Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 16

ԵՐԳ 64 Ուրախությամբ մասնակցենք հնձին

Ուրախություն ստացիր ծառայությունից. ինչպե՞ս

Ուրախություն ստացիր ծառայությունից. ինչպե՞ս

«Ծառայե՛ք Եհովային ուրախությամբ» (ՍԱՂ. 100։2

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ի՞նչ կարող ենք անել, որ ավելի շատ ուրախություն ստանանք մեր ծառայությունից։

1. Ինչո՞ւ է ոմանց համար դժվար ծառայության ժամանակ խոսել անծանոթների հետ (տես նաև նկարը)։

 ԼԻՆԵԼՈՎ Եհովայի ժողովուրդը՝ մենք քարոզում ենք բարի լուրը, քանի որ սիրում ենք մեր երկնային Հորը և ուզում ենք՝ ուրիշներն էլ իմանան նրա մասին։ Շատերը իսկապես վայելում են քարոզչական գործը, իսկ մյուսների համար դժվար է ուրախություն ստանալ դրանից։ Ինչո՞ւ։ Թերևս պատճառն այն է, որ ոմանք շատ ամաչկոտ են կամ անվստահ։ Ոմանք էլ անհարմար են զգում առանց հրավերի մարդկանց տուն գնալ։ Իսկ որոշ քարոզիչներ վատ են զգում այն մտքից, որ իրենց հայտնած լուրը կմերժեն, մյուսներն էլ փոքրուց սովորել են հեռու մնալ կոնֆլիկտային իրավիճակներից։ Թեև մեր այս եղբայրներն ու քույրերը շատ են սիրում Եհովային, սակայն անծանոթ մարդկանց բարի լուրը հայտնելը շատ դժվար է նրանց համար։ Այնուամենայնիվ, նրանք գիտակցում են քարոզչական գործի կարևորությունը և կանոնավորաբար մասնակցում են դրան։ Վստահ ենք, որ դա շատ է ուրախացնում Եհովային։

Հաճույքո՞վ ես մասնակցում քարոզչական գործին (տես պարբերություն 1)


2. Ինչո՞ւ չպետք է վհատվես, եթե ուրախություն չես ստանում ծառայությունից։

2 Քեզ համար է՞լ է երբեմն դժվար ուրախությամբ մասնակցել ծառայությանը։ Եթե այո, մի՛ վհատվիր։ Ծառայության ժամանակ անվստահության զգացում ունենալը թերևս խոնարհության նշան է և ցույց է տալիս, որ չես ցանկանում հայտնվել ուշադրության կենտրոնում ու վիճաբանել մարդկանց հետ։ Մերժված լինելու զգացումը ոչ ոքի էլ հաճելի չէ, հատկապես երբ ուզում ես լավ բան անել ուրիշների համար, և նրանք չեն ընդունում դա։ Սակայն հիշիր, որ քո երկնային Հայրը լիովին հասկանում է՝ ինչ ես զգում, և ցանկանում է օգնել քեզ (Ես. 41։13)։ Հոդվածում կքննենք հինգ առաջարկ, որոնք կիրառելով՝ կարող ես ձերբազատվել նման զգացումներից և ուրախություն ստանալ ծառայությունից։

ԶՈՐԱՑԻՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔՈՎ

3. Ի՞նչն օգնեց Երեմիա մարգարեին քարոզել։

3 Դարեր շարունակ Աստծու ծառաները դժվար հանձնարարություններ կատարելիս զորացել են Նրա խոսքով։ Նրանցից էր Երեմիա մարգարեն։ Երբ նա Աստծուց քարոզելու հանձնարարություն ստացավ, մտածում էր, որ չի կարողանա կատարել այն։ Նա ասաց. «Ես խոսել չգիտեմ, որովհետև դեռ պատանի եմ» (Երեմ. 1։6)։ Իսկ ինչպե՞ս մարգարեն վստահությամբ լցվեց, որ քարոզի։ Աստծու խոսքերը նրան ուժ տվեցին։ Երեմիան գրել է. «Նրա խոսքը վառվող կրակի պես դարձավ՝ ոսկորներիս մեջ պահված. ես հոգնեցի իմ մեջ պահելուց» (Երեմ. 20։8, 9)։ Թեև Երեմիայի համար դժվար էր իրեն նշանակված տարածքում քարոզել, սակայն այն լուրը, որ նա պետք է հռչակեր, ուժ տվեց նրան, որ կատարի իր հանձնարարությունը։

