Երեմիա 18:1-23
18 Սա է Եհովայի խոսքը, որ եղավ Երեմիային.
2 «Վեր կաց ու բրուտի տուն իջիր+ և այնտեղ իմ խոսքերը կլսես»։
3 Ես էլ իջա բրուտի տուն և տեսա, որ նա այնտեղ ճախարակների վրա էր աշխատում։
4 Այն ամանը, որ բրուտը պատրաստում էր կավից, նրա ձեռքի մեջ կոտրվեց, և նա դրանից մի ուրիշ աման պատրաստեց, ինչպիսին որ ինքը ուզեց պատրաստել+։
5 Եհովայի խոսքը դարձյալ ինձ եղավ.
6 ««Մի՞թե չեմ կարող այս բրուտի պես վարվել ձեզ հետ, ո՛վ Իսրայելի տուն,– ասում է Եհովան,– ինչպես որ այդ կավն է բրուտի ձեռքում, այնպես էլ դուք եք իմ ձեռքում, ո՛վ Իսրայելի տուն+։
7 Եթե ես որևէ ազգի կամ թագավորության համար ասելու լինեմ, թե պիտի արմատախիլ անեմ, ավերեմ ու կործանեմ նրան+,
8 և այդ ազգը, որի մասին խոսել եմ, դարձի գա իր անօրենությունից+, ապա ես էլ կափսոսամ այն բանի համար, որ որոշել էի նրանց վրա աղետ բերել+։
9 Եվ եթե որևէ ազգի կամ թագավորության մասին ասելու լինեմ, թե պիտի շինեմ ու պիտի տնկեմ նրան+,
10 իսկ նա չարիք գործի իմ աչքում ու ականջ չդնի իմ ձայնին+, ապա ես էլ կափսոսամ այն բանի համար, որ որոշել էի նրան բարիք անել»։
11 Իսկ հիմա, խնդրում եմ, ասա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին. «Այսպես է ասում Եհովան. «Ձեր դեմ աղետ եմ պատրաստում և չարիք եմ խորհում+։ Հետ դարձեք, խնդրում եմ, ամեն մեկդ ձեր չար ճանապարհից և բարի դարձրեք ձեր ճանապարհներն ու ձեր գործերը»»»+։
12 Բայց նրանք ասացին. «Անօգուտ է+։ Մենք մեր խորհուրդների հետևից ենք գնալու, և ամեն մեկս մեր չար սրտի կամակորությամբ ենք վարվելու»+։
13 Դրա համար էլ այսպես է ասում Եհովան. «Հարցուփորձ արա, խնդրում եմ, ազգերի մեջ։ Ո՞վ է այսպիսի բաներ լսել։ Անչափ սոսկալի բան է արել Իսրայելի կույսը+։
14 Մի՞թե Լիբանանի ձյունը կանհետանա դաշտի ժայռի վրայից, կամ մի՞թե կցամաքեն պաղ և հոսող օտար ջրերը։
15 Բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ+. նա զոհերի ծուխը վեր է հանում ինչ-որ անարժեք բանի համար+ ու դրանով մարդկանց սայթաքել է տալիս իրենց ճանապարհներին+՝ վաղեմի ճանապարհներին+, որպեսզի շավիղներով՝ խորդուբորդ ճանապարհով գնան։
16 Այդ պատճառով նրանց երկիրը զարհուրելի տեսարան պիտի դառնա+, և բոլոր ժամանակներում մարդիկ, նայելով դրան, զարմանքից կսուլեն+։ Այնտեղով բոլոր անցնողները ապշահար կնայեն ու իրենց գլուխները կշարժեն+։
17 Արևելյան քամու պես նրանց ցրիվ կտամ թշնամու առաջ+։ Իրենց կորստյան օրը թիկունքով կշրջվեմ նրանց կողմը և ոչ թե երեսով»+։
18 Իսկ նրանք ասացին. «Եկեք մի բան մտածենք Երեմիայի դեմ+, որովհետև օրենքը չի կորչի քահանայից+, խորհուրդը՝ իմաստունից, և խոսքը՝ մարգարեից+։ Եկեք լեզվով նրան ջախջախենք+ և նրա ոչ մի խոսքին ականջ չդնենք»։
19 Ո՛վ Եհովա, ուշադրություն դարձրու ինձ և լսիր իմ հակառակորդների ձայնը+։
20 Մի՞թե բարիքի դիմաց չարիքով են հատուցում+։ Իսկ նրանք փոս են փորել իմ հոգու համար+։ Հիշիր, թե ինչպես էի քո առաջ կանգնում ու նրանց մասին բարին խոսում, որպեսզի բարկությունդ հետ դառնար նրանցից+։
21 Դրա համար էլ նրանց որդիներին սովի մատնիր+ և սրի իշխանությանը հանձնիր նրանց+։ Թող նրանց կանայք որդեզուրկ և այրի դառնան+, նրանց տղամարդիկ մահացու հիվանդությունից կոտորվեն, իսկ երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մեջ+։
22 Թող աղաղակ լսվի նրանց տներից, երբ նրանց վրա հանկարծակի հրոսակախումբ բերես+, որովհետև նրանք փոս փորեցին, որ ինձ բռնեն, և ոտքերիս համար ծածուկ որոգայթներ լարեցին+։
23 Բայց դու, ո՛վ Եհովա, գիտես նրանց բոլոր դիտավորությունները, որ ուզում են սպանել ինձ+։ Մի՛ ծածկիր նրանց հանցանքը և մի՛ ջնջիր նրանց մեղքը քո առջևից։ Թող նրանք սայթաքեն քո առաջ+։ Քո բարկության ժամանակ նրանց դե՛մ գործիր+։