Գործեր 8:1-40

8  Իսկ Սողոսը հավանություն էր տալիս նրա սպանությանը+։ Այդ օրը Երուսաղեմում եղող ժողովի դեմ մեծ հալածանք+ սկսվեց. բոլորը, բացի առաքյալներից, ցրվեցին+ Հրեաստանի ու Սամարիայի շրջաններով մեկ։  Աստվածավախ մարդիկ Ստեփանոսին տարան թաղելու+ և նրա վրա մեծ ողբ արեցին+։  Իսկ Սողոսը սկսեց դաժանորեն խոշտանգել ժողովը. ներխուժում էր տնից տուն և տղամարդկանց ու կանանց դուրս քաշելով՝ բանտ էր գցել տալիս+։  Սակայն ովքեր ցիրուցան էին եղել, շրջում էին այդ տեղանքում և Աստծու խոսքի բարի լուրն էին հռչակում+։  Փիլիպոսն էլ իջավ Սամարիա+ քաղաքը և սկսեց նրանց Քրիստոսին քարոզել։  Մարդկանց բազմությունը միաբան ուշադրություն էր դարձնում, թե Փիլիպոսը ինչ էր ասում, երբ լսում էին ու նայում այն նշաններին, որ նա անում էր։  Այնտեղ շատերը կային, որ անմաքուր ոգի+ ունեին, և դրանք բարձրաձայն աղաղակում ու դուրս էին գալիս։ Նաև շատ անդամալույծներ+ ու կաղեր էին բուժվում։  Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն եղավ+։  Սիմոն անունով մի մարդ կար այդ քաղաքում, որը մինչ այդ մոգությամբ էր զբաղվում+ և զարմացնում էր Սամարիայի ժողովրդին՝ իր մասին ասելով, թե ինքը մեծ մարդ է+։ 10  Բոլորը՝ փոքրից մինչև մեծը, լսում էին նրան ու ասում. «Այս մարդը Աստծու Զորությունն է, որին կարելի է Մեծ կոչել»։ 11  Նրան լսում էին, քանի որ երկար ժամանակ իր մոգություններով զարմացնում էր նրանց։ 12  Բայց երբ հավատացին Փիլիպոսին, որ Աստծու թագավորության+ և Հիսուս Քրիստոսի անվան բարի լուրն էր քարոզում, թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք մկրտվեցին+։ 13  Սիմոնն ինքն էլ հավատացյալ դարձավ ու մկրտվելուց հետո միշտ Փիլիպոսի+ հետ էր շրջում։ Նա զարմանում էր՝ տեսնելով այն նշաններն ու զորավոր մեծ գործերը, որ կատարվում էին։ 14  Երբ Երուսաղեմում եղող առաքյալները լսեցին, որ Սամարիան ընդունել է Աստծու խոսքը+, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին ու Հովհաննեսին։ 15  Նրանք էլ իջան այնտեղ և աղոթեցին, որ նրանք սուրբ ոգի ստանան+, 16  քանի որ նրանցից դեռ ոչ մեկի վրա այն չէր իջել, այլ միայն Տեր Հիսուսի անունով էին մկրտվել+։ 17  Այդ ժամանակ իրենց ձեռքերը դրեցին նրանց վրա+, և նրանք սուրբ ոգի ստացան։ 18  Սիմոնն էլ, տեսնելով, որ առաքյալների ձեռք դնելով մարդիկ սուրբ ոգի են ստանում, նրանց փող առաջարկեց+. 