Բառարան
Ա Բ Գ Դ Ե Զ Ը Լ Խ Ծ Կ Հ Ճ Մ Ն Շ Ո Պ Ջ Ս Վ Տ ՈՒ Փ Ք Օ
Ա
ԱԼԱԲԱՍՏՐ
Մարմարի նման կարծր, սպիտակ քար, երբեմն տարբեր գույնի գծերով։ Սովորաբար դրանից անոթներ էին պատրաստում հեղուկներ պահելու համար։
ԱԼՖԱ ԵՎ ՕՄԵԳԱ
Հունարեն այբուբենի առաջին և վերջին տառերը, որոնք «Հայտնություն» գրքում երեք անգամ միասին գործածվում են որպես տիտղոս։
ԱՂԱՆԴ
Մարդկանց խումբ՝ առանձնացած ընդհանուրից, որը հետևում է իր ուսմունքներին։
ԱՆԱՊԱՏ
Աստվածաշնչում «անապատ» բառը չի մատնանշում միայն ավազուտ տարածք։ Այն նաև օգտագործվում է անբնակ, անբերրի, հաճախ քարքարոտ և անջուր տեղանքը նկարագրելու համար, որտեղ կարող էին նույնիսկ արոտավայրեր լինել։
ԱՆԱՌԱԿ ՎԱՐՔ
Սա պարզապես վատ վարքը չէ։ Այն վերաբերում է Աստծու օրենքների լուրջ ոտնահարմանը և ցույց է տալիս անհատի հանդուգն կամ բացահայտ արհամարհական վերաբերմունքը՝ այնպիսի ոգի, որը անարգանք և նույնիսկ արհամարհանք է արտահայտում իշխանության, օրենքների և սահմանված չափանիշների հանդեպ։
ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ մի շարք աշխատությունների՝ «անզուգական բարություն» թարգմանված հունարեն բառը ունի երկու հիմնական նշանակություն։ Այս արտահայտության մեջ երկու հիմնական միտք կա։ Առաջին՝ այն ընդգծում է Աստծու մեծ առատաձեռնությունը, որը նա ցուցաբերում է առանց որևէ բան ակնկալելու։ Նա անսահման բարություն է դրսևորում մարդկանց հանդեպ։ Այս հատկության տեր անձնավորությունը առատաձեռն է և մեծահոգի։ Երկրորդ՝ Աստված այս բարությունը դրսևորում է նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր արժանի չեն դրան. նա ներում է մեղավորներին և առաջարկում է Քրիստոսի միջոցով ընդունել հավիտենական փրկությունը։
ԱՇԽԱՐՀ
Աշխարհ թարգմանված հունարեն կոսմոս բառը կարող է վերաբերել 1) ամբողջ մարդկությանը՝ անկախ նրանց բարոյական վիճակից ու ապրելակերպից, 2) Եհովայի ծառաներից բացի մյուս բոլոր մարդկանց։ 3) Իսկ հունարեն աիոն բառը կարող է վերաբերել ժամանակահատվածի և ընդգրկել վաղնջական ժամանակները ու հավիտենական ապագան։ Սակայն այն հաճախ վերաբերում է որևէ համակարգում տիրող իրավիճակին կամ որևէ դարաշըրջանի բնորոշ առանձնահատկություններին։
ԱՌԱՔՅԱԼ
Բառացի նշանակում է «ուղարկված»։ Հիմնականում առաքյալ էին կոչվում Հիսուսի աշակերտներից տասներկուսը, որոնց նա ընտրեց որպես իր ներկայացուցիչներ։
Բ
ԲԱԼԱՍԱՆ
Սա վերաբերում է այն խիժաբեր բույսերին, թփերին ու ծառերին, որոնց խեժը անուշահոտ է և սովորաբար յուղոտ։ Արևելքի բնակիչները բալասանը թանկ էին գնահատում։
ԲԱՆՍԱՐԿՈՒ
Նշանակում է «զրպարտիչ»։ Սատանային տրվեց այս անունը, քանի որ նա սուտ մեղադրանք ներկայացրեց Եհովային և զրպարտեց նրան, նրա խոսքը և նրա սուրբ անունը։
ԲԱՐՁՈՒՆՔ
