Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 19

ԵՐԳ 22 Թագավորությունն իշխում է. թող այն գա

Ի՞նչ գիտենք Եհովայի գալիք դատաստանների մասին

Ի՞նչ գիտենք Եհովայի գալիք դատաստանների մասին

«Եհովան.... չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի»(2 ՊԵՏ. 3։9

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ երբ մոտ ապագայում Եհովան դատի մարդկանց, արդարությամբ կվարվի։

1. Ինչո՞վ են մեր ժամանակները յուրահատուկ։

 ՄԵՆՔ ապրում ենք շատ յուրահատուկ ժամանակներում։ Մեր աչքի առաջ ամեն օր աստվածաշնչյան մարգարեություններ են կատարվում։ Տեսնում ենք, թե ինչպես են «հյուսիսի թագավորը» և «հարավի թագավորը» աշխարհում գերիշխող դիրք ձեռք բերելու համար պայքարում միմյանց դեմ (Դան. 11։40)։ Աստծու Թագավորության մասին բարի լուրի քարոզչությունը աննախադեպ մասշտաբների է հասել, և միլիոնավոր մարդիկ դրականորեն են արձագանքում դրան (Ես. 60։22; Մատթ. 24։14)։ Բացի այդ՝ մենք «ճիշտ ժամանակին» առատ հոգևոր կերակուր ենք ստանում (Մատթ. 24։45-47

2. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել և ի՞նչ պետք է ընդունենք։

2 Եհովան շարունակում է օգնել մեզ, որ ավելի լավ հասկանանք, թե ինչպես են կատարվելու առջևում սպասվող մի շարք կարևոր իրադարձություններ (Առակ. 4։18; Դան. 2։28)։ Մենք կարող ենք համոզված լինել, որ նախքան մեծ նեղությունը մենք կիմանանք այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի, որպեսզի այդ դժվարին ժամանակահատվածում հավատարմորեն դիմանանք և նույնիսկ հոգևորապես բարգավաճենք։ Սակայն մինչ այդ մենք պետք է ընդունենք, որ մոտ ապագայի վերաբերյալ որոշ բաներ պարզապես չգիտենք։ Հոդվածից կիմանանք, թե ապագա որոշ իրադարձությունների հետ կապված նախկինում տրված բացատրությունները ինչու են փոխվել, և թե ինչ գիտենք ապագայի մասին։ Նաև կտեսնենք, թե ինչպես է մեր երկնային Հայրը գործելու այդ ժամանակ։

Ի՞ՆՉ ՉԳԻՏԵՆՔ

3. Ըստ մեր նախկին բացատրության՝ մինչև ե՞րբ էին մարդիկ փրկության հնարավորություն ունենալու, և ինչո՞ւ էինք եկել նման եզրահանգման։

3 Նախկինում ասում էինք, որ երբ մեծ նեղությունը սկսվի, մարդիկ այլևս հնարավորություն չեն ունենա Եհովայի կողմը բռնելու և փրկվելու Արմագեդոն պատերազմից։ Մենք այդ եզրահանգմանն էինք եկել, քանի որ կարծում էինք, թե Ջրհեղեղը այդ իրադարձությունների նախապատկերն է։ Մենք այսպես էինք տրամաբանում. ինչպես Ջրհեղեղից առաջ Եհովան փակեց տապանի դուռը, այնպես էլ մեծ նեղությունից առաջ նա, այսպես ասած, կփակի դուռը, և Սատանայի համակարգից այլևս ոչ ոք չի կարողանա դուրս գալ և փրկվել (Մատթ. 24։37-39

