Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 22

ԵՐԳ 127 Ինչպիսի մարդ պետք է լինեմ

Մտերմության շրջան. թող այն փառք բերի Եհովային

Մտերմության շրջան. թող այն փառք բերի Եհովային

«Սրտի ծածուկ մարդը.... մեծ արժեք ունի»(1 ՊԵՏ. 3։4

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ի՞նչ կարող են անել մտերմություն անող ամուրի եղբայրն ու քույրը, որ իմաստուն որոշում կայացնեն, և ինչպե՞ս կարող են հավատակիցները աջակցել նրանց։

1-2. Ի՞նչ են պատմում ոմանք իրենց մտերմության շրջանի մասին։

 ՄՏԵՐՄՈՒԹՅԱՆ շրջանը կարող է ուրախալի և ոգևորիչ ժամանակաշրջան լինել։ Եթե այս պահին որևէ մեկի հետ մտերմություն ես անում, անկասկած ուզում ես, որ երկուսդ էլ վայելեք այդ ընթացքը։ Շատ զույգերի է հաջողվել այդպես վարվել։ Սիյան a անունով մի քույր, ով Եթովպիայից է, ասում է. «Ամուսնուս հետ մտերմություն անելը կյանքիս ամենաերջանիկ ժամանակահատվածներից է եղել։ Մենք և՛ լուրջ քննարկումներ էինք ունենում, և՛ հումորային պահեր։ Ես երջանիկ էի, որ գտել էի մեկին, ում սիրում էի, և ով սիրում էր ինձ»։

2 Իսկ Ալեշո անունով մի եղբայր, ով Նիդերլանդներից է, ասում է. «Կնոջս հետ մտերմություն անելու շրջանը շատ հաճելի էր, սակայն մենք նաև դժվարություններ ենք ունեցել»։ Այս հոդվածում կխոսենք որոշ հավանական խնդիրների մասին, ինչպես նաև կտեսնենք, թե որ աստվածաշնչյան սկզբունքները կօգնեն, որպեսզի մտերմության շրջանը ծառայի իր նպատակին։ Մենք նաև կտեսնենք, թե ժողովում ուրիշները ինչպես կարող են աջակցել մտերմություն անող զույգին։

ՄՏԵՐՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ

3. Ո՞րն է մտերմության շրջանի նպատակը (Առակներ 20։25

3 Մտերմություն անելը ոչ միայն հաճելի է, այլև շատ լուրջ քայլ է, որի արդյունքում զույգը կարող է ամուսնանալու որոշում կայացնել։ Հարսանիքի օրը ամուսինն ու կինը երդվում են սիրել ու հարգել միմյանց, քանի դեռ երկուսն էլ ողջ են։ Սակայն նախքան որևէ երդում տալը հարկավոր է լուրջ մտածել այդ մասին (կարդա Առակներ 20։25)։ Սա հատկապես կարևոր է ամուսնական երդման դեպքում։ Մտերմության շրջանը հնարավորություն է տալիս, որպեսզի մտերմություն անողները լավ ճանաչեն իրար և ճիշտ որոշում կայացնեն։ Երբեմն ճիշտ որոշումը ամուսնանալը կարող է լինել, երբեմն էլ՝ մտերմությանը վերջ դնելը։ Եթե զույգը որոշում է վերջ դնել մտերմությանը, դա չի նշանակում, որ այդ շրջանը ձախողվել է։ Ընդհակառակը՝ այն ծառայել է իր նպատակին, այսինքն՝ օգնել է, որ զույգը ճիշտ որոշում կայացնի։

4. Ինչո՞ւ է կարևոր մտերմության շրջանի վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենալ։

