Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լուրեր ամբողջ աշխարհից

Լուրեր ամբողջ աշխարհից

Ոստիկանները օգնում են դատարկել աղյուսները

Վրաստանի երկրորդ ամենախոշոր քաղաքում՝ Քութայիսիում, 13 տարի համաժողովներն անցկացվում էին շամպայնի կիսաքանդ, հին գործարանում։ Առաստաղը պլաստիկ թիթեղներով էր պատված, որպեսզի անձրևաջրերը ներս չլցվեն։ Այժմ եղբայրներն ունեն նոր ու հարմարավետ Թագավորության սրահ, որը հնարավոր է մեծացնել և դարձնել համաժողովների անցկացման բացօթյա վայր։ Շինարարության ընթացքում, երբ 50 կամավորներ դատարկում էին աղյուսներով լի բեռնատարը, ոստիկաններ մոտեցան՝ պարզելու համար, թե ինչ է կատարվում։ Տեսնելով աշխատողների ուրախությունն ու ոգևորությունը՝ նրանք գովեցին բոլորին և նույնիսկ օգնեցին դատարկել մեքենան։ Ասացին նաև, որ եթե ինչ-որ մեկը փորձի եղբայրներին անհանգստացնել, անմիջապես զանգեն իրենց։ Խոստացան, որ անպայման ներկա կլինեն այստեղ անցկացվող առաջին համաժողովին։

Նա վաճառեց իր հեծանիվը

Մելըքայը՝ Բուրունդիում ապրող մի երեց, ապրուստ էր վաստակում հողագործությամբ և իր հեծանիվով բեռներ փոխադրելով։ Նրանց տարածքում պետք է Թագավորության սրահ կառուցեին, և նա որոշեց ամեն օր մասնակցել շինարարությանը, որը տևելու էր երկու ամիս։ Սակայն քանի որ ընտանիքի կարիքները հոգալու համար գումար էր անհրաժեշտ, նա վաճառեց հեծանիվը։ Փողի մի մասը տվեց կնոջը, որ հոգա կարիքները, իսկ մյուս մասը նվիրաբերությունների արկղը գցեց՝ շինարարությանը աջակցելու համար։ Թագավորության սրահների շինարարության ծառայողներից նա շատ բան սովորեց։ Արդյունքում կարողացավ շինարարի աշխատանք գտնել, քանի որ մարդիկ տեսնում էին, թե որքան հմուտ է նա իր գործում։ Որոշ ժամանակ անց Մելըքայը իր համար նոր հեծանիվ գնեց։

Ուզում էին ներդրում ունենալ

Մալավիի հեռավոր տարածքներում Թագավորության սրահներ կառուցելը մեծ դժվարությունների հետ է կապված։ Նախորդ ծառայողական տարվա ընթացքում մի սրահ կառուցվեց այնպիսի տարածքում, որտեղ ճանապարհները շատ վատն են։ Մասնաճյուղի եղբայրները շինանյութը տեղ էին հասցնում լիաքարշակ ավտոմեքենաներով։ Տեղի եղբայրներն ասացին, որ իրենց բնակավայրում մարդիկ հետաքրքրված են նոր կառույցով։ Շատերը իրենց օգնություն էին առաջարկում և մինչև ուշ գիշեր բեռնաթափում էին ավազը, քարը, պարկերով ցեմենտը և տանիքի համար երկաթե թիթեղները։ Երբեմն ոչ Վկա աշխատողների թիվն անցնում էր Վկաների թվից։ Մարդիկ ուզում էին իրենց ներդրումն ունենալ, քանի որ տեսնում էին, թե ինչ ջանքեր են թափում Եհովայի վկաները իրենց այդ խուլ տարածքում երկրպագության գեղեցիկ վայր կառուցելու համար։

Երեխաները բավարար գումար վաստակեցին

Մի հատուկ ռահվիրա զույգ Կոտ դ’Իվուարում բետե լեզվով Աստվածաշունչ է ուսումնասիրում տեղացի մի ընտանիքի հետ, որտեղ տասը երեխա կա։ 2013թ. մայիսին առաջին անգամ պետք է այդ լեզվով համաժողով անցկացվեր Դալոա քաղաքում։ Ընտանիքի բոլոր անդամները ուզում էին մասնակցել։ Ճանապարհածախսը ամեն մեկի համար 800 աֆրիկյան ֆրանկ էր (1,6 ամերիկյան դոլար)։ Իսկ ընտանիքի հայրը չէր կարող փակել բոլորի ծախսը, թեև ուզում էր, որ բոլորով ներկա լինեն։ Նրա գլխում մի միտք ծագեց. իր մեծ աղջկան նա 300 ֆրանկ (0,6 դոլար) տվեց ու առաջարկեց, որ նա թոֆի (իրիսանման քաղցրավենիք) սարքի և վաճառի։ Նա հոր ասածի պես վարվեց և այնքան գումար աշխատեց, որը կհերիքեր ճանապարհի համար։ Հայրը մյուս երեխաներին էլ տվեց 300-ական ֆրանկ, որպեսզի թոֆիի փոքր բիզնես դնեն։ Շուտով նրանք այնքան փող ունեցան, որ կարող էին փակել իրենց ծախսերը, ուստի բոլորը միասին գնացին համաժողով։ Նրանք անչափ ոգևորված էին, որ կարողացան ներկա լինել իրենց մայրենի լեզվով անցկացվող համաժողովին։