Եսթեր 3:1-15
3 Այդ դեպքերից հետո Ասուերոս թագավորը Ագագյան+ Ամադաթայի որդի Համանին+ պատվի արժանացրեց, բարձրացրեց նրան+, և նրա գահը նրա հետ եղող բոլոր իշխանների գահից ավելի բարձր դրեց+։
2 Թագավորի բոլոր ծառաները, որոնք գտնվում էին արքունական դարպասի մոտ+, ծնկի էին գալիս ու մինչև գետին խոնարհվում Համանի առաջ, քանի որ թագավորը նրա վերաբերյալ այդպիսի հրաման էր տվել։ Սակայն Մուրթքեն ո՛չ ծնկի էր գալիս, ո՛չ էլ խոնարհվում էր+։
3 Թագավորի ծառաները, ովքեր արքունական դարպասի մոտ էին, ասացին Մուրթքեին. «Ինչո՞ւ ես զանց անում թագավորի հրամանը»+։
4 Նրանք ամեն օր ասում էին նրան, բայց նա չէր լսում, ուստի այդ մասին հայտնեցին Համանին, որ տեսնեն, թե արդյոք Մուրթքեի պահվածքը հանդուրժելի է+, քանի որ նրանց ասել էր, որ ինքը հրեա+ է։
5 Համանը տեսնում էր, որ Մուրթքեն ծնկի չի գալիս ու չի խոնարհվում իր առաջ+, ուստի կատաղությամբ էր լցվում նրա հանդեպ+։
6 Սակայն նրա համար քիչ էր միայն Մուրթքեին սպանելը, քանի որ նրան պատմել էին, թե Մուրթքեն որ ժողովրդից է։ Եվ Համանը սկսեց առիթ փնտրել, որ ոչնչացնի+ Ասուերոսի ողջ թագավորության մեջ գտնվող բոլոր հրեաներին՝ Մուրթքեի ժողովրդին+։
7 Ասուերոս թագավորի թագավորության տասներկուերորդ տարում+՝ առաջին ամսում+, այսինքն՝ նիսան ամսում, Համանի առաջ յուրաքանչյուր օրվա և յուրաքանչյուր ամսվա համար փուր*+, կամ՝ վիճակ+ գցվեց, և ընկավ տասներկուերորդ ամիսը՝ ադար+ ամիսը։
8 Համանն ասաց Ասուերոս թագավորին. «Քո թագավորության բոլոր գավառներում մի ժողովուրդ կա, որ ցրված է+ ժողովուրդների մեջ ու առանձնացած է+։ Նրա օրենքները տարբերվում են մյուս բոլոր ժողովուրդների օրենքներից, և նա չի կատարում թագավորի օրենքները+։ Ճիշտ չէ, որ թագավորը դա այդպես թողնի։
9 Ուստի եթե թագավորին հաճելի է, թող հրամանագիր արձակվի, որ նրանց կործանեն։ Իսկ ես գործն անողներին+ տասը հազար+ տաղանդ արծաթ կտամ՝ դրանք տրամադրելով թագավորի գանձատանը»։
10 Այդ ժամանակ թագավորը ձեռքից հանեց իր կնքամատանին+ ու տվեց Ագագյան+ Ամադաթայի որդի Համանին+, որը թշնամություն էր տածում հրեաների հանդեպ+։
11 Թագավորն ասաց Համանին. «Արծաթն+ ու ժողովուրդը քեզ են տրվում։ Նրանց արա այն, ինչ ուզում ես»+։
12 Առաջին ամսվա տասներեքերորդ օրը կանչվեցին թագավորի քարտուղարները+, և հրամանագիր արձակվեց+՝ համաձայն այն բոլոր բաների, ինչ Համանը հրամայել էր թագավորի կուսակալներին, տարբեր գավառների կառավարիչներին+ ու բոլոր գավառների տարբեր ժողովուրդների իշխաններին՝ յուրաքանչյուր ժողովրդին իր գրով+ և իր լեզվով։ Այն գրվեց Ասուերոս թագավորի անունից+ ու կնքվեց թագավորի կնքամատանիով+։
13 Սուրհանդակների+ միջոցով նամակներ ուղարկվեցին թագավորի բոլոր գավառներ, որպեսզի մեկ օրում+՝ տասներկուերորդ ամսվա, այսինքն՝ ադար ամսվա+ տասներեքերորդ օրը, ոչնչացնեն, սպանեն ու կործանեն բոլոր հրեաներին՝ թե՛ երիտասարդներին, թե՛ ծերերին, թե՛ երեխաներին և թե՛ կանանց, ինչպես նաև հափշտակեն նրանց ունեցվածքը+։
14 Հրամանագրում գրվածը, որը օրենք+ պետք է դառնար բոլոր գավառներում+, պետք է հրապարակվեր բոլոր ժողովուրդներին, որպեսզի պատրաստ լինեին այդ օրվան։
15 Թագավորի խոսքից շտապելով+՝ սուրհանդակները ճամփա ընկան։ Օրենքը հրապարակվեց նաև Շուշան ամրոցում+։ Թագավորն ու Համանը նստեցին խմելու+, իսկ Շուշան+ քաղաքը խառնաշփոթի մեջ էր+։
Ծանոթագրություններ
^ Նշ. է «վիճակ»։ «Փուրիմ» հոգն. ձևը հետագայում դարձավ սուրբ օրացույցի 12-րդ ամսին նշվող հրեական տոնի անվանումը։ Տե՛ս հավելված 18։