Առակներ 17:1-28
17 Ավելի լավ է մի կտոր չոր հաց հանդարտությամբ+, քան զոհաբերված կենդանիներով լի տունը՝ վեճերով+։
2 Շրջահայաց ծառան կիշխի ամոթալի վարմունք ունեցող որդու վրա+ և նրա եղբայրների հետ ժառանգության իր բաժինը կունենա+։
3 Զտման անոթը արծաթի համար է, և հնոցը՝ ոսկու+, բայց սրտեր քննողը Եհովան է+։
4 Չարագործը ուշադրություն է դարձնում վնասաբեր շուրթերին+։ Ստախոսը ականջ է դնում դժբախտություն բերող լեզվին+։
5 Նա, ով ծաղրում է աղքատին, նախատինք է բերում նրա Ստեղծողի վրա+։ Ուրիշի փորձանքի վրա ուրախացողը անպատիժ չի մնա+։
6 Ծերերի պսակը թոռներն են+, և որդիների գեղեցկությունը՝ իրենց հայրերը+։
7 Ազնիվ շուրթերը անմիտ մարդուն հարմար չեն+, առավել ևս ստախոս շուրթերը հարմար չեն իշխանավորին+։
8 Նվերը թանկարժեք քար է իր տիրոջ աչքին+։ Որ կողմն էլ նա դառնա, հաջողություն կունենա+։
9 Հանցանքը ծածկողը սեր է որոնում+, իսկ նա, ով շարունակ խոսում է դրա մասին, մտերիմներին բաժանում է իրարից+։
10 Հասկացողի վրա նկատողությունը ավելի խոր ազդեցություն է թողնում+, քան հարյուր հարվածը՝ հիմարի վրա+։
11 Չար մարդը միայն ըմբոստություն է փնտրում+, և նրա դեմ ուղարկված պատգամաբերը դաժան է+։
12 Ավելի լավ է հանդիպել ձագերին կորցրած արջի+, քան մի հիմարի՝ իր հիմարության մեջ+։
13 Բարուն չարով հատուցողի+ տնից չարիքը չի հեռանա+։
14 Կռվի սկիզբը ջրերի արձակման պես է+, ուստի նախքան վեճի բռնկվելը, հեռացիր+։
15 Ամբարշտին արդար հայտարարողը+ և արդարին ամբարիշտ հայտարարողը+՝ երկուսն էլ գարշելի են Եհովայի համար+։
16 Եթե հիմարը խոհեմ սիրտ չունի+, էլ նրա ինչի՞ն են պետք իմաստություն ձեռք բերելու միջոցները+։
17 Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ+. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված+։
18 Խոհեմ սիրտ չունեցող մարդը ձեռք է սեղմում+ և լիովին երաշխավոր լինում իր ընկերոջ առաջ+։
19 Հանցանք սիրողը կռիվ է սիրում+։ Ով որ իր դուռը բարձր է շինում, կործանում է փնտրում+։
20 Ծուռ սիրտ ունեցողը բարիք չի գտնի+, և փոփոխական լեզու ունեցողը փորձանքի մեջ կընկնի+։
21 Հիմար երեխա ունենալը տրտմություն է մարդու համար+, և անմիտ երեխայի հայրը չի ուրախանում+։
22 Ուրախ սիրտը բուժիչ է+, բայց խոցված ոգին չորացնում է ոսկորները+։
23 Ամբարիշտը ուրիշի ծոցից կաշառք է վերցնում+ արդարադատության ճանապարհները ծռելու համար+։
24 Իմաստությունը հասկացողություն ունեցողի երեսի առջև է+, բայց հիմարի աչքերը երկրի ծայրերում են շրջում+։
25 Հիմար որդին վրդովմունք է իր հոր համար+ և դառնություն՝ իր մոր համար+։
26 Արդարի վրա տուգանք դնելը լավ չէ+։ Իշխանավորներին հարվածելը արդարության դեմ է+։
27 Իր խոսքերում զուսպ լինողը գիտելիք ունի+, և խորաթափանց մարդը ոգով անվրդով է+։
28 Նույնիսկ հիմարը, երբ լուռ է մնում, իմաստուն կհամարվի+, և իր շուրթերը փակողը հասկացող կհամարվի։