Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 21

ԵՐԳ 107 Աստվածային սիրո օրինակը

Ինչպե՞ս գտնել համապատասխան կողակից

Ինչպե՞ս գտնել համապատասխան կողակից

«Առաքինի կին ո՞վ կարող է գտնել։ Նրա արժեքը մարջանների արժեքից շատ ավելին է» (ԱՌԱԿ. 31։10

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ո՞ր աստվածաշնչյան սկզբունքները կօգնեն ամուսնանալ ցանկացող քրիստոնյային համապատասխան կողակից գտնել, և ինչպե՞ս կարող են ժողովում մյուսները աջակցել նրան։

1-2. ա) Ի՞նչ պետք է հաշվի առնեն ամուրի քրիստոնյաները նախքան որևէ մեկի հետ մտերմություն սկսելը։ բ) Ի՞նչ ենք հասկանում՝ մտերմության շրջան ասելով (տես «Բառամեկնությունը»)։

 ՄՏԱԾՈ՞ՒՄ ես ամուսնության մասին։ Ճիշտ է, ամուսնությունը երջանկության գրավական չէ, բայց շատ ամուրի քրիստոնյաներ՝ երիտասարդ թե տարեց, ցանկանում են կողակից ունենալ։ Ինչ խոսք, նախքան հակառակ սեռի հետ մտերմություն անելը դու պետք է ֆինանսապես, հոգևորապես և զգացապես պատրաստ լինես ամուսնության (1 Կորնթ. 7։36 a Այդ դեպքում երջանիկ ամուսնություն ունենալու հավանականությունը մեծ կլինի։

2 Այդուհանդերձ, համապատասխան կողակից գտնելը գուցե դժվար լինի (Առակ. 31։10)։ Անգամ երբ գտնում ես մեկին, ում կուզեիր ավելի մոտիկից ճանաչել, հնարավոր է՝ դժվարանաս նրա հետ մտերմություն սկսել։ b Հոդվածից կիմանանք, թե ինչը կօգնի ամուրի քրիստոնյային գտնել մեկին, ով կարող է կյանքի լավ ընկեր դառնալ իր համար, և մտերմություն սկսել նրա հետ։ Նաև կիմանանք, թե ժողովում մյուսները ինչպես կարող են օգնել ամուսնանալ ցանկացողներին։

ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՈՂԱԿԻՑ

3. Ի՞նչ պետք է հաշվի առնի ամուրի քրիստոնյան, երբ կողակից է փնտրում։

3 Եթե ցանկանում ես ամուսնանալ, ապա նախքան որևէ մեկի հետ մտերմություն սկսելը մտածիր, թե ինչ հատկություններ ես ուզում տեսնել քո ապագա կողակցի մեջ։ Հակառակ դեպքում՝ գուցե չնկատես մեկին, ով լավ կողակից կարող էր լինել քեզ համար, կամ էլ ընկերություն անես մեկի հետ, ով համապատասխան չէ քեզ։ Ինչ խոսք, այդ անհատը պետք է մկրտված լինի, բայց դա չի նշանակում, որ ցանկացած մկրտված քրիստոնյա կարող է համապատասխան լինել քեզ (1 Կորնթ. 7։39)։ Ուստի մտածիր. «Ի՞նչ նպատակներ ունեմ կյանքում։ Հատկապես ո՞ր հատկությունները կուզեմ, որ իմ կողակիցը ունենա։ Արդյո՞ք իմ ակնկալիքները ողջամիտ են»։