Սա վերաբերում է բարձր տեղերին, բլուրներին ու լեռներին, բայց սովորաբար գործածվում է այն տների կամ տաճարների հետ կապված, որտեղ կռապաշտությամբ էին զբաղվում։ Բարձունքները հիմնականում երկրպագության վայր էին համարվում, հատկապես կեղծ երկրպագության։
Գ
ԳԱՅԹԱԿՂ(Վ)ԵԼ
ՀԳ-ում այս բառը հիմնականում օգտագործվում է փոխաբերական իմաստով և համատեքստից կախված՝ կարող է ունենալ մի քանի նշանակություն։ Սովորաբար այն նշանակում է ինչ-որ մեկի դրդել մեղքի կամ անվստահություն առաջացնել ու հեռացնել նրանից, ում նա պետք է վստահեր և հնազանդվեր։ Նաև նշանակում է վիրավորվել ու թողնել հավատը։
ԳԵՏԱՀՈՎԻՏ (ԿԱՄ՝ ՀԵՂԵՂԱՏ)
Հովիտ, կամ՝ ձոր, որտեղով գետ է հոսում։ Հեղեղատը գետահովտից տարբերվում է նրանով, որ անձրևային եղանակներին այստեղով հոսող գետը վարարում է, իսկ չոր եղանակին՝ ցամաքում։
ԳԻՐՔ, ՍՈՒՐԲ ԳԻՐՔ
1) Երբ այս բառը կամ արտահայտությունը հանդիպում է մեծատառերով, ակնարկում է այն սուրբ գրքերին, որոնք հետագայում դարձան Աստվածաշնչի մի մասը։ 2) Երբ «գիրք» բառը հանդիպում է փոքրատառով, ակնարկում է փաթույթին՝ գլանաձև ձեռագրին։
ԳՈՐՇՈՒԿ
Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ տեղերում։
Դ
ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐ
Հատուկ նշանակված «օր», կամ՝ ժամանակահատված, որի ընթացքում որոշ խմբեր, ազգեր և ընդհանրապես բոլոր մարդիկ պետք է հաշիվ տան Աստծուն։ Այդ ժամանակ մահվան դատապարտվածները կկրեն իրենց պատիժը, իսկ մյուսները հնարավորություն կստանան փրկվելու և հավիտյան ապրելու։
ԴԵՎԵՐ
Գերբնական զորություն ունեցող, անտեսանելի չար ոգեղեն արարածներ։ Սրանք այն հրեշտակներն են, որոնք Նոյի օրերում չհնազանդվեցին Աստծուն և միացան Սատանայի ապստամբությանը։
ԴՊԻՐՆԵՐ
Գրագիրներ, որոնք արտագրում էին Եբրայերեն Գրությունները։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, «դպիր» բառը մատնանշում էր այն մարդկանց խմբին, որը լավատեղյակ էր Օրենքից։
Ե
ԵՐԵՐԱՑՆԵԼՈՒ ԸՆԾԱ
Քահանան իր ձեռքերը դնում էր ընծան մատուցողի ձեռքերի տակ, որը բռնել էր իր ընծան, և այս ու այն կողմ էր երերացնում, կամ էլ՝ քահանան ինքն էր երերացնում մատուցվող ընծան։ Հնարավոր է՝ քահանան ընծան զոհասեղանի ուղղությամբ հետ ու առաջ էր տարուբերում։
ԵՐԵՑ
Այն վերաբերում է ոչ միայն տարեցներին կամ ծերերին, այլ նաև պատասխանատվություն կամ իշխանություն ունեցող մարդկանց։
Զ
ԶՂՋԱԼ
Նշանակում է ափսոսալ, ցավ զգալ մի բան արած կամ չարած լինելու համար, փոշմանել, փոխել մտածելակերպը։
ԶՄՈՒՌՍ
Անուշահոտ խեժ, որը ստանում են տարբեր տեսակի փշոտ թփերից կամ փոքր ծառերից։ Դրանց բնափայտը և կեղևը ուժեղ հոտ ունեն։
ԶՈՊԱ
Կարող է վերաբերել մեկ կամ մի քանի տեսակ բույսերի, սակայն ստույգ հայտնի չէ, թե դա ինչ բույս է։
