Ելք 28:1-43
28 «Իսկ դու Իսրայելի որդիների միջից քեզ մոտ բեր քո եղբայր Ահարոնին ու նրա հետ նաև իր որդիներին, որպեսզի ինձ համար քահանայություն անեն+՝ Ահարոնին+, նրա որդիներ Նադաբին, Աբիուին+, Եղիազարին և Իթամարին+։
2 Քո եղբայր Ահարոնի համար սուրբ հանդերձներ պատրաստիր փառքի ու գեղեցկության համար+։
3 Խոսիր բոլոր նրանց հետ, ովքեր իմաստուն սիրտ ունեն, որոնց մեջ ես իմաստության ոգի+ եմ լցրել, և նրանք կպատրաստեն Ահարոնի հանդերձները, որ նրան սրբացնեն, որպեսզի ինձ համար նա քահանայություն անի+։
4 Սրանք են այն հանդերձները, որ նրանք պետք է պատրաստեն. կրծքապանակ+, եփուդ+, անթև վերնահագուստ+, շախմատաձև գործվածքով պատմուճան, խույր*+ և գոտի+։ Նրանք սուրբ հանդերձներ պետք է պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։
5 Նրանք թող վերցնեն ոսկի, կապույտ թել, ծիրանիով ներկված բուրդ, որդան կարմրով ներկված մանվածք և բարձրորակ կտավ։
6 Եփուդը պետք է պատրաստեն ոսկուց, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից և ոլորված բարձրորակ կտավից. դա ասեղնագործի աշխատանքն է+։
7 Դրա երկու ծայրերին պետք է փակցված լինեն երկու ուսային կտորներ, և դրա երկու մասերը պետք է իրար միացվեն+։
8 Դրա վրա եղող գոտին+, որն այն ձիգ կապելու համար է, պետք է պատրաստված լինի նույն ձևով և նույն հումքից՝ ոսկուց, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից ու ոլորված բարձրորակ կտավից։
9 Վերցրու երկու օնիքս+ ու դրանց վրա փորագրիր+ Իսրայելի որդիների անունները+՝
10 նրանց անուններից վեցը՝ մի քարի վրա, իսկ մնացած վեցի անունները՝ մյուս քարի վրա՝ ըստ նրանց ծննդյան կարգի+։
11 Իսրայելի որդիների անունները այդ երկու քարերի վրա պետք է փորագրես այնպես, ինչպես արհեստավորն է քարի վրա կնիք փորագրում+։ Դրանք ոսկե ագույցների մեջ դիր+։
12 Երկու քարերը դիր եփուդի ուսային կտորների վրա որպես հիշատակի քարեր Իսրայելի որդիների համար+, և Ահարոնը Եհովայի առաջ իր երկու ուսային կտորների վրա պետք է կրի նրանց անունները որպես հիշատակ։
13 Ոսկուց ագույցներ պատրաստիր,
14 նաև երկու շղթա՝ մաքուր ոսկուց+։ Դրանք որպես թելեր պատրաստիր՝ պարաններ հյուսելու վարպետությամբ։ Եվ պարանաձև շղթաներն ամրացրու ագույցներին+։
15 Պատրաստիր դատաստանի կրծքապանակը+, որը ասեղնագործի աշխատանքն է։ Այն եփուդի պես պատրաստիր՝ ոսկուց, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից և ոլորված բարձրորակ կտավից+։
16 Երկտակ ծալված վիճակում այն քառակուսի պետք է լինի, դրա երկարությունը մեկ թիզ պիտի լինի և լայնությունը՝ մեկ թիզ+։
17 Դրա վրա չորս շարքով քարեր հագցրու+։ Առաջին շարքում՝ ռուբին+, տպազիոն+ և զմրուխտ+։
18 Երկրորդ շարքում՝ փիրուզ+, շափյուղա+ և հասպիս+։
19 Երրորդ շարքում՝ լեշեմ*, ագատ+ և ամեթիստ+։
20 Չորրորդ շարքում՝ ոսկեքար+, օնիքս+ և ժադեիտ։ Դրանք պետք է հագցված լինեն ոսկե խորշերի մեջ+։
21 Քարերը պետք է համապատասխանեն Իսրայելի որդիների անուններին+. տասներկուսն էլ՝ ըստ նրանց անունների։ Ինչպես որ կնիքի վրա են փորագրություն անում, այդպես էլ դրանցից յուրաքանչյուրի վրա պետք է փորագրված լինեն տասներկու ցեղերի անունները+։
22 Մաքուր ոսկուց կրծքապանակի վրա հյուսված շղթաներ պատրաստիր՝ պարանի պես ոլորված+։
23 Ոսկե երկու օղակ+ պատրաստիր կրծքապանակի վրա և այդ երկու օղակներն ամրացրու կրծքապանակի երկու ծայրերին։