4. Ինչի՞ մասին են աղոթում որոշ ամուրիներ։

4 Եթե ամուսնանալու ցանկություն ունես, անկասկած աղոթել ես այդ մասին (Փիլիպ. 4։6)։ Ճիշտ է, Եհովան ոչ ոքի կողակից չի խոստանում, բայց նա հոգ է տանում քո մասին, կարևոր է համարում քո զգացմունքները և կարող է օգնել քեզ, մինչ դու կողակից ես փնտրում։ Ուստի շարունակիր պատմել նրան քո ցանկությունների և զգացմունքների մասին (Սաղ. 62։8)։ Նրանից համբերություն և իմաստություն խնդրիր (Հակ. 1։5)։ Տեսնենք, թե Միացյալ Նահանգներում ապրող Ջոն c անունով մի ամուրի եղբայր ինչի մասին է աղոթում. «Ես Եհովային ասում եմ, թե ինչ հատկություններ եմ ուզում տեսնել իմ ապագա կողակցի մեջ, և խնդրում եմ, որ առիթներ լինեն հանդիպելու մեկին, ով կարող է դառնալ իմ կողակիցը։ Նաև աղոթում եմ, որ օգնի ինձ այնպիսի հատկություններ զարգացնել, որոնց շնորհիվ լավ ամուսին կլինեմ»։ Իսկ Տանյա անունով մի քույր, ով Շրի Լանկայից է, ասում է. «Ես Եհովային խնդրում եմ, որ մինչ կողակից եմ փնտրում, նրան հավատարիմ մնամ, դրական տրամադրվածություն պահպանեմ և երջանիկ լինեմ»։ Անգամ եթե այս պահին չես կարողանում գտնել համապատասխան կողակից, հիշիր, որ Եհովան խոստանում է հոգ տանել քո ֆիզիկական և էմոցիոնալ կարիքների մասին (Սաղ. 55։22

5. Ինչպե՞ս կարող են ամուրի քրիստոնյաները հանդիպել այնպիսի անհատի, ով սիրում է Եհովային (1 Կորնթացիներ 15։58; տես նաև նկարը)։

5 Աստվածաշունչը հորդորում է մեզ «միշտ զբաղված լինել Տիրոջ գործում» (կարդա 1 Կորնթացիներ 15։58)։ Եթե քո կյանքը կենտրոնացած լինի Եհովային ծառայելու վրա, դու բազմաթիվ առիթներ կունենաս շփվելու տարբեր եղբայրների ու քույրերի հետ։ Այդ դեպքում ոչ միայն լավ ընկերակցություն կվայելես, այլ նաև կհանդիպես այլ ամուրի քրիստոնյաների, ովքեր քեզ պես կենտրոնացած են Եհովային ծառայելու վրա։ Եհովային քո լավագույնը տալով՝ իսկական երջանկություն կվայելես։

Եթե զբաղված լինես Եհովային ծառայելով և շփվես տարբեր հավատակիցների հետ, հնարավոր է՝ հանդիպես այլ ամուրիների, ովքեր նույնպես ուզում են ամուսնանալ (տես պարբերություն 5)


6. Ի՞նչ պետք է հիշեն այն քրիստոնյաները, ովքեր կողակից են փնտրում։

6 Սակայն զգույշ եղիր, որ կողակից փնտրելը չդառնա քո կյանքի ամենակարևոր բանը (Փիլիպ. 1։10)։ Իսկական երջանկությունը կախված է ոչ թե ամուսնական կարգավիճակից, այլ Եհովայի հետ մտերմությունից (Մատթ. 5։3)։ Հիշիր, որ ամուրի լինելով՝ դու ավելի շատ ազատություն ունես ընդլայնելու քո ծառայությունը (1 Կորնթ. 7։32, 33)։ Լավագույնս օգտագործիր այդ ժամանակը։ Ջեսիկա անունով մի քույր, ով Միացյալ Նահանգներից է, ամուսնացել է մոտ 40 տարեկանում։ Նա ասում է. «Ես ուզում էի ամուսնանալ, բայց նախքան կողակից կգտնեի, ծառայության մեջ զբաղված լինելը օգնում էր ինձ, որ բավարարվածության զգացում ունենամ»։

ՄԻ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՂՔԻՑ ՆԱՅԻՐ

7. Ինչո՞ւ է իմաստուն նախքան անհատի հանդեպ հետաքրքրություն ցույց տալը մի որոշ ժամանակ նրան կողքից նայել (Առակներ 13։16

7 Ենթադրենք՝ հանդիպել ես մեկին, ով կարծում ես՝ լավ կողակից կարող է լինել քեզ համար։ Պե՞տք է արդյոք անմիջապես ցույց տաս, որ հետաքրքրված ես նրանով։ Աստվածաշունչն ասում է, որ իմաստուն մարդը իմացությամբ է վարվում, այսինքն՝ նախքան գործի անցնելը տեղեկություններ է հավաքում (կարդա Առակներ 13։16)։ Ուստի իմաստուն վարված կլինես, եթե մի որոշ ժամանակ կողքից նայես նրան՝ առանց ցույց տալու, որ հետաքրքրված ես նրանով։ Աշվին անունով մի եղբայր, ով Նիդերլանդներից է, ասում է. «Զգացմունքները կարող են շատ արագ զարգանալ, արագ էլ մարել։ Եթե մի որոշ ժամանակ անհատին կողքից նայես, նրա հետ մտերմություն չես սկսի զգացմունքների ազդեցության տակ»։ Բացի այդ՝ գուցե հենց այդ փուլում հասկանաս, որ նա համապատասխան չէ քեզ։