Ը
ԸՄՊԵԼԻՔԻ ԸՆԾԱ
Այն մատուցում էին գրեթե մյուս բոլոր ընծաների հետ։ Որպես ըմպելիքի ընծա մատուցվում էր գինի (ոգելից խմիչք) և թափվում էր զոհասեղանի վրա։
ԸՆԾԱՅՎԱԾ ՀԱՑԵՐ
Այն տասներկու հացերը, որոնք երկու շարքով իրար վրա դրվում էին խորանի կամ տաճարի Սրբությունում գտնվող սեղանի վրա։ Այդ հացերը ամեն շաբաթ վերցնում էին և նորն էին դնում։
Լ
ԼՈՒՍԱՍՏՂ
Նման է «առավոտյան աստղին»։ Սա վերջին աստղն է, որ ծագում է արևածագից առաջ արևելքում՝ ավետելով նոր օրվա լուսաբացը։
Խ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԸՆԾԱ
Եհովային ընդունելի խաղաղության ընծան ցույց էր տալիս, որ ընծան մատուցողը խաղաղ փոխհարաբերություններ ունի Եհովայի հետ։ Կենդանու արյունն ու ճարպը մատուցվում էին Եհովային, իսկ միսը ուտում էին քահանաներն ու մատուցողը։
ԽՈՐԱՆ
Շարժական վրան, որ Իսրայելն օգտագործում էր Աստծուն երկրպագելու համար։ Կոչվում էր նաև «հանդիպման վրան»։
ԽՈՒՅՐ (քահանայապետի)
Կտորից պատրաստված գլխանոց կամ փաթթոց (երկար կտոր, որով փաթաթում էին գլուխները), որի վրա կապույտ լարով ամրացված էր ոսկյա թիթեղ։ Ակներևաբար այն կարված էր, և փաթաթելու փոխարեն՝ գլխարկի պես դնում էին գլխին։
Ծ
ԾԱՌԱՅՈՂ ՕԳՆԱԿԱՆ
Հուն. բառը գործածվում է ժողովի և հաստատված կարգուկանոնի առնչությամբ։ Նրանք ժողովում որոշակի պատասխանատվություններ ունեին։
Կ
ԿՈՃՂ
Փայտե հարմարանք, որը հնում օգտագործում էին մարդկանց պատժելու համար։ Դրա մեջ մտցնում էին մարդու ոտքերը, և նա մնում էր գետնին նստած վիճակում (2Տգ 16։10; Եր 20։2, 3)։ Հաճախ նրան հանում էին հանրության առջև, որպեսզի ժողովուրդը տեսներ ու ծաղրեր։
ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Կուռքը ինչ-որ բանի նմանությամբ կամ երևակայությամբ արված պատկեր է, կամ՝ խորհրդանիշ՝ պաշտամունքի առարկա։ Կռապաշտությամբ զբաղվել նշանակում է կուռքին մեծարել, սիրել, պաշտել կամ երկըրպագել։
ԿՐԾՔԱՊԱՆԱԿ
Ասեղնագործ պարկանման հարմարանք, որը սուրբ էր համարվում, և քահանայապետը կրում էր իր կրծքին, երբ մտնում էր Սրբություն։
Հ
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎՐԱՆ
Տե՛ս «Խորան»։
ՀԱՅՀՈՅԱՆՔ
Հունարեն բլասֆեմիա բառը հիմնականում նշանակում է վիրավորական, անպատիվ, անարգական խոսք՝ ուղղված Աստծու կամ մարդկանց դեմ։ «Նոր աշխարհ» թարգմանության մեջ այս բառը սովորաբար գործածվում է միայն որպես Աստծու և սուրբ բաների դեմ ուղղված անհարգալից և վիրավորական խոսք։
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՓԱՐԻՉ
Ուխտի տապանակի կափարիչը, որի առաջ քահանայապետը Քավության օրը շաղ էր տալիս մեղքի ընծայի արյունը։
ՀԱՎԱԼՈՒՍՆ
Երկար կտուցով մեծ թռչող թռչուն։
ՀԱՐ-ՄԱԳԵԴՈՆ
