Ամոս 2:1-16
2 «Այսպես է ասում Եհովան. ««Մովաբի+ երեք ապստամբությունների և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նա այրեց Եդոմի թագավորի ոսկորները՝ կիր+ շինելու համար։
2 Ես կրակ կուղարկեմ Մովաբի վրա, և այն կլափի Կարիոթի+ բնակելի աշտարակները։ Մովաբը աղմուկ-աղաղակի, տագնապի ազդանշանի, եղջյուրի ձայնի մեջ կմեռնի+։
3 Ես նրա միջից բնաջինջ կանեմ դատավորին և նրա հետ կսպանեմ նրա բոլոր իշխաններին»+,– ասում է Եհովան»։
4 Այսպես է ասում Եհովան. «Հուդայի+ երեք ապստամբությունների և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նրանք մերժեցին Եհովայի օրենքը+ և չպահեցին նրա կանոնները։ Նրանք մոլորվեցին այն ստերի+ պատճառով, որոնց հետևեցին իրենց նախահայրերը+։
5 Ես կրակ կուղարկեմ Հուդայի վրա, և այն կլափի Երուսաղեմի բնակելի աշտարակները»+։
6 Այսպես է ասում Եհովան. «Իսրայելի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նրանք արդարին ծախում են արծաթի դիմաց և աղքատին՝ մի զույգ սանդալի գնով+։
7 Նրանք տենչում են, որ երկրի փոշին ծածկի խեղճերի գլուխը+, հեզերին հրում են ճանապարհից+։ Տղամարդն ու իր հայրը նույն աղջկա մոտ են գնում+, որ պղծեն իմ սուրբ անունը+։
8 Ամեն զոհասեղանի+ կողքին նրանք պառկում են գրավ վերցրած հագուստի վրա+ և իրենց աստվածների տանը խմում են նրանց գինին+, ումից տուգանք են վերցրել»։
9 «Մինչդեռ իմ ժողովրդի համար ես ոչնչացրել էի ամորհացիներին+, որոնք մայրիների պես բարձրահասակ էին և վիթխարի ծառերի պես հզոր+։ Ես վերևից նրանց պտուղը ոչնչացրի, իսկ ներքևից՝ նրանց արմատները+։
10 Ես հանեցի ձեզ Եգիպտոսից+ և քառասուն տարի ման տվեցի անապատում+, որպեսզի տիրանաք ամորհացիների երկրին+։
11 Ձեր որդիներից մարգարեներ էի նշանակում+ և ձեր երիտասարդներից՝ ուխտավորներ+։ Մի՞թե այդպես չպիտի լինի, ո՛վ Իսրայելի որդիներ»,– ասում է Եհովան։
12 «Բայց դուք ուխտավորներին գինի էիք խմեցնում+ և մարգարեներին պատվիրում էիք ու ասում. «Մի՛ մարգարեացեք»+։
13 Դրա համար էլ ես գետինը կերերացնեմ ձեր ոտքերի տակ, ինչպես որ երերում է նոր հնձած հացահատիկով լի սայլակառքը։
14 Արագավազի համար ապաստարան այլևս չի լինի+, ուժեղը չի զորացնի իր ուժը, և ոչ մի հզոր մարդ չի փրկի իր հոգին+։
15 Աղեղնավորը կանգուն չի մնա, ոչ մի արագավազ չի ազատվի, և ոչ մի ձիավոր չի փրկի իր հոգին+։
16 Ուժեղների մեջ քաջ սիրտ ունեցողը մերկ կփախչի այդ օրը»+,– ասում է Եհովան»։