4. Արդյո՞ք Ջրհեղեղի մասին արձանագրությունը նախապատկեր է։ Բացատրիր։

4 Արդյո՞ք պետք է Ջրհեղեղը նախապատկեր համարենք։ Ո՛չ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ դրա համար սուրբգրային հիմք չունենք։ a Ճիշտ է, Հիսուսը «Նոյի օրերը» համեմատեց իր ներկայության ժամանակահատվածի հետ, բայց չասաց, որ այդ օրերում տեղի ունեցող ցանկացած բան ավելի մեծ կատարում էր ունենալու, ինչպես, օրինակ, տապանի դռան փակվելը։ Ինչ խոսք, սա չի նշանակում, որ մենք չենք կարող օգտակար դասեր սովորել Ջրհեղեղի մասին պատմությունից։

5. ա) Նախքան Ջրհեղեղը ինչպե՞ս Նոյը փաստեց իր հավատը (Եբրայեցիներ 11։7; 1 Պետրոս 3։20)։ բ) Քարոզչական գործի հետ կապված ի՞նչ նմանություն կա Նոյի օրերի և մեր օրերի միջև։

5 Երբ Նոյը լսեց Եհովայի նախազգուշացումը, սկսեց կառուցել տապանը՝ այդպիսով փաստելով իր հավատը (կարդա Եբրայեցիներ 11։7; 1 Պետրոս 3։20)։ Նմանապես Աստծու Թագավորության մասին բարի լուրը լսելով՝ մարդիկ պետք է գործերով փաստեն իրենց հավատը (Գործ. 3։17-20)։ Պետրոս առաքյալը Նոյին «արդարության քարոզիչ» անվանեց (2 Պետ. 2։5)։ Սակայն ինչպես տեսանք նախորդ հոդվածից, մենք չունենք այնպիսի տեղեկություն, որ Նոյը նախքան Ջրհեղեղը քարոզել է երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու։ Այսօր մենք մեծ եռանդով մասնակցում ենք աշխարհածավալ քարոզչական գործին, բայց որքան էլ ջանք ներդնենք, նախքան վերջը չենք կարողանա քարոզել երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու։ Ինչո՞ւ։

6-7. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ նախքան վերջը չենք հասցնի բարի լուրը քարոզել բոլորին։

6 Տեսնենք, թե Հիսուսն ինչ ասաց քարոզչական գործի մասշտաբների մասին։ Նա կանխագուշակեց, որ բարի լուրը քարոզվելու է «ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթ. 24։14)։ Քարոզչության վերաբերյալ այս մարգարեությունը երբեք այսպիսի մասշտաբներով չի կատարվել։ Բարի լուրը մեր հրատարակությունների միջոցով տարածվում է ավելի քան 1 000 լեզվով, և jw.org կայքի շնորհիվ այն հասանելի է աշխարհի բնակչության մեծ մասին։

7 Բայց հիշենք, որ Հիսուսն իր աշակերտներին նաև ասաց, որ նրանք «չեն հասցնի անցնել.... բոլոր քաղաքներով» կամ քարոզել բոլորին նախքան իր գալուստը (Մատթ. 10։23; 25։31-33)։ Հիսուսի այս խոսքերը ճշմարիտ են նաև մեր օրերի առնչությամբ։ Այսօր միլիոնավոր մարդիկ ապրում են այնպիսի տարածքներում, որտեղ քարոզչական գործը խստիվ արգելված է։ Բացի այդ՝ ամեն րոպե հարյուրավոր երեխաներ են ծնվում։ Ու թեև մենք մեր լավագույնն ենք անում, որպեսզի բարի լուրը քարոզենք «ամեն ազգի, ցեղի, լեզվի» մարդկանց, փաստն այն է, որ նախքան վերջը չենք հասցնելու քարոզել յուրաքանչյուր անհատի (Հայտն. 14։6

