Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 15

ԵՐԳ 124 Միշտ նվիրված

Ամրացրու վստահությունդ Եհովայի կազմակերպության հանդեպ

Ամրացրու վստահությունդ Եհովայի կազմակերպության հանդեպ

«Հիշեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, ովքեր Աստծու խոսքը խոսեցին ձեզ հետ» (ԵԲՐ. 13։7

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր վստահությունը Եհովայի կազմակերպության հանդեպ և չկորցնել այն։

1. Առաջին դարում ինչպե՞ս էր կազմակերպված քրիստոնեական ժողովը։

 ԵՀՈՎԱՆ ակնկալում է, որ իր ժողովուրդը կազմակերպված ձևով կատարի իր տված հանձնարարությունները (1 Կորնթ. 14։33)։ Նրա կամքն է, որ բարի լուրը քարոզվի ողջ երկրով մեկ (Մատթ. 24։14)։ Եհովան Հիսուսին է նշանակել, որ առաջնորդի այդ գործը, և վերջինս հոգ է տարել, որ այն կազմակերպված ձևով ընթանա։ Առաջին դարում առաքյալներից և փորձառու երեցներից բաղկացած մի խումբ կար Երուսաղեմում, որը բոլոր ժողովների համար որոշումներ էր կայացնում։ Եվ երբ տարբեր վայրերում ժողովներ էին հիմնվում, տեղի երեցները այդ եղբայրների կայացրած որոշումները փոխանցում էին իրենց ժողովի եղբայրներին ու քույրերին (Գործ. 14։23; 15։2; 16։4)։ Տրված հրահանգներին հետևելու արդյունքում «ժողովները շարունակում էին հաստատվել հավատի մեջ, և նրանց թիվը օրեցօր աճում էր» (Գործ. 16։5

2. 1919 թ.-ից սկսած՝ Եհովան ինչպե՞ս է առաջնորդում իր ժողովրդին և ապահովում հոգևոր սննդով։

2 Եհովան այսօր էլ է կազմակերպված ձևով առաջնորդում իր ժողովրդին։ 1919 թ.-ից սկսած՝ Հիսուսը օծյալ տղամարդկանց փոքր խմբի միջոցով կազմակերպում է քարոզչական գործը և իր հետևորդներին ապահովում հոգևոր սննդով (Ղուկ. 12։42 a Ակնհայտ է, որ Եհովան օրհնում է այդ խմբի աշխատանքը (Ես. 60։22; 65։13, 14

3-4. ա) Բացատրիր, թե ինչ օգուտ է բերում կազմակերպված լինելը։ բ) Ի՞նչ կիմանանք այս հոդվածից։

3 Եթե կազմակերպված չլինենք, չենք կարողանա կատարել Հիսուսի հանձնարարած գործը (Մատթ. 28։19, 20)։ Օրինակ, եթե քարոզչական տարածքներ չնշանակվեն, և մենք քարոզենք այնտեղ, որտեղ ուզենք, որոշ տարածքներ անընդհատ կմշակվեն, իսկ մյուսները կանտեսվեն։ Մտածիր, թե կազմակերպված լինելը ուրիշ ինչ օգուտներ է բերում։

4 Հիսուսը այսօր էլ է կազմակերպում իր հետևորդների գործունեությունը, ինչպես որ դա անում էր առաջին դարում։ Հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչ օրինակ է թողել Հիսուսը, և թե մեր կազմակերպությունը ինչպես է ընդօրինակում նրան։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք արտահայտել մեր վստահությունը Եհովայի կազմակերպության հանդեպ։

ՄԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻ ՕՐԻՆԱԿԻՆ

5. Ո՞րն է կերպերից մեկը, որով մեր կազմակերպությունը ընդօրինակում է Հիսուսին (Հովհաննես 8։28

5 Հիսուսն ասում և անում էր այն, ինչ սովորել էր իր երկնային Հորից։ Ընդօրինակելով Հիսուսին՝ Եհովայի կազմակերպությունը իր տված առաջնորդությունը և ճշտի ու սխալի վերաբերյալ չափանիշները հիմնում է Աստծու Խոսքի վրա (կարդա Հովհաննես 8։28; 2 Տիմոթ. 3։16, 17)։ Մենք կանոնավորաբար հորդոր ենք ստանում, որ կարդանք Աստծու Խոսքը և կիրառենք այն, ինչ սովորում ենք։ Իսկ ի՞նչ օգուտ ենք ստանում՝ հետևելով այդ հորդորին։

6. Ի՞նչ օգուտ ենք ստանում, երբ Աստծու Խոսքը ուսումնասիրում ենք մեր հրատարակությունների օգնությամբ։

