Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

1915-​1947 Վաղ տարիներ (մաս 3)

1915-​1947 Վաղ տարիներ (մաս 3)

Դեպի նոր հորիզոններ

Ֆրիթաունի ժողովի անդամները, ճշմարտության հանդեպ խանդավառությամբ լցված, իրենց անձերը «ամբողջությամբ տրամադրեցին խոսքին» (Գործ. 18։5)։ Ալֆրեդ Ջոզեֆը պատմում էր. «Ես հաճախ մի արկղ աստվածաշնչյան գրքեր էի կապում իմ մեծ՝ «Նորթըն» մոտոցիկլետին և եղբայր Թոմասի կամ Սիլվեստեր Գրանտի հետ քշում-գնում էի Ֆրիթաունից դուրս՝ գյուղական բնակավայրերում ու փոքր քաղաքներում «շրջելու», ինչպես անվանում էինք քարոզելու այդ ձևը»։

Մինչև 1927թ. քարոզիչները հիմնականում քարոզում էին Ֆրիթաունում և դրա շրջակայքում՝ Գաղութ կոչվող տարածքում։ Սակայն 1928-ից սկսած՝ ամեն տարի, նախքան անձրևային սեզոնը ժողովը ավտոբուս էր վարձում և գնում էր այլ շրջաններ։ Իսկ նրանք, ովքեր չէին կարողանում գնալ, ֆինանսապես էին աջակցում այդ ճամփորդողներին, որոնց ղեկավարում էր Մելբուրն Գարբերը։ Ավտոբուսների խմբերը գնում էին դեպի արևելք՝ մինչև Կայլահուն քաղաք, և հարավ՝ մինչև Լիբերիայի սահման։ Ամեն ամսվա առաջին կիրակին նրանք նորից գնում էին՝ հետաքրքրություն ցուցաբերած մարդկանց այցելելու։

Այդ ընթացքում էր, որ եղբայր Բրաունը այցելեց Վեստ Ինդիա և վերադարձավ՝ բերելով մի ավտոմեքենա, որը առաջիններից էր Սիեռա Լեոնեում։ Մեքենայի վրա տեղադրված էր հզոր ձայնային համակարգ, որը նախատեսված էր հանրային քարոզչություն իրականացնելու համար։ Եղբայր Բրաունը այն կանգնեցնում էր մի հասարակական վայրում և հաճելի երաժշտություն էր միացնում՝ մարդկանց գրավելու նպատակով։ Հետո նա կարճ քարոզ էր կարդում կամ միացնում էր ձայնագրված ելույթ և հրավիրում էր հավաքվածներին վերցնել աստվածաշնչյան գրականություն։ Խոսող մեքենան, ինչպես նրան անվանեցին մարդիկ, մի արտառոց բան էր նրանց համար, և շատերը հավաքվում էին նրան լսելու։

Համարձակորեն վկայություն են տալիս

Եղբայր Բրաունը սկսեց ուշադրություն դարձնել նաև հոգևոր առումով անջուր տարածքներին՝ Արևմտյան Աֆրիկայի անգլիախոս բնակչությանը։ 1920-ականների վերջերին նա ձեռնարկեց մի շարք քարոզչական ճամփորդություններ դեպի Գամբիա, Գանա, Լիբերիա և Նիգերիա։ Ամեն երկրում էլ եղան հետաքրքրություն ցուցաբերողներ։ Հատկապես խոստումնալից էր Նիգերիան։ Ուստի 1930-ին նա իր ընտանիքով Ֆրիթաունից տեղափոխվեց Լագոս։ Եղբայր Բրաունը շարունակեց այստեղից վերահսկել Արևմտյան Աֆրիկայում Թագավորության քարոզչության գործը։

Այսօր ավելի քան 500000 Վկաներ են Եհովային ծառայում Արևմտյան Աֆրիկայում

1950-ին առողջական խնդիրների պատճառով նա վերադարձավ Ջամայկա՝ այստեղ թողնելով մի հսկայական հոգևոր ժառանգություն։ 27 տարիների ընթացքում նա և իր կինը տեսան, թե ինչպես է Արևմտյան Աֆրիկայում քարոզիչների թիվը 2-ից հասնում ավելի քան 11000-ի։ Նրանք բառացիորեն ականատես եղան Եսայիա մարգարեի խոսքերի կատարմանը. «Քիչը հազար կդառնա, ու ամենափոքրը՝ հզոր ազգ» (Ես. 60։22)։ Այսօր արդեն, ընդամենը 6 տասնամյակ անց, Արևմտյան Աֆրիկայում Եհովային ծառայող «հզոր ազգը» անցնում է 500000-ի սահմանը։

Արգելքի տակ, բայց հաստատուն

Երբ Երկրորդ աշխարհամարտը իր ստվերը գցեց Աֆրիկայի վրա, Եհովայի վկաները հաստատ պահեցին իրենց քրիստոնեական չեզոքությունը (Միք. 4։3; Հովհ. 18։36)։ Բրիտանական իշխանությունները նրանց անվանեցին քայքայիչ, սկսեցին հետևել նրանց գործունեությունը և գրականության վրա արգելք դրեցին։ Ֆրիթաունի մաքսատունը մի անգամ առգրավեց ստացված գրականության ողջ խմբաքանակը և վառեց այն։ Որոշ եղբայրներ ձերբակալվեցին իրենց մոտ արգելված գրականություն ունենալու պատճառով, բայց շուտով ազատ արձակվեցին *։