4 Շատ կարևոր է, որ ամուրի քրիստոնյան մտերմության շրջանի հետ կապված ճիշտ տեսակետ ունենա։ Այդ դեպքում, եթե նա ամուսնանալու նպատակ չունի, երբեք ոչ ոքի հետ մտերմություն չի սկսի։ Սակայն միայն ամուրիները չէ, որ այդ հարցի վերաբերյալ պետք է ճիշտ տեսակետ ունենան։ Մենք բոլորս պետք է հասկանանք, թե որն է այդ շրջանի նպատակը։ Ոմանք գուցե մտածեն, որ մտերմություն անող զույգը պարտադիր պետք է ամուսնանա։ Ինչպե՞ս կարող է նրանց տեսակետը ազդել ամուրիների վրա։ Մելիսա անունով մի ամուրի քույր, ով Միացյալ Նահանգներից է, ասում է. «Մտերմություն անող Վկաները մեծ ճնշման են ենթարկվում։ Այդ պատճառով նրանցից ոմանք երբեմն չեն ցանկանում վերջ դնել մտերմությանը նույնիսկ այն դեպքում, երբ հասկանում են, որ չեն համապատասխանում իրար։ Այլ ամուրի քրիստոնյաներ էլ նախընտրում են առհասարակ մտերմություն չանել։ Այդպիսի ճնշումը կարող է ծանր բեռ դառնալ նրանց համար»։

ԼԱՎ ՃԱՆԱՉԵՔ ԻՐԱՐ

5-6. Մտերմություն անողները ի՞նչ պետք է ձգտեն իմանալ միմյանց մասին (1 Պետրոս 3։4

5 Եթե ինչ-որ մեկի հետ մտերմություն ես անում, ինչպե՞ս կարող ես կողմնորոշվել ամուսնանալ նրա հետ, թե ոչ։ Գաղտնիքը միմյանց լավ ճանաչելն է։ Թերևս նախքան մտերմություն սկսելը այդ անհատի վերաբերյալ որոշ տեղեկություններ ես իմացել, բայց այժմ հնարավորություն ունես ճանաչելու «սրտի ծածուկ մարդուն» (կարդա 1 Պետրոս 3։4)։ Դա նշանակում է ավելին իմանալ նրա հոգևոր վիճակի, բնավորության և մտածելակերպի մասին։ Ժամանակի ընթացքում դու կգտնես հետևյալ հարցերի պատասխանները. «Այս անհատը լավ կողակից կլինի՞ ինձ համար (Առակ. 31։26, 27, 30; Եփես. 5։33; 1 Տիմոթ. 5։8)։ Կարո՞ղ ենք բավարարել միմյանց էմոցիոնալ կարիքները։ Կարո՞ղ ենք հարմարվել միմյանց թերություններին» (Հռոմ. 3։23 b Իրար լավ ճանաչելուն զուգահեռ հիշեք, որ համապատասխան են ոչ թե այն մարդիկ, ովքեր նման են իրար, այլ նրանք, ովքեր հարմարվում են միմյանց։

6 Ուրիշ ինչի՞ վրա է հարկավոր ուշադրություն դարձնել մտերմության շրջանում։ Նախքան ձեր զգացմունքները կխորանան, լավ կլինի՝ այդ անհատի մասին որոշ կարևոր բաներ իմանաս, օրինակ, թե ինչ նպատակներ նա ունի։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այնպիսի անձնական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են առողջական և ֆինանսական խնդիրները կամ անցյալի հետ կապված տրավմատիկ իրադարձությունները։ Ոչ բոլոր թեմաներն է պետք շոշափել մտերմության շրջանի սկզբում (համեմատիր Հովհաննես 16։12)։ Եթե զգում ես, որ չափազանց վաղ է որոշ հարցերի մասին խոսել, դա հստակ ասա դիմացինին։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում նա պետք է իմանա այդ ամենը, որպեսզի հավասարակշռված որոշում կայացնի։ Ուստի ինչ-որ մի պահի նրա հետ պետք է խոսես այդ թեմաների մասին։

7. Մտերմության շրջանում ինչպե՞ս կարող են ամուրիները միմյանց ավելի լավ ճանաչել (տես նաև « Եթե նա հեռու է ապրում» շրջանակը և նկարները)։

