Դատավորներ 18:1-31

18  Այն օրերում թագավոր չկար Իսրայելում+, և այդ օրերին Դանի+ ցեղը ժառանգություն էր փնտրում, որպեսզի բնակվեր այնտեղ, որովհետև մինչև այդ օրը Իսրայելի ցեղերի մեջ նրանց ժառանգություն չէր հասել+։  Ի վերջո Դանի որդիները հինգ մարդ ուղարկեցին իրենց տոհմերից, իրենց միջից խիզախ մարդկանց՝ Սարաայից+ ու Եսթաուղից+, որ լրտեսեն+ ու հետախուզեն երկիրը, և ասացին նրանց. «Գնացեք ու հետախուզեք այդ երկիրը»։ Նրանք էլ եկան Եփրեմի լեռները+՝ մինչև Միքայի+ տունը, և մնացին այնտեղ գիշերելու։  Երբ արդեն մոտեցել էին Միքայի տանը, ճանաչեցին ղևտացի երիտասարդի ձայնը, ուստի այդ կողմ գնացին ու հարցրին նրան. «Ո՞վ բերեց քեզ այստեղ, ի՞նչ ես անում և այստեղ ի՞նչ գործ ունես»։  Նա էլ պատասխանեց. «Միքան ինձ համար այս ու այն արեց, որ ինձ վարձի+ և որ նրա համար քահանա+ լինեմ»։  Նրանք ասացին. «Խնդրում ենք, հարցրու+ Աստծուն+, որ իմանանք, թե արդյոք մեր գնացած ճանապարհը հաջո՞ղ է լինելու»։  Քահանան էլ ասաց նրանց. «Գնացեք խաղաղությամբ։ Եհովայի առաջ է ձեր ճանապարհը, որով դուք գնում եք»։  Այդ հինգ մարդիկ շարունակեցին իրենց ճանապարհն ու եկան Լայիս+։ Նրանք տեսան, որ այնտեղի ժողովուրդը սիդոնացիների սովորության պես՝ իրենց ուժերի վրա վստահ, անհոգ ու հանգիստ կյանքով է ապրում+։ Չկար մի նվաճող, որ նեղեր նրանց այդ երկրում։ Նրանք ապրում էին սիդոնացիներից+ հեռու և գործ չունեին մյուս ժողովուրդների հետ։  Ի վերջո այդ մարդիկ վերադարձան իրենց եղբայրների մոտ՝ Սարաա+ և Եսթաուղ+, և նրանց եղբայրները հարցրին նրանց. «Ինչպե՞ս էր»։  Նրանք էլ պատասխանեցին. «Վե՛ր կացեք գնանք նրանց դեմ, որովհետև տեսանք նրանց երկիրը. այն շատ լավն է+։ Իսկ դուք երկմտում եք։ Մի՛ դանդաղեք, գնացեք ու տիրեք այդ երկրին+։ 10  Երբ որ գնաք, կհասնեք մի անհոգ ժողովրդի մոտ+, և երկիրն էլ շատ ընդարձակ է։ Աստված այն ձեր ձեռքն է մատնել+։ Դա մի վայր է, որտեղ երկրի վրա եղած ոչ մի բանի պակասություն չկա»+։ 11  Ուստի Դանի+ ցեղից վեց հարյուր մարդ՝ պատերազմական զենքերով գոտևորված, դուրս եկան այնտեղից, այսինքն՝ Սարաայից ու Եսթաուղից+, 12  վեր բարձրացան ու բանակ դրեցին Հուդայի Կարիաթարիմի+ մոտ։ Այդ պատճառով էլ այդ տեղը Մահանե-​Դան*+ են կոչում մինչև այսօր։ Այն գտնվում է Կարիաթարիմից արևմուտք։ 13  Այնտեղից նրանք գնացին Եփրեմի լեռներն ու եկան մինչև Միքայի+ տունը։ 14  Այդ ժամանակ այն հինգ մարդիկ, որ գնացել էին Լայիսը+ հետախուզելու+, ասացին իրենց եղբայրներին. «Գիտե՞ք, որ այս տներում եփուդ, թերափիմ+, քանդակված կուռք+ ու ձուլածո արձան+ կա։ Հիմա մտածեք, թե ինչ պիտի անեք»+։ 15  Ուստի նրանք թեքեցին ճանապարհն ու եկան երիտասարդ ղևտացու+ տուն, որ Միքայի տան մոտ էր, և նրա ողջությունը հարցրին+։ 16  Այդ ամբողջ ընթացքում Դանի+ որդիներից պատերազմական զենքերով գոտևորված+ այն վեց հարյուր մարդիկ կանգնած էին դարպասի մուտքի մոտ։ 17  Այն հինգ մարդիկ, որ գնացել էին երկիրը հետախուզելու+, գնացին, որ մտնեն այնտեղ ու վերցնեն քանդակված կուռքը+, եփուդը+, թերափիմն+ ու ձուլածո արձանը+։ (Քահանան+ կանգնած էր դարպասի մուտքի մոտ պատերազմական զենքերով գոտևորված վեց հարյուր մարդկանց հետ)։ 18  Երբ նրանք մտան Միքայի տուն ու վերցրին քանդակված կուռքը, եփուդը, թերափիմն ու ձուլածո արձանը+, քահանան+ ասաց նրանց. «Ի՞նչ եք անում»։ 19  Իսկ նրանք ասացին. «Սո՛ւս կաց։ Ձեռքդ բերանիդ դիր, արի մեզ հետ ու մեզ համար հայր+ ու քահանա+ դարձիր։ Ո՞րն է քեզ համար ավելի լավ. քահանա լինել ընդամենը մե՞կ+ մարդու տան համար, թե՞ քահանա դառնալ Իսրայելում մեկ ցեղի ու տոհմի համար»+։ 20  Այս խոսքերը հաճելի եղան քահանայի սրտին+, ուստի նա վերցրեց եփուդը, թերափիմն ու քանդակված կուռքը+ և այդ մարդկանց միացավ։ 21  Նրանք հետ դարձան ու գնացին իրենց ճանապարհով։ Փոքր երեխաներին, անասուններին ու թանկարժեք իրերը իրենցից առաջ թողեցին+։ 22  Երբ Միքայի տնից հեռացան, Միքայի+ տան մոտակա տներից մարդիկ հավաքվեցին ու փորձեցին Դանի որդիներին հասնել։ 23  Եվ երբ նրանք գոռացին Դանի որդիների հետևից, սրանք շրջվեցին ու Միքային հարցրին. «Ի՞նչ է պատահել քեզ+, որ հավաքել ես այս մարդկանց»։ 24  Նա էլ ասաց. «Իմ շինած+ աստվածներին+ ու քահանային+ վերցրել և գնում եք։ Էլ ի՞նչ մնաց ինձ+։ Ինչպե՞ս եք ասում ինձ, թե՝ «ի՞նչ է պատահել քեզ»»։ 25  Իսկ Դանի որդիներն ասացին նրան. «Այնպես արա, որ ձայնդ չլսենք, թե չէ դաժան հոգի ունեցող+ մարդիկ կհարձակվեն ձեզ վրա, ու դու կկորցնես քո հոգին և քո տան անդամների հոգին»։ 26  Դանի որդիները շարունակեցին իրենց ճանապարհը, իսկ Միքան, տեսնելով, որ նրանք իրենից ավելի ուժեղ են+, հետ դարձավ ու գնաց իր տուն։ 27  Նրանք էլ վերցրին Միքայի շինածները, նրա քահանային+ ու գնացին Լայիս+՝ հանգիստ ու անհոգ ապրող ժողովրդի դեմ+, սրի բերանով հարվածեցին նրանց+ և քաղաքը հրի մատնեցին+։ 28  Ոչ ոք չկար, որ նրանց ազատեր, քանի որ Սիդոնից+ հեռու էին և ոչ մի գործ չունեին մյուս ժողովուրդների հետ։ Դա տեղի ունեցավ Բեթ-​Րոոբի+ մոտ գտնվող մի հովտում։ Այնուհետև Դանի որդիները քաղաքը վերաշինեցին և բնակվեցին այնտեղ+։ 29  Քաղաքը կոչեցին Դան՝ իրենց հոր՝ Դանի+ անունով, որը Իսրայելի համար էր ծնվել+։ Նախկինում քաղաքի անունը Լայիս էր+։ 30  Դրանից հետո Դանի որդիները քանդակված կուռքը+ իրենց մոտ կանգնեցրին։ Իսկ Հովնաթանը+՝ Մովսեսի որդի Գերսամի+ որդին, և նրա որդիները Դանի ցեղի քահանաները եղան մինչև այն օրը, երբ երկիրը գերության վերցվեց+։ 31  Եվ այն քանդակված կուռքը, որ շինել էր Միքան, իրենց մոտ պահեցին այն բոլոր օրերում, քանի դեռ ճշմարիտ Աստծու տունը*+ Սելովում էր+։

Ծանոթագրություններ

Նշ. է «Դանի բանակատեղ»։
Կամ՝ «խորանը»։