Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2020
ՀՆԴԿԱՍՏԱՆ

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս ընծայվեց հնդկական երեք լեզուներով

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս ընծայվեց հնդկական երեք լեզուներով

2020 թ. հոկտեմբերի 25-ին՝ կիրակի, «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել գուջարաթի, կաննադա և փենջաբի լեզուներով։ Այս Աստվածաշնչերը լույս ընծայվեցին էլեկտրոնային ձևաչափով, և դրանց մասին հայտարարվեց նախապես ձայնագրված ելույթում։ Քարոզիչները ծրագիրը դիտեցին իրենց տներում և դրա ավարտից անմիջապես հետո նրանք հնարավորություն ունեցան բեռնելու Աստվածաշնչի իրենց օրինակը։

Գուջարաթի

Ամբողջ աշխարհում մոտ 61 միլիոն մարդ է խոսում գուջարաթի լեզվով։

Երկու թարգմանչական խմբերում ծառայող 6 թարգմանիչներ մոտ 7 տարի աշխատել են այս նախագծի վրա։ Թարգմանիչներից մեկն ասում է. «Աստվածաշնչի լույսընծայումը մեր սրտերը ուրախությամբ լցրեց։ Այս թարգմանության մեջ օգտագործված պարզ լեզուն նույնիսկ երեխաների համար է հասկանալի»։

Մեկ ուրիշ թարգմանիչ էլ ասաց. «Այս Աստվածաշնչում Եհովայի անունը վերականգնվել է այն բոլոր տեղերում, որտեղ եղել է բնագրային տեքստում։ Մենք վստահ ենք, որ մեր հավատակիցների հավատը կամրանա, երբ իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ սկսեն օգտագործել այս թարգմանությունը»։

Դյուրընթեռնելի այս Աստվածաշունչը մեծ ազդեցություն կթողնի ընթերցողների վրա և «հեզերին» կօգնի, որ սովորեն Եհովայի ճանապարհների մասին (Սաղմոս 25։9

Կաննադա

Կաննադա լեզվում գրավոր և բանավոր խոսքը խիստ տարբերվում են իրարից։ Բանավոր լեզուն էլ իր հերթին շրջանից շրջան տարբեր է։ Ուստի թարգմանիչները կանգնած էին խնդրի առաջ. նրանք պետք է օգտագործեին այնպիսի լեզու, որը կլիներ բնական, պարզ և միաժամանակ ճշգրտորեն կփոխանցեր աստվածաշնչյան բարի լուրը։

Թարգմանությունը տևեց ավելի քան յոթ տարի։ Այս նախագծի վրա աշխատեցին տասը թարգմանիչներ։ Նրանցից մեկն ասաց. «Կարծում էի, թե COVID-19 համավարակի պատճառով լույսընծայումը կհետաձգվեր մինչև 2021 թ.։ Սակայն հիմա տեսնում եմ, որ ոչինչ չի կարող կանգնեցնել Եհովային»։

Մեկ այլ թարգմանիչ ասում է. «Անչափ հուզիչ է, որ այժմ կաննադա լեզվով խոսող մարդիկ իրենց մայրենի լեզվով կկարդան Եհովայի Խոսքը, ինչպես նաև կտեսնեն «Եհովա» անունը՝ վերականգնված ճիշտ տեղերում»։

Մենք վստահ ենք, որ Աստվածաշնչի այս թարգմանությունը շատ օգտակար կլինի Հնդկաստանի մասնաճյուղի տարածքում ծառայող ավելի քան 2 800 կաննադախոս քարոզիչների համար։ Այն նաև կօգնի ամբողջ աշխարհում ապրող մոտ 46 միլիոն կաննադախոսներին ըմբռնելու, թե «որքան խորն են [Աստծու] իմաստությունն ու գիտելիքները» (Հռոմեացիներ 11։33

Փենջաբի

Փենջաբի լեզվով թարգմանող խումբը, որը 12 տարի աշխատեց այս նախագծի վրա, բաղկացած էր 6 հոգուց։ Այս թարգմանությունը շատ օգտակար կլինի թե՛ Հնդկաստանում և թե՛ այլ երկրներում ապրող փենջաբի լեզվով խոսող ավելի քան 100 միլիոն մարդու համար։

Թարգմանիչներից մեկը հետևյալն ասաց. «Չնայած սահմանափակ միջոցներին՝ մենք մեր լավագույնը արեցինք։ Այս նախագիծը Եհովայի աջակցությամբ ավարտեցինք։ Այն կամրացնի մեր եղբայրների հավատը, կսփոփի նրանց և կօգնի հաղթահարելու առաջիկա դժվարությունները»։

Մեկ ուրիշ թարգմանիչ էլ ասաց. «Անկեղծ սիրտ ունեցող մարդիկ հաճույք կստանան Աստվածաշնչի ընթերցանությունից, հատկապես բանաստեղծական ոճ ունեցող գրքերից, նաև օգուտներ կքաղեն փնտրտուքներ անելու առանձնահատկություններից»։

Մենք միանում ենք մեր հավատակիցներին, որոնք իրենց երախտագիտությունն են հայտնում Եհովային այն զարմանահրաշ գործերի համար, որոնք հնարավոր չէ հաշվել (Սաղմոս 40։5