7 Իսկ ինչպե՞ս կարող ես իմանալ, թե ինչպիսի անձնավորություն է նա իրականում։ Լավագույն կերպերից մեկը բացահայտ և անկեղծորեն զրուցելն է, հարցեր տալը և հետո ուշադրությամբ լսելը (Առակ. 20։5; Հակ. 1։19)։ Անկաշկանդ զրույց ունենալու համար փորձեք միասին ինչ-որ բան անել, օրինակ՝ ճաշեք, հանրային վայրերում զբոսնեք և ծառայեք։ Դուք իրար ավելի լավ կճանաչեք նաև, եթե միասին ժամանակ անցկացնեք ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Բացի այդ՝ ծրագրեք շփվել տարբեր հանգամանքներում և տարբեր մարդկանց հետ, որպեսզի տեսնեք, թե ինչպես է դիմացինը իրեն դրսևորում։ Տեսնենք, թե ինչ էր փորձում անել Աշվինը, ով Նիդերլանդներից է։ Ալիշայի հետ մտերմության շրջանի վերաբերյալ նա հետևյալն է ասում. «Մենք այնպիսի զբաղմունք էինք ընտրում, որ կարողանայինք իրար ավելի լավ ճանաչել։ Հաճախ դրանք պարզ բաներ էին. միասին ճաշ էինք պատրաստում կամ տնային գործեր անում։ Դա հնարավորություն էր տալիս տեսնելու միմյանց ուժեղ և թույլ կողմերը»։

Եթե միասին զբաղվեք այնպիսի գործերով, որոնք զրույցի առիթ կարող են ստեղծել, իրար ավելի լավ կճանաչեք (տես պարբերություն 7-8)


8. Աստծու Խոսքը միասին ուսումնասիրելով՝ ի՞նչ օգուտներ կստանա մտերմություն անող զույգը։

8 Միմյանց ավելի լավ ճանաչելու կերպերից մեկն էլ միասին հոգևոր թեմաներ ուսումնասիրելն է։ Եթե ամուսնանաք, պետք է ժամանակ տրամադրեք ընտանեկան երկրպագությանը, որպեսզի Աստված ձեր միության մեջ կարևոր տեղ զբաղեցնի (Ժող. 4։12)։ Ուստի գուցե որոշեք մտերմության ընթացքում ժամանակ հատկացնել Աստծու Խոսքը միասին ուսումնասիրելու համար։ Իհարկե, մտերմություն անող զույգը դեռ ընտանիք չէ, և եղբայրը դեռ քրոջ գլուխը չէ, այդուհանդերձ, միասին կանոնավորաբար ուսումնասիրություն անելով՝ ավելի շատ բան կիմանաք միմյանց հոգևոր վիճակի մասին։ Մաքսն ու Լայսան, որոնք Միացյալ Նահանգներից են, նշում են, թե միասին ուսումնասիրություն անելը ուրիշ ինչ օգուտ է բերում։ Մաքսն ասում է. «Երբ նոր էինք մտերմություն անում, մեր հրատարակություններից ուսումնասիրում էինք ժամադրության, ամուսնության և ընտանեկան կյանքին վերաբերող թեմաներ։ Դրա շնորհիվ այնպիսի կարևոր հարցերի շուրջ էինք զրուցում, որոնց մասին ինքնաբերաբար չէինք խոսի»։

ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ

9. Ի՞նչ պետք է հաշվի առնի մտերմություն անող զույգը, երբ որոշում է՝ ում ասել իրենց ընկերության մասին։

9 Ո՞ւմ ասել, որ մտերմություն եք անում։ Այս հարցը թողնված է զույգի հայեցողությանը։ Մտերմության վաղ շրջանում գուցե հարմար գտնեք քիչ թվով մարդկանց հայտնել այդ մասին (Առակ. 17։27)։ Այդպես կխուսափեք անտեղի հարցերից և ճնշումներից։ Բայց եթե ոչ ոքի չպատմեք, գուցե հակված լինեք մեկուսանալու, որպեսզի մարդիկ չիմանան ձեր մասին։ Իսկ դա վտանգավոր է։ Ուստի իմաստուն վարված կլինեք, եթե ասեք գոնե նրանց, ովքեր կարող են լավ խորհուրդներ տալ և գործնականում օգնել ձեզ (Առակ. 15։22)։ Գուցե հարմար գտնեք պատմել ընտանիքի անդամներից ոմանց, որոշ հասուն ընկերների կամ երեցների։