19  «Ինձ էլ տվեք այս իշխանությունը, որ ում վրա ձեռքերս դնեմ, սուրբ ոգի ստանա»։ 20  Պետրոսն էլ ասաց նրան. «Քո արծաթը թող կորչի քեզ հետ, որովհետև մտածեցիր Աստծու ձրի պարգևը փողով ձեռք բերել+։ 21  Դու բաժին և վիճակ չունես այս գործում, որովհետև քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ+։ 22  Ուրեմն զղջա քո այս չարության համար և աղաչիր Եհովային+, որ եթե հնարավոր է, ներվի քո սրտի դիտավորությունը, 23  քանի որ տեսնում եմ, որ թունավոր լեղի+ ես ու անարդարության կապանք»+։ 24  Սիմոնն էլ պատասխանեց. «Դուք ինձ համար աղաչանք արեք+ Եհովային, որպեսզի ձեր ասածներից ոչինչ չպատահի ինձ»։ 25  Երբ նրանք հիմնովին վկայություն տվեցին ու Եհովայի խոսքը քարոզեցին, վերադարձան Երուսաղեմ՝ ճանապարհին բարի լուրը հռչակելով սամարացիների շատ գյուղերում+։ 26  Եհովայի հրեշտակը+ խոսեց Փիլիպոսի հետ. «Վե՛ր կաց ու գնա՛ դեպի հարավ, այն ճանապարհը, որը Երուսաղեմից իջնում է Գազա»։ (Սա ամայի ճանապարհ է)։ 27  Փիլիպոսը վեր կացավ ու գնաց և հանդիպեց մի եթովպացի+ ներքինու+, որը եթովպացիների կանդակի*՝ թագուհու բարձրաստիճան պաշտոնյաներից էր, և նրա բոլոր գանձերը նրա հսկողության տակ էին։ Նա եկել էր Երուսաղեմ՝ Աստծուն երկրպագելու+, 28  և հետ դառնալիս իր կառքում նստած բարձրաձայն կարդում էր Եսայիա մարգարեի գիրքը+։ 29  Ոգին ասաց+ Փիլիպոսին. «Հասիր այդ կառքին»։ 30  Փիլիպոսն էլ կողքով վազելիս լսեց, որ բարձրաձայն Եսայիա մարգարեի գիրքն է կարդում, և հարցրեց. «Հասկանո՞ւմ ես, ինչ որ կարդում ես»։ 31  Նա ասաց. «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկը չառաջնորդի ինձ»։ Եվ Փիլիպոսին խնդրեց, որ բարձրանա ու իր մոտ նստի։ 32  Գրքի այն հատվածը, որը նա բարձրաձայն կարդում էր, սա էր. «Ինչպես մի ոչխար, նա մորթվելու բերվեց, ինչպես մի գառ, որ ձայն չի հանում իր խուզողի առաջ, այնպես էլ նա բաց չի անում իր բերանը+։ 33  Նրան ստորացնելիս արդար դատաստանը նրանից վեր առնվեց+։ Ո՞վ պիտի պատմի նրա ծագման մասին, քանի որ նրա կյանքը վեր է առնվում երկրից»+։ 34  Ներքինին ասաց Փիլիպոսին. «Աղաչում եմ քեզ, ասա՛ ինձ, մարգարեն ո՞ւմ մասին է խոսում, ի՞ր մասին, թե՞ մեկ ուրիշի»։ 35  Փիլիպոսը սկսեց խոսել+. Գրքի+ այս հատվածից սկսելով՝ նրան քարոզեց Հիսուսի մասին բարի լուրը։ 36  Երբ նրանք գնում էին, ճանապարհին հասան մի տեղ, որտեղ ջուր կար, և ներքինին ասաց. «Ահա ջուր, ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ»+։ 37  ....* 38  Ու նա հրամայեց, որ կառքը կանգնեցնեն, և երկուսով՝ Փիլիպոսն ու ներքինին, մտան ջուրը։ Եվ Փիլիպոսը մկրտեց նրան։ 39  Երբ ջրից դուրս եկան, Եհովայի ոգին իսկույն հափշտակեց ու տարավ Փիլիպոսին+։ Իսկ ներքինին ուրախ շարունակեց իր ճանապարհը և այլևս չտեսավ նրան։ 40  Փիլիպոսը հայտնվեց Ազոտոսում և այդ տարածքով անցնելով՝ բարի լուրն էր հռչակում+ բոլոր քաղաքներում, մինչև հասավ Կեսարիա+։

Ծանոթագրություններ

Որպես տիտղոս օգտագ. կոչում, որը տրվում էր Եթովպիայի թագուհիներին։
Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։