Եսթեր 6:1-14
6 Այդ գիշեր թագավորի քունը փախավ+։ Նա ասաց, որ իր մոտ բերեն այդ օրերի տարեգրության գիրքը+։ Եվ երբ նրա առաջ կարդում էին,
2 գտան այն գրվածքը, որում ասվում էր, որ Մուրթքեն հայտնել է+ դռնապաններ Բիգթանայի և Թարեսի՝ թագավորի երկու պալատականների+ մասին, որոնք առիթ էին փնտրում սպանելու Ասուերոս թագավորին։
3 Այդ ժամանակ թագավորը հարցրեց. «Ի՞նչ պատիվ և վարձատրություն է տրվել Մուրթքեին դրա համար»։ Թագավորի սպասավորները՝ նրան ծառայողները, պատասխանեցին. «Նրա համար ոչինչ չի արվել»+։
4 Ավելի ուշ թագավորը հարցրեց. «Գավիթում ո՞վ կա»։ Իսկ այդ ժամանակ Համանը եկել էր թագավորի տան դրսի գավիթ+, որպեսզի նրան ասի, որ իր պատրաստած ցցից+ կախեն Մուրթքեին։
5 Թագավորի սպասավորները պատասխանեցին. «Համանն+ է կանգնած գավիթում»։ Թագավորն էլ ասաց. «Թող ներս գա»։
6 Երբ Համանը ներս մտավ, թագավորը նրան հարցրեց. «Ի՞նչ պետք է անել այն մարդուն, ում թագավորն ուզում է պատվել»+։ Համանն էլ իր սրտում ասաց. «Բացի ինձնից, թագավորն էլ ո՞ւմ կուզենա պատվել»+։
7 Ուստի ասաց թագավորին. «Այն մարդու համար, որին թագավորն ուզում է պատվել,
8 թող արքայական հագուստ+ բերեն, որը թագավորն է հագնում, և ձի, որի վրա թագավորն է նստում+, և դրա գլխին արքայական գլխածածկ դնեն։
9 Թող հագուստն ու ձին լինեն թագավորի ազնվատոհմ իշխաններից մեկի վերահսկողության ներքո+։ Այն մարդուն, որին թագավորն ուզում է պատվել, թող հագցնեն, նստեցնեն ձիու վրա, բերեն քաղաքի+ հրապարակ+ ու նրա առջևից կանչեն. «Այսպես է արվում այն մարդուն, որին թագավորն ուզում է պատվել»»+։
10 Այդ պահին թագավորն ասաց Համանին. «Շտապ վերցրո՛ւ հագուստն ու ձին, ինչպես որ ասացիր, և այդպե՛ս արա արքունական դարպասի մոտ նստած հրեա Մուրթքեին։ Քո խոսքերից ոչինչ չպակասի»+։
11 Համանը վերցրեց հագուստն+ ու ձին, հագցրեց Մուրթքեին+, նրան նստեցրեց ձիու վրա ու քաղաքի հրապարակով+ տարավ՝ նրա առջևից կանչելով+. «Այսպես է արվում այն մարդուն, որին թագավորն ուզում է պատվել»+։
12 Դրանից հետո Մուրթքեն վերադարձավ արքունական դարպասի մոտ+, իսկ Համանը, տրտմած և գլուխը ծածկած, շտապեց իր տուն+։
13 Նա պատմեց իր կնոջը՝ Զերեսին+, և իր բոլոր ընկերներին այն ամենը, ինչ եկել էր իր գլխին։ Այդ ժամանակ նրա իմաստուն մարդիկ+ և նրա կին Զերեսը ասացին. «Եթե Մուրթքեն, որի առաջ սկսել ես նվաստանալ, հրեաների սերնդից է, ապա դու չես կարող հաղթել նրան, այլ անպատճառ կկործանվես»+։
14 Մինչ նրանք խոսում էին, թագավորի պալատականները եկան և Համանին շտապ+ տարան Եսթերի կազմակերպած խնջույքին+։