4. Աստծու Խոսքը կարդալն ու դրա շուրջ խորհրդածելը ի՞նչ ազդեցություն են ունենում մեզ վրա (Կողոսացիներ 1։9, 10

4 Աստվածաշունչը զորացնում է քրիստոնյաներին։ Կողոսայի ժողովին գրելիս Պողոսը նշեց, որ ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելը կմղի իր եղբայրներին «Եհովային արժանի կերպով քայլել» և «շարունակել պտուղ բերել ամեն բարի գործում» (կարդա Կողոսացիներ 1։9, 10)։ Այդ գործի մեջ է մտնում Թագավորության մասին բարի լուրը քարոզելը։ Ուստի երբ կարդում ենք Աստծու Խոսքը և խորհրդածում դրա շուրջ, Եհովայի հանդեպ մեր հավատն ամրանում է, և մենք ավելի լավ ենք գիտակցում Թագավորության մասին լուրը քարոզելու կարևորությունը։

5. Ինչպե՞ս կարող ենք լիարժեք օգուտներ քաղել Աստվածաշնչի ընթերցանությունից և ուսումնասիրությունից։

5 Աստծու Խոսքից լիարժեք օգուտներ քաղելու համար բավականաչափ ժամանակ տրամադրիր, որ առանց շտապելու այն կարդաս, ուսումնասիրես և խորհրդածես դրա շուրջ։ Երբ անհասկանալի մտքի ես հանդիպում, պարզապես առաջ մի՛ անցիր, այլ դադար տուր և փորձիր գտնել այդ մտքի բացատրությունը՝ օգտվելով փնտրտուքների համար նախատեսված մեր գործիքներից, որոնցից է՝ «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկը։ Եթե առանց շտապելու ուսումնասիրես Աստծու Խոսքը, ավելի կհամոզվես, որ դրանում գրվածը ճշմարտություն է (1 Թեսաղ. 5։21)։ Եվ որքան համոզված լինես դրանում, այնքան ավելի մեծ հաճույքով քո սովորածը կպատմես ուրիշներին։

ԼԱՎ ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

6. Ինչո՞ւ պետք է լավ պատրաստվենք ծառայությանը։

6 Եթե լավ պատրաստվես ծառայությանը, անծանոթ մարդկանց հետ զրուցելիս շատ չես լարվի։ Նախքան իր աշակերտներին քարոզելու ուղարկելը Հիսուսը օգնեց նրանց նախապատրաստվել (Ղուկ. 10։1-11)։ Հիսուսի սովորեցրածները կիրառելու շնորհիվ աշակերտները ծառայության մեջ բազմաթիվ հաջողություններ ունեցան, ինչը մեծ ուրախություն պատճառեց նրանց (Ղուկ. 10։17

7. Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել ծառայությանը (տես նաև նկարը)։

7 Իսկ ինչպե՞ս պատրաստվել ծառայությանը։ Փորձիր քո բառերով ձևակերպել աստվածաշնչյան ճշմարտությունները, որոնց մասին ուզում ես խոսել։ Պատկերացրու մի քանի հավանական իրավիճակ, թե մարդիկ ինչպես կարձագանքեն քո հայտնած լուրին, և մտածիր, թե ինչպես ես շարունակելու զրույցը յուրաքանչյուր դեպքում։ Երբ այս ամենն անելուց հետո գնաս ծառայության, մարդկանց հետ զրուցելիս փորձիր չլարվել, ժպտա և անմիջական եղիր։

