Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞ւ են Աստվածաշնչում որոշ մտքեր կրկնվում

ԵՐԲԵՄՆ Աստվածաշունչը գրողները նույն արտահայտությունը բառ առ բառ կրկնել են։ Քննենք երեք հավանական պատճառ, թե ինչու են նրանք այդպես վարվել։

Գրվելու ժամանակահատվածը։ Հին Իսրայելում մարդկանց մեծամասնությունը չուներ Օրենքի անձնական օրինակ։ Նրանք հիմնականում լսում էին Օրենքի ընթերցանությունը, երբ միասին հավաքվում էին խորանի կամ տաճարի մոտ (2 Օրենք 31։10-12)։ Նրանք ամբոխի մեջ ժամեր շարունակ կանգնում ու լսում էին Օրենքը, և, ամենայն հավանականությամբ, շատ շեղող հանգամանքներ կային (Նեեմ. 8։2, 3, 7)։ Նման պարագայում գլխավոր մտքերի կրկնությունը նպաստում էր, որ ժողովուրդը հեշտությամբ հիշեր իր լսածը և կիրառեր կյանքում։ Որոշ բառերի կրկնությունը նրանց կօգներ նաև հիշել Եհովայի տված օրենքների մանրամասները (Ղևտ. 18։4-22; 2 Օրենք 5։1

Գրվելու ոճը։ Աստվածաշնչի մոտ 10 տոկոսը կազմված է երգերից, որոնցից են «Սաղմոսներ», «Երգերի երգը» և «Ողբեր» գրքերը։ Որոշ երգեր ունեն կրկներգ, որն ընդգծում է երգի հիմնական միտքը և օգնում է մտապահել բառերը։ Ուշադրություն դարձնենք Սաղմոս 115։9-11 համարներում գրված խոսքերին. «Ո՛վ Իսրայել, Եհովայի՛ն ապավինիր. նա՛ է քո օգնությունն ու քո վահանը։ Ո՛վ Ահարոնի տուն, Եհովայի՛ն ապավինիր. նա՛ է քո օգնությունն ու քո վահանը։ Ո՛վ Եհովայից վախեցողներ, Եհովայի՛ն ապավինեք. նա՛ է ձեր օգնությունն ու ձեր վահանը»։ Այս սաղմոսում բառերի կրկնությունը օգնում էր, որ անգին ճշմարտությունները դաջվեին երգողների մտքում ու սրտում։

Կարևոր մտքերի ընդգծում։ Աստվածաշունչը գրողները երբեմն կրկնել են կարևոր մտքերը։ Օրինակ՝ երբ Եհովան իսրայելացիներին պատվիրեց արյուն չուտել, Մովսեսի միջոցով նա մի քանի անգամ նշեց այդ պատվերը տալու պատճառը։ Աստված ցանկանում էր ընդգծել, որ «մարմնի հոգին» արյան մեջ է, այսինքն՝ արյունը ներկայացնում է կյանքը (Ղևտ. 17։11, 14)։ Հետագայում, երբ Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները նշում էին, թե որոնք են Աստծուն տհաճ բաները, նրանք կրկին ընդգծեցին արյունից հեռու մնալու կարևորությունը (Գործ. 15։20, 29

Այդուհանդերձ, Եհովան չի ուզում, որ սուրբգրային արտահայտությունները կրկնելու սովորություն զարգացնենք։ Օրինակ՝ Հիսուսն ասաց. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր» (Մատթ. 6։7)։ Այնուհետև նշեց, թե Աստծու կամքին ներդաշնակ որ թեմաների շուրջ արժե աղոթել (Մատթ. 6։9-13)։ Ուստի թեև մենք խուսափում ենք աղոթքում անընդհատ նույն բառերը կրկնելուց, սակայն կարող ենք նորից ու նորից անկաշկանդ աղոթել նույն թեմաների շուրջ (Մատթ. 7։7-11

Տեսնում ենք, որ Աստծու Խոսքում որոշ բառեր ու արտահայտություններ կրկնվում են, և դա այն կերպերից մեկն է, որով մեր Մեծ Ուսուցիչը օգտակար բաներ է սովորեցնում մեզ (Ես. 48։17, 18