8. Ինչպե՞ս կարող է ամուրի քրիստոնյան «կողքից նայել» նրան, ում հավանում է (տես նաև նկարը)։

8 Իսկ ինչպե՞ս կարող ես, այսպես ասած, կողքից նայել անհատին։ Ժողովի հանդիպումների կամ ընկերական հավաքույթների ժամանակ կարող ես ուշադրություն դարձնել նրա հոգևոր վիճակին, բնավորությանը և վարքին։ Տես, թե ովքեր են նրա ընկերները, և ինչի մասին է նա սիրում խոսել (Ղուկ. 6։45)։ Ի՞նչ նպատակներ նա ունի. արդյո՞ք ձեր նպատակները համընկնում են։ Գուցե հարմար գտնես խոսել նրա ժողովի երեցների կամ նրան լավ ճանաչող այլ հասուն քրիստոնյաների հետ (Առակ. 20։18)։ Կարող ես հարցնել, թե ինչ հատկություններ և համբավ ունի նա (Հռութ 2։11)։ Եվ մինչ փորձում ես ավելին իմանալ այդ անհատի մասին, զգույշ եղիր, որ նրան անհարմար դրության մեջ չդնես։ Հարգիր նրա զգացմունքները և անձնական կյանքի ու ազատության իրավունքը։

Նախքան անհատին ասելը, որ հետաքրքրված ես իրենով, մի որոշ ժամանակ կողքից նայիր նրան (տես պարբերություն 7-8)


9. Ինչո՞ւմ պետք է համոզված լինես նախքան որևէ մեկին մտերմության առաջարկ անելը։

9 Իսկ որքա՞ն ժամանակ պետք է անցնի, որ անհատին ասես՝ հետաքրքրված ես իրենով։ Եթե ժամանակից շուտ մոտենաս, գուցե իմպուլսիվ մարդու տպավորություն թողնես (Առակ. 29։20)։ Մյուս կողմից, սակայն, եթե շատ ձգձգես, գուցե անվճռական մարդու տպավորություն թողնես, հատկապես եթե նա գլխի է ընկել, որ հետաքրքրված ես իրենով (Ժող. 11։4)։ Հիշիր՝ պարտադիր չէ՝ համոզված լինես, որ կամուսնանաս այդ անհատի հետ, և հետո նոր մոտենաս նրան։ Բայց դու պետք է համոզված լինես, որ պատրաստ ես ամուսնության, և որ նա կարող է համապատասխան կողակից լինել քեզ համար։

10. Ի՞նչ պետք է անես, երբ զգում ես, որ ինչ-որ մեկը հետաքրքրված է քեզանով, բայց դա փոխադարձ չէ։

10 Իսկ ինչպե՞ս վարվել, եթե զգում ես, որ ինչ-որ մեկը քեզանով է հետաքրքրված։ Եթե նրա հետ մտերմություն սկսելու նպատակ չունես, քո գործերով հստակ ցույց տուր դա։ Նրան անտեղի հույս տալը բարության դրսևորում չի լինի (1 Կորնթ. 10։24; Եփես. 4։25

11. Եթե դու ես կազմակերպում, որ երկու ամուրի մտերմություն սկսեն կամ ամուսնանան, ի՞նչ պետք է հաշվի առնես։

11 Որոշ երկրներում ծնողները կամ ուրիշներն են կողակից ընտրում ամուրիների համար։ Որոշ երկրներում էլ ընտանիքի անդամները կամ ընկերները գուցե հավանական թեկնածու գտնեն և հետո կազմակերպեն, որ նրանք հանդիպեն ու տեսնեն, թե արդյոք համապատասխան են իրար։ Եթե քեզ խնդրում են կազմակերպել, որ երկու ամուրի մտերմություն սկսեն կամ ամուսնանան, ապա հաշվի առ երկու կողմերի նախընտրություններն ու կարիքները։ Եվ երբ որևէ մեկի համար հավանական թեկնածու գտնես, փորձիր հնարավորինս շատ բան իմանալ նրա անհատականության, հատկությունների և, որ ավելի կարևոր է, հոգևոր վիճակի մասին։ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալը շատ ավելի կարևոր է, քան փողը, կրթությունը և հասարակության մեջ ունեցած դիրքը։ Սակայն հիշիր, որ վերջնական որոշումը ամուրիներն են կայացնելու (Գաղ. 6։5

ՄՏԵՐՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ

12. Եթե ուզում ես ինչ-որ մեկի հետ մտերմություն սկսել, ինչպե՞ս կարող ես նրան ասել այդ մասին։

12 Եթե ցանկանում ես մտերմություն անել ինչ-որ մեկի հետ, ապա ինչպե՞ս կարող ես նրան ասել այդ մասին։ d Նրա հետ հանդիպիր հանրային ինչ-որ վայրում կամ խոսիր հեռախոսով։ Հստակ ասա, թե ինչ մտադրություն ունես (1 Կորնթ. 14։9)։ Եթե կարիք կա, ժամանակ տուր, որ նա մտածի քո առաջարկի մասին (Առակ. 15։28)։ Եվ եթե նրա պատասխանը դրական չէ, հարգիր նրա որոշումը։

13. Ի՞նչ կարող ես անել, երբ մտերմություն անելու առաջարկ ես ստանում (Կողոսացիներ 4։6

13 Այժմ խոսենք այն մասին, երբ քեզ են մտերմության առաջարկ անում։ Թերևս այդ անհատից մեծ քաջություն է պահանջվել քեզ մոտենալու համար, ուստի եղիր բարի և հարգալից (կարդա Կողոսացիներ 4։6)։ Եթե քեզ մտածելու ժամանակ է պետք, ասա այդ մասին, սակայն փորձիր հնարավորինս շուտ պատասխանել նրան (Առակ. 13։12)։ Իսկ եթե հետաքրքրված չես այդ անհատով, հստակ ասա այդ մասին, սակայն դա արա բարությամբ։ Հանս անունով մի եղբայր, ով Ավստրիայից է, պատմում է, թե ինչպես է վարվել, երբ մի քույր առաջարկություն է արել իրեն. «Ես նրբանկատ կերպով, բայց հստակ ասացի նրան իմ որոշման մասին։ Դա արեցի անմիջապես, քանի որ չէի ուզում, որ նա անտեղի հույսեր փայփայեր։ Բացի այդ՝ դրանից հետո զգույշ էի նրա հետ շփման հարցում, որպեսզի հանկարծ տպավորություն չստեղծվի, թե միտքս փոխել եմ»։ Իսկ եթե ցանկանում ես այդ անհատի հետ մտերմություն սկսել, ապա նրան ասա, թե մտերմության շրջանի հետ կապված ինչ զգացումներ և ակնկալիքներ ունես։ Կախված մշակույթից և այլ գործոններից՝ ձեր ակնկալիքները գուցե տարբերվեն։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՕԳՆԵԼ

14. Ինչպե՞ս կարող ենք մեր խոսքերով աջակցել ամուրիներին։

14 Ինչպե՞ս կարող ենք աջակցել այն ամուրիներին, ովքեր ուզում են ամուսնանալ։ Կերպերից մեկը մեր խոսքերում զգույշ լինելն է (Եփես. 4։29)։ Լավ կլինի՝ մտածենք հետևյալ հարցերի շուրջ. «Արդյո՞ք զգույշ եմ, որ չանեմ այնպիսի հումորներ, որոնք ցավ կպատճառեն ամուսնանալ ցանկացողներին կամ ճնշում կբանեցնեն նրանց վրա։ Երբ տեսնում եմ, որ հակառակ սեռի երկու ամուրի զրուցում են, արդյո՞ք եզրակացնում եմ, որ նրանց մեջ ինչ-որ բան կա» (1 Տիմոթ. 5։13)։ Բացի այդ՝ ամուրի քրիստոնյաների հետ շփվելիս պետք է զգույշ լինենք, որ հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծենք, թե նրանք ինչ-որ առումով թերի են։ Հանսը, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Որոշ հավատակիցներ ասում են. «Ինչո՞ւ չես ամուսնանում, տարիքդ անցնում է»։ Նման խոսքերը ամուրիներին թերարժեքության զգացումով են լցնում և ավելացնում կողակից գտնելու ճնշումը»։ Շատ ավելի լավ կլինի, որ դրա փոխարեն ամուրի քրիստոնյաներին գովելու առիթներ փնտրենք (1 Թեսաղ. 5։11

