Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, եթե ատում եմ դպրոցը

Ի՞նչ անեմ, եթե ատում եմ դպրոցը

 Խիստ ուսուցիչներ։ Հասակակիցների ճնշում։ Սթրեսային քննություններ։ Մի տոննա տնային աշխատանք։ Եթե չես սիրում դպրոցը, հասկանալի է՝ ինչու։ a Ռեյչլ b անունով մի պատանի ասում է.

 «Ուր ասես կգնամ, մենակ ոչ դպրոց։ Ավելի լավ է՝ գնամ ծովափ, ընկերներիս հետ ժամանակ անցկացնեմ, անգամ պատրաստ եմ ծնողներիս օգնել ճաշ եփել ու տուն մաքրել»։

 Եթե դու էլ ես զգում այն, ինչ Ռեյչլը, դպրոցական տարիներդ գուցե քեզ բանտարկություն թվան. մի կերպ դիմանում ես, մինչև վերջին զանգին ազատ արձակվես։ Իսկ կարո՞ղ ես դրական տեսանկյունից նայել դպրոցական տարիներիդ։

 Գիտեի՞ր արդյոք։ Եթե փորձես ուրիշ աչքով նայել դպրոցին, ղեկը ձեռքդ կվերցնես և դպրոցդ այլևս չես համարի զուտ համբերության փորձություն։ Ինչ-որ առումով դպրոցը կդառնա գործիք, որի օգնությամբ այնպիսի հմտություններ կմշակես, որոնք քեզ դեռ շատ պետք կգան չափահաս տարիքում։

 Դպրոցին ավելի լավ աչքով նայելու համար փորձիր կենտրոնանալ հետևյալի վրա.

 Քո կրթությունը։ Ինչքան շատ սովորես, այդքան ավելի պատրաստ կլինես լուծելու աշխատանքի և կյանքի այլ ոլորտների հետ կապված խնդիրները։ Դու ինքնուրույն կդառնաս ու անընդհատ հույսդ ուրիշների վրա չես դնի։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ օգուտներ եմ ստանում իմ կրթությունից, նույնիսկ եթե դպրոցի հետ կապված որոշ բաներ չեմ սիրում»։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Իմաստություն և խորհելու կարողություն պահպանիր» (Առակներ 3։21

 Հավելյալ տեղեկությունների համար կարդա «Ի՞նչ անեմ, եթե դպրոցում վատ առաջադիմություն ունեմ» հոդվածը։

 Քո սովորությունները։ Դպրոցական գրաֆիկի շնորհիվ կարող ես սովորել, թե ինչպես տնօրինել ժամանակդ, դառնալ ինքնակարգապահ և աշխատասեր։ Այս ամենը պետք կգա քեզ չափահաս կյանքում։ Հարցրու ինքդ քեզ. «Դպրոցի առօրյան ինչպե՞ս է օգնում, որ դառնամ ավելի ինքնակարգապահ և աշխատասեր։ Այս հարցերում աշխատելու տեղ ունե՞մ»։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն տեսակ աշխատանքից օգուտ կա» (Առակներ 14։23

 Հավելյալ տեղեկությունների համար կարդա «Ինչպե՞ս կարող եմ տնօրինել ժամանակս» հոդվածը։

 Հաղորդակցման հմտություններ։ Դպրոցում դասարանցիներիդ հետ առնչվելը կարող է օգնել, որ դառնաս կարեկից ու հարգես ուրիշներին։ Ջոշուա անունով մի երիտասարդ ասում է. «Մարդկանց հետ հաղորդակցվել սովորելը պատմություն ու բնագիտական առարկաներ սովորելու պես կարևոր է։ Այդ հմտությունը ամբողջ կյանքում պետք է գալու»։ Հարցրու ինքդ քեզ. «Դպրոցում ինչպե՞ս եմ սովորել լեզու գտնել ուրիշների հետ, անգամ նրանց, ում ծագումը կամ հավատալիքները տարբերվում են իմից»։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ձգտեք խաղաղության մեջ լինել բոլոր մարդկանց հետ» (Եբրայեցիներ 12։14

 Հավելյալ տեղեկությունների համար կարդա «Ինչպե՞ս բարելավեմ զրույց վարելու ունակություններս» հոդվածը։

 Քո ապագան։ Դպրոցը կարող է օգնել քեզ, որ նկատես քո ուժեղ կողմերը ու համապատասխան նպատակներ դնես։ Բրուք անունով մի երիտասարդ աղջիկ ասում է. «Իմ փորձից կարող եմ ասել, որ օգտակար կլինի, եթե ինչ-որ ուղղվածությամբ դասընթաց անցնես։ Երբ ավարտես դպրոցը, միանգամից կկարողանաս աշխատանքի անցնել»։ Հարցրու ինքդ քեզ. «Դպրոցն ավարտելուց հետո ի՞նչ գործ եմ անելու, որ հոգամ կարիքներս։ Ինչպե՞ս կարող եմ հիմիկվանից սովորել այն, ինչ պետք է այդ գործի համար»։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Հարթիր ոտքիդ ընթացքը [իմացիր՝ ուր ես ընթանում]» (Առակներ 4։26

a Այս հոդվածում ներկայացված սկզբունքներից շատերը կարող են օգնել նաև այն պատանիներին, ովքեր տնային ուսուցում են ստանում։

b Որոշ անուններ փոխված են։