6 Մենք մեծ օգուտներ ենք ստանում, երբ ուսումնասիրում ենք Աստծու Խոսքը՝ օգտվելով մեր հրատարակություններից։ Այդ օգուտներից մեկն այն է, որ մեր կազմակերպությունից եկող առաջնորդությունը կարողանում ենք համեմատել այն ամենի հետ, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։ Երբ տեսնում ենք, որ մեզ տրված առաջնորդությունը Աստծու Խոսքի վրա է հիմնված, Եհովայի կազմակերպության հանդեպ մեր վստահությունը ամրանում է (Հռոմ. 12։2

7. Ի՞նչ էր քարոզում Հիսուսը, և ինչպե՞ս է Եհովայի կազմակերպությունը հետևում նրա օրինակին։

7 Հիսուսը քարոզում էր «Աստծու թագավորության բարի լուրը» (Ղուկ. 4։43, 44)։ Նա իր աշակերտներին էլ հանձնարարեց նույնն անել (Ղուկ. 9։1, 2; 10։8, 9)։ Այսօր բոլոր նրանք, ովքեր Եհովայի կազմակերպության մաս են կազմում, քարոզում են Թագավորության մասին լուրը՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում և որքան շատ բան են անում կազմակերպության մեջ։

8. Ի՞նչ անելու պատիվ ունենք։

8 Աստծու Թագավորության մասին ճշմարտությունը մարդկանց պատմելը մեծ պատիվ է մեզ համար։ Ոչ բոլորն են արժանանում այս պատվին։ Հիշենք այն դեպքը, երբ Հիսուսը երկրի վրա էր և թույլ չտվեց, որ չար ոգիները խոսեն իր մասին (Ղուկ. 4։41)։ Նախքան Եհովայի ժողովրդի հետ քարոզչական գործին պաշտոնապես մասնակցելը անհատը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Երբ քարոզելու առիթը բաց չենք թողնում, ցույց ենք տալիս, թե ինչ մեծ պատիվ է դա մեզ համար։ Հիսուսի պես մեր նպատակն է Թագավորության ճշմարտության սերմերը ցանել մարդկանց սրտերում և ջրել դրանք (Մատթ. 13։3, 23; 1 Կորնթ. 3։6

9. Ինչպե՞ս է կազմակերպությունը հայտնի դարձնում Աստծու անունը։

9 Հիսուսը հայտնի դարձրեց Աստծու անունը։ Իր երկնային Հորը աղոթելիս Հիսուսն ասաց. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը» (Հովհ. 17։26)։ Եհովայի կազմակերպությունը, Հիսուսին ընդօրինակելով, հնարավոր ամեն բան անում է, որպեսզի օգնի մարդկանց իմանալ Աստծու անունը։ Այդ հարցում մեծ դեր է խաղացել «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը», որում Աստծու անունը վերականգնվել է բոլոր այն տեղերում, որտեղ ըստ բնագրի՝ պետք է լիներ։ Այսօր այդ թարգմանությունը մասամբ կամ ամբողջությամբ առկա է ավելի քան 270 լեզուներով։ «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույցի» մաս 1-ում և 2-ում կարող ես մանրամասներ գտնել այն մասին, թե ինչու և ինչպես է Աստծու անունը վերականգնվել Աստվածաշնչում։ Իսկ «Դիտարանի»՝ 2008 թ. օգոստոսի 1-ի համարում տեղ գտած «Նոր Կտակարանը և Եհովա անունը» հոդվածում կարող ես գտնել ապացույցներ, թե Աստծու անունը ինչու պետք է 237 անգամ լինի Հունարեն Գրություններում (էջ 18-22)։

10. Ի՞նչ ես սովորում Մյանմայում ապրող մի կնոջ խոսքերից։

10 Հիսուսի նման մենք ցանկանում ենք հնարավորինս շատ մարդկանց օգնել իմանալ Աստծու անունը։ Երբ Մյանմայում ապրող 67-ամյա մի կին իմացավ Աստծու անունը, շատ հուզվեց և արցունքն աչքերին իրեն Աստվածաշունչ ուսուցանող քրոջն ասաց. «Առաջին անգամ է, որ լսում եմ Աստծու անունը։ Դու ինձ ամենակարևոր բանը սովորեցրիր»։ Փորձը ցույց է տալիս, որ Աստծու անունն իմանալը շատ մեծ ազդեցություն է թողնում անկեղծ սիրտ ունեցողների վրա։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՎՍՏԱՀԵԼ ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

11. Ինչպե՞ս կարող են երեցները ցույց տալ, որ վստահում են Եհովայի կազմակերպությանը (տես նաև նկարը)։

