Դանիել 2:1-49

2  Իր թագավորության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազներ+ տեսավ, նրա ոգին խռովվեց+, և քունը փախավ։  Այդ ժամանակ թագավորը հրամայեց, որ կանչեն մոգությամբ զբաղվող քրմերին+, ոգի կանչողներին, կախարդներին ու քաղդեացիներին*, որպեսզի պատմեն իր երազները+։ Նրանք էլ եկան ու կանգնեցին թագավորի առաջ։  Նա ասաց. «Ես մի երազ եմ տեսել, ու իմ ոգին խռովվել է, ուզում եմ իմանալ այն»։  Քաղդեացիները խոսեցին թագավորի հետ արամերեն*+. «Ո՛վ թագավոր, հավիտյան ո՛ղջ եղիր+։ Պատմիր երազը ծառաներիդ, ու մենք կտանք դրա մեկնությունը»+։  Թագավորը պատասխանեց ու ասաց քաղդեացիներին. «Իմ վճիռը սա է. եթե դուք չպատմեք ինձ այդ երազը և չմեկնեք այն, ապա ձեզ կտոր-​կտոր կանեն+, ու ձեր տները հասարակաց արտաքնոց կդարձնեն+։  Բայց եթե պատմեք երազը և մեկնեք այն, ապա իմ կողմից նվերներ ու պարգև կստանաք և մեծ պատվի կարժանանաք+։ Ուստի պատմեք ինձ երազը և մեկնեք այն»։  Նրանք երկրորդ անգամ պատասխանեցին ու ասացին. «Թող թագավորը պատմի երազն իր ծառաներին, և մենք կտանք դրա մեկնությունը»։  Ի պատասխան՝ թագավորն ասաց. «Գիտեմ, որ դուք փորձում եք ժամանակ շահել, քանի որ հասկանում եք, որ ես վճիռ եմ կայացրել։  Եթե չպատմեք ինձ երազը, բոլորդ մեկ դատավճռի+ կարժանանաք։ Դուք պայմանավորվել եք սուտ ու սխալ բաներ ասել ինձ+, մինչև որոշ ժամանակ անցնի։ Դե՛, պատմե՛ք ինձ երազը, ու ես կիմանամ, որ դուք իրոք կարող եք մեկնել այն»։ 10  Քաղդեացիներն ասացին թագավորին. «Երկրի վրա չկա մի մարդ, որ կարողանա թագավորին պատմել այն, քանի որ ոչ մի մեծ թագավոր կամ կառավարիչ նման բան երբևէ չի խնդրել մոգությամբ զբաղվող ոչ մի քրմից, ոգի կանչողից կամ քաղդեացուց։ 11  Թագավորը դժվար բան է խնդրում, և բացի աստվածներից+, որոնք մարմնավորների հետ չեն բնակվում, չկա մեկը, որ թագավորին կարողանա պատմել այդ բանը»+։ 12  Թագավորը բարկացավ ու խիստ զայրացավ+ և հրամայեց ոչնչացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին+։ 13  Հրամանը դուրս եկավ, և իմաստուններին արդեն պատրաստվում էին կոտորելու։ Նաև փնտրում էին Դանիելին ու նրա ընկերներին, որ սպանեն։ 14  Այդ ժամանակ Դանիելը խոհեմությամբ ու խելամտությամբ+ խոսեց թագավորի թիկնապահների պետի՝ Արիոքի հետ, որը դուրս էր եկել սպանելու Բաբելոնի իմաստուններին։ 15  Նա հարցրեց թագավորի պաշտոնյա Արիոքին. «Ինչո՞ւ է թագավորը այդպիսի խիստ հրաման արձակել»։ Արիոքն էլ Դանիելին հայտնեց եղելությունը+։ 16  Ուստի Դանիելը մտավ թագավորի մոտ ու խնդրեց, որ իրեն ժամանակ տա մեկնությունը հայտնելու համար+։ 17  Այնուհետև Դանիելը գնաց իր տուն և այդ մասին պատմեց իր ընկերներ Հանանիային, Միսայելին և Ազարիային 18  ու ասաց, որ այդ գաղտնիքի+ վերաբերյալ նրանք երկնքի Աստծուց+ ողորմություն+ խնդրեն, որպեսզի Դանիելն ու իր ընկերները Բաբելոնի մյուս իմաստունների հետ կորստյան չմատնվեն+։ 19  Հետո գիշերվա տեսիլքում Դանիելին գաղտնիքը հայտնի