24 Ոսկե երկու պարաններն անցկացրու կրծքապանակի ծայրերին գտնվող երկու օղակների միջով+։
25 Երկու պարանների երկու ծայրերն անցկացրու երկու ագույցների միջով և առջևի մասում դրանք եփուդի ուսային կտորների վրա ամրացրու+։
26 Ոսկե երկու օղակներ պատրաստիր ու դրանք ամրացրու կրծքապանակի երկու ծայրերին՝ այն եզրին, որը ներսի կողմից է՝ եփուդին նայող կողմում+։
27 Ոսկե երկու օղակներ պատրաստիր ու դրանք ամրացրու եփուդի երկու ուսային կտորների ներքևի մասում՝ դրսի կողմից՝ միացման տեղի մոտ՝ եփուդի գոտուց վեր+։
28 Կապույտ լարով կրծքապանակի օղակները կմիացվեն եփուդի օղակներին, որ այն մնա եփուդի գոտուց վեր, և որ կրծքապանակը եփուդի վրայից չտեղաշարժվի+։
29 Սրբություն մտնելիս Ահարոնը իր սրտի մոտ պետք է կրի Իսրայելի որդիների անունները դատաստանի կրծքապանակի վրա՝ որպես մշտական հիշեցում Եհովայի առաջ։
30 Դատաստանի կրծքապանակի մեջ դիր ուրիմն+ ու թումիմը*, և դրանք պետք է Ահարոնի սրտի մոտ լինեն, երբ նա մտնի Եհովայի մոտ, ու Ահարոնը Եհովայի առաջ իր սրտի մոտ միշտ պետք է կրի դրանք՝ Իսրայելի որդիներին դատելու+ համար։
31 Եփուդի տակից հագնելու համար անթև վերնահագուստ պատրաստիր՝ ամբողջությամբ կապույտ թելից+։
32 Դրա վերին մասում՝ մեջտեղում, բացվածք պետք է լինի, և բացվածքի շուրջբոլորը՝ եզրակ՝ ջուլհակահաստոցի վրա աշխատող ջուլհակի կողմից պատրաստված։ Այն պետք է զրահի բացվածքի պես լինի, որպեսզի չպատռվի+։
33 Վերնահագուստի փեշի շուրջբոլորը նռներ պատրաստիր՝ կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից ու որդան կարմրով ներկված մանվածքից, և դրանց միջև ոսկե զանգակներ+ ամրացրու.
34 մի ոսկե զանգակ և մի նուռ, մի ոսկե զանգակ և մի նուռ՝ անթև վերնահագուստի փեշի շուրջբոլորը+։
35 Ահարոնը այն պետք է հագնի, երբ ծառայություն մատուցի։ Երբ նա մտնի սրբարանը՝ Եհովայի մոտ, և այնտեղից դուրս գա, զանգակների ձայնը պետք է լսվի, որպեսզի նա չմեռնի+։
36 Մաքուր ոսկուց մի փայլուն թիթեղ պատրաստիր և, ինչպես կնիքի վրա է փորագրվում, դրա վրա փորագրիր՝ «Սրբությունը պատկանում է Եհովային»+։
37 Այն կապույտ լարով ամրացրու խույրին+։ Այն պետք է լինի խույրի առջևի մասում։
38 Ահարոնի ճակատի վրա պետք է լինի դա, և Ահարոնը պատասխան պետք է տա այն հանցանքների համար, որ կգործվեն սուրբ իրերի դեմ+, որոնք Իսրայելի որդիները կսրբացնեն, այսինքն՝ նրանց բոլոր սուրբ նվերների դեմ։ Այն միշտ պետք է նրա ճակատի վրա մնա, որպեսզի նրանց համար ստանա Եհովայի հավանությունը+։
39 Բարձրորակ կտավից շախմատաձև գործվածքով մի պատմուճան գործիր, բարձրորակ կտավից մի խույր+ պատրաստիր, նաև մի գոտի+. դա ջուլհակի աշխատանքն է։
40 Ահարոնի որդիների համար պատմուճաններ+, գոտիներ և գլխադիրներ+ պատրաստիր փառքի ու գեղեցկության համար+։
41 Դրանք հագցրու քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին, օծիր նրանց+, լիազորություն տուր*+ ու սրբացրու նրանց, և նրանք ինձ համար քահանայություն կանեն։
42 Նրանց համար կտավե վարտիքներ պատրաստիր նրանց մերկ մարմինը ծածկելու համար+։ Դրանք գոտկատեղից մինչև ազդրերը պետք է լինեն։
43 Երբ Ահարոնն ու նրա որդիները մտնեն հանդիպման վրան կամ մոտենան զոհասեղանին՝ սուրբ վայրում ծառայություն անելու, դրանք պետք է նրանց հագին լինեն, որ հանցանք չգործեն ու չմեռնեն։ Սա կանոն է դարեդար նրա և նրա սերնդի համար»+։