Լավ պատրաստվիր ծառայությանը (տես պարբերություն 7)


8. Ի՞նչ առումով են քրիստոնյաները նման Պողոս առաքյալի հիշատակած կավե անոթներին։

8 Քարոզչական գործում մեր ունեցած դերի մասին խոսելիս Պողոս առաքյալը հետևյալն ասաց. «Մենք այս գանձն ունենք կավե անոթներում» (2 Կորնթ. 4։7)։ Ի՞նչ գանձի մասին է խոսքը։ Դա Թագավորության մասին քարոզչությունն է, որը կյանքեր է փրկում (2 Կորնթ. 4։1)։ Իսկ «կավե անոթները» ներկայացնում են Աստծու ծառաներին, ովքեր բարի լուրը պատմում են ուրիշներին։ Պողոսի օրերում առևտրականները կավե անոթներով թանկարժեք իրեր էին տեղափոխում, օրինակ՝ ուտելիք, գինի և փող։ Նմանապես Եհովան Թագավորության մասին թանկ ճշմարտությունը մեր միջոցով հասցնում է մարդկանց։ Կարող ենք համոզված լինել, որ նրա օգնությամբ բավականաչափ ուժ կունենանք, որպեսզի շարունակենք կատարել մեր դերը։

ԱՂՈԹԻՐ, ՈՐ ՔԱՋ ԼԻՆԵՍ

9. Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել մարդկանց հանդեպ վախը (տես նաև նկարը)։

9 Երբեմն գուցե վախենանք, որ մարդիկ կհակառակվեն մեզ կամ չեն ցանկանա լսել։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ վախը։ Նկատի առնենք, թե ինչ արեցին առաքյալները, երբ նրանց պատվիրեցին չքարոզել։ Վախին տրվելու փոխարեն նրանք աղոթեցին Եհովային, որ օգնի իրենց «համարձակությամբ քարոզել [նրա] խոսքը» (Գործ. 4։18, 29, 31)։ Եթե երբեմն մենք էլ ենք նման վախեր ունենում, պետք է խնդրենք Եհովային, որ օգնի մեզ ավելի շատ սիրել մարդկանց։ Այդ սերը կօգնի, որ հաղթահարենք նրանց հանդեպ վախը։

Աղոթքով քաջություն խնդրիր (տես պարբերություն 9)


10. Ինչպե՞ս է Եհովան օգնում, որ կատարենք մեր դերը որպես իր Վկաներ (Եսայիա 43։10-12

10 Եհովան է տվել մեզ իր Վկաները լինելու դերը և խոստացել է օգնել, որ քաջ լինենք (կարդա Եսայիա 43։10-12)։ Տեսնենք, թե նա ինչպես է աջակցում մեզ։ Առաջին՝ օգնում է Հիսուսի միջոցով, ով բարի լուրի քարոզչության գործում միշտ մեզ հետ է (Մատթ. 28։18-20)։ Երկրորդ՝ մեզ օգնելու համար նա հրեշտակների է նշանակել (Հայտն. 14։6)։ Երրորդ՝ տվել է իր սուրբ ոգին, որը հիշեցնում է մեզ այն, ինչ սովորել ենք (Հովհ. 14։25, 26)։ Չորրորդ՝ հոգևոր եղբայրներ ու քույրեր է տվել, որոնց հետ համագործակցում ենք ծառայության մեջ։ Ունենալով Եհովայի և մեր սիրառատ եղբայրության աջակցությունը՝ կկարողանանք քաջ լինել և շարունակել քարոզչական գործը։