8. Ի՞նչ հարց գուցե առաջանա (տես նաև նկարները)։

8 Ուստի հարց է առաջանում. «Ինչպե՞ս են Եհովան և նրա Որդին, ում նա վստահել է դատելու գործը, վարվելու նրանց հետ, ովքեր նախքան մեծ նեղությունը չեն հասցնի լսել բարի լուրը» (Հովհ. 5։19, 22, 27; Գործ. 17։31)։ Ինչպես այս հոդվածի բնաբանում է ասվում, Եհովան «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի», այլ ուզում է, «որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9; 1 Տիմոթ. 2։4)։ Այնուամենայնիվ, Եհովան մեզ չի հայտնել վերոնշյալ հարցի պատասխանը։ Իրականում նա պարտավոր էլ չէ մեզ տեղեկացնել իր անելիքների մասին։

Եհովան ինչպե՞ս կվարվի այն մարդկանց հետ, ովքեր նախքան մեծ նեղության սկսվելը հնարավորություն չեն ունեցել լսելու բարի լուրը (տես պարբերություն 8) c


9. Ի՞նչ է Եհովան հայտնել մեզ իր Խոսքում։

9 Իր Խոսքում Եհովան մեզ հայտնել է որոշ բաներ, որ պատրաստվում է անել։ Օրինակ՝ այնտեղ գրված է, որ Եհովան հարություն է տալու այն «անարդար» մարդկանց, ովքեր հնարավորություն չեն ունեցել իմանալու ճշմարտությունը և փոխելու իրենց ապրելակերպը (Գործ. 24։15; Ղուկ. 23։42, 43)։ Այս միտքը իր հերթին այլ կարևոր հարցեր է առաջացնում։

10. Ուրիշ ի՞նչ հարցեր են առաջանում։

10 Արդյո՞ք բոլոր նրանք, ովքեր կմահանան մեծ նեղության ընթացքում, կննջեն հավիտենական քնով և հարություն չեն առնի։ Աստվածաշնչում հստակ ասվում է, որ հարություն չեն առնելու այն հակառակորդները, ում Եհովան և նրա զորքերը Արմագեդոնի ժամանակ կոչնչացնեն (2 Թեսաղ. 1։6-10)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր կմահանան այլ պատճառներով, այդ թվում՝ հիվանդության, ծերության, դժբախտ պատահարի հետևանքով կամ էլ կսպանվեն այլ մարդկանց ձեռքով (Ժող. 9։11; Զաք. 14։13)։ Հնարավո՞ր է, որ նրանցից ոմանք լինեն այն անարդարների թվում, ովքեր նոր աշխարհում հարություն կառնեն։ Այս հարցի պատասխանը մենք չգիտենք։

Ի՞ՆՉ ԳԻՏԵՆՔ

11. Ինչի՞ հիման վրա են մարդիկ դատվելու Արմագեդոնի ժամանակ։

11 Ապագա իրադարձությունների հետ կապված կան բաներ, որ մենք գիտենք։ Օրինակ՝ գիտենք, որ Արմագեդոնի ժամանակ մարդիկ դատվելու են այն բանի հիման վրա, թե ինչպես են վերաբերվել Քրիստոսի եղբայրներին (Մատթ. 25։40)։ Նրանք, ովքեր աջակցած կլինեն օծյալներին և Քրիստոսին, կդատվեն որպես ոչխարներ։ Բացի այդ՝ մենք գիտենք, որ Քրիստոսի օծյալ եղբայրներից ոմանք մեծ նեղության ընթացում դեռ երկրի վրա են լինելու և Արմագեդոնից կարճ ժամանակ առաջ են երկինք վերցվելու։ Քանի դեռ Քրիստոսի եղբայրները երկրի վրա կլինեն, անկեղծ սիրտ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան աջակցելու նրանց և այն գործին, որ նրանք անում են (Մատթ. 25։31, 32; Հայտն. 12։17)։ Ինչո՞ւ են այս փաստերը կարևոր։

12-13. Թերևս ինչպե՞ս արձագանքեն ոմանք՝ տեսնելով «Մեծ Բաբելոնի» կործանումը (տես նաև նկարները)։

