Անցնել բովանդակությանը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Չղջիկի ձայնատեղորոշումը

Չղջիկի ձայնատեղորոշումը

 Չնայած որ չղջիկները կարող են տեսնել, նրանց մեծամասնությունը մթության մեջ կողմնորոշվում է ձայնատեղորոշման միջոցով։ Այսինքն՝ ելնելով նրանից, թե օբյեկտից ձայնի արձագանքը որքան ժամանակում է հասնում նրանց՝ չղջիկները կարողանում են որոշել, թե ինչ օբյեկտ է իրենց առաջ և ինչ հեռավորության վրա է գտնվում։ Օրինակ՝ որոշ չղջիկներ թևերի թափահարման արագությունից կարող են հասկանալ՝ իրենց առաջ բզեզ է, թե մոծակ։

 Նկատի առնենք հետևյալը: Շատ չղջիկներ իրենց կոկորդից արձակում են ձայնային իմպուլսներ, որոնք արտաբերում են բերանի կամ քթանցքների միջով։ Հետո իրենց մեծ ականջների օգնությամբ որսում են օբյեկտից անդրադարձած ձայնային ալիքները։ Այս ունակությունը չղջիկին հնարավորություն է տալիս մտքում կառուցել իր շրջակայքի եռաչափ պատկերը։ Չղջիկը կարող է որոշել օբյեկտի տեղը, բարձրությունը և հեռավորությունը, նույնիսկ երբ շրջապատված է այլ չղջիկներով, որոնք աղմուկ են ստեղծում։

 Չղջիկների ձայնատեղորոշումը չափազանց ճշգրտորեն է աշխատում։ Եթե այդ պրոցեսի մեջ մեկ միլիվայրկյանի (վայրկյանի 1/1000 մասը) սխալմունք լինի, ապա չղջիկը կշեղվի իր թիրախից մոտ 17 սանտիմետր (6,7 դյույմ)։ Որոշ գիտնականներ կարծում են, որ ձայնատեղորոշման, կամ՝ էխոլոկացիոն համակարգը «գրեթե անհնար է», որ մեկ միլիվայրկյանից ավելի մեծ ճշգրտություն ունենա։ Մինչդեռ փորձերը ցույց են տվել, որ չղջիկների էխոլոկացիոն համակարգի ճշգրտությունը հասնում է 10 նանովայրկյանի (վայրկյանի 1/100 000 000 մասը)։ Սա թույլ է տալիս նրանց մեկ միլիմետրից էլ պակաս շեղումով տեղորոշել օբյեկտը։

 Գիտնականները ստեղծել են ձեռնափայտ, որը ձայնատեղորոշման միջոցով օգնում է կույր մարդկանց կողմնորոշվել տեղանքում և խուսափել այնպիսի խոչընդոտներից, որոնց նրանք կարող են պատահաբար հարվածել գլխով, օրինակ՝ ծառի ճյուղերից։ Այս «չղջիկ-ձեռնափայտի» ստեղծողները՝ Բրայան Հոյլը և Դին Ուոթերսը, ասել են. «Այս ձեռնափայտը ստեղծելուն մեզ ոգեշնչել է չղջիկների տպավորիչ ձայնատեղորոշման ունակությունը»։

 Ի՞նչ եք կարծում: Չղջիկի արտասովոր ձայնատեղորոշման համակարգը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։