դարձավ+, և նա օրհնեց+ երկնքի Աստծուն։ 20  Դանիելն ասաց. «Թող Աստծու անունը օրհնյալ լինի+ հավիտյանս հավիտենից, որովհետև իմաստությունն ու զորությունը նրանն են+։ 21  Նա փոխում է ժամանակներն ու ժամկետները+, թագավորներ է գահընկեց անում ու նշանակում+, իմաստություն է տալիս իմաստուններին և գիտելիք՝ խորաթափանցներին+։ 22  Նա բացահայտում է խորունկ և ծածուկ բաները+, գիտի՝ ինչ կա խավարի մեջ+, և լույսը+ նրա հետ է բնակվում։ 23  Ո՛վ իմ հայրերի Աստված, քեզ փառաբանում և գովաբանում եմ+, որովհետև իմաստություն+ և զորություն տվեցիր ինձ։ Դու իմացրիր ինձ այն, ինչի մասին խնդրել էինք քեզ, դու իմացրիր մեզ թագավորի գործը»+։ 24  Ուստի Դանիելը մտավ Արիոքի+ մոտ, որին թագավորը հանձնարարել էր ոչնչացնել Բաբելոնի իմաստուններին+, և ասաց նրան. «Բաբելոնի իմաստուններից ոչ ոքի մի՛ սպանիր, տա՛ր ինձ թագավորի+ մոտ, որ հայտնեմ մեկնությունը»։ 25  Արիոքը Դանիելին շտապ տարավ թագավորի մոտ ու ասաց նրան. «Հուդայի աքսորյալների+ մեջ մի մարդ եմ գտել, որը կարող է թագավորին հայտնել մեկնությունը»։ 26  Թագավորը հարցրեց Դանիելին, որի անունը Բաղդասասար էր+. «Դու իրո՞ք կարող ես պատմել իմ տեսած երազը և տալ դրա մեկնությունը»+։ 27  Դանիելն էլ պատասխանեց նրան ու ասաց. «Այն գաղտնիքը, որի մասին թագավորը հարցնում է, ո՛չ իմաստունները, ո՛չ ոգի կանչողները, ո՛չ մոգությամբ զբաղվող քրմերը և ո՛չ էլ աստղագուշակները չեն կարող հայտնել նրան+։ 28  Սակայն երկնքում գաղտնիքներ Հայտնող Աստված կա+, և նա իմացրել է Նաբուգոդոնոսոր թագավորին, թե ինչ է լինելու վերջին օրերում+։ Ահա քո երազը և անկողնումդ տեսած տեսիլքները։ 29  Ո՛վ թագավոր, երբ քո անկողնում+ սկսեցիր մտածել, թե ինչ պիտի լինի հետագայում, գաղտնիքներ Հայտնողը, իմացրեց քեզ, թե ինչ է լինելու+։ 30  Իսկ ինձ այս գաղտնիքը հայտնի դարձավ ոչ թե նրա համար, որ ես ուրիշ մարդկանցից ավելի շատ իմաստություն ունեմ+, այլ նրա համար, որ մեկնությունը հայտնի դառնա թագավորին, և որ իմանաս քո սրտի մտքերը+։ 31  Դու, ո՛վ թագավոր, նայում էիր և ահա մի հսկա արձան էր կանգնած։ Այդ մեծ ու արտասովոր փայլ ունեցող արձանը կանգնած էր քո առաջ և ահազդու տեսք ուներ։ 32  Արձանի գլուխը զտված ոսկուց էր+, կուրծքն ու ձեռքերը արծաթից էին+, որովայնն ու ազդրերը պղնձից էին+, 33  սրունքները երկաթից էին+, իսկ ոտնաթաթերի մի մասը երկաթից էր, մի մասը՝ կավից+։ 34  Դու նայում էիր, մինչև որ մի քար պոկվեց, բայց ոչ մարդու ձեռքով+, և հարվածեց արձանի ոտնաթաթերին, որոնք երկաթից ու կավից էին, և ջարդուփշուր արեց դրանք+։ 35  Այդ ժամանակ երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին միասին ջարդուփշուր եղան և ամառվա կալի մղեղի պես դարձան+։ Քամին քշեց տարավ դրանք, և դրանց հետքն անգամ չմնաց+։ Իսկ այն քարը, որը հարվածել էր արձանին, մեծ լեռ դարձավ ու լցրեց ողջ երկիրը+։ 36  Սա է երազը, և մենք կհայտնենք թագավորին դրա մեկնությունը+։ 37  Ո՛վ թագավոր՝ թագավորների՛ թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն+, զորություն, ուժ և փառք է տվել, 38  որի ձեռքն է տվել+ դաշտի գազաններին ու երկնքի թռչուններին (որտեղ էլ որ բնակվելիս լինեն մարդկանց որդիները), և որին նա կառավարիչ է նշանակել այդ ամենի վրա, այն ոսկե գլուխը դու ես+։ 39  Քեզնից հետո ուրիշ թագավորություն+ է վեր կենալու, որը քեզնից ստորադաս է լինելու+։ Հետո մեկ ուրիշ թագավորություն է վեր կենալու՝ երրորդը, որը պղնձից է լինելու և ղեկավարելու է ողջ երկիրը+։ 40  Իսկ չորրորդ թագավորությունը+ երկաթի պես ամուր է լինելու+, որովհետև ինչպես որ երկաթն է փշրում ու մանրացնում ամեն ինչ, այնպես էլ նա ջարդուփշուր անող երկաթի պես կոտրելու և ջարդուփշուր է անելու այդ բոլոր թագավորությունները+։ 41  Եվ ինչպես տեսնում էիր, որ ոտնաթաթերի ու մատների մի մասը բրուտի կավից էր, մի մասը՝ երկաթից+, այնպես էլ թագավորությունն է բաժանված լինելու+։ Այնուհանդերձ, նրանում որոշ չափով երկաթի ամրություն է լինելու, քանի որ դու երկաթը թաց կավի հետ խառնած տեսար+։ 42  Իսկ այն, որ ոտքի մատների մի մասը երկաթից էր, մի մասը՝ կավից, նշանակում է, որ թագավորությունը մասամբ հզոր է լինելու, մասամբ՝ դյուրաբեկ։ 43  Եվ այն, որ երկաթը թաց կավի հետ խառնած տեսար, ցույց է տալիս, որ նրանք* խառնվելու են մարդկային սերնդի հետ, բայց չեն միաձուլվելու, ինչպես որ երկաթը կավի հետ չի խառնվում։ 44  Այն թագավորների օրերում+ երկնքի Աստվածը+ մի թագավորություն է հաստատելու+, որը երբեք չի ավերվելու+։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու+։ Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին+, իսկ ինքը մնալու է հավիտյան+, 45  որովհետև դու տեսար, որ լեռից քար պոկվեց, բայց ոչ մարդու ձեռքով+, և փշրեց երկաթը, պղինձը, կավը, արծաթն ու ոսկին+։ Մեծ Աստվածը+ իմացրել է թագավորին, թե ինչ է լինելու հետագայում+։ Երազը վստահելի է, և մեկնությունը՝ արժանահավատ»+։ 46  Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորը երեսնիվայր ընկավ, պատվեց Դանիելին ու հրամայեց, որ նրան նվեր տան և խունկ ծխեն+։ 47  Թագավորն ասաց Դանիելին. «Իրոք որ, ձեր Աստվածը աստվածների Աստվածն է+, թագավորների Տերն է+ և գաղտնիքներ Հայտնողն է, որովհետև դու կարողացար բացահայտել այս գաղտնիքը»+։ 48  Թագավորը Դանիելին բարձրացրեց+ և շատ մեծ նվերներ տվեց։ Նա կառավարիչ դարձրեց նրան Բաբելոնի ողջ գավառի վրա+ և վերակացու՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրա։ 49  Դանիելը խնդրեց թագավորին, և նա Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին+ նշանակեց՝ տնօրինելու Բաբելոնի գավառի գործերը, իսկ Դանիելը մնաց թագավորի արքունիքում+։

Ծանոթագրություններ

Այստեղ «քաղդեացիներ» է կոչվ. մարդկանց այն խումբը, որն իրեն հմուտ գուշակ էր համարում։
Այստեղից մինչև 7-րդ գլխի վերջը տեքստը գրվել է արամ-ով։
«Նրանք»-ը հվնբր վերաբ. է այն բանին, ինչը ներկայացված է երկաթով։