10. Ի՞նչ կարող է անել զույգը, որ մտերմության շրջանում իր վարքը հաճելի լինի Եհովային (Առակներ 22։3

10 Ի՞նչ կարող եք անել, որ ձեր մտերմության շրջանը արժանավայել լինի։ Բնական է, որ ինչքան ձեր զգացմունքները խորանան, այնքան ավելի մեծ ցանկություն կունենաք միմյանց հանդեպ ֆիզիկական մտերմություն ցուցաբերելու։ Ի՞նչը կօգնի, որ բարոյապես մաքուր մնաք (1 Կորնթ. 6։18)։ Անբարո թեմաներով զրույցներ մի՛ վարեք, մի՛ առանձնացեք և խուսափեք չափից շատ ալկոհոլ օգտագործելուց (Եփես. 5։3)։ Այս ամենը կարող է կրքեր արթնացնել ձեր մեջ և թուլացնել ճիշտն անելու վճռականությունը։ Լավ կլինի՝ ժամանակ առ ժամանակ քննարկեք, թե ինչ քայլեր կարող եք ձեռնարկել, որպեսզի ձեր մտերմության շրջանը պատիվ բերի ձեզ ու Եհովային (կարդա Առակներ 22։3)։ Տեսնենք, թե ինչն է օգնել Դավիթին և Ալմազին, որոնք Եթովպիայից են. «Մենք ժամանակ էինք անցկացնում մարդաշատ վայրերում կամ ընկերների շրջապատում։ Մենք երբեք տանը կամ մեքենայի մեջ երկուսով չէինք մնում։ Այդպիսով խուսափել ենք այնպիսի իրավիճակներից, որոնք կարող էին մեզ մեղքի տանել»։

11. Քնքշանքի դրսևորումների հետ կապված ի՞նչ պետք է հաշվի առնի զույգը։

11 Իսկ ի՞նչ կարելի է ասել քնքշանքի դրսևորումների մասին։ Ձեր հարաբերությունների խորացմանը զուգընթաց քնքշանքի որոշ դրսևորումներ գուցե թույլատրելի լինեն։ Սակայն եթե ձեր մեջ կրքեր արթնանան, դժվար կլինի սթափ դատել և իմաստուն որոշում կայացնել (Երգ 1։2; 2։6)։ Քնքշանքի դրսևորումները կարող են հեշտությամբ սխալ վարքի տանել (Առակ. 6։27)։ Ուստի ձեր հարաբերությունների հենց սկզբից հստակ սահմաններ դրեք՝ առաջնորդվելով աստվածաշնչյան սկզբունքներով (1 Թեսաղ. 4։3-7 c Լավ կլինի, որ զույգը հետևյալ հարցերի մասին մտածի. «Մեր տարածքում ապրող մարդիկ ինչպե՞ս կարձագանքեն քնքշանքի նման դրսևորումներին։ Հնարավո՞ր է, որ դրանք կրքեր արթնացնեն մեզանից մեկի մեջ»։

12. Մտերմություն անող զույգը ի՞նչ պետք է հաշվի առնի խնդիրների և անհամաձայնությունների հետ կապված։

12 Ինչպե՞ս կարելի է հարթել խնդիրներն ու տարաձայնությունները։ Ժամանակ առ ժամանակ հնարավոր է՝ տարաձայնություններ ունենաք։ Մի՞թե դա նշան է, որ դուք իրար համար չեք։ Պարտադիր չէ։ Բոլոր զույգերն էլ տարաձայնություններ ունենում են։ Ամուր ամուսնությունը երկու իրար հարմարվող մարդկանց միություն է։ Ուստի երջանիկ ամուսիններ կլինեք, թե ոչ, կախված է այն բանից, թե ինչպես եք լուծում ձեր խնդիրներն այսօր։ Միասին մտածեք հետևյալի շուրջ. «Կարողանո՞ւմ ենք խնդրահարույց թեմաների մասին խոսել հանդարտորեն և հարգալից։ Ընդունո՞ւմ ենք մեր սխալները և փորձո՞ւմ ենք շտկվել։ Հեշտությա՞մբ ենք զիջում, ներողություն խնդրում և ներում» (Եփես. 4։31, 32)։ Այդուհանդերձ, եթե մտերմության շրջանում շարունակ անհամաձայնություններ և վեճեր եք ունենում, հավանականությունը մեծ է, որ ամուսնությունից հետո իրավիճակը չի բարելավվի։ Եթե եկել ես այն եզրակացության, որ տվյալ անհատը համապատասխան չէ քեզ, ապա մտերմությունը դադարեցնելը երկուսիդ համար էլ լավագույն որոշումը կլինի։ d

