Նախաբան
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ Գերիշխան Տեր Եհովայի գրավոր խոսքն է՝ ուղղված երկրի վրա ապրող բոլոր մարդկանց։ Աստծու կողմից ներշնչված այս գիրքը ուղղված է յուրաքանչյուր մարդու. այն հայտնում է մարդկանց Աստծու Թագավորության մասին բարի լուրը, այն Թագավորության, որը խաղաղություն և արդարություն է հաստատելու։ Երկիրը դրախտ է դառնալու։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված, սիրուց մղված, իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի փրկանքի միջոցով մեղքի տակ գտնվող մարդկությանը հնարավորություն տվեց ազատվելու մեղքի ու մահվան կապանքներից (Հովհաննես 3։16)։
Աստվածաշունչը գրվել է եբրայերենով, արամերենով (եբրայերենին ազգակից լեզու) և հունարենով։ Քանի որ այսօր շատ քչերն են հասկանում այդ լեզուները, անհրաժեշտություն կա Սուրբ Գիրքը թարգմանելու ժամանակակից լեզուների, որպեսզի նրա կենսատու պատգամը հասնի բոլոր ազգերի մարդկանց։
Աստվածաշնչի հայերեն այս թարգմանությունը արված է «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» անգլերեն հրատարակությունից (1984 թ.)։ Այն բաղկացած է Եբրայերեն և Արամերեն Գրությունների 39 գրքերից և 2006 թ.-ին հայերենով լույս տեսած Քրիստոնեական Հունարեն Գրությունների վերանայված 27 գրքերից։ Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեն որոշել է Սուրբ Գրքի երկու մասերը այսպես անվանել և ոչ թե Հին կտակարան և Նոր կտակարան, ինչպես ընդունված է։ Պատճառն այն է, որ Աստվածաշունչը մի ամբողջական աշխատություն է, և նրա ոչ մի հատվածը չի կարող «հին» լինել, կամ՝ հնանալ։ Նրա պատգամը հետևողականորեն պահպանվում է՝ սկսած եբրայերենով գրված առաջին գրքից մինչև հունարենով գրված վերջին գիրքը։ Որպեսզի ընթերցողի համար հեշտ լինի ուսումնասիրել ողջ Աստվածաշունչը, այս հրատարակությունում ընդգրկվել են ավելի քան 125 000 զուգահեռ հղումներ և Աստվածաշնչում օգտագործված բառերի ցանկ։
Աստվածաշունչը հայտնում է տիեզերքի Գերիշխանի սուրբ կամքը, ուստի եթե բաց թողնվի կամ թաքցվի նրա անզուգական անունը, որը եբրայերեն բնագիր տեքստում հանդիպում է մոտավորապես 7000 անգամ, ապա անարգանք ու անպատվություն կբերվի նրա վեհությանն ու իշխանությանը։ Այս թարգմանության գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ Աստծու անունը վերականգնվել է այն բոլոր տեղերում, որտեղ որ պետք է լիներ։ Ուստի այս հրատարակության մեջ հայերենում Աստծու անվան ընդունված ձևը՝ Եհովա, Եբրայերեն Գրություններում հանդիպում է 6 973 անգամ, իսկ Քրիստոնեական Հունարեն Գրություններում՝ 237 անգամ։ Այս մասին լրացուցիչ տեղեկություն կարող եք գտնել հավելվածներում։
Այս աշխատության թարգմանիչները, Աստվածաշնչի Հեղինակի՝ Աստծու հանդեպ սիրուց մղված, մեծ պատասխանատվություն են զգում նրա առաջ, ուստի ջանացել են հնարավորինս ճշգրտորեն փոխանցել նրա մտքերն ու խոսքերը։ Նրանք իրենց պարտավորված են զգում նաև ընթերցողների առաջ, որոնց հավիտենական փրկությունը կախված է Բարձրյալ Աստծու կողմից ներշնչված Խոսքի թարգմանությունից։ Մենք հույս ունենք, որ այս թարգմանության օգնությամբ ընթերցողը կգտնի հավիտենական կյանքի ուղին, կյանք արդար նոր աշխարհում, որ խոստացել է Ամենակարողը (Եսայիա 65։17; 2 Պետրոս 3։13)։
Հրատարակիչներ