Ելք 10:1-29

10  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Գնա փարավոնի մոտ, որովհետև ես թույլ եմ տվել, որ նրա սիրտը ու նրա ծառաների սիրտը կարծրանան+, որպեսզի իմ այս նշանները նրա առաջ բերեմ+,  և որպեսզի քո որդուն և որդուդ որդուն պատմես, թե ինչպիսի խստությամբ վարվեցի Եգիպտոսի հետ, նաև հայտնես իմ նշանների մասին, որ արեցի նրանց մեջ+։ Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»+։  Ուստի Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ ու ասացին. «Այսպես է ասում Եհովան՝ եբրայեցիների Աստվածը. «Մինչև ե՞րբ չես ուզելու հպատակվել ինձ+։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ,  որովհետև եթե չուզես արձակել իմ ժողովրդին, վաղը մորեխներ կուղարկեմ քո սահմաններից ներս+։  Դրանք կծածկեն երկրի երեսը, և երկիրը հնարավոր չի լինի տեսնել։ Դրանք կխժռեն այն, ինչ մնացել է, այն, ինչ կարկուտից հետո մնացել է ձեզ համար, և կուտեն դաշտում աճող ձեր բոլոր ծառերը+։  Քո տները, քո բոլոր ծառաների տները և ամբողջ Եգիպտոսի տները դրանցով կլցվեն այնքան, որքան քո հայրերը ու հայրերիդ հայրերը երկրի վրա իրենց գոյությունից մինչև օրս չեն տեսել»»+։ Այդ խոսքերն ասելով՝ նա շրջվեց ու դուրս եկավ փարավոնի մոտից+։  Դրանից հետո փարավոնի ծառաներն ասացին նրան. «Մինչև ե՞րբ այս մարդը պիտի որոգայթ լինի մեզ համար+։ Արձակի՛ր նրանց, որ ծառայեն իրենց Աստված Եհովային։ Մի՞թե դեռ չգիտես, որ Եգիպտոսը կործանվել է»+։  Ուստի Մովսեսին ու Ահարոնին հետ բերեցին փարավոնի մոտ, և նա ասաց նրանց. «Գնացե՛ք, ծառայե՛ք ձեր Աստված Եհովային+։ Իսկ հատկապես ովքե՞ր են գնացողները»։  Մովսեսն ասաց. «Մեր երեխաների ու մեր ծերերի հետ ենք գնալու։ Մեր որդիների, մեր աղջիկների+, մեր ոչխարների ու մեր խոշոր անասունների հետ ենք գնալու+, քանի որ Եհովայի պատվին տոն ենք նշելու»+։ 10  Նա էլ ասաց. «Եթե ես երբևէ արձակեմ ձեզ ու ձեր երեխաներին, ուրեմն Եհովան հաստատ ձեզ հետ է+։ Տեսնո՞ւմ եք, դուք չար մտադրություն ունեք+։ 11  Ոչ մի դեպքո՛ւմ։ Միայն դուք՝ տղամարդիկդ, գնացե՛ք ու ծառայե՛ք Եհովային, որովհետև հենց դա է ձեր ուզածը»։ Եվ նրանց դուրս արեցին փարավոնի մոտից+։ 12  Եհովան ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնիր+ Եգիպտոսի վրա, որ մորեխներ ելնեն, որպեսզի դրանք գան Եգիպտոսի վրա և խժռեն երկրի ողջ բուսականությունը՝ այն ամենը, ինչ մնացել է կարկուտից հետո»+։ 13  Մովսեսն իսկույն գավազանը մեկնեց Եգիպտոսի վրա, և Եհովան արևելյան քամի+ բերեց, որը մի ամբողջ օր ու մի ամբողջ գիշեր փչեց երկրի վրա։ Երբ առավոտ եղավ, արևելյան քամին մորեխներ բերեց։ 14  Մորեխները եկան ամբողջ Եգիպտոսի վրա ու ծածկեցին Եգիպտոսի ողջ տարածքը+։ Դրանց պատճառած տառապանքը շատ ծանր էր+։ Մորեխների այդպիսի ներխուժում նախկինում երբեք չէր եղել, ու դրանից հետո երբեք այդպիսի բան չի լինի։ 15  Դրանք ծածկեցին ողջ երկրի երեսը+, և երկիրը մթնեց*+, խժռեցին երկրի ողջ բուսականությունն ու ծառերի բոլոր պտուղները, որ մնացել էին կարկուտից հետո+, և ամբողջ Եգիպտոսում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի և ո՛չ էլ դաշտի բուսականության վրա+։ 16  Փարավոնը շտապ կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Ես մեղք եմ գործել ձեր Աստված Եհովայի ու ձեր դեմ+։ 17  Խնդրում եմ, այս անգամ էլ ներիր+ իմ մեղքը, և աղաչեք+ ձեր Աստված Եհովային, որ այս մահաբեր պատուհասը հեռացնի ինձնից»։ 18  Նա էլ գնաց փարավոնի մոտից ու աղաչեց Եհովային+։ 19  Այդ ժամանակ Եհովան փոխեց քամու ուղղությունը, և մի ուժգին արևմտյան քամի փչեց։ Այն քշեց մորեխներին ու լցրեց Կարմիր ծովը։ Եգիպտոսի ողջ տարածքում մի մորեխ անգամ չմնաց։ 20  Սակայն Եհովան թույլ տվեց, որ փարավոնի սիրտը համառ դառնա+, և նա չարձակեց Իսրայելի որդիներին։ 21  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնիր դեպի երկինք+, որ Եգիպտոսի վրա խավար իջնի, և որ խավարը շոշափելի լինի»։ 22  Մովսեսն անմիջապես ձեռքը մեկնեց դեպի երկինք, և ողջ Եգիպտոսի վրա երեք օր թանձր խավար իջավ+։ 23  Երեք օր մարդիկ իրար չէին տեսնում, և ոչ ոք իր տեղից չէր ելնում։ Մինչդեռ Իսրայելի բոլոր որդիների բնակատեղերում լույս կար+։ 24  Դրանից հետո փարավոնը կանչեց Մովսեսին ու ասաց. «Գնացե՛ք, ծառայե՛ք Եհովային+։ Միայն ձեր ոչխարներն ու խոշոր անասունները պիտի մնան։ Ձեր երեխաներն էլ կարող են ձեզ հետ գալ»+։ 25  Բայց Մովսեսն ասաց. «Դու ինքդ մեր ձեռքը կենդանիներ կտաս զոհաբերություն ու ողջակեզ անելու համար, քանի որ դրանք մեր Աստված Եհովային պետք է մատուցենք+։ 26  Մեր անասուններն էլ պիտի գնան մեզ հետ+։ Մի անասուն անգամ չպիտի մնա, որովհետև մենք դրանցից պետք է վերցնենք, որ երկրպագենք մեր Աստված Եհովային+, և մինչև այնտեղ հասնելը մենք չգիտենք, թե ինչ ենք մատուցելու Եհովային որպես երկրպագության զոհ»+։ 27  Բայց Եհովան թույլ տվեց, որ փարավոնի սիրտը համառ դառնա, և նա չհամաձայնվեց արձակել նրանց+։ 28  Ուստի փարավոնն ասաց նրան. «Հեռացի՛ր ինձնից+։ Զգո՛ւյշ եղիր։ Էլ չփորձե՛ս երեսս տեսնել, որովհետև այն օրը, երբ երեսս տեսնես, կմեռնես»+։ 29  Իսկ Մովսեսն ասաց. «Դո՛ւ ասացիր։ Ես այլևս չեմ փորձի քո երեսը տեսնել»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «գետինը սևացավ»։