Եզեկիել 31:1-18
31 Տասնմեկերորդ տարվա երրորդ ամսում՝ ամսվա առաջին օրը, Եհովայի խոսքը եղավ ինձ.
2 «Մարդո՛ւ որդի, փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, և նրա բազմությանն ասա+.
«Ո՞ւմ ես նմանվել քո մեծությամբ։
3 Ահա ասորեստանցին գեղեցիկ ոստերով+, տերևախիտ ու ստվերաշատ ճյուղերով բարձրահասակ+ մի մայրի էր Լիբանանում+։ Նրա գագաթը հասնում էր ամպերին+։
4 Ջրերը մեծացնում էին նրան+, խոր ջրերը՝ բարձրահասակ դարձնում։ Դրանց վտակները հոսում էին այնտեղով, որտեղ նա տնկված էր, և իրենց ջրանցքները դրանք ուղղում էին դեպի դաշտի բոլոր ծառերը։
5 Ահա թե ինչու նա դաշտի բոլոր ծառերից ավելի բարձրահասակ դարձավ+։
Նրա ոստերը շատանում էին, ճյուղերը՝ երկարում, քանի որ նրան ոռոգող վտակները ջրառատ էին+։
6 Նրա ոստերի վրա երկնքի բոլոր թռչունները բույն էին դնում+, նրա ճյուղերի տակ դաշտի բոլոր գազանները ձագ էին հանում+, և նրա ստվերի տակ բնակվում էին բազմամարդ բոլոր ազգերը։
7 Իր մեծությամբ+, իր սաղարթի երկարությամբ նա գեղեցիկ դարձավ, քանի որ նրա արմատները շատ ջրերում էին։
8 Աստծու պարտեզի մայրիները չէին կարող համեմատվել նրա հետ+։ Գիհիներն իրենց ոստերով նման չէին նրան, և սոսիներն իրենց ճյուղերով զիջում էին նրան։ Աստծու պարտեզի ոչ մի ծառ իր գեղեցկությամբ չէր կարող համեմատվել նրա հետ+։
9 Խիտ սաղարթով ես գեղեցկացրի նրան+։ Եդեմի բոլոր ծառերը, որոնք ճշմարիտ Աստծու պարտեզում էին, նախանձում էին նրան»+։
10 Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ նա* բարձրահասակ դարձավ, նրա գագաթը նույնիսկ ամպերին հասավ+, և սիրտը գոռոզացավ իր բարձրությամբ+,
11 ես նրան կմատնեմ ազգերի բռնակալի ձեռքը+, որն անպատճառ կգործի նրա դեմ։ Նրա ամբարշտության համար ես կվռնդեմ նրան+։
12 Օտարները՝ ազգերի բռնակալները, կկտրեն նրան, և ժողովուրդը նրան լեռների վրա կթողնի։ Նրա սաղարթը կթափվի բոլոր հովիտների վրա, և նրա ճյուղերը կկոտրեն երկրի բոլոր կիրճերում+։ Երկրի բոլոր ժողովուրդները նրա ստվերի տակից դուրս կգան ու կլքեն նրան+։
13 Նրա ընկած բնի վրա կբնակվեն երկնքի բոլոր թռչունները, իսկ ճյուղերի վրա՝ դաշտի բոլոր գազանները+,
14 որպեսզի ոչ մի ոռոգվող ծառ այլևս չբարձրանա ու իր գագաթով չհասնի ամպերին և որպեսզի ոչ մի ջուր խմող ծառ չհասնի ամպերի բարձրությանը, որովհետև դրանք բոլորը մահվան կմատնվեն+, մարդկանց որդիների հետ գետնի տակ կիջնեն+՝ փոսն իջնողների մոտ»։
15 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես այնպես կանեմ, որ նրա համար սուգ անեն այն օրը, երբ նա գերեզման* իջնի+։ Նրա պատճառով կփակեմ խոր ջրերը, որպեսզի կանգնեցնեմ դրանց վտակները և զսպեմ շատ ջրերը։ Նրա պատճառով խավար կբերեմ Լիբանանի վրա, և դաշտի բոլոր ծառերը կթառամեն։
16 Երբ նրան գերեզմանը* գցեմ փոսն իջնողների հետ+, նրա անկման ձայնով կցնցեմ ազգերը, ու Եդեմի բոլոր ծառերը+, Լիբանանի ամենաընտիր ու լավագույն ծառերը՝ ջուր խմող բոլոր ծառերը գետնի տակ կմխիթարվեն+։
17 Նրա հետ նրանք էլ են գերեզման* իջել+՝ սրով սպանվածների մոտ, ինչպես նաև նրանք, ովքեր որպես նրա սերունդ՝ նրա ստվերի տակ էին բնակվում ազգերի մեջ»+։
18 «Եդեմի ծառերից ո՞ր մեկը փառքով+ ու մեծությամբ քեզ նմանվեց+։ Սակայն Եդեմի ծառերի հետ գետնի տակ կիջնես+, անթլփատների մեջ, սրով սպանվածների կողքին կպառկես։ Ահա թե ինչ կպատահի փարավոնին ու նրա ողջ բազմությանը»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։