Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Եվրոպա

Եվրոպա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 47

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 741892871

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 1601915

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 862555

«Սխալվե՞լ եք, ուրի՞շ տեղ պետք է գնայիք»

Շվեդիայում մի սոմալի կնոջ հրավիրեցին Թագավորության սրահ՝ ժողովի հանդիպման, և նա որոշեց գնալ։ Այնտեղ նրան ոչ ոք չողջունեց. բոլորը տարօրինակ հայացքով էին նայում։ Կինը շատ անհարմար էր զգում իրեն։ Ինչ-որ մեկը, նկատելով նրա տարակուսանքը, հարցրեց. «Սխալվե՞լ եք, ուրի՞շ տեղ պետք է գնայիք»։

«Այո՛, երևի»,— պատասխանեց նա ու հեռացավ։ Հետո, երբ այդ կինը հանդիպեց իրեն Թագավորության սրահ հրավիրող Վկաներին, վրդովված ասաց, որ այլևս այնտեղ չի գնա։ Նրանք հարցրին, թե ինչ է եղել, քանի որ նրան Սրահում չէին տեսել։ Պարզվեց, որ նա սխալմամբ եկեղեցի էր գնացել։

Վկաները դարձյալ նրան հրավիրեցին Թագավորության սրահ։ Նա համաձայնվեց, բայց մի պայմանով. եթե այնտեղ իրեն լավ չզգա, տասը րոպեից ավել չի մնա։ Թագավորության սրահում բոլորը մոտենում էին ու ջերմորեն ողջունում նրան։ Կնոջն անչափ դուր եկավ ժողովը, և նա ամենավերջինն էր, որ հեռացավ Սրահից։ Այդ օրվանից նա կանոնավորաբար ներկա է լինում հանդիպումներին և այժմ մկրտված քարոզիչ է։

Գետնին ընկած հրավիրատոմսը

Հունաստան։ Ստերիոսն ուրիշներին հայտնում է այն, ինչ գտավ

Ստերիոս անունով մի երիտասարդ, որն ապրում է Հունաստանում, մի առավոտ աշխատանքից վերադառնալիս որոշեց փոխել իր ճանապարհը և ուրիշ փողոցով գնալ տուն։ Հանկարծ գետնին ընկած մի թուղթ գրավեց նրա ուշադրությունը։ Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյի հրավիրատոմս էր։ Թղթին գրված էր. «Ինչպե՞ս եք պատկերացնում Հիսուսին»։ Քանի որ փողոցում շատ մարդ կար, Ստերիոսը չհամարձակվեց հրավիրատոմսը վերցնել։ Տանը նա սկսեց մտածել այդ հարցի մասին, և նրա հետաքրքրությունն ավելի բորբոքվեց։

Ստերիոսն այդ օրը ընկերների հետ պայմանավորվել էր միասին սուրճ խմելու գնալ։ Նա որոշեց այն նույն փողոցով անցնել, որտեղ որ տեսել էր հրավիրատոմսը՝ հուսալով, որ այն դեռ այնտեղ կլինի։ Հրավիրատոմսը տեղում էր, բայց փողոցում նորից շատ մարդ կար։ Այս անգամ էլ նա չհամարձակվեց վերցնել։ Ընկերների հետ սրճելուց հետո Ստերիոսը կրկին նույն փողոց շտապեց. հրավիրատոմսը սպասում էր։ Այս անգամ վերցրեց այն ու կարդաց։ Նա որոշեց գնալ Հիշատակի երեկոյին։

Հիշատակի երեկոյից հետո Ստերիոսը դիմեց Աստվածաշնչի անվճար ուսումնասիրության համար։ Նա սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին և արագ հոգևորապես առաջադիմեց։ 2013-ի մարտին մեկօրյա հատուկ համաժողովին նա մկրտվեց։

