Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 30, 2019
ՈՒԶԲԵԿՍՏԱՆ

Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն առանց խոչընդոտների նշվել է Ուզբեկստանի ողջ տարածքում

Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն առանց խոչընդոտների նշվել է Ուզբեկստանի ողջ տարածքում

Վերջին տարիներին առաջին անգամ՝ 2019 թ. ապրիլի 19-ին, Ուզբեկստանի ողջ տարածքում մեր եղբայրները կարողացան առանց խոչընդոտների նշել Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն։

Ուզբեկստանում Եհովայի վկաները պաշտոնապես գրանցված են միայն Տաշքենդի մոտ գտնվող Չիրչիկ քաղաքում։ Նախորդ տարիներին Ուզբեկստանի այլ վայրերում բնակվող մեր եղբայրները ստիպված էին գաղտնի նշել Հիշատակի երեկոն, որպեսզի ոստիկանությունը չգար և չխանգարեր։ Այս տարի եղբայրները ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրին, որ Հիշատակի երեկո են անցկացնելու, և նրանց էլ հրավիրեցին։ Ոստիկանները բարյացակամորեն արձագանքեցին և անգամ քայլեր ձեռնարկեցին ապահովելու համար ներկաների անվտանգությունը։ Որոշ վայրերում նրանք ներկա եղան ծրագրին։

Հիշատակի երեկոյի ելույթը Չիրչիկի Թագավորության սրահում ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը, ինչպես ցույց է տրված վերևի լուսանկարում։ Ծրագիրը թարգմանվում էր ռուսերեն։ Ընդհանուր առմամբ ներկա էր 781 մարդ։ Նույն երեկո՝ ավելի ուշ, այդ սրահում Հիշատակի երեկոյի ևս երկու միջոցառում անցկացվեց։

Իր այցելության ընթացքում եղբայր Սանդերսոնը, որին ուղեկցում էին Փոլ Գիլիսը՝ գլխավոր վարչությունից, և երկու եղբայրներ՝ Միջին Ասիայից, հանդիպումներ ունեցան արդարադատության նախարարության և Ուզբեկստանում Մարդու իրավունքների ազգային կենտրոնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում եղբայրներին հնարավորություն ընձեռվեց հավաստի տեղեկություն ներկայացնելու մեր հավատի և կազմակերպության մասին։ Հույս ունենք, որ իրազեկ պաշտոնյաները կաջակցեն մեր կազմակերպության գրանցմանը այլ համայնքներում նույնպես։ Դա կնպաստի, որ մեր եղբայրները երկրպագության համար համապատասխան վայրեր գտնեն։

Եղբայր Մարկ Սանդերսոնը պատվիրակության մյուս անդամների հետ՝ Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության շենքի մոտ

Հիշատակի երեկոն առանց խոչընդոտների նշելը և դրան հաջորդած պաշտոնյաների հետ հանդիպումները Ուզբեկստանում տեղի ունեցած վերջին դրական զարգացումներն են։ Անցած վեց ամիսների ընթացքում Եհովայի վկաների տներ չեն ներխուժել, նրանց չեն տուգանել և չեն ձերբակալել։ Իսկ մոտ մեկ տարի առաջ՝ 2018 թ. մայիսի 14-ին, Միացյալ Նահանգներում Ուզբեկստանի դեսպան պրն Ժավլոն Վախաբովը հանրորեն ասաց, որ խորհրդարանը քայլեր կձեռնարկի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար, որպեսզի Եհովայի վկաները կարողանան ավելի հեշտությամբ գրանցում ստանալ։

Մենք ապավինում ենք Եհովային՝ հուսալով, որ նա կօրհնի Ուզբեկստանի մեր եղբայրների ջանքերը, որոնք շարունակում են «հանգիստ ու հանդարտ կյանք վարել Աստծու հանդեպ ամենայն նվիրվածությամբ ու լրջությամբ» (1 Տիմոթեոս 2:2