Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

1991-​2001 «Հարստահարության հալոց» (Ես. 48։10), (մաս 1)

1991-​2001 «Հարստահարության հալոց» (Ես. 48։10), (մաս 1)

Քաղաքացիական պատերազմ

Հասարակական, քաղաքական և տնտեսական խնդիրները, որոնք գլուխ էին բարձրացրել Արևմտյան Աֆրիկայում, 1980-ականներին հակամարտությունների պատճառ դարձան։ Երբ հարևան Լիբերիայում պատերազմը թեժացավ, շատերը փախան Սիեռա Լեոնե։ Մասնաճյուղը Վկա փախստականներին տեղավորեց հավատակիցների տներում և Թագավորության սրահներում։ Եղբայրները հոգ տարան բոլորի մասին։

Թեև փախստականների վիճակը շատ ծանր էր, բայց լինում էին ծիծաղելու առիթներ։ Երկար տարիների միսիոներ Իզոլդե Լորենցը պատմում է. «Մասնաճյուղի տարածքում գտնվող Թագավորության սրահում ապաստան գտած եղբայրներից մեկը մի օր իր փոքր տղային ուղարկեց Սրահի հետևի այգում՝ օջախի վրա, ուտելիք տաքացնելու։ Տղան վերադարձավ և հուզված ասաց, որ այդ օրը մնալու են առանց ուտելիքի, և ավելացրեց. «Այսօր Եհովան փրկեց ինձ առյուծի բերանից»։ Ի՞նչ էր եղել։ Ուտելիքը ձեռքին վերադառնալիս նրա առաջը կտրել էր Լոբոն՝ մասնաճյուղի մեծ գերմանական օվչարկան, որը իրականում շատ բարի ու խելոք շուն էր։ Վախեցած տղան, ձեռքերն առաջ մեկնելով, մտածել էր պաշտպանել ինքն իրեն, իսկ Լոբոն այդ ժեստից հասկացել էր, թե նա ուտելիք է հրամցնում, և չէր հրաժարվել»։

1991-ի մարտի 23-ին Լիբերիայի հակամարտությունները հասան Սիեռա Լեոնե և վերածվեցին քաղաքացիական պատերազմի, որը տևեց 11 տարի։ Հեղափոխական միավորված ճակատի ապստամբ զինվորները իրենց իշխանության տակ վերցրին Կայլահունն ու Կոյնդուն։ Այդ քաղաքների բնակչության մեծ մասը ստիպված եղավ փախչել Գվինեա։ Փախստականների մեջ կային մոտ 120 Եհովայի վկաներ։ Չնայած որ Սիեռա Լեոնեում վիճակը անկայուն էր դառնում, Լիբերիայից շարունակում էին փախստականներ գալ։

«Մի քանի ամիս շարունակ սովից հյուծված եղբայրներ էին գալիս Ֆրիթաունի Բեթել,— պատմում է Բիլլի Քոուենը, ով այդ ժամանակ մասնաճյուղի կոմիտեի կոորդինատորն էր։— Շատերը մազապուրծ էին եղել անասելի գազանություններից և, որպեսզի սովամահ չլինեին, կերել էին վայրի բույսեր։ Նրանց անմիջապես ուտելիք և հագուստ էինք տալիս։ Հոգ էինք տանում նաև նրանց հետ եկած ազգականների ու հետաքրքրվող մարդկանց մասին։ Տեղի եղբայրներն ու քույրերը նրանց առաջ բացել էին ոչ միայն իրենց տան, այլև սրտի դռները։ Վկա փախստականները, առանց հետաձգելու, տեղի ժողովների հետ մասնակցում էին քարոզչական ծառայությանը, ինչը քաջալերում էր բոլորիս։ Ճիշտ է, ժամանակի ընթացքում շատերը տեղափոխվեցին, բայց նրանք շատ օգնեցին մեզ»։

Սիեռա Լեոնեում քաղաքացիական պատերազմը տևեց 11 տարի

Մխիթարություն և հույս

Մասնաճյուղը ուտելիք, դեղորայք, շինանյութ, գործիքներ և տարատեսակ պիտույքներ ուղարկեց Հարավային Գվինեայի փախստականների ճամբարներում ապաստանած Վկաներին։ Ֆրանսիայից ուղարկվեց նաև մեծ քանակությամբ նվիրաբերված հագուստ։ Մի եղբայր գրեց. «Երեխաներս երգում էին, պարում ու փառաբանում Եհովային։ Նրանք ուրախ էին, որ նոր հագուստ ունեն ժողով գնալու համար»։ Որոշ եղբայրներ ու քույրեր ասում էին, որ երբեք այդքան լավ չէին հագնվել։