12 Գուցե մեծ նեղության սկսվելուց հետո ոմանք, տեսնելով «Մեծ Բաբելոնի» կործանումը, հիշեն, որ Եհովայի վկաները տարիներ շարունակ հայտնում էին, որ նման բան է լինելու։ Հնարավո՞ր է, որ այդ ժամանակ որոշ մարդկանց սրտի տրամադրվածությունը փոխվի (Հայտն. 17։5; Եզեկ. 33։33

13 Եթե այդպիսի բան տեղի ունենա, դա նման կլինի Մովսեսի օրերում Եգիպտոսում տեղի ունեցածին։ Հիշենք, որ երբ իսրայելացիները դուրս էին գալիս Եգիպտոսից, մի «բազմազգ ժողովուրդ» միացավ նրանց։ Այդ մարդկանցից ոմանք թերևս սկսել էին հավատալ Եհովային այն բանից հետո, երբ տեսել էին, որ Մովսեսի ասած տասը պատուհասները հերթով կատարվում են (Ելք 12։38)։ Եթե Մեծ Բաբելոնի կործանումից հետո նման զարգացում լինի, մի՞թե մեզ կհիասթափեցնի այն միտքը, որ վերջից կարճ ժամանակ առաջ մարդկանց հնարավորություն է ընձեռվում միանալու մեզ։ Իհարկե ո՛չ։ Մենք ուզում ենք ընդօրինակել մեր երկնային Հորը, ով «ողորմա՛ծ ու գթառա՛տ Աստված [է], բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի» (Ելք 34։6 b

Մեծ նեղության սկսվելուց հետո ոմանք, տեսնելով «Մեծ Բաբելոնի» կործանումը, կհիշեն, որ Եհովայի վկաները շարունակ հայտնում էին, որ նման բան է լինելու (տես պարբերություն 12-13) d


14-15. Արդյո՞ք մարդու հավիտենական ապագան կախված է այն բանից, թե նա երբ է մահանում կամ որտեղ է ապրում։ Բացատրիր (Սաղմոս 33։4, 5

14 Երբեմն ոմանք գուցե այսպես արտահայտվեն. «Ավելի լավ է՝ իմ հարազատը մահանա նախքան մեծ նեղությունը, որպեսզի հարություն առնի»։ Վստահ ենք, որ այս խոսքերը լավ մղումներով են ասվում, բայց մարդու հավիտենական ապագան կախված չէ նրանից, թե նա երբ կմահանա։ Եհովան արդար Դատավոր է. նա ճիշտ և արդար որոշումներ է կայացնում (կարդա Սաղմոս 33։4, 5)։ Կարող ենք վստահ լինել, որ «ողջ երկրի Դատավորը» միշտ ճիշտ կվարվի (Ծննդ. 18։25

15 Տրամաբանական է նաև եզրակացնել, որ մարդու հավիտենական ապագան կախված չէ նրանից, թե նա որտեղ է ապրում։ Անհնար է, որ Եհովան մեխանիկորեն որպես «այծ» որակի միլիոնավոր մարդկանց, ովքեր այնպիսի երկրներում են ապրում, որտեղ հնարավորություն չունեն լսելու Թագավորության մասին բարի լուրը (Մատթ. 25։46)։ Ողջ երկրի արդար Դատավորը մեզնից շատ է մտածում այդպիսի մարդկանց մասին։ Մենք չգիտենք, թե մեծ նեղության ժամանակ նա դեպքերին ինչ ընթացք կտա։ Թերևս այդ մարդկանցից ոմանք հնարավորություն ունենան սովորելու նրա մասին, հավատալու նրան և նրա կողմը բռնելու, երբ նա բոլոր ազգերի առաջ սրբացնի ինքն իրեն (Եզեկ. 38։16

Մեծ նեղության սկսվելուց հետո.... հնարավո՞ր է, որ.... որոշ մարդկանց սրտի տրամադրվածությունը փոխվի

