Երեմիա 42:1-22
42 Այդ ժամանակ բոլոր զորագլուխները, Կարեի որդի Հոհանանը+, Օսեիայի+ որդի Հեզանիան*+ և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, մոտեցան
2 Երեմիա մարգարեին ու ասացին. «Խնդրում ենք, լսիր մեր աղաչանքը և քո Աստված Եհովային աղոթք արա մեզ համար+ ու այս ողջ մնացորդի համար, որովհետև շատ էինք, բայց քչերս ենք մնացել+, ինչպես որ քո աչքերը տեսնում են։
3 Եվ թող քո Աստված Եհովան մեզ ասի, թե որ ճանապարհով պիտի ընթանանք և ինչ պիտի անենք»+։
4 Եվ Երեմիա մարգարեն ասաց նրանց. «Լսեցի. ահա ես ձեր Աստված Եհովային աղոթք կանեմ ձեր խոսքերի համեմատ+, և բոլոր խոսքերը, որ Եհովան որպես պատասխան ձեզ կտա, կհայտնեմ ձեզ+։ Ոչ մի խոսք ձեզանից չեմ թաքցնի»+։
5 Նրանք էլ ասացին Երեմիային. «Թող Եհովան ճշմարիտ ու հավատարիմ վկա լինի մեր դեմ+, եթե մենք ճշգրտորեն չկատարենք բոլոր խոսքերը, որոնցով Եհովան քեզ կուղարկի մեզ մոտ+։
6 Լինի բարի թե չար, մեր Աստված Եհովայի ձայնին պիտի հնազանդվենք, որի մոտ ուղարկում ենք քեզ, որպեսզի մեր Աստված Եհովայի ձայնին հնազանդվենք, որ մեզ լավ լինի»+։
7 Տասը օրից հետո Եհովայի խոսքը եղավ Երեմիային+։
8 Ուստի նա կանչեց Կարեի որդի Հոհանանին, նրա հետ եղող բոլոր զորագլուխներին և ամբողջ ժողովրդին՝ փոքրից մինչև մեծը+,
9 ու ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան, որի մոտ դուք ինձ ուղարկեցիք ձեր աղաչանքը նրա առաջ մատուցելու համար+.
10 «Եթե շարունակեք այս երկրում բնակվել+, ձեզ կշենացնեմ և ոչ թե կքանդեմ, ձեզ կտնկեմ և ոչ թե արմատախիլ կանեմ+, որովհետև կափսոսամ այն բանի համար, որ ձեզ վրա այդ աղետը բերեցի+։
11 Մի՛ վախեցեք Բաբելոնի թագավորից, որի պատճառով դուք երկյուղի մեջ եք»+։
«Մի՛ վախեցեք նրանից+,– ասում է Եհովան,– որովհետև ես ձեզ հետ եմ, որ փրկեմ ու ազատեմ ձեզ նրա ձեռքից+։
12 Ձեր հանդեպ ողորմած կլինեմ, և նա էլ ձեր հանդեպ ողորմած կլինի ու ձեզ կվերադարձնի ձեր հողը+։
13 Բայց եթե ասեք՝ «ո՛չ, մենք չենք մնա այս երկրում» և չհնազանդվեք ձեր Աստված Եհովայի ձայնին+՝
14 ասելով՝ «մենք կգնանք Եգիպտոսի երկիր+, որտեղ պատերազմ չենք տեսնի, փողի ձայն չենք լսի, հացի կարոտ չենք լինի և այնտեղ կապրենք»+,
15 այդ դեպքում լսիր Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի մնացորդ։ Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Եթե դուք որոշեք գնալ Եգիպտոս, մտնեք այդ երկիրն ու այնտեղ պանդուխտ լինեք+,
16 այդ ժամանակ սուրը, որից դուք վախենում եք, Եգիպտոսի երկրում ձեզ վրա կգա+, և սովը, որից դուք սարսափում եք, մինչև Եգիպտոս ձեզ կրնկակոխ կհետևի+, և դուք այնտեղ կմեռնեք+։
17 Եվ կլինի այնպես, որ բոլոր նրանք, ովքեր իրենց երեսներն ուղղել են դեպի Եգիպտոս, որպեսզի գնան ու այնտեղ պանդուխտ լինեն, սրից, սովից ու համաճարակից կմեռնեն+։ Փրկվող կամ ազատվող չի լինի այն աղետից, որ բերելու եմ նրանց վրա»»+։
18 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես որ իմ զայրույթն ու բարկությունը թափվեց Երուսաղեմի բնակիչների վրա+, այնպես էլ իմ զայրույթը ձեզ վրա կթափվի, երբ գնաք Եգիպտոս, և դուք զարհուրելի տեսարան կդառնաք, անեծքի, նզովքի ու նախատինքի առարկա+ և այս տեղը այլևս չեք տեսնի»+։
19 Եհովան ձեր դեմ է խոսել, ո՛վ Հուդայի մնացորդ։ Մի՛ մտեք Եգիպտոս+։ Լավ իմացեք, որ այսօր ես վկայեցի ձեր դեմ+,
20 որ դուք ձեր հոգիների դեմ մեղք գործեցիք+՝ ինձ ուղարկելով ձեր Աստված Եհովայի մոտ և ասելով. «Մեզ համար աղոթիր մեր Աստված Եհովային ու հայտնիր մեզ այն ամենը, ինչ որ մեր Աստված Եհովան քեզ կասի, և մենք այդպես կանենք»+։
21 Այսօր ես հայտնում եմ ձեզ այս խոսքերը, բայց դուք չեք հնազանդվելու ձեր Աստված Եհովայի ձայնին և այն ամենին, ինչի համար նա ինձ ձեզ մոտ է ուղարկել+։
22 Եվ հիմա իմացած եղեք, որ դուք սրից+, սովից ու համաճարակից պիտի մեռնեք այն վայրում, ուր որ ուզում եք գնալ և պանդուխտ լինել»+։