Եզեկիել 14:1-23
14 Իսրայելի ծերերից մի քանիսը եկան ինձ մոտ ու նստեցին իմ առաջ+։
2 Եվ Եհովայի խոսքը եղավ ինձ.
3 «Մարդո՛ւ որդի, այս մարդիկ թույլ են տվել, որ իրենց սրտերը տարվեն գարշելի կուռքերով*, և իրենց առաջ հանցանքի մեջ գցող գայթակղության քար են դրել+։ Մի՞թե որևէ պատասխան կտամ նրանց, երբ ինձ հարցնեն+։
4 Դրա համար խոսիր նրանց հետ ու ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Իսրայելի տնից ցանկացած մարդու, որը թույլ է տալիս, որ իր սիրտը տարվի գարշելի կուռքերով+, իր առաջ հանցանքի մեջ գցող գայթակղության քար է դնում և միևնույն ժամանակ գալիս է մարգարեի մոտ, ես՝ Եհովաս, ես ինքս կպատասխանեմ ըստ նրա գարշելի կուռքերի շատության+,
5 որպեսզի բռնեմ Իսրայելի տան սրտերը+, քանի որ նրանք՝ բոլորն անխտիր, իրենց գարշելի կուռքերի պատճառով հեռացել են ինձնից»»+։
6 Ուստի ասա Իսրայելի տանը. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Վերադարձեք, ձեր գարշելի կուռքերից հետ դարձեք+ ու երես թեքեք ձեր բոլոր նողկալի բաներից+,
7 որովհետև ես՝ Եհովաս, ես ինքս կպատասխանեմ Իսրայելի տնից կամ Իսրայելում որպես պանդուխտ բնակվողներից ցանկացած մարդու, որը հեռանում է ու չի հետևում ինձ+, թույլ է տալիս, որ իր սիրտը տարվի գարշելի կուռքերով, իր առաջ հանցանքի մեջ գցող գայթակղության քար է դնում և միևնույն ժամանակ գալիս է մարգարեի մոտ, որ հարցնի ինձ+։
8 Ես իմ երեսը կուղղեմ այդ մարդու դեմ+, նրան նշան+ ու առակ կդարձնեմ+ և կվերացնեմ իմ ժողովրդի միջից+։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ»»+։
9 «Եթե մարգարեն խաբվի ու մի խոսք ասի, ուրեմն ես՝ Եհովաս եմ մոլորեցրել նրան+։ Ես իմ ձեռքը կմեկնեմ նրա դեմ ու կոչնչացնեմ իմ Իսրայել ժողովրդի միջից+։
10 Նրանք կկրեն իրենց հանցանքը+։ Հարցնողի հանցանքը և մարգարեի հանցանքը նույնը կլինի+,
11 որպեսզի Իսրայելի տունն այլևս չմոլորվի ու չհեռանա ինձնից+ և չպղծի իրեն իր բոլոր օրինազանցություններով։ Նրանք կդառնան իմ ժողովուրդը, իսկ ես՝ նրանց Աստվածը»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»+։
12 Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ.
13 «Մարդո՛ւ որդի, եթե մի երկիր մեղք գործի իմ դեմ ու անհավատարմությամբ վարվի+, ես իմ ձեռքը կմեկնեմ նրա դեմ, կկոտրեմ այն ցուպերը, որոնցից օղակաձև հացեր են կախում+, սով կուղարկեմ այնտեղ+ ու կվերացնեմ մարդուն և ընտանի կենդանուն»+։
14 ««Եթե նույնիսկ նրանում լինեին այս երեք մարդիկ՝ Նոյը+, Դանիելն+ ու Հոբը+, իրենց արդարության+ շնորհիվ նրանք կփրկեին միայն իրենց հոգին»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»+։
15 ««Եթե երկրի վրա գիշատիչ գազաններ բերեի+, նրանք երկիրը զրկեին երեխաներից+, այն ամայի դառնար, և նրա միջով ոչ ոք չանցներ գազանների պատճառով+,
16 ու եթե նույնիսկ այս երեք մարդիկ նրանում լինեին, կենդանի եմ ես,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նրանք չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ էլ աղջիկներին, այլ միայն իրենք կփրկվեին, իսկ երկիրն ամայի կդառնար»»+։
17 ««Կամ եթե սուր բերեի այդ երկրի վրա+ և ասեի՝ «թող սուր անցնի երկրի միջով» ու վերացնեի թե՛ մարդուն, թե՛ ընտանի կենդանուն+,
18 ապա եթե նույնիսկ այս երեք մարդիկ լինեին նրանում+, կենդանի եմ ես,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նրանք չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ էլ աղջիկներին, այլ միայն իրենք կփրկվեին»»+։
19 ««Կամ եթե համաճարակ բերեի այդ երկրի վրա+ ու իմ ցասումը թափեի՝ արյունահեղություն անելով+, որ վերացնեի թե՛ մարդուն, թե՛ ընտանի կենդանուն,
20 ապա եթե նույնիսկ Նոյը+, Դանիելն+ ու Հոբը+ լինեին նրանում+, կենդանի եմ ես,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նրանք չէին փրկի ո՛չ որդուն, ո՛չ էլ աղջկան, այլ իրենց արդարության շնորհիվ կփրկեին միայն իրենց հոգին»»+։
21 «Դրա համար այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Նույնը կլինի այն ժամանակ, երբ Երուսաղեմի վրա չորս կատաղի դատաստաններ բերեմ+՝ սուր, սով, գիշատիչ գազաններ և համաճարակ+, որպեսզի վերացնեմ թե՛ մարդուն, թե՛ ընտանի կենդանուն+։
22 Բայց նրանում փրկվողներ կլինեն, որոնք կվերապրեն ու դուրս կբերվեն այնտեղից+։ Ահա՛ նրանք՝ որդիներն ու աղջիկները։ Նրանք կգան ձեզ մոտ, դուք կտեսնեք նրանց ճանապարհներն ու գործերը+ և կմխիթարվեք այն աղետի ու այն ամենի համար, որ ես բերել եմ Երուսաղեմի վրա»»։
23 ««Նրանք կմխիթարեն ձեզ, երբ դուք տեսնեք նրանց ճանապարհներն ու գործերը։ Եվ այդ ժամանակ կիմանաք, որ առանց պատճառի չեմ արել այն ամենը, ինչ որ հիմա անելու եմ»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»+։