15. ա) Հռոմեացիներ 15։2-ում գրված սկզբունքի համաձայն՝ ի՞նչ պետք է հաշվի առնենք, եթե ուզում ենք օգնել ինչ-որ մեկին կողակից գտնել (տես նաև նկարը)։ բ) Տեսանյութում նշված մտքերից հատկապես որո՞նք էին ուշագրավ քեզ համար։

15 Իսկ ի՞նչ կարող ենք անել, երբ կարծում ենք, որ որևէ եղբայր ու քույր համապատասխան զույգ կլինեն։ Աստվածաշունչը հորդորում է մեզ հաշվի առնել ուրիշների զգացմունքները (կարդա Հռոմեացիներ 15։2)։ Շատ ամուրիներ չեն ուզում, որ ինչ-որ մեկը իրենց ծանոթացնի հավանական թեկնածուի հետ, և մենք պետք է հարգենք նրանց ցանկությունը (2 Թեսաղ. 3։11)։ Ուրիշներն էլ գուցե ցանկանան, որ իրենց օգնենք, բայց մենք չպետք է խառնվենք, քանի դեռ մեզ չեն խնդրել (Առակ. 3։27 e Որոշ ամուրիներ էլ նախընտրում են, որ իրենց օգնեն անուղղակի կերպով։ Գերմանիայում ապրող Լիդիա անունով մի քույր ասում է. «Կարելի է մեծ խմբով մի հավաքույթ կազմակերպել և այդ քրոջն ու եղբորը նույնպես հրավիրել։ Պարզապես առիթ ստեղծիր, որ նրանք հանդիպեն, իսկ մնացածը թող նրանց»։

Մեծ խմբով հավաքվելը լավ հնարավորություն է ամուրի քրիստոնյաների համար միմյանց հանդիպելու (տես պարբերություն 15)


16. Ի՞նչ պետք է հիշեն ամուրի քրիստոնյաները։

16 Ամուսնացած թե ամուրի՝ բոլորս էլ կարող ենք երջանիկ ու բավականություն պատճառող կյանքով ապրել (Սաղ. 128։1)։ Եթե ուզում ես ամուսնանալ, բայց դեռ համապատասխան թեկնածու չես գտել, շարունակիր կենտրոնանալ Եհովային ծառայելու վրա։ Սին Յի անունով մի քույր, ով Մակաոյից է, ասում է. «Ամուրիության տարիները շատ ավելի կարճ են՝ համեմատած այն տարիների հետ, որ կարող ես դրախտում անցկացնել քո կողակցի հետ։ Գնահատիր և լավագույնս օգտագործիր դրանք»։ Իսկ եթե արդեն մտերմություն ես անում ինչ-որ մեկի հետ, հաջորդ հոդվածում նշված մտքերը կարող են շատ օգտակար լինել քեզ համար։

ԵՐԳ 137 Հավատարիմ կանայք, քրիստոնյա քույրեր

a Հասկանալու համար պատրաստ ես ամուսնության, թե ոչ, jw.org կայքում տես «Ժամադրություն— Մաս 1։ Պատրա՞ստ եմ ժամադրվելու» հոդվածը։

b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Այս և հաջորդ հոդվածներում խոսվում է այն ժամանակաշրջանի մասին, երբ տղամարդն ու կինը ընկերություն են անում, որպեսզի միմյանց ավելի լավ ճանաչեն և հասկանան, թե արդյոք համապատասխան կողակից կլինեն իրար համար։ Այդ ընթացքը կանվանենք մտերմության շրջան։ Այն սկսվում է այն պահից, երբ տղամարդն ու կինը միմյանց հստակ ասում են, որ հետաքրքրված են իրարով, և ավարտվում է, երբ նրանք ամուսնանալու խոստում են տալիս կամ որոշում են վերջ դնել մտերմությանը։

c Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

d Որոշ երկրներում սովորաբար եղբայրն է քրոջը մտերմության առաջարկ անում։ Սակայն սխալ չի լինի, եթե քույրը եղբորը նման առաջարկ անի (Հռութ 3։1-13)։ Ավելի շատ տեղեկությունների համար տես «Արթնացե՛ք»-ի 2004 թ. հոկտեմբերի 22-ի համարը, էջ 20-22 (անգլ., ռուս.