Եսայիա 19:1-25
19 Եգիպտոսի+ դեմ ուղղված պատգամը։ Ահա Եհովան, սրընթաց ամպ հեծած+, Եգիպտոս է գալիս։ Եգիպտոսի փուչ աստվածները կսարսռան նրա պատճառով+, ու Եգիպտոսի սիրտը կհալվի իր ներսում+։
2 «Ես եգիպտացիներին եգիպտացիների դեմ կհանեմ, և նրանցից յուրաքանչյուրը կպատերազմի իր եղբոր դեմ, իր ընկերոջ դեմ. քաղաքը քաղաքի դեմ կպատերազմի, թագավորությունը՝ թագավորության+։
3 Եգիպտոսի ոգին կշփոթվի իր ներսում+, և ես կխափանեմ նրա ծրագիրը+։ Նրանք կդիմեն փուչ աստվածների+, թովիչների, ոգեհարցների և գուշակների+։
4 Ես Եգիպտոսին դաժան տիրոջ ձեռքը կմատնեմ, ու նրանց վրա իշխող թագավորը հզոր կլինի»+,– ասում է ճշմարիտ Տերը՝ Զորքերի Տեր Եհովան։
5 Ծովի ջուրը կցամաքի, գետը կչորանա ու կցամաքի+։
6 Գետերը կնեխեն, Եգիպտոսում Նեղոսի ջրանցքները կնվազեն ու կչորանան+։ Եղեգն+ ու կնյունը կփտեն։
7 Կչորանան Նեղոսի գետաբերանի մոտ գտնվող մարգագետիններն ու նրա բոլոր ցանքատարածությունները+։ Դրանք կքշվեն կտարվեն և այլևս չեն լինի։
8 Ձկնորսները սուգ կանեն, Նեղոսի մեջ բոլոր կարթ գցողները կվշտանան, և ջրի երեսին ձկնորսական ցանցեր տարածողները ուժասպառ կլինեն+։
9 Կամաչեն գզած վուշով+ աշխատողները, նաև սպիտակ կտոր գործողները։
10 Նրա ջուլհակները+ կընկճվեն, և բոլոր վարձու աշխատողների հոգին կտրտմի։
11 Տայանիսի+ իշխաններն իսկապես հիմար են։ Փարավոնի խորհրդականներից ամենաիմաստունների խորհուրդը անխոհեմ է+։ Ինչպե՞ս կասեք փարավոնին. «Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագավորների որդի»։
12 Իսկ հիմա ո՞ւր են նրանք՝ քո իմաստունները+, որ ասեն քեզ ու իմանան, թե Զորքերի Տեր Եհովան ինչ է որոշել Եգիպտոսի վերաբերյալ+։
13 Տայանիսի իշխանները հիմարությամբ են վարվել+, Նոֆի*+ իշխանները խաբվել են, նրա ցեղերի գլուխները+ ստիպում են Եգիպտոսին թափառել։
14 Եհովան նրա ներսում շփոթմունքի ոգի է խառնել+։ Նրանք ստիպեցին Եգիպտոսին երերալ իր բոլոր գործերում, ինչպես հարբածն է երերում իր փսխածի մեջ+։
15 Եգիպտոսը ոչինչ չի կարողանա անել՝ ո՛չ գլուխը, ո՛չ էլ պոչը, ո՛չ ընձյուղը, ո՛չ էլ կնյունը+։
16 Այդ օրը Եգիպտոսը կանանց պես կդառնա. նա կդողա+ ու կզարհուրի, երբ Զորքերի Տեր Եհովան բռունցք թափահարի նրա վրա+։
17 Հուդայի երկիրը Եգիպտոսի համար սարսափ կդառնա+։ Ամեն ոք, ում մոտ կհիշատակեն նրա մասին, կզարհուրի Զորքերի Տեր Եհովայի որոշման պատճառով, որը նա կայացրել է Եգիպտոսի դեմ+։
18 Այդ օրը Եգիպտոսում+ հինգ քաղաք կլինեն, որ կխոսեն Քանանի լեզվով+ ու կերդվեն+ Զորքերի Տեր Եհովայով։ Քաղաքներից մեկը Ավերման քաղաք կկոչվի։
19 Այդ օրը Եհովայի համար զոհասեղան կդրվի Եգիպտոսի մեջտեղում+ և նրա սահմանի մոտ սյուն կկանգնեցվի Եհովայի համար։
20 Դա Եգիպտոսում նշան ու վկայություն կլինի Զորքերի Տեր Եհովայի մասին+։ Նրանք Եհովային օգնության կկանչեն հարստահարողների պատճառով+, ու նրանց համար նա փրկիչ կուղարկի՝ մի մեծ փրկիչ, որը կազատագրի նրանց+։
21 Եհովան հայտնի կդառնա եգիպտացիներին+, և այդ օրը եգիպտացիները կճանաչեն Եհովային։ Նրանք զոհեր ու նվերներ կմատուցեն+, երդում կանեն Եհովային ու կկատարեն+։
22 Եհովան կհարվածի Եգիպտոսին+։ Հարված ու ապաքինում կլինի+։ Նրանք Եհովայի մոտ կվերադառնան+, և նա կլսի ու կբուժի նրանց+։
23 Այդ օրը Եգիպտոսից Ասորեստան տանող մի մեծ ճանապարհ կբացվի+։ Ասորեստանը Եգիպտոս կգա, իսկ Եգիպտոսը՝ Ասորեստան, և Եգիպտոսն ու Ասորեստանը Աստծու ծառաները կլինեն։
24 Այդ օրը Իսրայելը Եգիպտոսի ու Ասորեստանի միության մեջ երրորդը կլինի+. նա օրհնություն կլինի երկրի մեջ+,
25 որովհետև Զորքերի Տեր Եհովան կօրհնի նրանց+՝ ասելով. «Օրհնյալ լինի իմ ժողովուրդը՝ Եգիպտոսը, իմ ձեռքի գործը՝ Ասորեստանը+, և իմ ժառանգությունը՝ Իսրայելը»+։
Ծանոթագրություններ
^ Մեմֆիսի անվանումը ԵԳ-ում։