ԵՂԻՐ ՃԿՈՒՆ ԵՎ ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԻՐ

11. Ծառայության ժամանակ որտե՞ղ կարող ես ավելի շատ մարդ գտնել (տես նաև նկարը)։

11 Հաճա՞խ է լինում, որ գնաս տնետուն, բայց շատերը տանը չլինեն։ Եթե այո, մի՛ վհատվիր, այլ մտածիր, թե մարդիկ որտեղ կարող են լինել (Գործ. 16։13)։ Հնարավոր է՝ աշխատավայրում են կամ գնումներ են կատարում։ Եթե այդպես է, գուցե կարողանաս ավելի շատ մարդկանց հանդիպել՝ քարոզելով փողոցում։ Ջոշուա անունով մի եղբայր ասում է. «Ես քարոզելու հրաշալի առիթներ եմ ունենում՝ շրջելով առևտրի կենտրոններում և ավտոկայանատեղիներում»։ Նա և իր կինը՝ Բրիջիտը, նկատել են, որ մարդիկ հաճախ տանն են լինում երեկոյան ժամերին և կիրակի կեսօրին (Եփես. 5։15, 16

Քարոզիր տարբեր ժամերի և տարբեր վայրերում (տես պարբերություն 11)


12. Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե մարդիկ ինչ հավատալիքներ ունեն, կամ ինչն է նրանց մտահոգում։

12 Եթե մարդիկ առանձնապես չեն հետաքրքրվում քո հայտնած լուրով, փորձիր հասկանալ, թե նրանք ինչ հավատալիքներ ունեն, կամ ինչն է նրանց մտահոգում։ Ջոշուան ու Բրիջիտը մարդկանց հետ զրույց են սկսում՝ օգտվելով մեր թերթիկներում նշված հարցերից։ Օրինակ՝ «Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը ձեզ համար» թերթիկի հիման վրա նրանք հարցնում են. «Ոմանք հավատում են, որ Աստվածաշունչը Աստծու խոսքն է, իսկ ոմանք՝ ոչ։ Դո՞ւք ինչ եք կարծում»։ Այսպես հաճախ լավ զրույցներ են լինում։

13. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ծառայության մեջ մեր հաջողությունը կախված չէ մարդկանց արձագանքից (Առակներ 27։11

13 Ծառայության մեջ մեր հաջողությունը կախված չէ արդյունքներից։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ քարոզելով մենք կատարում ենք Եհովայի և նրա Որդու պատվերը. մենք «վկայություն ենք տալիս» (Գործ. 10։42)։ Անգամ երբ մարդիկ տանը չեն լինում, կամ երբ մեր հայտնած լուրը մերժում են, կարող ենք ուրախանալ այն մտքից, որ հաճեցրել ենք մեր երկնային Հորը (կարդա Առակներ 27։11

14. Ինչո՞ւ կարող ենք ուրախանալ, երբ մեկ այլ քարոզիչ է հանդիպում ճշմարտությամբ հետաքրքրվող մարդու։

14 Մենք կարող ենք ուրախանալ նաև այն ժամանակ, երբ մեկ այլ քարոզիչ է ճշմարտությամբ հետաքրքրվող մարդու հանդիպում։ «Դիտարան» ամսագիրը քարոզչական գործը նմանեցնում է կորած երեխա փնտրելու աշխատանքներին։ Շատերն են մասնակցում որոնողական աշխատանքներին՝ անցնելով մի տարածքից մյուսը, և երբ երեխան գտնվում է, բոլորն են ուրախանում, ոչ թե միայն նա, ով գտել է նրան։ Աշակերտ պատրաստելն էլ է թիմային աշխատանք։ Ժողովի տարածքը հիմնովին մշակելու համար անհրաժեշտ է բոլորի մասնակցությունը, և երբ որևէ մեկը սկսում է հաճախել ժողովի հանդիպումներին, ժողովում բոլորն են ուրախանում։

ՍԻՐԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ

15. Ինչպե՞ս կարող են Մատթեոս 22։37-39 համարները օգնել մեզ, որ ավելի եռանդով մասնակցենք քարոզչական գործին (տես նաև նկարը)։

