Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

Նրան Բայբլ Բրաուն էին ասում

Ուիլյամ Ռ. Բրաուն

Նրան Բայբլ Բրաուն էին ասում
  • ԾՆՎԵԼ Է՝ 1879թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1908թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Արևմտյան Աֆրիկայում քարոզչական գործի նախանձախնդիր առաջամարտիկ։

1907-ին, երբ աշխատում էր Պանամայի ջրանցքում, Ուիլյամը պատահաբար տեսավ Այզեա Ռիչարդսին, որը փողոցի անկյունում կանգնած ելույթ էր ունենում։ Նա Աստվածաշունչ ուսումնասիրող էր. այդպես էին կոչվում Եհովայի վկաները նախկինում։ Ռիչարդսի ելույթը հիմնված էր «Դարերի գծագիր» սխեմայի վրա, որի միջոցով բացատրում էին Աստծու նպատակները։ Ուիլյամը անմիջապես ընդունեց ճշմարտությունը և վերադարձավ Ջամայկա՝ այդ մասին պատմելու իր մորն ու քրոջը։ Հետագայում նրանք էլ դարձան Աստվածաշունչ ուսումնասիրողներ։

Որոշ ժամանակ եղբայր Բրաունը ծառայում էր Պանամայում՝ մայրաքաղաքում։ Այնտեղ էր, որ առաջին անգամ տեսավ Իվանդեր Քոուարդին՝ Աստվածաշունչ ուսումնասիրողների ներկայացուցչին, ով տարբեր երկրներ էր գնում ելույթներ ներկայացնելու համար։ Քոուարդը ճարտար և հմուտ հռետոր էր։ Մարդիկ խմբերով գալիս էին նրան լսելու։ Նա տեսավ, որ Ուիլյամը նախանձախնդիր է ճշմարտության հանդեպ, և հրավիրեց նրան ընկերակցել իրեն Տրինիդադում քարոզչական շրջագայության ժամանակ։

Դրանից հետո մոտ տասը տարվա ընթացքում Ուիլյամը ճամփորդեց Վեստ Ինդիա կղզիներով։ Նա քարոզում էր և քաջալերում էր փոքր խմբերին։ 1920-ին ամուսնացավ Անտոնիայի՝ մի հավատարիմ քրիստոնյա քրոջ հետ։ Ամուսնությունից երկու օր անց նրանք նավարկեցին դեպի Հողմատակ կղզիներից մեկը՝ Մոնտսեռատ։ Նրանք իրենց հետ վերցրել էին Աստվածաշնչի վրա հիմնված չորս մասից բաղկացած «Արարչության լուսադրաման»։ Նորապսակները քարոզեցին նաև Բարբադոս, Դոմինիկա և Գրենադա կղզիներում։ Ծառայության մեջ նրանք երջանիկ մեղրամիս անցկացրին։

Երկու տարի անց Ուիլյամը գրեց եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդին, ով այդ ժամանակ վերահսկում էր Եհովայի ժողովրդի գործունեությունը։ Նամակում ասվում էր. «Եհովայի օգնությամբ ես վկայություն տվեցի գրեթե բոլոր Կարիբյան կղզիներում և դրանցից շատերում աշակերտներ պատրաստեցի։ Պե՞տք է նորից շրջեմ այդ կղզիներում»։ Օրեր անց եղբայր Ռադերֆորդը պատասխանեց. «Կնոջդ և երեխայիդ հետ գնա Արևմտյան Աֆրիկա՝ Սիեռա Լեոնե»։

27 տարի եղբայր Բրաունը իր ընտանիքի հետ միասին ծառայեց Արևմտյան Աֆրիկայում։ Նա իրեն լավ էր զգում դաշտում։ Գրասենյակային ծառայությունը երբեք չի գրավել նրան։ Քանի որ եղբայր Բրաունը անընդհատ շեշտում էր Աստվածաշնչի կարևորությունը, մարդիկ նրան սկսեցին կոչել Բայբլ Բրաուն։

1950-ին 71 տարեկան հասակում նա կնոջ հետ վերադարձավ Ջամայկա։ Եղբայր Բրաունը շարունակեց ծառայել ռահվիրա մինչև իր երկրային կյանքի ավարտը՝ 1967թ.։ Որքա՜ն շատ էր նա սիրում ռահվիրայական ծառայությունը։ Դա համարում էր այն մեծագույն առանձնաշնորհումը, որ մարդ արարածը կարող է երբևէ ունենալ։