Գործեր 11:1-30
11 Առաքյալներն ու եղբայրները, որ Հրեաստանում էին, լսեցին, որ այլազգի+ մարդիկ նույնպես ընդունել են Աստծու խոսքը։
2 Ուստի երբ Պետրոսը եկավ Երուսաղեմ, թլփատության+ կողմնակիցները սկսեցին վիճել նրա հետ՝
3 ասելով, թե նա մտել է անթլփատ մարդկանց տուն ու նրանց հետ հաց է կերել։
4 Պետրոսն էլ սկսեց նրանց բացատրել բոլոր մանրամասները.
5 «Ես աղոթք էի անում Հոպպե քաղաքում և տեսիլք տեսա. մի աման՝ կտավի մեծ կտորի պես, իր չորս ծայրերից կախված, իջնում էր երկնքից, և այն հասավ մինչև ինձ։
6 Ուշադիր նրա մեջ նայեցի ու տեսա երկրի չորքոտանի արարածներ, գազաններ, սողուններ և երկնքի թռչուններ+։
7 Նաև մի ձայն լսեցի, որն ասաց ինձ. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»+։
8 Բայց ես ասացի. «Ոչ մի դեպքում, Տե՛ր, որովհետև երբեք պիղծ կամ անմաքուր բան իմ բերանը չի մտել»+։
9 Ձայնը երկրորդ անգամ երկնքից ասաց. «Ինչ որ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ անվանիր»+։
10 Այսպես եղավ նաև երրորդ անգամ, և ամեն ինչ դարձյալ բարձրացվեց երկինք+։
11 Հենց այդ պահին երեք մարդ մոտեցան այն տանը, որտեղ մենք էինք. նրանք Կեսարիայից ինձ մոտ էին ուղարկվել+։
12 Եվ ոգին+ ինձ ասաց, որ առանց կասկածելու գնամ նրանց հետ։ Այս վեց եղբայրները նույնպես գնացին ինձ հետ, ու մենք մտանք այդ մարդու տուն+։
13 Նա մեզ պատմեց, թե ինչպես տեսավ հրեշտակին, որը կանգնել էր նրա տան մեջ ու ասել. «Մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Սիմոնին, որին Պետրոս են կոչում+,
14 և նա քեզ հետ կխոսի այն բաների մասին, որոնց շնորհիվ դու և քո ամբողջ տունը կփրկվեք»+։
15 Բայց երբ սկսեցի խոսել, սուրբ ոգին իջավ նրանց վրա, ինչպես որ մեզ վրա էր իջել սկզբում+։
16 Եվ ես հիշեցի Տիրոջ այն խոսքը, որ ասում էր. «Հովհաննեսը ջրով մկրտեց+, բայց դուք սուրբ ոգով* պիտի մկրտվեք»+։
17 Ուրեմն եթե Աստված միևնույն ձրի պարգևը տվեց նրանց, ինչպեսև մեզ, որ հավատացինք Տեր Հիսուս Քրիստոսին+, ո՞վ էի ես, որ կարողանայի արգելել Աստծուն»+։
18 Երբ նրանք լսեցին այս ամենը, այլևս չվիճեցին+ Պետրոսի հետ և փառավորեցին Աստծուն+՝ ասելով. «Ուրեմն Աստված ուրիշ ազգերի մարդկանց էլ զղջալու հնարավորություն տվեց կյանքի համար»+։
19 Իսկ նրանք, ովքեր Ստեփանոսի սպանությանը հաջորդած հալածանքի պատճառով ցիրուցան էին եղել+, գնացին մինչև Փյունիկիա+, Կիպրոս+ և Անտիոք, սակայն հրեաներից բացի ուրիշ ոչ ոքի խոսքը չէին հայտնում+։
20 Այնուամենայնիվ, նրանց մեջ կային ոմանք՝ կիպրոսցիներ ու կյուրենացիներ, որ եկան Անտիոք և սկսեցին խոսել հունախոսների+ հետ՝ հռչակելով Տեր Հիսուսի մասին բարի լուրը+։
21 Եվ Եհովայի ձեռքը+ նրանց հետ էր, ու մեծ թվով մարդիկ, ովքեր հավատացին, դեպի Տերը դարձան+։
22 Նրանց մասին այս լուրը հասավ Երուսաղեմում եղող ժողովի ականջին, և Բառնաբասին+ ուղարկեցին Անտիոք։
23 Երբ նա եկավ ու տեսավ Աստծու անզուգական բարությունը+, ուրախացավ+ ու սկսեց քաջալերել նրանց բոլորին, որ շարունակեն հաստատակամ սրտով հավատարիմ մնալ Տիրոջը+,
24 քանի որ Բառնաբասը բարի մարդ էր՝ սուրբ ոգով և հավատով լցված։ Եվ մի մեծ բազմություն դեպի Տերը դարձավ+։
25 Հետո նա գնաց Տարսոն+, որպեսզի Սողոսին փնտրի+,
26 ու երբ գտավ, նրան բերեց Անտիոք։ Մի ամբողջ տարի նրանք հավաքվում էին նրանց հետ ժողովում և մեծ թվով մարդկանց ուսուցանում էին, և առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները աստվածային առաջնորդությամբ քրիստոնյաներ անվանվեցին+։
27 Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ+ իջան Անտիոք։
28 Նրանցից մեկը՝ Ագաբոս+ անունով, վեր կացավ ու ոգու օգնությամբ մարգարեացավ, որ մեծ սով է լինելու ամբողջ երկրի վրա+, որն էլ, փաստորեն, եղավ Կլավդիոսի օրերում։
29 Ուստի աշակերտները որոշեցին, որ ամեն մեկն իր հնարավորության սահմաններում+ օգնություն ուղարկի+ Հրեաստանում բնակվող եղբայրներին։
30 Այդպես էլ արեցին՝ Բառնաբասի ու Սողոսի ձեռքով այն ուղարկեցին երեցներին+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «ոգու մեջ»։