Ելք 9:1-35
9 Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Գնա փարավոնի մոտ և ասա նրան+. «Այսպես է ասում Եհովան՝ եբրայեցիների Աստվածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ։
2 Բայց եթե չուզես արձակել և պահես նրան+,
3 ապա Եհովայի ձեռքը+ կգա քո անասունների վրա+, որ դաշտում են։ Ձիերի, էշերի, ուղտերի, նախիրների և հոտերի վրա սարսափելի համաճարակ+ կգա։
4 Եհովան տարբերություն կդնի Իսրայելի անասունների ու Եգիպտոսի անասունների միջև, և Իսրայելի որդիներին պատկանող ոչ մի անասուն չի սատկի»»»+։
5 Բացի դրանից, Եհովան ժամանակ սահմանեց՝ ասելով. «Վաղը այս բանը Եհովան կանի այս երկրում»+։
6 Հաջորդ օրը Եհովան այդպես էլ արեց, և Եգիպտոսի բոլոր տեսակի անասունները սատկեցին+, բայց Իսրայելի որդիների անասուններից մեկն անգամ չսատկեց։
7 Այդ ժամանակ փարավոնը մարդ ուղարկեց, ու պարզվեց, որ Իսրայելի անասուններից մեկն անգամ չէր սատկել։ Սակայն փարավոնի սիրտը կարծրացած մնաց+, և նա չարձակեց ժողովրդին։
8 Այնուհետև Եհովան Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Թրծավառարանից+ երկու լիքը բուռ մոխիր վերցրեք, և թող Մովսեսը փարավոնի առաջ այն շաղ տա դեպի երկինք։
9 Այն փոշու կվերածվի ու կծածկի ողջ Եգիպտոսը և բշտիկավոր պալարներ+ կառաջացնի մարդկանց ու անասունների վրա ամբողջ Եգիպտոսում»։
10 Ուստի թրծավառարանից նրանք մոխիր վերցրին ու կանգնեցին փարավոնի առաջ, և Մովսեսն այն շաղ տվեց դեպի երկինք, և մարդկանց ու անասունների վրա այն բշտիկավոր պալարներ+ առաջացրեց։
11 Այդ պալարների պատճառով մոգությամբ զբաղվող քրմերը չկարողացան կանգնել Մովսեսի առաջ, որովհետև պալարները գոյացել էին քրմերի ու բոլոր եգիպտացիների վրա+։
12 Բայց Եհովան թույլ տվեց, որ փարավոնի սիրտը համառ դառնա, և նա չլսեց նրանց, ինչպես որ Եհովան ասել էր Մովսեսին+։
13 Հետո Եհովան Մովսեսին ասաց. «Վաղ առավոտյան վեր կաց ու կանգնիր փարավոնի առաջ+ և նրան ասա. «Այսպես է ասում Եհովան՝ եբրայեցիների Աստվածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ+,
14 որովհետև այս անգամ ես իմ բոլոր հարվածները կուղարկեմ քո սրտի, քո ծառաների ու քո ժողովրդի վրա, որպեսզի իմանաս, որ ամբողջ երկրի վրա իմ նմանը չկա+։
15 Ես վաղուց կարող էի մեկնել իմ ձեռքը և համաճարակով հարվածել քեզ ու քո ժողովրդին, որ բնաջինջ լինեիր երկրի վրայից+։
16 Սակայն քեզ կենդանի թողեցի այն պատճառով+, որ քեզ ցույց տամ իմ զորությունը և որ իմ անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ+։
17 Մինչև հիմա ամբարտավանությա՞մբ ես վարվում ժողովրդիս հետ՝ չարձակելով նրան+։
