Թվեր 22:1-41
22 Իսրայելի որդիները ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Մովաբի անապատային հարթավայրերում+՝ Հորդանանի մյուս կողմում՝ Երիքովի դիմաց։
2 Սեպփորի որդի Բաղակը+ տեսավ այն ամենը, ինչ Իսրայելն արեց ամորհացիներին։
3 Եվ Մովաբը խիստ վախեցավ այդ ժողովրդից, որովհետև նրանք շատ էին։ Մովաբը հիվանդագին վախով լցվեց Իսրայելի որդիների հանդեպ+։
4 Ուստի նա Մադիանի+ երեցներին ասաց. «Այս ժողովը կխժռի մեր ամբողջ շրջակայքը, ինչպես ցուլն է խժռում դաշտի խոտը»։
Այդ ժամանակ Սեպփորի որդի Բաղակը+ Մովաբի թագավորն էր։
5 Նա պատգամաբերներ ուղարկեց Փաթուր+, որն իր ժողովրդի որդիների երկրի Գետի*+ մոտ է, որպեսզի կանչեն Բեորի որդի Բաղաամին+ ու ասեն. «Ահա մի ժողովուրդ է դուրս եկել Եգիպտոսից։ Նա ծածկել է երկիրը, որքան մարդու աչքը կարող է տեսնել+, և բնակվում է հենց իմ առաջ։
6 Այժմ խնդրում եմ, եկ ու անիծիր+ այս ժողովրդին ինձ համար, քանի որ նա ինձնից հզոր է։ Միգուցե կարողանամ հարվածել նրան և վռնդել այս երկրից։ Ես գիտեմ՝ ում որ դու օրհնում ես, օրհնյալ է, և ում որ անիծում ես, անիծյալ է»+։
7 Մովաբի ու Մադիանի երեցները՝ գուշակության+ վարձն իրենց ձեռքին, ճանապարհ ընկան ու գնացին Բաղաամի+ մոտ և Բաղակի խոսքերը հաղորդեցին նրան։
8 Նա ասաց նրանց. «Այս գիշեր այստեղ մնացեք, ու ես կասեմ այն, ինչ Եհովան կհայտնի ինձ»+։ Ուստի Մովաբի իշխանները մնացին Բաղաամի մոտ։
9 Աստված եկավ Բաղաամի մոտ ու ասաց+. «Ովքե՞ր են այս մարդիկ, որ քեզ մոտ են»։
10 Բաղաամն ասաց ճշմարիտ Աստծուն. «Սեպփորի որդի Բաղակը+՝ Մովաբի թագավորն է նրանց ինձ մոտ ուղարկել ու ասել.
11 «Ահա Եգիպտոսից դուրս եկած ժողովուրդը ծածկել է երկիրը, որքան մարդու աչքը կարող է տեսնել+։ Այժմ եկ, անիծիր նրան ինձ համար+։ Միգուցե կարողանամ պատերազմել նրա դեմ և վռնդել նրան»»։
12 Բայց Աստված ասաց Բաղաամին. «Նրանց հետ չգնա՛ս։ Ժողովրդին չանիծե՛ս+, որովհետև նա օրհնված է»+։
13 Առավոտյան Բաղաամը վեր կացավ և Բաղակի իշխաններին ասաց. «Գնացե՛ք ձեր երկիր, որովհետև Եհովան թույլ չի տալիս, որ գամ ձեզ հետ»։
14 Ուստի Մովաբի իշխանները վեր կացան, գնացին Բաղակի մոտ ու ասացին. «Բաղաամը հրաժարվեց մեզ հետ գալուց»+։
15 Սակայն Բաղակը այս անգամ ուղարկեց ուրիշ իշխանների, որոնք ավելի շատ էին ու ավելի պատվարժան, քան նախորդները։
16 Նրանք եկան Բաղաամի մոտ ու ասացին. «Այսպես է ասում Սեպփորի որդի Բաղակը. «Խնդրում եմ, թող քեզ ոչինչ չխանգարի ինձ մոտ գալ։
17 Ես քեզ մեծ պատվի կարժանացնեմ+ և ինչ էլ որ ինձ ասես, կանեմ+։ Խնդրում եմ, եկ, անիծիր այս ժողովրդին ինձ համար»»։
18 Բայց Բաղաամը պատասխանեց Բաղակի ծառաներին. «Եթե անգամ Բաղակը արծաթով ու ոսկով լցված իր տունը ինձ տա, միևնույնն է, ես չեմ կարող իմ Աստված Եհովայի հրամանը խախտել և որևէ մեծ կամ փոքր բան անել+։
19 Խնդրում եմ, դուք նույնպես այս գիշեր այստեղ մնացեք ու ես տեսնեմ, թե ուրիշ ինչ կասի ինձ Եհովան»+։
20 Աստված գիշերով եկավ Բաղաամի մոտ ու ասաց. «Եթե այդ մարդիկ քեզ կանչելու համար են եկել, ապա վե՛ր կաց ու գնա՛ նրանց հետ։ Բայց միայն խոսիր այն, ինչ քեզ կասեմ»+։
21 Առավոտյան Բաղաամը վեր կացավ, թամբեց իր էշը և Մովաբի իշխանների հետ գնաց+։