Փախստականները նյութական բաներից ավելի՝ հոգևոր օգնության կարիք ունեին։ Հիսուսն ասել է. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով» (Մատթ. 4։4)։ Ուստի մասնաճյուղը աստվածաշնչյան գրականություն ուղարկեց եղբայրներին և համաժողովներ կազմակերպեց։ Նրանց մոտ ուղարկվեցին նաև շրջագայող վերակացուներ ու ռահվիրաներ։

Շրջանային վերակացու Անդրեյ Բարտը, գալով Կոունդու (Գվինեա), հանդիպում ունեցավ ճամբարներից մեկի ղեկավարի հետ, ով նրան խնդրեց աստվածաշնչյան ելույթ ներկայացնել փախստականների համար։ Մոտ 50 հոգի ներկա եղավ նրա ելույթին, որի վերնագիրն էր «Ապաստան գտիր Եհովայի մոտ»՝ հիմնված 18-րդ սաղմոսի վրա։ Ելույթից հետո մի տարեց կին կանգնեց ու ասաց. «Տղա՛ս, մեր սիրտը ուրախությամբ լցրիր։ Այո՛, հացը չի լուծի մեր խնդիրները։ Դու սովորեցրիր մեզ Աստծու վրա հույս դնել։ Շնորհակալ ենք, որ մխիթարեցիր ու հույս տվեցիր Աստծու Խոսքով»։

Երբ միսիոներներ Ուիլյամ և Կլոդիա Սլոթերները նշանակվեցին Գեկեդու, ավելի քան 100 փախստականներից բաղկացած ժողովը «ոգով բոցավառվեց» (Հռոմ. 12։11)։ Ուիլյամն ասում է. «Շատ երիտասարդ եղբայրներ ձգտում էին հոգևոր նպատակների։ Եթե որևէ մեկը ինչ-ինչ պատճառով չէր կարող ներկայացնել Աստվածապետական դպրոցում իրեն հանձնարարված ելույթը, 10–15 եղբայր պատրաստ էր փոխարինել նրան։ Շատերն էին եռանդորեն մասնակցում ծառայությանը։ Այս ժրաջան երիտասարդներից ոմանք հետագայում դարձան հատուկ ռահվիրաներ ու շրջագայող վերակացուներ»։

Շինարարություն՝ չնայած պատերազմին

Քաղաքացիական պատերազմը սկսվելուց շատ չանցած՝ եղբայրները Ֆրիթաունում 6 հեկտար տարածք գնեցին Ուիլքինսոն 133 հասցեում, որն ընդամենը մի քանի հարյուր մետր էր հեռու մասնաճյուղից։ «Մենք ուզում էինք նոր Բեթել կառուցել, բայց անհանգիստ էինք պատերազմի պատճառով,— պատմում է Ալֆրեդ Գունը։— Այդ ժամանակ սպասում էինք Կառավարիչ մարմնի անդամ Լոյդ Բերիի այցելությանը։ Երբ նա եկավ, նրա հետ խոսեցինք մեր մտահոգությունների մասին։ Նա ասաց. «Եթե թույլ տանք, որ պատերազմները մեզ խանգարեն, ապա ոչնչի չենք հասնի»։ Նրա խոսքերը մեզ քաջությամբ լցրին»։

Հարյուրավոր կամավորներ, որոնցից 50-ը 12 տարբեր երկրներից էին, 1991թ. մայիսին սկսեցին շինարարությունը։ Թոմ Բոլը՝ շինարարական աշխատանքների վերակացուն, ասում է. «Շրջապատի մարդիկ զարմանում էին՝ տեսնելով բարձրորակ աղյուսները, որ պատրաստվում էին հենց տեղում, և շենքի պողպատե կարկասը, ինչը նորություն էր տեղացիների համար։ Սակայն նրանց ավելի շատ տպավորում էր այն, որ սպիտակամորթ օտարազգիները և սևամորթ տեղացիները ուրախ ու համերաշխ աշխատում էին միասին»։

1997թ. ապրիլի 19-ին մի բազմազգ խումբ ուրախությամբ հավաքվեց նոր մասնաճյուղի նվիրմանը։ Դրանից մեկ ամիս անց՝ գյուղական տարածքներում 5 տարի տևած դաժան մարտերից հետո, Հեղափոխական միավորված ճակատի զինվորները հարձակվեցին Ֆրիթաունի վրա։