15 Մենք ավելի մեծ եռանդով կմասնակցենք քարոզչական գործին, եթե միշտ հիշենք, որ այդպես մեր սերն ենք արտահայտում Եհովայի և մարդկանց հանդեպ (կարդա Մատթեոս 22։37-39)։ Միայն պատկերացրու, թե որքան է ուրախանում Եհովան՝ տեսնելով, որ մասնակցում ենք քարոզչական գործին, և թե ինչ ուրախություն կզգան այն մարդիկ, ովքեր կսկսեն Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հիշիր նաև, որ ովքեր լսում են բարի լուրը և որոշում են ծառայել Եհովային, կարող են ապրել հավիտյան (Հովհ. 6։40; 1 Տիմոթ. 4։16

Մենք ավելի մեծ ուրախություն կստանանք ծառայությունից, եթե հիշենք, որ քարոզելով արտահայտում ենք մեր սերը Եհովայի և մարդկանց հանդեպ (տես պարբերություն 15)


16. Ինչպե՞ս կարող ենք ուրախություն ստանալ մեր ծառայությունից, եթե ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չենք տնից դուրս գալու։ Բեր օրինակներ։

16 Եթե ինչ-ինչ պատճառներով չես կարողանում տնից դուրս գալ, մտածիր, թե քո հանգամանքներում ինչպես կարող ես արտահայտել սերդ Եհովայի և մարդկանց հանդեպ։ COVID-19 համավարակի ընթացքում Սեմյուելն ու Դանիան ստիպված էին տանը մնալ։ Այդ դժվար ժամանակներում նրանք կանոնավորաբար քարոզում էին հեռախոսով, նամակներ էին գրում և Zoom-ով Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնում։ Սեմյուելը քարոզում էր նաև հիվանդանոցում, որտեղ քաղցկեղի դեմ բուժում էր ստանում։ Նա ասում է. «Դժվարությունները զգացական, ֆիզիկական և հոգևոր առումներով ուժասպառ են անում։ Ուստի կարևոր է, որ ուրախություն ստանանք Եհովային ծառայելուց»։ Այդ ընթացքում նրա կինը՝ Դանիան, ընկավ և լուրջ վնասվածք ստացավ, ինչի հետևանքով երեք ամիս գամված մնաց անկողնուն։ Դրանից հետո նա վեց ամիս տեղաշարժվում էր անվասայլակով։ Քույրն ասում է. «Իմ հանգամանքների սահմաններում փորձում էի անել այն, ինչ կարող էի։ Քարոզում էի ինձ այցելող բուժքրոջը, ինչպես նաև նրանց, ովքեր մեր տուն ապրանքներ էին առաքում։ Ինձ հաջողվել է նաև հեռախոսով քարոզել մի կնոջ, ով աշխատում էր բժշկական սարքավորումներ վաճառող ընկերությունում»։ Թեև Սեմյուելի և Դանիայի հանգամանքները սահմանափակ էին, սակայն նրանք իրենց լավագույնն էին անում և ուրախություն էին ստանում դրանից։

17. Ինչպե՞ս կարող ենք հասնել լավագույն արդյունքի։

17 Եթե մեր ծառայությունը համեմատենք ուտեստի հետ, կարող ենք ասել, որ հոդվածում նշված առաջարկները այդ ուտեստի բաղադրիչներն են։ Երբ բոլոր բաղադրիչները իրենց տեղում են, ուտեստը համեղ է ստացվում։ Նմանապես հոդվածի բոլոր առաջարկները կիրառելով՝ կհասնենք լավագույն արդյունքի. ավելի հեշտությամբ կհաղթահարենք բացասական զգացումները և ավելի մեծ ուրախություն կստանանք մեր ծառայությունից։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ, ԵԹԵ՝

  • առանց շտապելու լավ պատրաստվենք,

  • աղոթքով քաջություն խնդրենք,

  • հիշենք, որ ծառայությանը մասնակցելով՝ արտահայտում ենք մեր սերը Եհովայի և մարդկանց հանդեպ։

ԵՐԳ 80 «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»