Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2015
ԼԵՀԱՍՏԱՆ

Օսվենցիմի բանտարկյալները նշում են իրենց ազատագրման 70-րդ տարին։ Նրանց մեջ եղել են նաև Եհովայի վկաներ

Օսվենցիմի բանտարկյալները նշում են իրենց ազատագրման 70-րդ տարին։ Նրանց մեջ եղել են նաև Եհովայի վկաներ

ՎԱՐՇԱՎԱ, Լեհաստան։ 2015թ. հունվարի 27-ին հազարավոր մարդիկ կնշեն Օսվենցիմի՝ նացիստական Գերմանիայի համակենտրոնացման և մահվան ճամբարից ազատագրման 70-րդ տարին։ Այս վատահամբավ ճամբարում, որի հիմնական նպատակն էր ոչնչացնել նացիստների թիրախը դարձած ռասայական խմբերին, բանտարկվել և տանջանքների են ենթարկվել Եհովայի վկաներ տարբեր ազգություններից, նույնիսկ գերմանացի։

Այս միջոցառման կազմակերպիչներն են Օսվենցիմ-Բիրկենաու պետական թանգարանը և Օսվենցիմի միջազգային խորհուրդը։ Ակնկալվում է, որ ներկա կլինեն Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և պաշտոնական ներկայացուցիչներ աշխարհի մի շարք երկրներից։ Միջոցառումը հեռարձակվելու է օնլայն։

Ճամբարը գտնվում է Օսվենցիմի տարածքում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները գրավել էին։ Այս գերմանական համակենտրոնացման ճամբարում 1940-ի հունիսին կար 700 լեհ բանտարկյալ։ Սակայն այն շատ արագ ընդլայնվեց և որոշ ժամանակ անց արդեն ընդգրկում էր ավելի քան 40 գլխավոր և երկրորդական ճամբարներ։ Միայն Օսվենցիմ-Բիրկենաուի չորս գազախցիկներում օրական սպանվում էր մինչ 20000 մարդ։ Այս ճամբարի գոյության հինգ տարիների ընթացքում այստեղ է ուղարկվել առնվազն 1,1 միլիոն մարդ, այդ թվում ավելի քան 400 Եհովայի վկաներ։

Օսվենցիմ-Բիրկենաու պետական թանգարանի պաշտոնական կայքում ասվում է. «Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի պատմական փաստաթղթերում քիչ տեղեկություն կա Եհովայի վկաների մասին (ճամբարի թղթերում նշված են որպես Աստվածաշունչ ուսումնասիրողներ), ովքեր բանտարկվել են իրենց կրոնական համոզմունքների պատճառով։ Նրանց մասին, սակայն, պետք էր ավելին հիշատակել, քանի որ ճամբարի նույնիսկ դաժան պայմաններում նրանք կառչած են մնացել իրենց բարոյական չափանիշներին»։ Թանգարանի արձանագրությունները ցույց են տալիս, որ Եհովայի վկաները Օսվենցիմ ուղարկված առաջին բանտարկյալներից էին, և որ նրանց 35 տոկոսից ավելին մահացել են այստեղ։

Անդժեյ Շալբոտ (բանտարկյալ-IBV 108703): 1943-ին նացիստները ձերբակալել և ուղարկել են Օսվենցիմ կրոնական համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար

Դեռևս 1933-ից Եհովայի վկաների գործունեությունը հայտնվել էր նացիստական վարչակարգի թիրախում։ Կազմակերպությունը արգելքի տակ էր դրվել։ Վկաների բարոյական չափանիշներն ու գործունեությունը ներդաշնակ չէր նացիստական գաղափարախոսությանը։ Օրինակ՝ նրանք չէին ողջունում «Հայլ Հիտլեր» խոսքերով, քանի որ Հիտլերին փառաբանելով անհավատարմություն դրսևորած կլինեն Աստծու հանդեպ։ Վկաները նաև հրաժարվում էին կատարել ցանկացած աշխատանք, որն ինչ-որ կերպ առնչվում էր պատերազմին։ Այս պատճառով նրանց հայրենիքի դավաճան էին համարում։ «Հրաժարվել զինվորական ծառայությունից նշանակում էր ուղարկվել համակենտրոնացման ճամբար»,— պատմում է Անդժեյ Շալբոտը, ում 1943-ին ձերբակալեցին և ուղարկեցին Օսվենցիմ, երբ նա ընդամենը 19 տարեկան էր։ Եհովայի վկաներին խոստանում էին իսկույն ազատել, եթե ստորագրեին մի փաստաթուղթ, որով կհրաժարվեին իրենց կազմակերպության անդամ լինելուց և կհայտարարեին, որ իրենց ուսմունքները սխալ են։ Անդժեյ Շալբոտը մերժեց ստորագրել։

