցանելու իրենց հմտությունները։ Այդպիսով Աստծու ժողովուրդը պատրաստվում էր առջևում սպասվող քարոզչական գործին։

13 Հետադարձ հայացք նետելով՝ պարզ կարող ենք տեսնել, որ Եհովան առաջնորդել է իր ժողովրդին դժվարին ժամանակներում։ Սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից՝ Եհովայի ժողովուրդը շատ երկրներում որոշ չափով խաղաղություն և ազատություն է վայելել, ինչի շնորհիվ կարողացել է առաջ տանել քարոզչական գործը։ Այդպիսով քարոզչությունը մեծ թափ է առել։

14. Ինչո՞ւ կարող ենք վստահել Եհովայի կազմակերպության և սուրբ ոգով նշանակված երեցների տված առաջնորդությանը (Հայտնություն 2։1; տես նաև նկարը)։

14 Այսօր Կառավարիչ մարմնի անդամները շարունակում են հետևել Քրիստոսի առաջնորդությանը։ Նրանք ուզում են, որ ժողովներին ուղարկված առաջնորդությունը արտացոլի Եհովայի և Հիսուսի մտածելակերպը։ Կառավարիչ մարմինը շրջանային վերակացուների և երեցների միջոցով առաջնորդությունը փոխանցում է ժողովներին։ d Հիշենք, որ օծյալ երեցները Քրիստոսի «աջ ձեռքում» են (կարդա Հայտնություն 2։1)։ Իհարկե, բոլոր երեցներն էլ, այդ թվում՝ օծյալ երեցները, անկատար են և սխալներ են թույլ տալիս, ինչպես որ Մովսեսը, Հեսուն և առաքյալները (Թվեր 20։12; Հեսու 9։14, 15; Հռոմ. 3։23)։ Սակայն մենք հստակ տեսնում ենք, որ Հիսուսը առաջնորդում է հավատարիմ ծառային և սուրբ ոգով նշանակված երեցներին, ու նա կշարունակի այդպես վարվել «բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20)։ Ուստի մենք բոլոր պատճառներն ունենք վստահելու այն առաջնորդությանը, որը տրվում է նրանց միջոցով, ովքեր պատասխանատու են քարոզչական գործի համար։

Կառավարիչ մարմինն այսօր (տես պարբերություն 14)


ԵՀՈՎԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼԸ ՕԳՈՒՏՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ

15-16. Ի՞նչ ենք սովորում նրանց օրինակից, ովքեր հետևում են Եհովայի առաջնորդությանը։

15 Եթե շարունակենք հետևել Եհովայի առաջնորդությանը, առատապես կօրհնվենք նույնիսկ հիմա։ Օրինակ՝ Էնդին և Ռուբինան e հետևեցին կյանքը պարզ պահելու վերաբերյալ հավատարիմ և իմաստուն ծառայի խորհրդին (Մատթ. 6։22)։ Դրա շնորհիվ նրանք կարողացան որպես կամավոր մասնակցել աստվածապետական շինարարական նախագծերի։ Ռուբինան ասում է. «Ապրել ենք շատ փոքր բնակարաններում, որոնց մեծ մասը անգամ խոհանոց չուներ։ Ես ստիպված էի վաճառել բազմաթիվ սարքավորումներ, որոնք օգտագործում էի լուսանկարչությամբ զբաղվելիս։ Դա իմ հոբբին էր, որը շատ էի սիրում։ Այդ ամենից հրաժարվել եմ արցունքն աչքերիս։ Բայց Աբրահամի կնոջ՝ Սառայի նման վճռել էի միայն առաջ նայել» (Եբր. 11։15)։ Ի՞նչ օգուտներ բերեց նրանց այդ որոշումը։ Ռուբինան ասում է. «Բավարարվածության մեծ զգացում ունենք՝ իմանալով, որ Եհովային տալիս ենք այն ամենը, ինչ ունենք։ Աստվածապետական նախագծերում աշխատելիս մենք ճաշակում ենք նոր աշխարհի համը»։ Համաձայնելով կնոջ խոսքերին՝ Էնդին ավելացնում է. «Մենք երջանիկ ենք, քանի որ մեր ողջ ժամանակն ու էներգիան տրամադրում ենք Թագավորության գործին»։