Նշանակում է «Մեգիդոյի լեռ»։ Հար-Մագեդոն պատերազմը տեղի է ունենալու ապագայում համաշխարհային մասշտաբով, որի ժամանակ Եհովայի կողմից նշանակված Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, վերացնելու է Աստծու թշնամիներին։
ՀՈԲԵԼՅԱՆ
Իսրայելացիների՝ Ավետյաց երկիր մտնելուց սկսած՝ ամեն հիսուներորդ տարին կոչվում էր Հոբելյանական տարի։ Հոբելյան էր կոչվում այն իմաստով, որ ամբողջ տարի ասես տոն լիներ։ Այն ազատագրման տարի էր։
ՀՐԱՊԱՐԱԿ
Բաց տարածություն, որտեղ առևտրով էին զբաղվում և որտեղ սովորաբար հավաքվում էր ժողովուրդը։
Ճ
ՃՌԱՔԱՂ
Բերքահավաքից հետո նպատակային կամ պատահաբար թողնըված բերքի մնացորդները հավաքելը։
Մ
ՄԱՐԳԱՐԵԱՆԱԼ
Ընդհանուր առմամբ նշանակում է Աստծու կողմից ներշնչված պատգամները հաղորդել, հայտնել նրա սուրբ կամքը։ Մարգարեությունները հաճախ ապագայի մասին են (Մթ 26։67, 68)։ Մարգարեանալ կարող է նշանակել նաև Աստծու բարոյական չափանիշները սովորեցնել, նրա պատվերները կամ դատաստանները հայտնել և գալիք բաների մասին տեղեկացնել։
ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻ
Այս արտահայտությունը Ավետարանում հանդիպում է մոտ 80 անգամ և վերաբերում է Հիսուս Քրիստոսին։ Այն ցույց է տալիս, որ երբ Աստծու որդին երկրի վրա էր, նա իսկապես մարդ էր։ Նաև ցույց է տալիս, որ Հիսուսն է իրականացնելու Դանիել 7։13, 14-ում գրված մարգարեությունը։
ՄԱՔԻ
Էգ ոչխար։
ՄԵՍԻԱ
Նշանակում է օծյալ, կամ՝ օծված։ Հունարեն համարժեքն է «Քրիստոս»։
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
Մկրտվել նշանակում է ընկղմվել, կամ՝ սուզվել ջրի մեջ։ Աստվածաշնչում խոսվում է նաև Հովհաննեսի մկրտության, սուրբ ոգով մկրտվելու, կրակով մկրտվելու մասին և այլն։
Ն
ՆԵՐՔԻՆԻ
Ամորձատված տղամարդ։ Այսպիսի մարդիկ արքունիքում ծառայում էին թագուհուն, հարեմին և այլ կանանց որպես սպասավորներ կամ խնամակալներ։ Այս բառը երբեմն վերաբերում է նաև արքունական պալատում ծառայող որոշ պաշտոնյաների, որոնք ամորձատված չեն։
ՆԵՌ (ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍ)
Բառացի՝ «Քրիստոսին հակառակ (կամ՝ փոխարեն)»։ Այն վերաբերում է բոլոր նրանց, ովքեր հակառակվում են կամ պնդում են, թե իրենք Քրիստոսն են կամ նրա ներկայացուցիչը, կամ էլ հերքում են այն ամենը, ինչ որ Աստվածաշունչն ասում է Քրիստոսի մասին։
ՆԻՍԱՆ
Այսպես էր կոչվում հրեաների սուրբ օրացույցի առաջին ամիսը Բաբելոնի գերությունից դուրս գալուց հետո։ Այդ ամսվա նախկին անունը «աբիբ» էր։ Այն համընկնում է մարտ կամ ապրիլ ամիսներին։
ՆՈԽԱԶ
Արու այծ։
ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐ
Տե՛ս «Սիրառատ բարություն»։
Շ
ՇԱԲԱԹ
Աստծու կողմից առանձնացված օր՝ ազատված առօրյա գործերից։ Եհովան այդ օրը տվեց որպես նշան իր և Իսրայելի որդիների միջև։ Մովսիսական օրենքում նշվում է նաև Շաբաթ-տարիների (ամեն յոթերորդ տարին) մասին։
