Երգերի երգ 3:1-11
3 «Գիշերները իմ անկողնում ես փնտրեցի նրան, ում սիրում է իմ հոգին+։ Փնտրեցի նրան, բայց չգտա։
2 Խնդրում եմ, թույլ տվեք՝ վեր կենամ ու շրջեմ քաղաքով+ մեկ, թույլ տվեք՝ փողոցներում ու հրապարակներում+ փնտրեմ նրան, ում սիրում է իմ հոգին։ Ես փնտրեցի նրան, բայց չգտա։
3 Քաղաքում շրջող պահապանները+ հանդիպեցին ինձ։ «Տեսե՞լ եք նրան, ում սիրում է իմ հոգին»։
4 Նոր էի հեռացել նրանցից, երբ գտա նրան, ում սիրում է իմ հոգին։ Ես բռնեցի նրան ու բաց չթողեցի, մինչև որ չբերեցի իմ մոր տուն, նրա ներքին սենյակը, ով հղի է եղել ինձնով։
5 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր, երդվեք+ վիթերով ու դաշտի եղնիկներով+, որ չեք փորձի սեր արթնացնել կամ բորբոքել իմ մեջ, մինչև որ այն ինքը չարթնանա»+։
6 «Այս ի՞նչ է, որ գալիս է անապատից, որ ծխի սյուների է նման և բուրում է զմուռսով, կնդրուկով+ և առևտրականի ամեն տեսակ անուշաբույր փոշիով»+։
7 «Ահա Սողոմոնի մահիճը։ Իսրայելի հզորներից վաթսուն հզորներ դրա շուրջն են+,
8 բոլորը սուր ունեն, վարժված են՝ պատերազմելու, ամեն մեկի սուրն իր ազդրին է, որպեսզի պաշտպանի գիշերվա սարսափներից»+։
9 «Սա այն գահավորակն է, որ Սողոմոն թագավորն իր համար պատրաստել է Լիբանանի ծառերից+։
10 Դրա սյուները արծաթից է շինել, հենարանները՝ ոսկուց։ Դրա նստատեղը ծիրանիով ներկված բրդից է, իսկ ներսը Երուսաղեմի դուստրերն են սիրով հարդարել»։
11 «Ո՜վ Սիոնի դուստրեր, դուրս եկեք ու տեսեք Սողոմոն թագավորին այն ծաղկեպսակով+, որ մայրը+ հյուսել է նրա համար նրա ամուսնության օրը, նրա սրտի ուրախության օրը»+։