16. Ի՞նչ ենք իմացել Եհովայի մասին (տես նաև նկարը)։

16 Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ իմացել ենք, որ մարդու կյանքը շատ թանկ է Եհովայի համար։ Նա իր Որդուն զոհել է, որպեսզի բոլորս հավիտյան ապրելու հեռանկար ունենանք (Հովհ. 3։16)։ Ամեն մեկս անհատապես զգացել է Եհովայի ջերմ սերը (Ես. 49։15)։ Նա յուրաքանչյուրիս անունով է ճանաչում։ Նա մեզ այնքան լավ գիտի, որ եթե նույնիսկ մահանանք, կարող է հարություն տալ մեզ՝ վերականգնելով մեզ հետ կապված ցանկացած մանրուք, ինչպես նաև մեր բոլոր հիշողությունները (Մատթ. 10։29-31)։ Ինչ խոսք, մենք հիմնավոր պատճառ ունենք համոզված լինելու, որ մեր սիրառատ երկնային Հայրը յուրաքանչյուրիս դատելիս կդրսևորի կատարյալ հավասարակշռություն, արդարություն և գթասրտություն (Հակ. 2։13

Մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան յուրաքանչյուր մարդու դատելիս կդրսևորի կատարյալ հավասարակշռություն, արդարություն և գթասրտություն (տես պարբերություն 16)


17. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

17 Այս հստակեցումները մեր քարոզչական գործը առավել, քան երբևէ, հրատապ են դարձնում։ Ինչո՞ւ ենք այդպես ասում, և ի՞նչն է մղում մեզ, որ շարունակենք քարոզել բարի լուրը առանց հապաղելու։ Այս հարցերի մասին մանրամասնորեն կխոսենք հաջորդ հոդվածում։

ԵՐԳ 76 Ի՞նչ է քո սիրտը զգում

a Հասկանալու համար, թե ինչու Ջրհեղեղը նախապատկեր չենք համարում, տես «Այդպես անելը հաճելի եղավ քեզ» հոդվածը «Դիտարանի» 2015 թ. մարտի 15-ի համարում (էջ 7-11)։

b «Մեծ Բաբելոնի» կործանումից հետո Եհովայի բոլոր ծառաները Մագոգի Գոգի հարձակման ժամանակ փորձության կենթարկվեն։ Բոլոր նրանք, ովքեր «Մեծ Բաբելոնի» կործանումից հետո Աստծու ժողովրդի հետ կլինեն, նույնպես կփորձվեն։

c ՆԿԱՐ։ Երեք մասից բաղկացած նկար, որում ցույց է տրվում, թե ինչու գուցե հնարավոր չլինի ոմանց քարոզել՝ 1) կին, ով ապրում է այնպիսի երկրում, որտեղ գերիշխող կրոնի պատճառով քարոզչական գործունեություն ծավալելը վտանգավոր է, 2) ամուսնական զույգ, որն ապրում է այնպիսի տարածքում, որտեղ գործող քաղաքական համակարգը մեր քարոզչությունը անօրինական ու վտանգավոր է համարում, և 3) տղամարդ, որն ապրում է մի աշխարհագրական տեղանքում, որը չափազանց հեռու է և դժվարհասանելի։

d ՆԿԱՐ։ Ճշմարտությունը թողած մի երիտասարդ կին հիշում է, թե ժամանակին ինչ է սովորել «Մեծ Բաբելոնի» մասին։ Որոշելով վերադառնալ Եհովայի մոտ՝ նա եկել է իր Վկա ծնողների տուն։ Եթե մենք էլ ականատես լինենք, թե ինչպես է Եհովայից հեռացած անհատը վերադառնում, եկեք ընդօրինակենք մեր երկնային Հոր կարեկցանքն ու գթասրտությունը և ուրախանանք, որ մեղք գործած անհատը վերադարձել է։