Չնայած արգելքին՝ Վկաները շարունակում էին քարոզել։ Պաուլին Քոուլը պատմում էր. «Մի եղբայր, ով սպասարկու էր մի նավի վրա, որ պարբերաբար գալիս էր մեր նավահանգիստ, ամեն անգամ մեզ համար «Դիտարաններ» էր բերում։ Դրանցից մենք գրամեքենայով լրացուցիչ օրինակներ էինք արտագրում ժողովի հանդիպումների համար։ Նաև տպագրում էինք թերթիկներ աստվածաշնչյան թեմաներով և բաժանում էինք մարդկանց։ Եղբայրները շարունակում էին հանրայնորեն քարոզ կարդալ և միացնել եղբայր Ռադերֆորդի՝ ռադիոյով հեռարձակված ելույթների ձայնագրությունները հիմնականում գյուղական բնակավայրերում»։

Ակնհայտ էր, որ Եհովան օրհնում էր այս համեստ ջանքերը։ Ջեյմս Ջարրեթը, ով երկար տարիներ եղել է երեց և հատուկ ռահվիրա, հիշում է. «Պատերազմի տարիներին ես քարհատ էի, երբ մի տարեց քույր ինձ տվեց «Վտարանդիներ» գրքույկը։ Քանի որ շատ փախստականներ էին գալիս Ֆրիթաուն, վերնագիրը հետաքրքրեց ինձ։ Ես հենց այդ գիշեր կարդացի այն և անմիջապես հասկացա, որ սա է ճշմարտությունը։ Հաջորդ օրը առավոտյան գտա այդ քրոջը և գրքույկի մի քանի օրինակ վերցրի երեք եղբայրներիս համար։ Մենք բոլորս էլ ընդունեցինք ճշմարտությունը»։

Երբ 1945-ին պատերազմը ավարտվեց, Ֆրիթաունի ժողովում ընդամենը 32 քարոզիչ կար։ Նրանք կարողացել էին այդ տարիներին պահել իրենց անարատությունը և մնացել էին հոգևորապես ակտիվ։ Այս փոքր խումբը լցված էր առաջ գնալու մեծ եռանդով։

Հետաքրքիր հրահանգ

1945-ի օգոստոսի 29-ին Ծառայողական հանդիպման ժամանակ Ֆրիթաունի ժողովը քննարկեց նոր քարոզարշավի վերաբերյալ հրահանգը, որը տրվել էր 1944-ի «Տեղեկատուում» (այժմ՝ «Մեր թագավորական ծառայությունը»)։ Յուրաքանչյուր ժողով իր տարածքի ամեն քաղաքում և գյուղում պետք է կազմակերպեր չորս հանրային հանդիպում և ակտիվորեն հրավիրեր բնակիչներին ներկա լինելու դրանց։ Հանդիպումների ժամանակ մի եղբայր (18 տարեկան կամ ավելի մեծ), որի առաջադիմությունը ակնհայտ էր Աստվածապետական ծառայության դպրոցում, ներկայացնելու էր մեկ ժամ տևողության ելույթ։ Վերջին ելույթը ներկայացնելուց հետո եղբայրները այդ տարածքներում պետք է կազմակերպեին Աստվածաշնչի ուսումնասիրության խմբեր՝ հետաքրքրություն ցույց տված անձանց օգնելու համար։

Ինչպիսի՞ն եղավ քարոզիչների արձագանքը նոր հրահանգին։ Ֆրիթաունի ժողովի Ծառայողական հանդիպման ժամանակ տեղի ունեցած քննարկումը մոտավորապես հետևյալն էր։

Նախագահող. «Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող ենք իրականացնել այս քարոզարշավը»։

Եղբայր 1. «Չենք կարող ակնկալել, որ մեզ մոտ նույն հաջողությունը կլինի, ինչ Ամերիկայում։ Այստեղ մարդիկ ուրիշ են»։

Եղբայր 2. «Ճի՛շտ է ասում»։

Եղբայր 3. «Իսկ ինչո՞ւ չփորձենք»։

Եղբայր 4. «Դժվարություններ կլինեն»։

Եղբայր 5. «Ամեն դեպքում մենք պետք է հետևենք Եհովայի կազմակերպության տված առաջնորդությանը»։

Եղբայր 6. «Ախր մեր երկրում հաջողության հասնելու հավանականությունը շատ քիչ է»։

Քույր 1. «Այնուամենայնիվ «Տեղեկատուում» գրված հրահանգը շատ պարզ է։ Եկեք հետևենք դրան»։

Նրանք այդպես էլ արեցին։ Եղբայրները արևմտյան ափամերձ Ֆրիթաունից մինչև հարավարևելքում գտնվող Բո և հյուսիսային բարձրավանդակում գտնվող Կաբալա քաղաքների միջև ընկած տարածքով մեկ հանդիպումներ կազմակերպեցին։ Դրանք անցկացվեցին դպրոցներում, շուկաներում և տներում։ Այս նախաձեռնությունը ասես բոցավառեց ժողովին։ Արդյունքում՝ «Եհովայի խոսքը աճում ու տարածվում էր» (Գործ. 12։24

Այդուհանդերձ, քարոզիչները աստվածապետական կրթության կարիք ունեին, և հենց դրա մասին էլ Եհովան հոգաց։

^ պարբ. 10 Արգելքը հանվեց 1948-ին։