22 Այդ ժամանակ նրա գնալու պատճառով Աստծու բարկությունը բորբոքվեց։ Եհովայի հրեշտակը կանգնեց ճանապարհին, որ հակառակվի նրան+։ Նա նստած էր էշի վրա, նրա հետ էին նաև նրա երկու սպասավորները։
23 Էշը տեսավ Եհովայի հրեշտակին, որ մերկացրած սուրը ձեռքին՝ կանգնած էր ճանապարհին+։ Էշը փորձեց թեքվել ճանապարհից ու դաշտ գնալ, բայց Բաղաամը սկսեց ծեծել նրան, որպեսզի դեպի ճանապարհն ուղղի։
24 Եհովայի հրեշտակը կանգնած մնում էր խաղողի այգիների միջև գտնվող նեղ ճանապարհին. այս կողմից քարե պատ կար և մյուս կողմից նույնպես քարե պատ կար։
25 Էշը, տեսնելով Եհովայի հրեշտակին, կպավ պատին ու Բաղաամի ոտքը պատին ճզմեց, և նա սկսեց ավելի շատ ծեծել նրան։
26 Եհովայի հրեշտակը առաջ անցավ ու կանգնեց մի նեղ տեղում, որտեղ հնարավոր չէր ո՛չ աջ թեքվել, ո՛չ էլ ձախ։
27 Երբ էշը տեսավ Եհովայի հրեշտակին, Բաղաամի տակ պառկեց։ Բաղաամի բարկությունը բորբոքվեց+, և իր ցուպով սկսեց ծեծել նրան։
28 Ի վերջո, Եհովան բաց արեց էշի բերանը+, և նա ասաց Բաղաամին. «Քեզ ի՞նչ եմ արել, որ արդեն երեք անգամ է՝ ծեծում ես ինձ»+։
29 Բաղաամն ասաց էշին. «Նրա համար, որ անարգեցիր ինձ։ Եթե իմ ձեռքին սուր լիներ, արդեն սպանած կլինեի քեզ»+։
30 Էշն ասաց Բաղաամին. «Մի՞թե ես քո էշը չեմ, որին մինչև այսօր քո ամբողջ կյանքի ընթացքում հեծել ես։ Երբևէ քեզ այսպիսի բան արե՞լ եմ»+։ Նա պատասխանեց՝ ո՛չ։
31 Այդ ժամանակ Եհովան բացեց Բաղաամի աչքերը+, և նա տեսավ Եհովայի հրեշտակին, որ մերկացրած սուրը ձեռքին՝ կանգնած էր ճանապարհին։ Նա իսկույն երեսնիվայր ընկավ ու մինչև գետին խոնարհվեց։
32 Եհովայի հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ երեք անգամ ծեծեցիր քո էշին։ Ե՛ս դուրս եկա, որ հակառակվեմ քեզ, որովհետև քո անխոհեմ ընթացքը խիստ հակառակ է իմ կամքին+։
33 Էշը տեսավ ինձ ու արդեն երեք անգամ է՝ փորձեց իմ առաջից մի կողմ քաշվել+։ Իսկ եթե նա իմ առաջից մի կողմ չքաշվե՞ր... Հիմա քեզ արդեն սպանած կլինեի+, իսկ նրան ողջ կթողնեի»։
34 Բաղաամն ասաց Եհովայի հրեշտակին. «Ես մեղք գործեցի+, քանի որ չգիտեի, որ ճանապարհին դու ես կանգնած իմ առաջ, որ հանդիպես ինձ։ Այժմ եթե դա վատ է քո աչքին, թույլ տուր, որ հետ գնամ»։
35 Բայց Եհովայի հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա այդ մարդկանց հետ+։ Իմ ասած խոսքերից բացի, ուրիշ ոչինչ չխոսես»+։ Եվ Բաղակի իշխանների հետ Բաղաամը շարունակեց իր ճանապարհը։
36 Երբ Բաղակը լսեց, որ Բաղաամը եկել է, անմիջապես գնաց նրան դիմավորելու Մովաբի քաղաքի մոտ, որը Առնոնի ափին է, որն էլ այդ տարածքի սահմանին է+։
37 Բաղակն ասաց Բաղաամին. «Մի՞թե մարդ չուղարկեցի, որ կանչեմ քեզ։ Ինչո՞ւ չեկար ինձ մոտ։ Մի՞թե ես ի վիճակի չեմ պատվելու քեզ»+։
38 Իսկ Բաղաամն ասաց Բաղակին. «Ահա եկել եմ քեզ մոտ։ Բայց կարո՞ղ եմ արդյոք որևէ բան ասել+։ Ինչ որ Աստված դնի իմ բերանը, այն էլ կասեմ»+։
39 Բաղաամը գնաց Բաղակի հետ, և նրանք հասան Կարիաթ-Հուսոթ։
40 Բաղակը խոշոր անասուններ ու ոչխարներ զոհեց+ ու դրանց մի մասը ուղարկեց Բաղաամին և նրա հետ եղող իշխաններին։
41 Առավոտյան Բաղակը վերցրեց Բաղաամին ու բերեց Բամոթ-Բահաղ*+, որ այնտեղից նա տեսնի ամբողջ ժողովրդին+։