11 Ինչպե՞ս կարող են երեցները ցույց տալ, որ վստահում են Աստծու կազմակերպությանը։ Առաջնորդություն ստանալիս կարևոր է, որ երեցները ուշադրությամբ կարդան այն և ամեն կերպ փորձեն հետևել դրան։ Նրանք առաջնորդություն են ստանում, թե ինչպես անցկացնեն ժողովի հանդիպումները, ինչպես աղոթեն ժողովում և հոգ տանեն Քրիստոսի գառներին։ Կազմակերպությունից եկող առաջնորդությանը հետևող երեցները նպաստում են այն բանին, որ իրենց հոգածության տակ լինողները ապահով ու սիրված զգան իրենց։

Երեցները օգնում են մեզ վստահել Եհովայի կազմակերպությունից եկող առաջնորդությանը (տես պարբերություն 11) b


12. ա) Ինչո՞ւ պետք է համագործակցենք երեցների հետ (Եբրայեցիներ 13։7, 17)։ բ) Ինչո՞ւ պետք է կենտրոնանանք երեցների դրական հատկությունների վրա։

12 Երբ երեցները առաջնորդություն են տալիս, մենք պետք է ձգտենք պատրաստակամորեն հետևել դրան։ Այդպես վարվելով՝ կհեշտացնենք նրանց գործը։ Աստվածաշունչը հորդորում է հնազանդվել և հպատակվել նրանց, ովքեր առաջնորդում են մեզ (կարդա Եբրայեցիներ 13։7, 17)։ Երբեմն այդպես վարվելը կարող է դժվար լինել, քանի որ երեցները նույնպես անկատար են։ Եթե կենտրոնանանք նրանց բացասական և ոչ թե դրական կողմերի վրա, մեր թշնամիների ջրաղացին ջուր կլցնենք։ Այդ ինչպե՞ս։ Մենք կթուլացնենք մեր վստահությունը Աստծու կազմակերպության հանդեպ, իսկ մեր թշնամիները հենց դա են ուզում։ Տեսնենք, թե ինչ կոնկրետ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի բնորոշենք մեր թշնամիների բացասական պրոպագանդան և մերժենք այն։

ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՈՒՐ, ՈՐ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԹՈՒԼԱՑՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԴ

13. Ինչպե՞ս են Աստծու թշնամիները փորձում վարկաբեկել նրա կազմակերպությունը։

13 Աստծու թշնամիները փորձում են բացասական լույսի ներքո ներկայացնել նրա կազմակերպության դրական կողմերը։ Աստվածաշնչից գիտենք, որ Եհովան իր ծառաներից ակնկալում է լինել ֆիզիկապես, բարոյապես և հոգևորապես մաքուր։ Նա պահանջում է, որ ժողովից հեռացվի ցանկացած մեկը, ով ոտնահարում է մաքրության վերաբերյալ իր պահանջները և չի զղջում (1 Կորնթ. 5։11-13; 6։9, 10)։ Մենք հնազանդվում ենք վերոնշյալ սուրբգրային պատվերին, մինչդեռ մեր թշնամիները այդ փաստն օգտագործում են մեր դեմ և մեղադրում են մեզ՝ ասելով, թե մենք չենք սիրում մարդկանց, դատապարտում ենք նրանց և անհանդուրժող ենք։

14. Ո՞վ է կանգնած կազմակերպության մասին սուտ պատմությունների հետևում։

14 Հասկացիր, թե ով է կանգնած Աստծու կազմակերպության դեմ ուղղված հարձակումների հետևում։ Սուտ պատմությունների հեղինակը Բանսարկու Սատանան է։ Աստվածաշունչը նրան «ստության հայր» է անվանում (Հովհ. 8։44; Ծննդ. 3։1-5)։ Ուստի զարմանալի չէ, որ նա իր համախոհների միջոցով կազմակերպության մասին կեղծ պատմություններ է տարածում։ Նա այդպես էր վարվում նաև առաջին դարում։ Տեսնենք, թե ինչպես։

15. Կրոնական առաջնորդները ինչպե՞ս վարվեցին Հիսուսի և նրա հետևորդների հետ։

15 Թեև Աստծու Որդին՝ Հիսուսը, կատարյալ էր և հրաշքներ էր գործում, Սատանան որոշ մարդկանց միջոցով բազմաթիվ ստեր էր տարածում նրա մասին։ Կրոնական առաջնորդները ասում էին, թե դևեր հանելու զորությունը Հիսուսը «դևերի իշխանից» է ստացել (Մարկ. 3։22)։ Իսկ Հիսուսի դատավարության ժամանակ նրանք մեղադրեցին նրան Աստծուն հայհոյելու մեջ և ամբոխին դրդեցին պահանջել նրա մահը (Մատթ. 27։20)։ Ավելի ուշ, երբ Քրիստոսի հետևորդները քարոզում էին բարի լուրը, նրանց հակառակորդները «մարդկանց հոգիները գրգռեցին և [նրանց] դեմ տրամադրեցին» (Գործ. 14։2, 19Գործեր 14։2-ի վերաբերյալ «Դիտարանի» 1998 թ. դեկտեմբերի 1-ի համարում հետևյալն է գրված. «Չբավարարվելով նրանով, որ չընդունեցին լուրը՝ հրեա հակառակորդները սկսեցին ստեր տարածել և հեթանոսներին տրամադրել քրիստոնյաների դեմ»։

