Ելք 19:1-25

19  Եգիպտոսի երկրից դուրս գալուց հետո երրորդ ամսում+՝ հենց այդ նույն օրը, Իսրայելի որդիները եկան Սինա անապատ+։  Նրանք Ռաֆիդիմից+ ճանապարհ ընկան ու եկան Սինա անապատ և ճամբար դրեցին անապատում+։ Այնտեղ՝ լեռան դիմաց+, Իսրայելը ճամբար դրեց։  Մովսեսը բարձրացավ ճշմարիտ Աստծու մոտ, և Եհովան կանչեց նրան լեռան վրայից+՝ ասելով. «Այսպես ասա Հակոբի տանը և հայտնիր Իսրայելի որդիներին.  «Դուք տեսաք, թե ես ինչ արեցի եգիպտացիներին+, որպեսզի արծվի թևերի վրա տանեմ ձեզ և ինձ մոտ բերեմ+։  Եվ հիմա եթե ամեն ինչում հնազանդվեք+ իմ ձայնին ու պահեք իմ ուխտը+, այդ դեպքում մնացած բոլոր ժողովուրդների միջից իմ հատուկ սեփականությունը կդառնաք+, որովհետև ամբողջ երկիրը ինձ է պատկանում+։  Ինձ համար դուք քահանաների թագավորություն և սուրբ ազգ կդառնաք»+։ Սրանք են այն խոսքերը, որ պետք է ասես Իսրայելի որդիներին»։  Մովսեսը եկավ, կանչեց ժողովրդի երեցներին+ և նրանց հայտնեց այն բոլոր խոսքերը, որ Եհովան պատվիրել էր իրեն+։  Դրանից հետո ամբողջ ժողովուրդը միաձայն ասաց. «Եհովայի բոլոր ասածները կանենք»+։ Մովսեսն էլ ժողովրդի խոսքերը իսկույն հաղորդեց Եհովային+։  Եհովան ասաց Մովսեսին. «Ես քեզ մոտ կգամ մութ ամպի մեջ+, որ երբ խոսեմ քեզ հետ+, ժողովուրդը լսի և քեզ նույնպես միշտ հավատա»+։ Մովսեսը ժողովրդի խոսքերը հաղորդեց Եհովային։ 10  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ. «Գնա ժողովրդի մոտ և այսօր ու վաղը սրբացրու նրանց, և նրանք թող լվանան իրենց թիկնոցները+։ 11  Նրանք պետք է պատրաստ լինեն երրորդ օրվան, որովհետև երրորդ օրը Եհովան ամբողջ ժողովրդի աչքի առաջ կիջնի Սինա լեռան վրա+։ 12  Լեռան շուրջբոլորը սահմաններ դիր ժողովրդի համար և ասա. «Զգույշ եղեք, որ լեռը չբարձրանաք, և դրա փեշին չդիպչեք։ Եթե որևէ մեկը դիպչի լեռանը, անպատճառ պիտի սպանվի+։ 13  Ոչ մի ձեռք չպետք է դիպչի օրինազանցին, որովհետև նա անպատճառ պիտի քարկոծվի կամ խոցվի։ Անասուն լինի թե մարդ՝ չպիտի ապրի»+։ Երբ խոյի եղջյուրի+ ձայնը հնչի, այդ ժամանակ կարող են մոտենալ լեռանը»։ 14  Հետո Մովսեսը լեռան վրայից իջավ ժողովրդի մոտ ու սրբացրեց ժողովրդին, նրանք էլ լվացին իրենց թիկնոցները+։ 15  Ապա նա ասաց ժողովրդին. «Պատրաստվեք+ երեք օր։ Տղամարդի՛կ, կանանց հետ հարաբերություն չունենաք*»+։ 16  Երրորդ օրը՝ առավոտյան, որոտներ ու կայծակներ եղան+, նաև մի թանձր ամպ+ հայտնվեց լեռան վրա, և եղջյուրի+ մի ուժգին ձայն լսվեց, այնպես, որ ճամբարում եղող ամբողջ ժողովուրդը դողաց+։ 17  Մովսեսը ժողովրդին հանեց ճամբարից ու տարավ ճշմարիտ Աստծուն ընդառաջ, և նրանք կանգնեցին լեռան ստորոտի մոտ+։ 18  Սինա լեռը ամբողջությամբ ծխի մեջ էր+, քանի որ Եհովան կրակի+ մեջ իջել էր դրա վրա. լեռան ծուխը բարձրանում էր ինչպես թրծավառարանի ծուխ+, և ամբողջ լեռը սաստիկ ցնցվում էր+։ 19  Երբ եղջյուրի ձայնը ավելի ու ավելի բարձրացավ, Մովսեսը սկսեց խոսել, և ճշմարիտ Աստված ձայնով պատասխանում էր նրան+։ 20  Եհովան Սինա լեռան վրա՝ դրա գագաթին իջավ։ Հետո Եհովան Մովսեսին կանչեց դեպի լեռան գագաթը, և Մովսեսը բարձրացավ+ այնտեղ։ 21  Ապա Եհովան նրան ասաց. «Իջիր և զգուշացրու ժողովրդին, որ չփորձեն սահմանն անցնել, մոտենալ Եհովային ու նայել նրան, այլապես նրանցից շատերը կմեռնեն+։ 22  Քահանաները, որոնք կանոնավորաբար մոտենում են Եհովային, նույնպես թող սրբացնեն իրենց+, որ Եհովայի բարկությունը չբռնկվի նրանց դեմ»+։ 23  Մովսեսն էլ ասաց Եհովային. «Ժողովուրդը չի կարող բարձրանալ Սինա լեռը, որովհետև դու արդեն զգուշացրել ես մեզ ու ասել. «Սահմաններ դիր լեռան մոտ և սուրբ դարձրու այն»»+։ 24  Սակայն Եհովան ասաց նրան. «Գնա, իջիր և հետո բարձրացիր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող սահմանից չանցնեն և չբարձրանան Եհովայի մոտ, որպեսզի նրա բարկությունը չբռնկվի նրանց դեմ»+։ 25  Մովսեսն իջավ ժողովրդի մոտ ու ասաց այդ ամենը+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «կնոջ չմոտենաք»։