18 Ահա վաղը՝ մոտավորապես այս ժամանակ, այնպիսի սաստիկ կարկուտ կտեղացնեմ, որի նմանը երբեք չի եղել Եգիպտոսում նրա հիմնվելու օրից ի վեր+։
19 Այժմ մարդ ուղարկիր և ծածկի տակ բեր քո բոլոր անասուններն ու դաշտում ունեցած բոլոր բաներդ։ Իսկ եթե որևէ մարդ կամ անասուն գտնվի դաշտում, և նրանք տներում չհավաքվեն, կարկուտը+ նրանց վրա կգա, և նրանք կմեռնեն»»»։
20 Փարավոնի ծառաներից նրանք, ովքեր վախեցան Եհովայի խոսքից, իրենց ծառաներին ու անասուններին շտապ տուն բերեցին+,
21 իսկ ովքեր չվախեցան և ուշադրություն չդարձրին Եհովայի խոսքին, իրենց ծառաներին ու անասուններին թողեցին դաշտում+։
22 Եհովան ասաց Մովսեսին. «Մեկնիր ձեռքդ+ դեպի երկինք, որպեսզի կարկուտ+ գա ողջ Եգիպտոսի վրա՝ նրանում լինող մարդկանց, անասունների և դաշտի ամբողջ բուսականության վրա»։
23 Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի երկինք, և Եհովան որոտ ու կարկուտ+ ուղարկեց, ու կրակ տեղաց երկրի վրա։ Եհովան Եգիպտոսի վրա կարկուտ տեղացրեց։
24 Այդպես կարկուտ եկավ, կարկուտի հետ միասին նաև բոցկլտացող կրակ։ Կարկուտն այնքան սաստիկ էր, որ դրա նմանը չէր եղել ողջ Եգիպտոսում այն ժամանակից ի վեր, երբ այնտեղ ազգ էր ձևավորվել+։
25 Կարկուտը հարվածեց ողջ Եգիպտոսին։ Այն հարվածեց դաշտում եղող ամեն ինչի՝ մարդուց մինչև անասուն, դաշտի ամեն տեսակ բուսականության, նաև ջարդուխուրդ արեց դաշտում եղած բոլոր ծառերը+։
26 Կարկուտ չեկավ միայն Գեսեմ երկրում, որտեղ Իսրայելի որդիներն էին+։
27 Ի վերջո, փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Այս անգամ մեղք գործեցի+։ Եհովան արդար է+, իսկ ես ու իմ ժողովուրդը մեղավոր ենք։
28 Աղաչեք Եհովային, որ Աստծու որոտներն ու կարկուտը դադարեն+։ Այդ ժամանակ կարձակեմ ձեզ, և այլևս այստեղ չեք մնա»։
29 Մովսեսն էլ ասաց նրան. «Քաղաքից դուրս գալուն պես ես կտարածեմ ձեռքերս դեպի Եհովան+։ Որոտները կդադարեն, և այլևս կարկուտ չի գա, որպեսզի իմանաս, որ երկիրը Եհովային է պատկանում+։
30 Սակայն ես արդեն գիտեմ, որ դու և քո ծառաները նույնիսկ այդ ժամանակ չեք վախենա Եհովա Աստծուց»+։
31 Վուշն ու գարին վնասվեցին, որովհետև գարին հասել էր, իսկ վուշը բողբոջներ ուներ+։
32 Բայց ցորենն ու հաճարը+ չվնասվեցին, քանի որ դրանք ուշ են հասնում։
33 Փարավոնի մոտից գնալով՝ Մովսեսը դուրս եկավ քաղաքից և ձեռքերը տարածեց դեպի Եհովան, և որոտներն ու կարկուտը դադարեցին, ու երկրի վրա անձրև չտեղաց+։
34 Երբ փարավոնը տեսավ, որ անձրևը, կարկուտն ու որոտները դադարեցին, շարունակեց մեղք գործել ու կարծրացրեց իր սիրտը+, ինչպես նա, այնպես էլ իր ծառաները։
35 Փարավոնի սիրտը համառ մնաց, և նա չարձակեց Իսրայելի որդիներին, ինչպես որ Եհովան ասել էր Մովսեսի միջոցով+։