13. Ինչպե՞ս կարող է զույգը կողմնորոշվել, թե որքան պետք է տևի մտերմության շրջանը։

13 Որքա՞ն պետք է տևի մտերմության շրջանը։ Հապճեպորեն կայացված որոշումները հաճախ վատ հետևանքների են հանգեցնում (Առակ. 21։5)։ Ուստի մտերմության շրջանը պետք է տևի այնքան, որքան անհրաժեշտ է տվյալ անհատին ինչպես հարկն է ճանաչելու համար։ Սակայն այդ շրջանը չպետք է անտեղի երկարաձգվի։ Այս առնչությամբ Աստվածաշունչն ասում է. «Ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը» (Առակ. 13։12)։ Բացի այդ՝ որքան երկար տևի մտերմության շրջանը, այնքան ավելի դժվար կլինի դիմադրել սեռական հարաբերություն ունենալու գայթակղությանը (1 Կորնթ. 7։9)։ Մտերմության շրջանի տևողության վրա կենտրոնանալու փոխարեն լավ կլինի՝ հարցնեք ինքներդ ձեզ. «Ուրիշ ի՞նչ պետք է իմանամ այս անհատի մասին, որ կարողանամ վերջնական որոշում կայացնել»։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՕԳՆԵԼ

14. Ի՞նչ գործնական կերպերով կարող են ուրիշները աջակցել մտերմություն անող զույգին (տես նաև նկարը)։

14 Իսկ ինչպե՞ս օգնել մտերմություն անող զույգին։ Կարող ենք նրանց հրավիրել ճաշի, մեր ընտանեկան երկրպագությանը կամ ժամանցի առիթներ ստեղծել (Հռոմ. 12։13)։ Այդպես նրանք հնարավորություն կունենան իրար ավելի լավ ճանաչելու։ Նրանք գուցե կարիք ունենան, որ ինչ-որ մեկը ուղեկցի իրենց որպես երրորդ անձ, նրանց հետ լինի մեքենայի մեջ կամ հրավիրի իր տուն, որտեղ նրանք առանձին խոսելու հնարավորություն կունենան։ Եթե կարող ես, առաջարկիր քո օգնությունը (Գաղ. 6։10)։ Ալիշան, ում մասին խոսեցինք ավելի վաղ, հիշում է մի բան, ինչը ինքն ու Աշվինը շատ էին գնահատում։ Նա ասում է. «Որոշ հավատակիցներ մեզ ասում էին, որ եթե կարիք ունենանք միմյանց հետ շփվելու, կարող ենք իրենց տանը հանդիպել, որպեսզի չառանձնանանք։ Մենք դա շատ էինք գնահատում»։ Եթե զույգը քեզ խնդրում է որպես երրորդ անձ ուղեկցել իրենց, պատիվ համարիր դա։ Ուշադիր եղիր, որ նրանց լրիվ մենակ չթողնես, բայց նաև նկատիր, թե նրանք երբ առանձին զրուցելու կարիք ունեն, և համապատասխան պայմաններ ստեղծիր (Փիլիպ. 2։4

Եթե ճանաչում ենք այնպիսի ամուրիների, որոնք իրար հետ մտերմություն են անում, կարող ենք փորձել գործնական կերպերով օգնել նրանց (տես պարբերություն 14-15)


15. Ուրիշ ի՞նչ կարող են անել մյուսները մտերմություն անող զույգին օգնելու համար (Առակներ 12։18