Ֆրիթաունում մասնաճյուղի շինարարությունը։ Մասնաճյուղն այսօր

Կռիվ Ֆրիթաունը վերցնելու համար

Հեղափոխական միավորված ճակատի հազարավոր զինվորներ՝ գզգզված մազերով և գլխներին կարմիր ժապավեն կապած, շրջում էին քաղաքով մեկ՝ թալանելով, բռնաբարելով ու սպանելով մարդկանց։ «Դրությունը չափազանց լարված էր,— հիշում է Ալֆրեդ Գունը։— Այլազգի միսիոներների մեծ մասն արագ էվակուացվեց։ Ես ու Քեթրինը, Բիլլի ու Սանդրա Քոուենները և Ջիմի ու Ջոյս Հոլանդները վերջինն էինք, որ հեռանալու էինք երկրից։

Տեղացի բեթելցիների հետ աղոթելուց հետո մենք շտապեցինք էվակուացման կետ։ Ճանապարհին մոտ 20 հոգուց բաղկացած ապստամբ զինվորների մի խումբ կանգնեցրեց մեզ։ Նրանք հարբած էին ու նման էին վայրենիների։ Երբ նրանց ամսագրեր ու փող տվեցինք, մեզ բաց թողեցին։ Ավելի քան 1000 այլ էվակուացվողների հետ հավաքվել էինք անցագրային կետում, որը խստորեն վերահսկվում էր ԱՄՆ-ի՝ մինչև ատամները զինված նավատորմային զորքերի կողմից։ Մենք նստեցինք ռազմական ուղղաթիռ, ու մեզ տարան ափից շատ հեռու գտնվող ամերիկյան ռազմանավ։ Սպաներից մեկն ասաց, որ այսքան մեծամասշտաբ էվակուացում ԱՄՆ-ի նավատորմը չէր իրականացրել Վիետնամի պատերազմից ի վեր։ Հաջորդ օրը ուղղաթիռով մեզ տարան Գվինեա՝ Կոնակրի։ Այնտեղ մենք ժամանակավոր մասնաճյուղ հիմնեցինք»։

Ալֆրեդ և Կատերինե Գուները էվակուացվողներից էին

Միսիոներները անհանգիստ էին, Ֆրիթաունից լուրերի էին սպասում։ Վերջապես մի նամակ եկավ, որտեղ ասվում էր. «Չնայած քաոսային իրավիճակին՝ մենք տարածում ենք Թագավորության լուրը № 35 թերթիկը՝ «Բոլոր մարդիկ երբևէ կսիրե՞ն միմյանց»։ Մարդիկ իսկապես հետաքրքրված են, նույնիսկ ապստամբներից ոմանց հետ ենք ուսումնասիրություն անցկացնում։ Ուստի վճռել ենք է՛լ ավելի եռանդորեն քարոզել»։

Ջոնաթան Մբոման՝ շրջանային վերակացուն, հիշում է. «Մենք Ֆրիթաունում նույնիսկ մեկօրյա հատուկ համաժողով անցկացրինք։ Ծրագիրը այնքան քաջալերական էր, որ ես գնացի Բո և Կենեմա՝ այնտեղ էլ նույն համաժողովն անցկացնելու համար։ Պատերազմից քայքայված այս քաղաքներում ապրող եղբայրները շնորհակալություն էին հայտնում Եհովային այս հիասքանչ հոգևոր սննդի համար։

1997-ի վերջում մենք Ֆրիթաունի Ազգային մարզադաշտում անցկացրինք մարզային համաժողով։ Համաժողովի վերջին օրը ապստամբ զինվորները ներխուժեցին մարզադաշտ ու պահանջեցին, որ հեռանանք։ Մենք խնդրեցինք նրանց թույլ տալ ավարտել համաժողովը։ Երկար բանակցություններից հետո նրանք հեռացան, և մենք շարունակեցինք համաժողովը։ Ներկաների թիվը անցնում էր 1000-ը, մկրտվեց 27 հոգի։ Որոշ եղբայրներ համաժողովի ծրագիրը նորից լսելու համար գնացին Բո՝ չնայած հնարավոր վտանգներին։ Որքա՜ն հիանալի և ոգևորիչ համաժողովներ էին դրանք»։