16 Ուրիշ ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ հետևելով Եհովայի առաջնորդությանը։ Մարսիա անունով մի քույր ավագ դպրոցն ավարտելուց հետո որոշեց հետևել լիաժամ ծառայություն սկսելու հորդորին (Մատթ. 6։33; Հռոմ. 12։11)։ Նա ասում է. «Ինձ առաջարկեցին չորս տարի անվճար սովորել համալսարանում։ Բայց ես ուզում էի հոգևոր նպատակների հասնել։ Ուստի որոշեցի արհեստագործական ուսումնարան ընդունվել, որպեսզի մի մասնագիտություն ձեռք բերեմ, որով կկարողանամ հոգալ կարիքներս և ռահվիրա ծառայել։ Դա իմ կյանքում կայացրած լավագույն որոշումներից է եղել։ Այժմ ես ռահվիրա եմ և ճկուն աշխատանքային գրաֆիկ ունեմ, ինչի շնորհիվ կարողանում եմ համագործակցել Բեթելի հետ և այլ հատուկ նշանակումներ վայելել»։

17. Ուրիշ ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ շարունակ հետևելով Եհովայի առաջնորդությանը (Եսայիա 48։17, 18

17 Հաճախ մենք կազմակերպությունից խորհուրդներ ենք ստանում, որոնք պաշտպանում են մեզ։ Օրինակ՝ գուցե նախազգուշացում ստանանք հեռու մնալ նյութապաշտությունից կամ այնպիսի բաներից, որոնք կարող են դրդել մեզ խախտել Աստծու օրենքները։ Նման հարցերում Աստծու առաջնորդությանը հետևելը նույնպես օրհնություններ է բերում։ Մենք մաքուր խիղճ ենք ունենում և ազատվում ենք ավելորդ սթրեսից (1 Տիմոթ. 6։9, 10)։ Արդյունքում ամբողջ սրտով ձգտում ենք ծառայել Եհովային, ինչը մեզ ուրախություն, խաղաղություն և բավարարվածություն է բերում (կարդա Եսայիա 48։17, 18

18. Ինչո՞ւ ես վճռել շարունակ հետևել Եհովայի առաջնորդությանը։

18 Անկասկած, Եհովան կշարունակի մարդկանց միջոցով առաջնորդել մեզ մեծ նեղության, ինչպես նաև Հազարամյա Իշխանության ընթացքում (Սաղ. 45։16)։ Արդյո՞ք կշարունակենք հետևել այդ առաջնորդությանը, նույնիսկ եթե ստիպված լինենք մի կողմ դնել մեր նախասիրությունները։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպես ենք արձագանքում Եհովայի առաջնորդությանը հիմա։ Ուստի եկեք շարունակ հետևենք Աստծու առաջնորդությանը՝ այդ թվում այն հրահանգներին, որոնք նա տալիս է այն տղամարդկանց միջոցով, ովքեր նշանակված են մեր մասին հոգ տանելու համար (Ես. 32։1, 2; Եբր. 13։17)։ Մենք բոլոր պատճառներն ունենք վստահելու մեր Զբոսավարին՝ Եհովային, ով պաշտպանում է մեզ հոգևոր վտանգներից և առաջնորդում է դեպի մեր հոգևոր նպատակակետը՝ հավիտենական կյանք նոր աշխարհում։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ինչպե՞ս էր Եհովան առաջնորդում Իսրայել ազգին։

  • Ինչպե՞ս էր Եհովան առաջնորդում առաջին դարի քրիստոնյաներին։

  • Ի՞նչ օգուտներ ենք ստանում այսօր՝ հետևելով Եհովայի առաջնորդությանը։

ԵՐԳ 48 Ամեն օր քայլենք Եհովայի հետ

a Եհովան նաև նշանակել էր մի հրեշտակ, ով «գնում էր Իսրայելի ճամբարի առջևից» և առաջնորդում էր ազգին դեպի Ավետյաց երկիր։ Ակներևաբար, այդ հրեշտակը Միքայելն էր, այսինքն՝ Հիսուսը, նախքան երկիր գալը (Ելք 14։19; 32։34

b Հետագայում կոչվեց Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց։

c Ավելի ուշ այն կոչվեց Աստվածապետական ծառայության դպրոց։ Այսօր այն միջշաբաթյա հանդիպման մաս է կազմում։

d Տես «Կառավարիչ մարմնի դերը» շրջանակը «Դիտարանի» 2021թ. փետրվարի համարում (էջ 18)։

e Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։