15 Այն, թե ինչ ենք ասում, նույնպես շատ կարևոր է մտերմություն անող զույգին աջակցելու հարցում։ Երբեմն պետք է կարողանանք զսպել ինքներս մեզ (կարդա Առակներ 12։18)։ Օրինակ՝ գուցե ցանկանանք պատմել ուրիշներին, որ զույգը սկսել է մտերմություն անել, սակայն հնարավոր է՝ նրանք ցանկանում են անձամբ հայտնել այդ մասին։ Բացի այդ՝ մենք չպետք է բամբասենք մտերմություն անող զույգի մասին կամ քննադատենք նրանց անձնական որոշմանը թողնված հարցերում (Առակ. 20։19; Հռոմ. 14։10; 1 Թեսաղ. 4։11)։ Հարկավոր է նաև զգույշ լինել, որ զույգին անհարմար դրության մեջ չդնենք՝ ակնարկներ անելով, որ նրանք պետք է ամուսնանան, կամ հարցնելով, թե երբ են ամուսնանալու։ Էլիզ անունով մի քույր և նրա ամուսինը հիշում են. «Մենք վատ էինք զգում, երբ մեզ հարցնում էին, թե ինչ ծրագրեր ունենք հարսանիքի հետ կապված, երբ մենք ինքներս դեռ չէինք խոսել այդ մասին»։

16. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր արձագանքը, երբ զույգը որոշում է վերջ դնել մտերմությանը։

16 Հնարավոր է նաև՝ զույգը վերջ դնի մտերմությանը։ Այդ դեպքում մենք չպետք է անձնական հարցեր տանք կամ նրանցից մեկի կողմը բռնենք (1 Պետ. 4։15)։ Լեա անունով մի քույր ասում է. «Երբ մի եղբոր հետ որոշեցինք վերջ դնել մեր մտերմությանը, ականջիս լուրեր հասան, որ մարդիկ ենթադրություններ են անում, թե ինչու ենք այդպիսի որոշում կայացրել։ Դա ինձ ցավ էր պատճառում»։ Ինչպես արդեն նշեցինք, երբ զույգը որոշում է վերջ դնել մտերմությանը, դա չի նշանակում, որ նրանք սխալ որոշում են կայացրել։ Սովորաբար դա նշանակում է, որ այդ շրջանը իր նպատակին է ծառայել։ Դրա շնորհիվ զույգը կարողացել է ճիշտ որոշում կայացնել։ Այնուամենայնիվ, այդպիսի որոշումը կարող է էմոցիոնալ ցավ պատճառել ամուրիներին և միայնության զգացումով լցնել նրանց։ Ուստի լավ կլինի՝ նրանց օգնելու կերպեր փնտրենք (Առակ. 17։17

17. Մտերմություն անող զույգերը ի՞նչ պետք է շարունակեն անել։

17 Ինչպես արդեն տեսանք, մտերմության շրջանը իր դժվարություններն ունի, բայց այն նաև հաճելի ընթացք է։ Ջեսիկա անունով մի քույր հիշում է. «Անկեղծ ասած՝ մտերմության շրջանը մեզանից շատ ժամանակ և ջանք է խլել։ Բայց հաստատ կարող եմ ասել, որ արժեր այդ զոհողությունն անել»։ Եթե որևէ մեկի հետ մտերմություն ես անում, շարունակիր ամեն բան անել, որ իրար լավ ճանաչեք։ Այդ դեպքում ձեր մտերմության շրջանը կծառայի իր նպատակին. այն կօգնի, որ իմաստուն որոշում կայացնեք։

ԵՐԳ 49 Ուրախացնենք Եհովայի սիրտը

a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

c Ուրիշի սեռական օրգանները շոյելը սեռական անբարոյություն է, որի դեպքում ժողովի երեցները իրավական քայլեր կձեռնարկեն։ Կախված հանգամանքներից՝ կրծքերը շոյելը և անբարո զրույցներ վարելը՝ լինի դա տեքստային հաղորդագրությամբ, թե հեռախոսով, նույնպես կարող են իրավական քայլեր ձեռնարկելու հիմք հանդիսանալ։

d Հավելյալ տեղեկությունների համար տես «Ընթերցողների հարցերը» «Դիտարանի» 1999 թ. օգոստոսի 15-ի համարում (անգլ., ռուս.