Ո
ՈԳԵՀԱՐՑՈՒԹՅՈՒՆ
Հուն.՝ ֆարմակիա։ Աստվածաշնչյան մի բառարանի համաձայն այն անմիջականորեն կապված է դեղերի, թմրադեղերի, կախարդության և հմայության հետ։ Կախարդության ժամանակ օգտագործվում են թույլ կամ ուժեղ թմրադեղեր, ասվում են կախարդական խոսքեր և տարբեր տեսակ թալիսմանների և համայիլների օգնությամբ դիմում են խորհրդավոր ուժերի։ Հաճախորդին թմրադեղեր են խմեցնում իբր թե դևերի ուշադրությունը շեղելու և նրանցից պաշտպանելու համար։ Սակայն իրականում դա անում են խորհրդավոր ուժերով և կախարդանքի զորությամբ նրան տպավորելու համար։
ՈՂՋԱԿԵԶ
Զոհաբերվող կենդանին ամբողջությամբ մատուցվում էր Աստծուն։ Զոհը մատուցողը կենդանուց ոչ մի մաս չէր պահում իր համար։
Պ
ՊԱՍԵՔ
(Եբր.՝ փեսախ, հուն.՝ պասխա)։ Պասեքի տոնը հաստատվեց Եգիպտոսից դուրս գալու նախորդ օրը՝ երեկոյան։ Պասեքը տոնելով՝ իսրայելացիները նշում են իրենց ազատագրումը Եգիպտոսից և այն, որ հրեշտակը չի վնասել իրենց առաջնեկներին, երբ Եհովան կործանում էր Եգիպտոսի առաջնեկներին։
ՊԵՆՏԵԿՈՍՏԵ
Քրիստոնեական Հունարեն Գրություններում այսպես է կոչվում հնձի տոնը (Ելք 23։16), կամ՝ Շաբաթների տոնը (Ելք 34։22), որը ունի նաև «առաջին հասած պտուղների օր» անվանումը (Թվ 28։26)։ Այն տոնում էին նիսանի 16-ից հաշված 50-րդ օրը (Պենտեկոստե նշանակում է «հիսուներորդ [օր]»։ Հրեական օրացույցով այդ տոնը սիվանի 6-ին էր)։
Ջ
ՋՈՒԼՀԱԿԱՀԱՍՏՈՑ
Տարբեր տեսակ կտորներ գործող հաստոց։
Ս
ՍԱԴՈՒԿԵՑԻՆԵՐ
Հուդայականության հայտնի կրոնական ուղղություն։ Սադուկեցիները նույնպես ընդգրկվում էին քահանայության մեջ և Սինեդրիոնի անդամներ էին։
ՍԱՏԱՆԱ
Նշանակում է «հակառակորդ»։ Նա Աստծու գլխավոր թշնամին է։
ՍԵՐՈՎԲԵ
Ոգեղեն էակներ, որ կանգնում են Եհովայի գահի շուրջ։
ՍԻՐԱՌԱՏ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրուց բխող բարություն ինչ-որ մեկի կամ բանի հանդեպ, որը շարունակվում է դրսևորվել այնքան ժամանակ, մինչև որ իրագործվի տվյալ բանի կամ անձնավորության հետ կապված նպատակը։ Քանի որ այս բառն ունի նաև հավատարմության, միասնության և նվիրվածության իմաստ, այն թարգմանվում է նաև «նվիրված սեր»։
ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Խորանի, իսկ հետագայում նաև տաճարի առաջին մեծ բաժանմունքը, որն առանձնացած էր Սրբությունների Սրբությունից։
ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Խորանի, իսկ հետագայում նաև տաճարի խորքի սենյակը։
ՍՈՒՐԲ ՈԳԻ
Աստծու ուժը, որ նա ուղարկում է կամ օգտագործում է իր ցանկություններն իրագործելու համար։ Դրա միջոցով Աստված ստեղծել է երկինքը, երկիրը և ամեն կենդանի բան։
Վ
ՎԻԹ
Նրբակազմ արագավազ եղնիկ։
Տ
ՏԵԳՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Երբ մեկի ամուսնացած եղբայրը մահանում էր առանց որդի ունենալու, նա պետք է ամուսնանար նրա կնոջ հետ, որպեսզի իր եղբոր համար սերունդ տար և նրա շառավիղը շարունակվեր։
ՈՒ
ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿ
Սուրբ արկղ, որը գտնվում էր խորանի Սրբությունների Սրբությունում, իսկ հետագայում՝ Սողոմոնի կառուցած տաճարում։ Այն պատրաստվել էր Եհովայի պատվերի և նրա տված նախագծի համաձայն։ Դրա մեջ էին պահում Տասը պատվիրանների երկու տախտակները։
ՈՒՐԻՄ ՈՒ ԹՈՒՄԻՄ
Դրանք առարկաներ էին, որոնց միջոցով տեղեկանում էին սուրբ վճիռների մասին։ Հավանաբար դրանք վիճակ գցելու համար օգտագործվող քարեր էին։
Փ
ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐ
Մ.թ. առաջին դարում հուդայականության հայտնի կրոնական ուղղություն։ Փարիսեցիները նաև Սինեդրիոնի անդամներ էին։
ՓՐԿԱՆՔ
Դա այն գինն է, որը վճարվում է ինչ-որ պարտականությունից կամ անցանկալի հանգամանքներից ազատագրելու կամ որևէ բան հետ գնելու համար։ Այն ունի նաև մի որևէ բան համարժեք բանով փոխանակելու իմաստ։
Ք
ՔԱՀԱՆԱ
Քահանաները Աստծուն պաշտոնապես ներկայացնում էին ժողովրդի առաջ՝ նրանց սովորեցնելով Աստծու և նրա օրենքների մասին։ Նրանք նաև ժողովրդին էին ներկայացնում Աստծու առաջ՝ զոհեր մատուցելով և բարեխոսելով ու աղաչանքներ անելով նրա համար։
ՔԱՎՈՒԹՅՈՒՆ
Այս բառը հիմնականում նշանակում է «կափարիչ» կամ «փոխանակում», որը տրվում է մի բանի փոխարեն կամ մի բան ծածկելու համար, ինչը պետք է լինի դրա կրկնօրինակը։
ՔԵՐՈՎԲԵ
Բարձր դիրք ունեցող և հատուկ հանձնարարություններ կատարող հրեշտակ։
ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ
Հիսուսի Քրիստոսի հետևորդներ, քրիստոնեություն դավանող մարդիկ։
ՔՐԻՍՏՈՍ
Նշանակում է օծյալ։ Սա պարզապես անուն չէր՝ Տեր Հիսուսին նույն անունն ունեցող մյուս մարդկանցից զատորոշելու համար։ Այն տիտղոս է։
ՔՈՒՐՁ
Մուգ գույնի այծի մազից գործված հագուստ, որ հագնում էին սգի՝ ողբի ժամանակ։
Օ
ՕԾԵԼ
Բառացի նշանակում է «յուղ քսել»։ Աստվածաշնչյան ժամանակներում եբրայեցիները ծիսականորեն օծում էին իշխաններին ու քահանաներին՝ պաշտոնապես հաստատելու նրանց նշանակումը։ Օծելիս յուղը լցնում էին մարդու գլխին։
ՕՐՀՆԵԼ
Հունարեն բառը բառացի նշանակում է «մեկի մասին լավ բան խոսել»։ Օրհնել նշանակում է սուրբ դարձնել, կամ՝ սուրբ հայտարարել, Աստծուց նրա հավանությունը խնդրել, բարիք անել, շնորհել, փառաբանել, գովեստի խոսքեր ասել, մեկի մասին լավ բան խոսել, պաշտպանել չարից, երջանկացնել և այլն։ Աստվածաշունչը այս բառը գործածում է չորս հիմնական դեպքերում, երբ 1) Եհովան օրհնում է մարդկանց, 2) մարդիկ օրհնում են Եհովային, 3) մարդիկ օրհնում են Քրիստոսին և 4) օրհնում են ուրիշ մարդկանց։