Ելք 23:1-33
23 «Սուտ լուրեր չտարածես+։ Ամբարշտի հետ մի՛ համագործակցիր՝ դառնալով չարիք ծրագրող վկա+։
2 Չարիք անելու համար բազմությանը չհետևես+ և արդարադատությունը խեղաթյուրելու նպատակով վիճաբանության մեջ վկայություն չտաս՝ բազմությանը հետևելով+։
3 Խեղճի գործը քննելիս կողմնապահություն չանես+։
4 Եթե հանդիպես թշնամուդ մոլորված ցլին կամ էշին, անպատճառ վերադարձրու նրան+։
5 Եթե տեսնես, որ քեզ ատողի էշը պառկել է բեռի տակ, ապա չթողնես դրան։ Անպատճառ օգնիր նրան արձակել էշը+։
6 Աղքատի գործի համար կայացվող դատավճիռը չխեղաթյուրես+։
7 Հեռու մնա սուտ խոսքից+։ Անմեղին ու արդարին մի՛ սպանիր, որովհետև ամբարշտին ես արդար չեմ հայտարարի+։
8 Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է պարզ տեսողություն ունեցողներին և կարող է աղավաղել արդարների խոսքերը+։
9 Պանդուխտին չհարստահարես+, քանի որ դուք գիտեք, թե ինչ է նշանակում պանդուխտ լինել*, որովհետև դուք էլ Եգիպտոսում պանդուխտ եք եղել+։
10 Վեց տարի ցանիր քո հողը և դրա արդյունքը հավաքիր+,
11 իսկ յոթերորդ տարում այն անմշակ ու չհերկված թող+։ Դրա արդյունքից թող քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ ինչ որ նրանք թողնեն, դաշտի գազանները թող ուտեն+։ Այդպես պետք է վարվես նաև քո խաղողի և ձիթենու այգու հետ։
12 Վեց օր քո գործն արա+, իսկ յոթերորդ օրը դադարիր գործ անելուց, որպեսզի քո եզն ու էշը հանգստանան, և քո աղախնի որդին ու պանդուխտը կարողանան վերականգնել իրենց ուժերը+։
13 Զգույշ եղեք, որ կատարեք իմ ասած բոլոր բաները+. ուրիշ աստվածների անուններ չհիշատակեք։ Դրանք չպետք է լսվեն ձեր բերանից+։
14 Տարին երեք անգամ իմ պատվին տոն նշիր+։
15 Նշիր Անթթխմոր հացերի տոնը+։ Աբիբ ամսին՝ նշանակված ժամանակին, յոթ օր անթթխմոր հաց+ կեր+, ինչպես որ պատվիրել եմ քեզ, որովհետև այդ ամսում դուրս եկար Եգիպտոսից։ Ոչ ոք դատարկաձեռն թող չներկայանա իմ առաջ+։
16 Նաև նշիր առաջին հասած պտուղների+ հնձի տոնը, որոնք աճեցրել ես քո աշխատանքով՝ այն պտուղների, որոնք աճել են արտում ցանածիցդ+, և տարվա վերջում նշիր բերքահավաքի տոնը, երբ արտից հավաքես այն ամենը, որ աճեցրել ես քո աշխատանքով+։
17 Տարվա մեջ երեք անգամ քո բոլոր տղամարդիկ պետք է ներկայանան ճշմարիտ Տիրոջ՝ Եհովայի երեսի առաջ+։
18 Ինձ մատուցվող զոհի արյունը թթխմորով պատրաստված ոչ մի բանի հետ չզոհես։ Իմ տոնի ժամանակ ինձ մատուցվող ճարպը չպետք է ամբողջ գիշեր մնա մինչև առավոտ+։
19 Քո հողի առաջին հասած պտուղներից ամենալավը պետք է բերես քո Աստված Եհովայի տուն+։
Ուլն իր մոր կաթի մեջ չեփես+։
20 Ահա ես հրեշտակ+ եմ ուղարկում քո առջևից, որ ճանապարհին պահպանի քեզ ու բերի այն վայրը, որը ես պատրաստել եմ+։
21 Զգույշ եղիր, քանի որ նա քո առջև է, և հնազանդվիր նրա ձայնին։ Նրա դեմ մի՛ ապստամբիր, որովհետև նա չի ների ձեր հանցանքը+, քանի որ նա իմ անունն է կրում։
22 Սակայն եթե ամեն ինչում հնազանդվես նրա ձայնին ու անես այն ամենը, ինչ կասեմ+, ապա ես թշնամություն կանեմ քո թշնամիներին և կճնշեմ քեզ ճնշողներին+։
23 Իմ հրեշտակը կգնա քո առջևից ու քեզ կբերի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների մոտ, ու ես բնաջինջ կանեմ նրանց+։
24 Նրանց աստվածների առաջ չխոնարհվես ու չծառայես նրանց, ոչինչ չշինես նրանց պատկերների նմանությամբ+, այլ անպատճառ քանդիր նրանց ու անպատճառ կոտրիր նրանց սուրբ սյուները+։
25 Ծառայեք ձեր Աստծուն՝ Եհովային+, և նա կօրհնի քո հացն ու ջուրը+։ Քո միջից ես կհեռացնեմ հիվանդությունը+։
26 Քո երկրում կանայք ո՛չ կվիժեն, ո՛չ էլ ամուլ կլինեն+։ Քո օրերի թիվը ես ամբողջական կդարձնեմ+։
27 Իմ հանդեպ վախը կուղարկեմ քո առջևից+ և շփոթության մեջ կգցեմ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մեջ դու գնում ես, ու քո բոլոր թշնամիների ծոծրակը դեպի քեզ կդարձնեմ+։
28 Քո առջևից վհատություն* կուղարկեմ+, և այն կքշի քո առջևից խևացիներին, քանանացիներին ու քետացիներին+։
29 Նրանց մեկ տարում չեմ քշի քո առջևից, որպեսզի երկիրը չամայանա, և դաշտի գազանները չշատանան ու չվնասեն քեզ+։
30 Ես աստիճանաբար կքշեմ նրանց քո առջևից, մինչև որ բազմանաս ու տիրես այդ երկրին+։
31 Քո սահմանը կդնեմ Կարմիր ծովից մինչև փղշտացիների ծովը և անապատից մինչև Գետը*+, որովհետև այդ երկրի բնակիչներին ձեր ձեռքն եմ տալու, և դու կքշես նրանց քո առջևից+։
32 Նրանց հետ ու նրանց աստվածների հետ ուխտ չկապես+։
33 Նրանք չպետք է բնակվեն քո երկրում, որպեսզի պատճառ չլինեն, որ մեղք գործես իմ դեմ։ Եթե ծառայես նրանց աստվածներին, ապա դա որոգայթ կդառնա քեզ համար»+։