Եհովայի վկաներին խոստանում էին իսկույն ազատել, եթե հրաժարվեին իրենց հավատից՝ ստորագրելով այսպիսի մի փաստաթուղթ

Նացիստական պաշտոնական փաստաթղթերում Եհովայի վկաների համար օգտագործվել է IBV հապավումը (Internationale Bibelforscher-Vereinigung), որը նշանակում է «Աստվածաշունչ ուսումնասիրողների միջազգային ընկերություն»՝ Գերմանիայում նրանց կազմակերպության պաշտոնական անունը։ Նացիստները Վկաներից պահանջում էին իրենց համազգեստի վրա մանուշակագույն եռանկյունի կրել։ Այս նշանը օգնում էր Վկաներին ճամբարում ճանաչել իրենց հավատակիցներին։ Ամեն երեկո անվանականչից առաջ նրանք հավաքվում էին իրար ոգեպնդելու։ Նրանք նաև գաղտնի հանդիպումներ էին անցկացնում, որպեսզի Աստվածաշունչ ուսումնասիրեին բանտարկյալների հետ, ովքեր տպավորված էին նրանց բարությամբ ու հավատով։ Մի շարք բանտարկյալներ այնտեղ դարձան Եհովայի վկաներ։

1945-ի հունվարի 27-ին՝ շաբաթ առավոտյան, Խորհրդային Միության Կարմիր բանակը մտավ Օսվենցիմ։ Ցերեկվա ժամը 3-ի կողմերը նրանք ազատեցին մոտ 7000 բանտարկյալի Օսվենցիմ I, Օսվենցիմ II (Բիրկենաու) և Օսվենցիմ III (Մոնովից) ճամբարներից։

Ստանիսլավ Զայոնց։ Օսվենցիմ է ուղարկվել 1943-ի փետրվարի 16-ին

Ստանիսլավ Զայոնցը այն տասնյակ հազարավոր բանտարկյալների մեջ էր, որոնց նացիստները ստիպել էին նախքան Կարմիր բանակի գալը հեռանալ Օսվենցիմի ճամբարներից։ Ստանիսլավը մոտ 3200 բանտարկյալների հետ թողեց Յավոժնո երկրորդական ճամբարը և խոր ձյան միջով դժվարությամբ անցավ մահվան երթի մի մասը։ Որոշ տվյալների համաձայն՝ 2000-ից էլ քիչ մարդ կենդանի մնաց 3 օր տևած այս երթում՝ դեպի Բլեխամերի երկրորդական ճամբար, որը գտնվում էր անտառի մեջ։ Իր հուշագրություններում Ստանիսլավը գրում է, որ թեժ մարտ էր ընթանում, իսկ ինքն ու մյուս բանտարկյալները թաքնվել էին ճամբարում. «Մեր մոտով հռնդյունով տանկեր էին անցնում, բայց ոչ ոք չէր համարձակվում դուրս գալ և նայել, թե ում տանկերն էին։ Առավոտյան պարզ դարձավ, որ ռուսներինն էին.... Հսկա բացատը լի էր ռուսական զորքերով։ Այսպես իմ մղձավանջն ավարտվեց»։

Այս տարի՝ հունվարի 27-ին, տարբեր երկրներում կանցկացվեն կոնֆերանսներ ու ցուցահանդեսներ՝ նվիրված Օսվենցիմի ազատագրման 70-ամյակին։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Գերմանիա։ Վոլֆրամ Սլուպինա, հեռ. +49 6483 41 3110

Լեհաստան։ Ռիշարդ Յաբլոնսկի, հեռ. +48 608 555 097