Թոք-շոուն վերացրեց նախապաշարումը

2010-ի հունվարին Ֆին անունով մի եղբայր, որն ապրում է Դանիայի Կոպենհագեն քաղաքում, մի օր իր հետ ամսագրեր վերցրեց և դուրս եկավ զբոսնելու։ Մի նեղ փողոցում նրա դիմաց պատկառելի տարեց տղամարդ դուրս եկավ։ Ֆինը նրան առաջարկեց 2009թ. դեկտեմբեր ամսվա ամսագրերը, որտեղ Սուրբ Ծնունդի մասին մի քանի հոդվածներ կային։ Երբ տղամարդը խոսեց, Ֆինը ճանաչեց նրա ձայնը։ Այդ մարդը ճանաչված թոք-շոուի ռադիոհաղորդավար էր։ Հաջորդ օրը Ֆինը լսեց նրա հաղորդումը և շատ զարմացավ, երբ հաղորդավարը խոսեց այն ամսագրերի մասին, որ վերցրել էր իրենից, և հատվածներ կարդաց։ Հաղորդավարը կարդաց նաև այն խորհրդավոր «աստղի» մասին, որը հայտնվել էր Հիսուսի ծնունդի ժամանակ, և համաձայնեց այն մտքի հետ, որ աստղը իրոք Սատանայի ձեռքի գործն է եղել։

Հաղորդավարի արձագանքը տեսնելով՝ Ֆինը որոշեց այցելել նրան, և զրույցի ընթացքում հարցրեց, թե արդյոք հնարավոր կլինի այդ հաղորդման մեջ ընդգրկել նաև աստվածաշնչյան թեմաներ։ Երկու շաբաթ անց Ֆինը դրական պատասխան ստացավ։ 2 ժամ տևող թոք-շոուի հաջորդ 30 եթերները Եհովայի վկաների և Աստվածաշնչի մասին էին լինելու։ Թոք-շոուի ընթացքում հաղորդավարն ու Ֆինը քննարկում էին Եհովայի վկաների վերաբերյալ հարցեր և աստվածաշնչյան տարբեր թեմաներ, նաև պատասխանում էին ունկնդիրների հարյուրավոր զանգերին։

Մի օր մի ունկնդիր զանգահարեց ռադիոկայան և, թողնելով իր հեռախոսահամարը, խնդրեց, որ Վկաները կապ հաստատեն իր հետ։ Մեր եղբայրներն այդպես էլ արեցին։ Տարիներ շարունակ այդ մարդը Եհովայի վկաների մասին ընտանիքի անդամներից ու ընկերներից վատ բաներ էր լսել, բայց այդ հաղորդումների շնորհիվ Վկաների հանդեպ նախապաշարումը վերացավ։ Նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ 2013-ին այդ մարդը ներկա եկավ Հիշատակի երեկոյին և հատուկ ելույթին։ Այժմ ամեն կիրակի նա հաճախում է ժողովի հանդիպումներին և նույնիսկ մեկնաբանություններ է տալիս «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ։ Այդ ռադիոհաղորդումների շնորհիվ ուրիշ շատերն էլ սկսեցին դրականորեն արձագանքել ճշմարտությանը։

Դռան մոտ թողած հրավիրատոմսը

Իտալիայում մարզային համաժողովի վերջին օրն էր։ Երբ Լուչոն կնոջ՝ Էսթերի հետ հրաժեշտ էր տալիս ընկերներին, մի ամուսնական զույգ մոտեցավ նրանց։ Լուչոն հարցրեց, թե որ ժողովից են։ «Ոչ մի»,— պատասխանեցին նրանք։

— Վկաներից մեկի հե՞տ եք եկել,— հարցրեց նա։

— Ո՛չ։

Հետաքրքրությունից դրդված՝ Լուչոն շարունակեց. «Էդ դեպքում ո՞նց եղավ, որ եկաք»։

Ամուսինները պատասխանեցին. «Մեր տան դռան մոտ հրավիրատոմս գտանք ու որոշեցինք գալ»։

Երբ նրանք ասացին, թե որտեղ են ապրում, Լուչոյի կինն ասաց. «Ես եմ թողել այդ հրավիրատոմսը։ Քարոզարշավի վերջին օրն էր, ու որոշեցի մոտս մնացած հրավիրատոմսերը թողնել այն դռների մոտ, որոնք բացող չի եղել»։ Տեսնելով հրավիրատոմսը՝ ամուսնական զույգը որոշել էր կիրակի օրը գալ համաժողով։ Լուչոն և Էսթերը նրանց հրավիրեցին իրենց տուն ընթրիքի։ Այդ զույգը ընդունեց Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը։ Նրանք միշտ նախապես պատրաստվում են ուսումնասիրությանը և այժմ մասնակցում են նաև ժողովի հանդիպումներին։