16. Երբ սուտ պատմություններ ենք լսում, ի՞նչ պետք է հիշենք։

16 Սատանան այսօր էլ է ստեր տարածում։ Նա շարունակում է «մոլորեցնել ողջ երկիրը» (Հայտն. 12։9)։ Եթե կազմակերպության կամ առաջնորդող եղբայրների մասին բացասական պատմություններ լսես, հիշիր, որ Աստծու թշնամիները Հիսուսի և նրա աշակերտների հետ էլ էին նման կերպ վարվում։ Ինչպես մարգարեացվել էր Աստվածաշնչում, այսօր Եհովայի ժողովրդին հալածում են ու զրպարտում (Մատթ. 5։11, 12)։ Որպեսզի կեղծ պատմությունները մեզ չմոլորեցնեն, մենք պետք է հասկանանք, թե ով է կանգնած դրանց հետևում, և անմիջապես քայլեր ձեռնարկենք։ Տեսնենք, թե ինչ քայլերի մասին է խոսքը։

17. Ի՞նչ կարող ենք անել, որ սուտ պատմությունները չվնասեն մեզ (2 Տիմոթեոս 1։13; տես նաև « Ինչպե՞ս արձագանքել սուտ պատմություններին» շրջանակը)։

17 Մերժիր կեղծ պատմությունները։ Պողոս առաքյալը հստակ հրահանգներ է տվել, թե ինչ է հարկավոր անել կեղծ պատմություններ լսելիս։ Նա Տիմոթեոսին ասաց, որ «պատվիրի ոմանց.... ուշադրություն չդարձնել սուտ պատմություններին», ինչպես նաև այն «պատմություններին, որոնք պղծում են սուրբ բաները» (1 Տիմոթ. 1։3, 4; 4։7)։ Փոքր երեխան չհասկանալով գուցե գետնից մի բան վերցնի և տանի բերանը, բայց չափահաս մարդը երբեք նման բան չի անի, քանի որ գիտակցում է այդպես վարվելու վտանգները։ Նմանապես մենք մերժում ենք սուտ պատմությունները, քանի որ հասկանում ենք, թե որտեղից են դրանք։ Մենք ուզում ենք ականջ դնել միայն ճշմարտության «առողջ խոսքերին» (կարդա 2 Տիմոթեոս 1։13

18. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ վստահում ենք Եհովայի կազմակերպությանը։

18 Այս հոդվածում քննեցինք ընդամենը երեք կերպ, որոնցով Աստծու կազմակերպությունը ընդօրինակում է Հիսուսին։ Աստվածաշունչն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրու, թե մեր կազմակերպությունը ուրիշ ինչ կերպերով է դա անում, և ժողովում մյուսներին էլ օգնիր, որ ամրացնեն իրենց վստահությունը դրա հանդեպ։ Շարունակիր հավատարմորեն ծառայել Եհովային և կառչած մնա այն կազմակերպությանը, որը նա օգտագործում է իր կամքը իրականացնելու համար (Սաղ. 37։28)։ Եկեք թանկ համարենք Եհովայի սիրառատ և նվիրված ժողովրդի հետ ընկերակցելու մեծ պատիվը։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ի՞նչ կերպերով է Աստծու ժողովուրդը ընդօրինակում Հիսուսին։

  • Ի՞նչ կարող ենք անել, որ Եհովայի կազմակերպության հանդեպ մեր վստահությունը չթուլանա։

  • Ի՞նչ պետք է անենք կեղծ պատմությունների առնչվելիս։

ԵՐԳ 103 Հովիվները պարգևներ են

a Տես «Մաքուր երկրպագություն. վերջապես վերականգնված» գրքի՝ 102-103-րդ էջերի վրա գտնվող շրջանակը (անգլ., ռուս.

b ՆԿԱՐ։ Քարոզչական խմբի վերակացուն մյուս երեցների հետ հրապարակային վկայության վերաբերյալ մտքեր քննարկելուց հետո առաջնորդությունը փոխանցում է քարոզիչներին՝ նշելով, որ ցուցատախտակով ծառայելիս կանգնեն մեջքով դեպի պատը։