Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան վիդեոբեմադրության համար ավելի քան 27 500 կգ (60 000 ֆունտ) մանրացված խճաքար է բերվել Մաունթ Իբո ստուդիա

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2020 թ. «Միշտ ուրա՛խ եղեք» համաժողովի տեսանյութերի թողարկումը

2020 թ. «Միշտ ուրա՛խ եղեք» համաժողովի տեսանյութերի թողարկումը

ՕԳՈՍՏՈՍԻ 10, 2020

 Տարածաշրջանային համաժողովի տեսանյութերը ջերմացնում են մեր սրտերը և օգնում ավելի խորը հասկանալու սուրբգրային ուսմունքները։ 2020 թ. «Միշտ ուրա՛խ եղեք» տարածաշրջանային համաժողովը ընդգրկում է 114 տեսանյութ, այդ թվում՝ 43 ելույթ, որոնք ներկայացվել են Կառավարիչ մարմնի անդամների և նրանց օգնականների կողմից։ Երբևէ մտածե՞լ եք, թե որքան ջանքեր և միջոցներ են ծախսվել այդ տեսանյութերը պատրաստելու համար։

 Համաժողովի ծրագրի պատրաստմանը ամբողջ աշխարհից մոտ 900 եղբայրներ և քույրեր են մասնակցել, որոնք իրենց ժամանակն ու հմտություններն են ներդրել այս նախագծում։ Նրանք ծախսել են գրեթե 100 000 ժամ, որից 70 000-ը հատկացվել է 76 րոպե տևողությամբ «Նեեմիա. «Եհովայի ուրախությունը ձեր ամրոցն է»» վերնագրով աստվածաշնչյան վիդեոբեմադրության նկարահանմանը։

 Պատկերացնո՞ւմ եք, թե որքան գումար է պահանջվել այս անձնազոհ կամավորների կարիքները հոգալու, ինչպես նաև տեխնիկական ենթակառուցվածքների, սարքավորումների և շինություններ կառուցելու համար։

 Կառավարիչ մարմնի ուսումնական կոմիտեն ցանկանում է, որ մեր տեսանյութերում ներկայացվեն տարբեր մշակույթներ ու վայրեր։ Ջերիդ Գոսմանը, որը ծառայում է ձայնագրման/տեսագրման բաժնում, ասում է. «Այս մոտեցման շնորհիվ ավելի հստակ կերևա, որ մենք համաշխարհային եղբայրություն ենք։ 11 երկրներում 24 խմբեր են աշխատել միասին, որպեսզի հասնենք այդ նպատակին։ Նման լայնածավալ աշխատանք կատարելու համար հարկավոր են հսկայական ռեսուրսներ, պլանավորում, ինչպես նաև ուժերի կոորդինացում»։

 Տեսանյութերից շատերի նկարահանման համար անհրաժեշտ էին հատուկ մասնագիտական սարքավորումներ և տաղավարներ։ Օրինակ՝ «Նեեմիա. «Եհովայի ուրախությունը ձեր ամրոցն է»» աստվածաշնչյան վիդեոբեմադրության նկարահանման տաղավարները կառուցվել են Պատերսոնից ոչ շատ հեռու գտնվող Մաունթ Իբո ստուդիայում (Նյու Յորք, ԱՄՆ)։ Վիդեոբեմադրության տեսարանները պատմականորեն ճշգրիտ կերպով ներկայացնելու և միևնույն ժամանակ նվիրաբերված միջոցները լավագույնս օգտագործելու համար մեր եղբայրները, կրկնօրինակելով Երուսաղեմի պարսիպը, կառուցեցին թեթև քաշ ունեցող դեկորներ։ Այդ փայտե դեկորները ունեին 6 մետր բարձրություն և ծածկված էին շինարարական փրփուրով։ Դրանք ներկված էին այնպես, որ քարի տեսք ունենային։ Այս «պատերը» կարող էին տեղաշարժել տարբեր տեսարաններ ստանալու համար, ինչի շնորհիվ կրճատվեց անհրաժեշտ տաղավարների քանակը։ Սակայն նույնիսկ այս դեպքում միայն վիդեոբեմադրության նկարահանման տաղավարների համար պահանջվեց մոտ 100 000 ԱՄՆ դոլար։ a

 Նման մանրամասներ իմանալը ավելացնում է մեր երախտագիտությունը այս տարվա տարածաշրջանային համաժողովի ծրագրի համար։ Մենք համոզված ենք, որ մեր հավատակիցների թափած ջանքերի շնորհիվ Եհովայի անունը կփառավորվի ամբողջ աշխարհում։ Շնորհակալ ենք համաշխարհային գործի համար կատարած ձեր առատաձեռն նվիրատվությունների համար, որոնք արվել են donate.pr418.com կայքի միջոցով և այլ կերպերով։

a «Նեեմիա. «Եհովայի ուրախությունը ձեր ամրոցն է»» աստվածաշնչյան վիդեոբեմադրության նկարահանման տաղավարները կառուցվել են նախքան COVID-19 համավարակը։ Այդ ժամանակ սոցիալական հեռավորություն պահպանել չէր պահանջվում։